Pages

Saturday, November 26, 2022

Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՀԱՎԱՏԱՑՅԱԼԻ ՀԵՏ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ

(Աղբյուրը՝ Greg Laurie- What Happens Beyond the Grave?; Don Stewart- What Happens One Second After We Die?, Resurrection And Judgment, Heaven: The Final Destination For Believers)

Հարց Ի՞նչ է պատահում հավատացյալի հետ մահից հետո:
Պատ. Ննջած (մահացած) հավատցյալի հոգին վերադառնում է Աստծո մոտ:
«Այդ ժամանակ հողը երկրին պիտի դառնա, ինչպես, որ առաջ այնտեղ էր, ու հոգին պիտի վերադառնա Աստծուն, որ այն տվել էր» (Ժող. 12:7)։
Հարց Ե՞րբ է մահացած հավատացյալի հոգին վերադառնում Աստծո մոտ:
Պատ. Անմիջապես մահվանից հետո: 
Մահվան պահին հավատացյալի հոգին մտնում է Քրիստոսի ներկայության մեջ: 
 Հիսուսը խաչի վրա մահացող ավազակին խոստացավ, որ մահից անմիջապես հետո կլինի Իր հետ:  «Եվ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ. դու այսօր ինձ հետ դրախտում կլինես»» (Ղուկ. 23:43)։

Պողոս Առաքյալը նույնպես ուսուցանում էր, որ հավատացյալները կլինեն Քրիստոսի ներկայության մեջ անմիջապես իրենց մահվան պահին: 
«Արդարև գիտենք, որ եթե մեր վրանի նման երկրային տունը ավերվի, Աստծուց ստեղծված մի բնակավայր ունենք՝ անձեռագործ հավիտենական մի տուն երկնքում… Արդ ամեն ժամ վստահությամբ լի ենք՝ գիտենալով, թե մինչ մարմնի մեջ ենք, հեռու ենք Տիրոջից... Բայց վստահություն ունենք և առավելապես կուզենք  հեռանալ մարմնից և մոտ լինել Տիրոջը» (Բ. Կորնթ. 5:1-8)։ 
(Տես այլ համարներ՝ Փիլ. 1:23, Հովհ. 17:24)

 Իր մահվան պահին նահատակ Ստեփանոսը կանչեց Հիսուսին և խնդրեց ընդունել իր հոգին։

«Իսկ նա (Ստեփանոսը), Սուրբ Հոգով լցված, ակնապիշ նայեց դեպի երկինք ու տեսավ Աստծու փառքը և Հիսուսին՝ Աստծու աջ կողմում կանգնած, և ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացված ու մարդու Որդուն՝ Աստծո աջ կողմում կանգնած»։ Իսկ նրանք, բարձրաձայն աղաղակելով, փակեցին իրենց ականջները, և բոլորը միասին հարձակվեցին նրա վրա և քաղաքից դուրս հանելով՝ քարկոծեցին նրան: Մինչ Ստեփանոսին քարկոծում էին, նա կանչում էր Հիսուսին՝ ասելով. «Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ հոգին» (Գործք 7:55, 56, 59): 

 Հավատացյալները մահվանից հետո Աստծո հետ են: Երբ աղքատ Ղազարոսը  մահացավ, հրեշտակները Աբրահամի գոգը* տարան նրան: Իսկ երբ հարուստը մեռավ, նա դժոխքում տանջանքների մեջ էր (Ղուկ. 16: 22-23):

* Աբրահամի գոգ – ննջեցյալների երանավետ կայան, ննջած արդարների երանավետ կայան
Հարց Ինչպիսի՞ մարմին են ստանում հավատացյալները մահվանից հետո:
Պատ.– Թեև Աստվածաշունչում միանշանակ հստակ է, որ մավհանից հետո հավատացյալի հոգին անմիջապես գնում է Աստծո ներկայության մեջ, այնումանայնիվ չի պարզաբանվում, թե ինպիսի մարմնով՝ անմարմի՞ն, ինչպես հրեշտակները, թե ինչ-որ ժամանակավոր մարմնո՞վ: Աստվածաշունչը ավելի  շատ անդրադառնում է հարուցյալ և փառավորյալ վիճակին: 
Հարց  Ովքե՞ր են հարություն առնելու:
Պատ. Աստվածաշնչի համաձայն՝ հարություն են առնելու թե՛ արդարները (հավատացյալները) և թե՛ անարդարները (անհավատները): 

«Տեսա նաև գահեր, որոնց վրա բազմեցին, և նրանց տրվեց դատավարությունը: Տեսա նաև Հիսուսի վկայության համար ու Աստծո խոսքի համար գլխատվածների անձերը: Որոնք չերկրպագեցին գազանին ու ոչ էլ նրա պատկերին, չընդունեցին նրա դրոշմը իրենց ճակատին կամ իրենց ձեռքի վրա:  Ուստի ապրեցին և Քրիստոսի հետ հազար տարի թագավորեցին։ Իսկ մնացած մեռելները չվերապրեցին, մինչև հազար տարին լրացավ։ Սա է առաջին հարությունը։ Երանելի և սուրբ են նրանք, որ բաժին ունեն առաջին հարության մեջ: Երկրորդ մահը իշխանություն չունի նրանց վրա, այլ նրանք պիտի լինեն Աստծո և Քրիստոսի քահանաները և հազար տարի պիտի թագավորեն նրա հետ» (Հայտ. 20:4-6):
Հարց Հավատացյալների քանի՞ հարություն է լինելու.
Պատ. Հիսուսն առաջինն էր, ով հարություն առավ: Պողոս առաքյալն ասում է. «Իսկ հիմա Քրիստոսը մահացածներից հարություն է առել՝ լինելով երախայրիքը նրանց, որ ննջեցին... Բայց յուրաքանչյուրն իր հերթին. նախ երախայրիքը՝ Քրիստոսը, հետո Քրիստոսին պատկանողները՝ Նրա գալստյան ժամանակ: (Ա. Կոնթ. 15:20, 23)։

Հավատացյալների առաջին հարությունը եկեղեցու հափշտակության ժամանակ է լինելու՝ ննջած հավատցյալները հարություն կառնեն, իսկ ողջ հավատացյալների մարմինները կփոխվեն: Պողոս առաքյալը Կորնթոսի եկեղեցուն պատմում է այդ փոփոխության մասին: 

«Ահա մի խորհուրդ եմ հայտնում ձեզ. «Ոչ բոլորս ենք ննջելու, բայց բոլորս էլ փոխվելու  ենք. հանկարծ, մի ակնթարթում, վերջին փողի հնչման ժամանակ, որովհետև փողը պիտի հնչի, մեռելները հարություն պիտի առնեն՝ առանց ապականության, և մենք էլ պիտի փոխվենք»: Որովհետև այս ապականացու մարմինը պետք է որ հագնի անապականություն, և այս մահկանացուն՝ անմահություն: Ուստի երբ այս ապականացու մարմինը հագնի անապականություն, և այս մահկանացուն՝ անմահությամբ, այդ ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրված է. «Մահը հաղթության մեջ ընկղմվեց (Ես. 25.8)։ «Մահ, ո՞ւր է քո խայթոցը, դժոխք, ո՞ւր է քո հաղթությունը (Ովս. 13:14)»։ Մահվան խայթոցը մեղքն է, իսկ մեղքի զորությունը՝ օրենքը։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Հետևաբար, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և անսասան, ամեն ժամ ավելի՛ առաջ գնացեք Տիրոջ գործի մեջ՝ իմանալով, որ ձեր աշխատանքը զուր չէ Տիրոջով» (Ա. Կորնթ. 15:51-58) ։

Մեծ նեղության շրջանի և Հին Կտակարանի հավատացյալների հարությունը 
Նեղության շրջանի սրբերը հարություն կառնեն Քրիստոսի Երկրորդ Գալուստի ժամանակ (Հայտն. 20:4-6), ինչպես նաև Հին Կտակարանի հավատացյալները (Դանիել 12:1-2):
Հազարամյա թագավորության սրբերի հարությունը
Հազարամյայի վերջում հարություն կառնեն նաև այդ ժամանակահատվածում ծնված ու մահացած հավատացյալները:
Հարց Մենք կհանդիպե՞նք մեր արդեն ննջած հավատացյալ հարազատներին:
Պատ. Թեսաղոնիկեի հավատացյալներին անհանգստացնում էր այս նույն հարցը՝ կտեսնե՞ն իրենց սիրելիներին, որ արդեն մահացել են: Եվ Պողոսը նրանց բացատրում է, որ կհանդիպեն հափշտակության ժամանակ:
«Ննջեցյալների հարությունը և Տիրոջ գալուստը
Չենք կամենում, եղբայրնե՛ր, որ ննջեցյալների մասին անտեղյակ լինեք ու տրտմեք, ինչպես ուրիշները, որ հույս չունեն։ Արդարև եթե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ ու հարություն առավ, նույնպես էլ հավատանք, թե Աստված Հիսուսով ննջեցյալներին պիտի բերի Նրա հետ։ Ահա Տիրոջ խոսքի հիման վրա սա ենք ասում ձեզ, թե մենք՝ մինչև Տիրոջ գալուստը ողջ մնացողներս, ննջեցյալներից առաջ չենք անցնի: Քանի որ Տերն ինքը պիտի իջնի երկնքից՝ ազդարարության հրամանով, հրեշտակապետի ձայնով ու Աստծու փողով, ու նախ Քրիստոսով մեռածները հարություն պիտի առնեն: Ապա մենք՝ ողջ մնացողներս, նրանց հետ միասին ամպերի մեջ կհափշտակվենք՝ Տիրոջը դիմավորելու օդի մեջ, և այդպես Տիրոջ հետ կլինենք հավիտյան: Ուրեմն միմյանց մխիթարե՛ք այս խոսքերով» (Ա. Թեսաղ. 4:12-17)։
Հարց Ի՞նչ մարմին են ստանալու հավատացյալները հարությունից հետո: 
Պատ. Հավատացյալները (ողջ և ննջած) հափշտակության ժամանակ կստանան  փառավորյալ մարմիններ: 
 Այդ մարմինը նման կլինի հարություն առած Քրիստոսի մարմնին: 
«Սիրելիներ, հիմա մենք Աստծո զավակներ ենք, և տակավին բացահայտ չէ, թե ինչ պիտի լինենք. Բայց գիտենք, թե երբ ինքը երևա, իր պես պիտի լինենք, որովհետև պիտի տեսնենք նրանք, ինչպես որ է» (Ա. Հովհ. 3:2):

 Փիլիպպեցիներին գրած նամակում Պողոս առաքյալը ընդգծում է, որ հավատացյալների մարմինները Հիսուսի մարմնի պես հզոր և փառավո կլինեն (Փիլ. 3:21):

 Այս փոփոխությունը կլինի ակնթարթային (Ա. Կորնթ. 15:52-53): 

 Նրանք կլինեն հրեշտակների նման: Թեև հավատցյալները չեն դառնում հրեշտակներ (հրեշտակները բոլորովին այլ կարգի էակներ են), սակայն ինչ-որ կերպ նման են լինում հրեշտակներին՝ չեն ամուսնանում և չեն մահանում (Մատթ. 22:30, Ղուկ. 20:35-36): 

 Մարմինը կլինի անմահ և անապական՝ այլևս ոչ մի հիվանդություն, ոչ մի տկարություն, ծերություն կամ մահ (Ա. Կորնթ. 15:42, 53):

 Մարմինը կլինի փառավորյալ (Ա. Կորնթ. 15:43):
Հարց Կհիշե՞նք ու կճանաչե՞նք մեր հարազատներին երկնքում:
Պատ. Աստվածաշնչի բազմաթիվ համարներ փաստում են, որ մենք կճանաչենք մեր  հարազատներին երկնքում, և կպահպանենք մեր ինքնությունը մահից հետո: 
 Դավիթ թագավորը, որ նաև մարգարե էր, վկայում է այն մասին, որ ինքը մի օր միավորվելու է մահացած որդու հետ: Եթե նա վստահ չլիներ, որ ճանաչելու է իր որդուն, ապա չէր կարող անել այդ հայտարարությունը (Բ. Թագավ. 12:22-23):

 Մովսեսն ու Եղիան ճանաչելի էին Հիսուսի այլակերպության ժամանակ (Մարկ 9:4-5):

 Հարուստ մարդը ճանաչեց Ղազարոսին ու Աբրահամին (Ղուկ. 16:19-31):

 Համաձայն Աստվածաշնչի՝ մեր հարուցյալ մարմինները նման կլինեն Հիսուսի հարուցյալ մարմնին: Իսկ Հիսուսին հարությունից հետո ճանաչեցին (Հովհ. 20:19-24, 26-28):

 Աստվածաշունչը վստահեցնում է, որ մեր գիտելիքները երկնքում ավելի շատ կլինեն և ոչ ավելի պակաս (Ա. Կորնթ. 13:12):
Հարց Կարո՞ղ ենք մենք արդյոք շփվել մեր հանգուցյալ հարազատների հետ, երբ մենք դեռ ողջ ենք:  
Պատ. Հաճախ կարելի է լսել մարդկանցից, որ զգացել են կյանքից հեռացած իրենց սիրելիի ներկայությունը, կամ որ ննջեցյալները իրենց հետ խոսում են, իրենց զգուշացնում կամ պահպանում են: Որքան էլ մեծ է ցավն ու կարոտը, սակայն պետք է հստակ իմանալ, որ նրանք մեզ հետ չեն հաղորդակցվում: Նրանք մեզ հետ չեն, այլ Աստծո հետ են: 

Ննջեցյալների հետ հաղորդակցվելու ողջերի փորձը կոչվում է սպիրիտիզմ, և դա  խստորեն արգելվում է Սուրբ Գրքում: Այս երևույթը հատուկ էր հեթանոսներին (Բ. Օրին. 18:9-12, Եսայի 8:19-20): Այս պրակտիկան ոչ միայն մարդկանց խաբեության մեջ է գցում, այլ նաև հեռացնում է Աստծուց: 
Ողջերը չեն կարող հաղորդակցվել ննջեցյալների  հետ: Դա անհնար է: Երբ ինչ-որ մեկը պնդում է, թե խոսել է կամ զգացել է ննջած հարազատի ներկայություն, կա երկու տարբերակ՝ կամ խաբեբայի (ոգեհարցուկ) ձեռք է ընկել, կամ էլ խոսել է չար ոգու հետ, որը ձևացրել է, թե ննջեցյալն է: 
Ելնելով աստվածաշնչյան բազում զգուշացումներից ու պատմություններից, հստակ է, որ սպիրոտիզմով զբաղվել չի կարելի. դրա վերջը միշտ կործանում է:
Հարց Իսկ ե՞րբ է անհավատների հարությունը լինելու:
Պատ. Մեծ, Ճերմակ գահի դատաստանի ժամանակ՝ Հազարամյայի վախճանին:
 «Հետո տեսա մի մեծ, ճերմակ գահ ու նրա վրա բազմողին, որի երեսից երկինքն ու երկիրը  փախան, և նրանց համար տեղ չգտնվեց։ Տեսա նաև մեռելներ՝ մեծ ու փոքր, ովքեր կանգնած էին Աստծո առջև: Գրքերը բացվեցին. Բացվեց նաև մի ուրիշ գիրք, որ կյանքի գիրքն է: Եվ մեռելները դատվեցին գրքերում գրվածների համաձայն, իրենց արարքների համեմատ: Ծովն իր մեջ եղած մեռելներին տվեց, մահն ու դժոխքը՝ իրենց միջի մեռելներին, և նրանք դատվեցին, յուրաքանչյուրը՝ իր արարքների համեմատ: Մահն ու դժոխքը հրե լիճը գցվեցին. սա է երկրորդ մահը։ Եվ ով կյանքի գրքի մեջ գրված չգտնվեց, նա հրե լիճը գցվեց» (Հայտն. 20:11-15):

Եզրակացություն.
Քննելուց հետո, թե ինչ է ասում Աստվածաշունչը հավատացյալի մահվանից հետո մինչև հափշտակությունը ընկած «միջանկյալ» վիճակի մասին, կարելի է եզրակացնել հետևյալը:
1. Մահվան պահին հավատացյալի հոգին անմիջապես գնում է Աստծո ներկայության մեջ: 
2. Աստվածաշունչը նաև ասում է, որ հավատացյալը գնում է Քրիստոսի մոտ Տիրոջ ներկայության մեջ:
3. Հավատացյալները կենդանի և գիտակից վիճակի մեջ են: Աստվածաշնչում ոչ մի գաղափար չկա քնած կամ սպասողական վիճակի մասին (գերեզմանում, թե որևէ այլ վայրում):
4. Թեև դա նրանց վերջնական պարգևը (վիճակը) չէ, սակայն դա հանգստի, սպասման, գործնեության և սբության վայր է: 

Մի օր մահանալու ենք, և դա անխուսափելի է: Ինչպես Ժողովողի Գրքում է ասվում. «Ամեն բանի համար ժամանակ կա: Ծնվելու ժամանակ և մեռնելու ժամանակ»: Երկու բան հստակ է. Մահը վերջը չէ, դրանից հետո մեր կյանքը շարունակվում է մի այլ վայրում, և եթե դու քրիստոնյա ես, այդ վայրը երկինքն է:  

Եթե որևէ մեկը վստահ չէ, թե որտեղ է անցկացնելու հավիտենականությունը, պետք է հասկանա, որ ընտրությունն իրենն է: Երկինքը լավ ու բարի մարդկանց համար չէ, այլ նրանց համար, ու  մեղքերը Աստված ներել է: Եվ ամեն ոք, ով խնդրի Աստծուն ներել իր մեղքերը և երես դարձնի մեղքին, կարող է կատարյալ վստահություն ունենալ, որ երբ ժամանակը գա, կգնա երկինք: 
1. Նախ անհրաժեշտ է ընդունել խնդիրը՝ դու մեղավոր ես: Աստվածաշունչն ասում է. «Բոլորը մեղանչեցին և զրկված են Աստծո փառքից» (Հռոմ. 3:23): Մեզանից յուրաքանչյուրը խախտել է Աստծո պատվիրանները: Բոլորս էլ Նրա չափանիշից  թերացել ենք։ Ուստի պետք է սկսել հենց այսպես՝ ընդունել, որ մեղավոր ես:

2. Երկրորդ՝ դու պետք է գիտակցես, որ Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, խաչի վրա մահացավ քեզ համար: 2000 տարի առաջ Հիսուսը եկավ այս աշխարհ: Նա ծնվեց մսուրում: Նա ապրեց կատարյալ կյանքով: Ապա մահացավ խաչի վրա և երեք օր անց մեռելներից հարություն առավ: Նա մահացավ մեր մեղքերի համար. եկավ վճարելու մի պարտք, որն իրենը չէր: Քանի որ մենք ունեինք պարտք, որն ի վիճակի չէինք վճարելու: Աստվածաշունչն ասում է. «Երբ տակավին մեղավոր էինք, Քրիստոսը մեռավ մեզ համար» (Հռոմ. 5:8):

3. Երրորդ՝ դու պետք է ապաշխարես:  Դու պետք է կամենաս հետ կանգնել քո մեղքերից: Ապա դու պետք է ընդունես Հիսուս Քրիստոսին քո կյանքի մեջ: Հասկանո՞ւմ ես, քրիստոնյա լինել չի նշանակում պարզապես հավատամք ունենալ, կիրակի օրերին եկեղեցի գնալ կամ փորձել մի շարք կանոններով ապրել:
Լինել քրիստոնյա, շատ պարզ ասած՝ նշանակում է հարաբերություն ունենալ Աստծո հետ: Աստվածաշունչն ասում է. «Բայց նրանց, որ ընդունեցին Իրեն, իշխանություն տվեց Աստծո զավակներ լինելու» (Հովհ. 1:12):
Այսպիսով, սա հարաբերություն է, սա բարեկամություն է: Դու խնդրում ես հենց իրեն՝ Հիսուսին, գալ քո մեջ և ապրել իր կյանքը քո միջոցով: Հիսուսն ասում է. «Ահա կանգնած եմ դռան առջև և բախում եմ: Եթե մեկն իմ ձայնը լսի և բաց անի դուռը, ես ներս կմտնեմ...» (Հայտն. 3:20):
Եթե չես ապաշխարել, ոչ մի պահ մի կորցրու, աղոթիր հենց հիմա: Եթե դու անես այս աղոթքն ի սրտե, Աստված քեզ կլսի: Աստվածաշունչն ասում է. «Ով որ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի» (Հռոմ. 10:13):

Ապաշխարության աղոթք.
Տեր Աստված, ես ընդունում եմ, որ մեղավոր եմ: Սակայն ես նաև հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը խաչի վրա մահացավ, թափեց իր սուրբ արյունը իմ մեղքերի համար  և հարություն առավ։ Եվ այժմ Տեր Հիսուս, բացում եմ սիրտս քո առաջ և խնդրում քեզ մուտք գործել իմ կյանք և օգնել ինձ ապրելու այնպես, ինչպես Դու ես կամենում։  Ինձ նոր մարդ դարձրու։ Կյանքս թող լինի քո կամքին համեմատ։ Ես հանձնում եմ կյանքս քեզ և խնդրում քեզ լինել իմ Փրկիչը, Տերն ու Աստվածը։ Շնորհակալ եմ ինձ կանչելու, ինձ սիրելու և ընդունելու համար։ Աղոթում եմ քո անունով, Տեր Հիսուս։  Ամեն։ 

Եթե հենց նոր ի սրտե աղոթեցիր, ուզում եմ՝ իմանաս, որ համաձայն Աստծո խոսքի՝ Քրիստոսն ինքը եկավ ապրելու քո մեջ: Եվ ուզում եմ ասել քեզ՝ շնորհավոր և բարի գալուստ Աստծո ընտանիք:

Sunday, November 13, 2022

ՀԱՆԳԻՍՏ ՉՏՎՈՂ ՀԱՐՑԵՐ

 Լ.Հ.

Ավելի քան 30 տարի առաջ էր, որ պատմության դասաժամին ուսուցչուհին սկսեց խոսել մարդու՝ կապիկից առաջացման մասին: Երևի փոքր ժամանակ ավելի համարձակ էի, որովհետև հարցրի, թե ինչո՞ւ բոլոր կապիկները մարդ չդարձան: Նպատակս բոլորովին ուսուցչուհուն սխալ դուրս բերելը չէր: Պարզապես ուզում էի հասկանալ: Եվ ուսուցչուհին, որ հուսամ՝ ինքն էլ չէր հավատում այդ անհեթեթությանը, ինձ անպատասխան չթողեց. «Կապիկների այն տեսակը, որ պետք է մարդ դառնար, դարձավ, մյուսները մնացին կապիկ»: 

Երբ հետադարձ հայացք եմ նետում անցած տարիների վրա ու փորձում հասկանալ, թե ինչպես եղավ, որ «գտա» Աստծուն, հստակ է, որ մտածող, փնտրող, հարցեր տվող մարդու (homo sapiens) համար դա անխուսափելի ու բնական հանգրվան է:

Ինչպե՞ս է առաջացել աշխարհը, ո՞րն է կյանքի իմաստը, ի՞նչ է պատահում մահից հետո և միջանկյալ շատ հարցեր: Անհնար է լռելցնել պարբերաբար գլուխ բարձրացնող այս հարցերի աղմուկը ու ձևացնել, թե կենդանու կամ բույսի պես գալիս ենք, մի պահ ապրում ու անհետ անցնում: Հետո՝ շատ տարիներ անց, պիտի կարդայի. «Եվ մարդու մտքի (սրտի) մեջ հավիտենականությունը դրեց» (Ժող. 3:11): Ի ծնե բոլորիս գիտակցության մեջ կա այն միտքը, որ գոյությունը ֆիզիկական կյանքով չի ավարտվում, ու որ կա ավելին:

Չեմ կարծում՝ կա մեկը, որ Աստծո ներկայությունը չի զգացել իր կյանքում, կհամարձակվեմ ավելացնել՝ պարբերաբար: Ոմանք ընդունում են այդ փաստը, ոմանք հերքում, ոմանք պայքարում դրա դեմ: Իսկ Աստված շարունակում է բախել դուռը՝ պարբերաբար, մեր ողջ կյանքում, ամենատարբեր ու անսպասելի ձևերով:

Առաջին «բախոցը», որ հիշում եմ, կարծում եմ՝ 7-9 տարեկան պիտի լինեի: Կարդում էի Անդերսենի «Ձյունե թագուհին», երբ հանդիպեցի հետևյալ տողերին. «Կայը ամբողջ մարմնով դողալով փորձում էր «Հայր մերը» ասել, բայց նրա գլխում պտույտ էր գալիս միայն բազմապատկման աղյուսակը»: Փաստորեն եթե Կայը հիշեր «Հայր մերը», կփրկվե՞ր: Այս հարցի պատասխանը գտա մի քանի էջ անց. «Գերդան սկսեց «Հայր մեր» արտասանել: Ահա մառախուղի մեջ սկսեցին նշմարվել մանրիկ լուսավոր հրեշտակներ, որոնք գետին իջնելով աճում, մեծանում, դառնում էին խոշոր, ահեղ հրեշտակներ սաղավարտները գլխներին, նիզակն ու վահանը ձեռքներին: Նրանց թիվը շարունակ ավելանում էր, և երբ Գերդան իր աղոթքն ավարտեց, նրան շրջապատել էր հրեշտակների մի ամբողջ լեգեոն»: Աստված օգտագործեց հեքիաթի տողերը՝ ինձ ճշմարտություն հասկացնելու: Եվ ես հասկացա: Ու դրանից հետո ցանկացած տհաճ իրադրության մեջ Աստծուն դիմելը դարձավ իմ առաջին արձագանքը:

Սակայն դեռ պետք էր գտնել այն Աստծուն, ով ինձ կանչում էր: Նա թույլ տվեց, որ բախեմ սխալ դռներ, բայց երբեք չթողեց ներս մտնել ու առավել ևս մոլորվել: Փնտրեցի հունական ու հռոմեական դիցաբանության մեջ: Մարդկային ամենազազրելի արատներով օժտված գերբնական էակների պատմությունները սկզբում գրավում և ի վերջո հիասթափեցնում ու վանում էին: Զարմանքով նկատեցի, որ հայկական դիցարանն էլ ոչ մի յուրօրինակություն չունի՝ Արամազդը նույն ինքը Զևսն էր, Անահիտը՝ Հերան, իսկ Վահագն էլ Արեսը: Ծանոթացա բուդդիզմի ու հինդուիզմի գաղափարներին, ընթերցեցի տարբեր փիլիսոփաների, ու ամեն ինչ թվաց մարդահնար, սին ու ժամավաճառություն: 

Աշխարհի առաջարկած աստվածներից ոչ մեկը նա չէր, ում ես փնտրում էի, ով ինձ կանչում էր: Փնտրտուքս իր գագաթնակետին հասավ 2001թ.: Կեչարիսի վանքում Աստված ինձ առաջնորդեց ապաշխարության: Պարզապես ամբողջ ծանրությամբ ինձ զգացրեց իմ մեղավոր ու իրեն անարժան լինելը: Մի ակնթարթում հասկացա Աստծու փոխարեն սովորութներով ու ավանդույթներով ապրելու թաքնված վտանգը: Սարսափեցի այն մտքից, որ կարող էի ապրել մի ողջ կյանք ու մեռնել առանց Աստծո: 

Անցել է 21 տարի: Մուլտֆիլմի հերոս Նաղաշի նման փնտրեցի հեռուներում, երբ ինձ իմ փնրածից (Աստծուց) մի աղոթք էր բաժանում: Իսկ բոլոր հարցերիս պատասխանը մի գրիքի մեջ էր, որը դրված էր մեր պահարանում որպես մասունք: 

Կարդում ես Աստվածաշունչը ու աներկբա ընդունում գրքի աստվածային ծագումը: Մարդկային ապականված բնույթին հակառակ է ամեն միտք այս մատյանում: Աստծո խոսքի իմացությունն է, որ մեզ օգնում է խուսափել կեղծ ուսուցումներից ու աղանդներից, կռապաշտությունից ու կրոնապաշտությունից: 

Աստվածաշնչի էջերում ենք ծանոթանում Սուրբ Երրոդությանը՝ տիեզերքն ու մեզ ստեղծած Աստծուն՝ սուրբ, արդար, գերիշխան, հավիտենական, սիրող, ողորմած, ամենազոր: Տեսնում ենք Նրա անհուն սերն ու համբերատարությունը ի հեճուկս  մարդկային անհնազադության: Տեսնում ենք նաև Աստծո զոհաբերության ու շնորհի անչափելիությունը: Քաջալերվում ենք մարգարեությունները կատարված տեսնելով ու հավատքով անցնում ենք մեր կյանքը՝ վստահ իմանալով, որ մի օր կգնանք մեր իրական ու հավիտենական տուն՝ մեր Աստծո, Տիրոջ ու Փրկչի մոտ: