Monday, December 26, 2022
ՈՐԴԻ ՏՐՎԵՑ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ
Sunday, December 25, 2022
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՍՏՎԱԾ ԱՆԵԼ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ
Wednesday, December 21, 2022
ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ
Օր 18
Սուրբ Ծնունդը ուրախության օր է: Սակայն ոմանց մոտ այն կարող է տխուր հուշեր արթնացնել՝ կապված կյանքից հեռացած իրենց սիրելիների հետ:
Սուրբ Ծննդյան առաջին գիշերը, մինչ հովիվները հսկում էին իրենց հոտերը, հրեշտակը բերեց այս բարի լուրը. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա՛ ես մեծ ուրախության ավետիս եմ տալիս ձեզ, որ ողջ ժողովրդինն է լինելու» (Ղուկ. 2:10):
Ահա թե ինչպես էր երկինքը նշում առաջին Սուրբ Ծնունդը։ Այս սուրբ գիշերը երկինքը վայրկենապես եկավ երկիր: Երկինքն ու երկիրը միշտ համագոյակից են, սակայն երբեմն կարող են թվալ իրարից հեռու աշխարհներ, իսկ երբեմն էլ՝ բաժանված ընդամենը մի բարակ շղարշով:
Երբ ողբերգություն է տեղի ունենում կամ հիվանդությունը չի ընկրկում, երկինքը կարող է շատ հեռու թվալ: Բայց երբ մենք միանում ենք հրեշտակներին՝ երկրպագելու Աստծուն և տեսնում ենք Աստծուն Իր գերազանց մեծության մեջ, երկինքը շատ մոտ է թվում: Մենք՝ հավատացյալներս, չափազանց մոտ ենք երկքնին: Ինչպես ասում է Դավիթը. «Իմ ու մահվան միջև մի քայլ է մնացել» (Ա. Թագ. 20:3):
Սուրբ Ծնունդը երկնքում ավելի լավ է, քան երկրի վրա: Դա կատարյալ երջանկություն է: Ոչ թե առկայծող լույսեր, այլ հենց երկնքի պայծառ լույսը: Ոչ թե մետաղյա հրեշտակներ ծառերի վրա, այլ Աստծո իրական սուրբ հրեշտակներ շուրջբոլորը:
Հասկանո՞ւմ եք, երկնքում խաղաղություն է տիրում։ Երկրի վրա պատերազմ կա: Երկնքում կատարյալ ներդաշնակություն է: Երկրի վրա հաճախ բախումներ են լինում հարազատների և ընկերների միջև:
Մենք կարիք չունենք տխրելու մեր սիրելիների համար, ովքեր նշում են Սուրբ Ծնունդը երկնքում, թեև տխուր ենք մեր կյանքում նրանց բացակայության համար:
Իսկ ձեր այն սիրելիներին, ովքեր ապրում են այս երկրի վրա, այսօր անպայման ասեք, որ իրենց սիրում եք: Թերևս ձեր ծանոթներից ոմանք հաջորդ Սուրբ Ծնունդին լինեն երկնքում:
ԱՍՏԾՈ ՆՎԵՐԸ ՄԵԶ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ
ՕՐ 16
Մենք նշում ենք Սուրբ Ծնունդը, որպեսզի ուրախանանք Աստծո կողմից մեզ տրված ամենաթանկ նվերով: Հիսուս Քրիստոսի ծնունդը նվեր է Աստծո կողմից, որն ուղարկվեց ամենախոնարհ պայմաններում, և որին մենք արժանի չէինք: Այս նվերը նաև բացատրում է Աստծո նպատակը մարդկության համար:
Սա պահի տակ արված մի քայլ չէր: Շատ ավելի վաղ, քան կլիներ Բեթլեհեմի ախոռը, քան Ադամն ու Եվան իրար տեսան, նույնիսկ Եդեմի պարտեզի ստեղծումից էլ առաջ, Աստված որոշեց ուղարկել Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին՝ մեռնելու խաչի վրա մեր մեղքերի համար:
Ի սկզբանե Աստված գիտեր, որ մարդկությունը զրկվելու է Իր փառքից: Ահա թե ինչու Աստվածաշունչը հռչակում է, որ Հիսուս Քրիստոսը մորթվեց աշխարհի սկզբից (Հայտն. 13:8):
Աստված հենց սկզբից որոշում կայացրեց, որ Քրիստոսը գալու է այս երկիր՝ ապրելու, մահանալու և հարություն առնելու մեռելներից: Աստծո նվերը ապացուցում է Նրա՝ մեզ փրկագնելու նպատակը:
Սուրբ Ծննդի իմաստը Հիսուսն է: Հիսուսը մոտեցավ մեզ, որպեսզի մենք կարողանանք մոտենալ Նրան:
Սուրբ Ծնունդը առևտուր անելու և ծառի տակ նվերներ դնելու մասին չէ: Սուրբ Ծնունդը Աստծո տված նվերի մասին է այն խաչափայտի վրա, որտեղ Քրիստոսը մահացավ մեր մեղքերի համար՝ տալով մեզ հավիտենական կյանքի պարգևը:
Ահա սա է Աստծո նվերը: Եվ եթե դու ընդունես այն, սա կլինի քո ամենաուրախ Սուրբ Ծնունդը:
Tuesday, December 20, 2022
ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ
Օր 17
Այսօր նայելով աշխարհին՝ հասկանում ենք, որ Եսայի 9:6–7-ի խոստման մի մասը դեռ չի կատարվել: Որդին տրվել է, երեխան ծնվել է, բայց Նա դեռ իշխանությունը չի վերցրել իր ուսերին: Մենք դեռ չունենք խաղաղություն իրավունքով ու արդարությամբ։ Բայց լավ լուրն այն է, որ կգա մի օր, երբ Քրիստոսը կվերադառնա: Նա կհաստատի Իր թագավորությունը այս երկրի վրա: Եվ դա կլինի հենց Աստծո արդար իշխանությունը:
Մինչ իշխանությունն իր ուսին վերցնելը, Հիսուսը նախ պետք է խաչը վերցներ իր ուսին: Մինչ Նա կկրեր փառքի թագը որպես թագավորների Թագավոր, Նա պետք է կրեր ամոթալի փշե պսակը և Իր կյանքը զոհաբերեր աշխարհի մեղքերի համար: Առաջին անգամ Նրա ժամանումը աստղը նշանավորեց: Բայց հաջորդ անգամ, երբ Նա գա, երկինքը մագաղաթի պես ետ կոլորվի, բոլոր աստղերը կթափվեն ցած երկնքից, և Նա Ինքը կլուսավորի այն:
Քրիստոսը եկավ այս երկիր: Աստված մոտեցավ ձեզ, որպեսզի դուք կարողանաք մոտենալ Նրան, Նա եկավ՝ ձեր կյանքին նպատակ ու իմաստ տալու, ձեր մեղքերը ներելու և գերեզմանից այն կողմ դրախտի հույս տալու: Սուրբ Ծնունդը գնումների կամ ծառի տակ դրվող նվերների մասին չէ: Սուրբ Ծնունդը այն նվերի մասին է, որը տրվեց խաչափայտի վրա, երբ Քրիստոսը մահացավ մեր մեղքերի համար և տվեց մեզ հավիտենական կյանքի նվերը:
Sunday, December 18, 2022
ՃՇՄԱՐԻՏ ՓՆՏՐՈՂՆԵՐԸ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ
Օր 15
ՔՐԻՍՏՈՍԻ ծննդյան պատմությունը Աստվածաշնչի ամենահայտնի ու ամենասիրված պատմություններից մեկն է, որը թերևս լսել են նաև մարդիկ, որ Աստվածաշնչին նույնիսկ ծանոթ չեն: Եվ իհարկե ամեն տարի Սուրբ Ծննդյան տոնին մենք լում ենք իմաստունների պատմությունը, ում աստղն առաջնորդեց այնտեղ, ուր ծնվելու էր Արքան:
Մատթեոսի ավետարանը մեզ ասում է, որ այդ իմաստունները եկել էին արևելքից (Մատթ. 2:1): Հմուտ լինելով աստղագիտության ու աստղաբանության բնագավառներում՝ այդ մարդիկ մեծ հարգանք էին վայելում իրենց մշակույթում և հատկապես հայտնի էին երազներ մեկնելու իրենց կարողությամբ:
Շնորհիվ գիտության, մաթեմատիկայի ու պատմության ասպարեզում ունեցած իրենց գիտելիքների՝ նրանց կրոնական և քաղաքական ազդեցությունը մեծացել էր այնքան, որ նրանք դարձել էին ամենանշանավոր խորհրդականները Մարա-պարսկական և Բաբելոնյան կայսրություններում: Գուշակներ ու մոգեր լինելուց առավել նրանք բարձրաստիճան պաշտոնյաներ էին: Թեև նրանք արքաներ չէին, սակայն իրենցից մեծ կարևորություն էին ներկայացնում:
Իրենց ողջ գիտելիքներով հանդերձ այս իմատունները դեռ չէին գտել պատասխաններ մի շարք հարցերի, որ փնտրում էին իրենց կյանքում: Կարելի է ասել նրանք փնտրողներ էին: Մենք գիտենք, որ նրանք ճշմարիտ փնտրողներ էին, քանի որ ԱՍՏՎԱԾ հայտնեց Իրեն նրանց հատուկ կերպով. աստղը առաջնորդեց նրանց մի վայր, որտեղ նրանք գտան ՀԻՍՈՒՍԻՆ: «Երբ տեսան աստղը, չափազանց ուրախացան» (Մատթ. 2:10): Ապա Նրան մատուցեցին իրենց ընծաները՝ ոսկի, կնդրուկ և զմուռս:
ԱՍՏՎԱԾ մեզ ասում է Երեմ. 29:13-ում. «Կփնտրեք ինձ ու կգտնեք, որովհետև ինձ փնտրելու եք ձեր ամբողջ սրտով»: Եթե դուք ճշմարիտ փնտրող եք, և եթե ցանկանում եք ճանաչել ԱՍՏԾՈՒՆ, ապա ՆԱ կբացահայտի Իրեն ձեզ նույնպես:
Saturday, December 17, 2022
ԻՋԵՎԱՆԱՏԱՆԸ ՏԵՂ ՉԿԱ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ
Օր 14
Ժամանակակից տեխնոլոգիաների (TiVo, ձայնային փոստ, DVD ձայնագրիչներ և այլն) այս դարում մենք կարծես ոչինչ բաց չենք թողնում: Ու թեև այս բոլոր սարքերը օգնում են մեզ չանտեսել ոչ մի զանգ կամ հաղորդագրություն, բայց հենց այդ նույն սարքերը կարող են պատճառ դառնալ, որպեսզի մենք անտեսենք Սուրբ Ծննդյան տոնի իրական պատճառը:
Շատ հնարավոր է, որ Դուք այս տոնական շրջանը անցկացնեք գնումներ անելով և միջոցառումների մասնակցելով և այդպես էլ չանդրադառնաք տոնի բուն իմաստին:
Մարդկանց մեծամասնությունը բանից անտեղյակ էր նաև առաջին Սուրբ Ծննդյան տոնի ժամանակ: Մարդիկ սովորականի պես շարունակում էին իրենց գործերը՝ ուշադրություն չդարձնելով, թե ինչ է կատարվում ընդամենը մի քանի քայլ այն կողմ:
Ղուկասի 2-րդ գլխում մենք ծանոթանում ենք մի իջևանատիրոջ հետ, որը ժամանակ չուներ Սուրբ Ծննդյան համար: Այս ծանոթ պատմության մեջ Մարիամն ու Հովսեփը եկան մի իջևանատիրոջ մոտ սենյակ վարձելու, բայց քանի որ իջևանատունը լիքն էր, նա մերժեց նրանց:
Միակ տեղը, որ նա ուներ այս երիտասարդ հղի կնոջ և նրա ամուսնու համար, ախոռն էր՝ ցուրտ, մութ և խոնավ ախոռը, որը հավանաբար քարանձավ էր: Նա չափազանց զբաղված էր այլ բաներով, որպեսզի ժամանակ տրամադրեր Սուրբ Ծննդին:
Այսօր աշխարհում նման մարդիկ շատ կան: Նրանք անպայմանորեն չեն հակառակվում կամ ատում Աստծուն: Նրանք ուղղակի զբաղված են։ Աստված և հոգևոր բաները նրանց չեն հետաքրքրում: Նրանք առավել կետրոնացած են իրենց ֆիզիկական կարիքների վրա: Իջևանատերը չափազանց զբաղված էր և ժամանակ չուներ սենյակ պատրաստելու շուտով եկող Մեսիայի համար:
Թույլ տվեք հարցնել Ձեզ. այս Սուրբ Ծնունդին տեղ ունե՞ք Հիսուսի համար: Եթե ոչ, ապա դեռ ժամանակ կա, տեղ պատրաստեք Քրիստոսի համար:
ՆՎԵՐ, ՈՐԻՆ ՄԵՆՔ ԱՐԺԱՆԻ ՉԷԻՆՔ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ
Friday, December 16, 2022
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԲՈՒՆ ՊԱՏԳԱՄԸ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ
ՕՐ 12
Տարվա այս եղանակին մենք ասում ենք՝ «Շնորհավոր Սուրբ Ծնունդ»: Ցավոք ոչ բոլորի համար է այս տոնը ուրախ: Եթե մեկը կորցրել է իր աշխատանքը, հաստատ նրա համար սա այնքան էլ ուրախ ժամանակ չէ: Հատկապես այն պատճառով, որ տոնը շատ նյութականացված է:
Կան նաև մարդիկ, ովքեր կորցրել են հարազատների։ Ես այդ մարդկանցից եմ, և այն բաները, որոնք ժամանակին ինձ ուրախացնում էին տարվա այս եղանակին, հիմա ինձ տխրեցնում են: Այն բաները, որոնք ժամանակին երջանկություն էին բերում, այժմ տխրություն են բերում, քանի որ դրանք արթնացնում են հիշողություններ: Ուստի Սուրբ Ծնունդը ոմանց համար դժվար ժամանակաշրջան է:
Շատերը տարվա այս եղանակին քաջալերման կարիք ունեն։ Նրանք Սուրբ Ծննդյան նվերի կարիք չունեն: Նրանք Հիսուսի ներկայության կարիքն ունեն:
Նրանց պետք է հիշեցնել, թե որն է այս տոնի բուն իմաստը, որը բոլորովին նյութականի ու նվերների հետ չի առնչվում:
Սուրբ Ծննդյան բուն պատգամը հետևյալն է. Էմմանուել՝ Աստված մեզ հետ է: Տառապանքի, վշտի և միայնության մեջ գտնվողներին պետք է նվիրել քաջալերանքի ընծան: Նրանք պետք է իմանան, որ Աստված իրենց հետ կլինի, Աստված իրենց կօգնի և կզօրանցնի:
Այսպիսով, այս օրերին փնտրեք Աստծո սերը բաժնեկցելու առիթներ: Այս տոնը հիանալի հնարավորություն է դժվարության մեջ եղողներին քաջալերելու: Մի պահ մտածեք, թե այսօր ո՞վ ունի Ձեր քաջալերանքի կարիքը:
ԻՆՉՈ՞Ւ ԵԿԱՎ ՀԻՍՈՒՍԸ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ
Wednesday, December 14, 2022
ԲԱՐԵՊԱՇՏ ԿՅԱՆՔ ԱՄԲԱՐԻՇՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ
Օր 10
Եթե Հիսուսը աշխարհ գար այսօր, ձեր կարծիքով ո՞ր քաղաքում կծնվեր: Երուսաղե՞մ, Հռո՞մ, Լոնդո՞ն, Փարի՞զ կամ Նյու Յո՞րքը: Մի՞գուցե Լաս Վեգաս: Վերջինը բացասական ասոցիացիա ունի, այնպես չէ՞:
Հիսուսի օրերում մարդիկ ճանաչում էին Նրան որպես Հիսուս Նազովրեցի: Նազարեթի հետ կապված նույնպես բացասական ասոցիաիա կար: Այնուամենայնիվ այդ անսուրբ վայրում ապրում էր մի կին Մարիամ անունով, ով ապացուցեց, որ կարելի է անսուրբ վայրում սուրբ կյանքով ապրել:
Իր երկրորդ նամակում Պետրոսը նկարագրում է աշխարհի ազդեցությունը երկու հավատացյալների վրա: Երկուսն էլ ապրում էին չար մշակույթի մեջ:
Առաջինը Նոյն էր: Նրա օրոք ամեն ինչ այնքան ապականված էր, որ Աստված զղջաց, որ ստեղծել է մարդուն և պատրաստ էր դատել երկիրը: Այնուամենայնիվ, այս խավար ժամանակներում Նոյը «շնորհ գտավ Տիրոջ առջև» (Ծննդոց 6:8), քանի որ նա քայլեց Աստծո հետ: Նա բարեպաշտ մարդ էր, որ ապրում էր պիղծ վայրում, սակայն երբեք զիջումների չէր գնում:
Երկրորդը Ղովտն էր, որ ապրում էր Սոդոմում և Գոմորում։ Նա հավանություն չէր տալիս շրջապատի մարդկանց արարքներին, բայց ոչինչ չէր անում դա փոխելու: Սուրբ Գիրքն ասում է, որ նա ապրում էր այդ մարդկանց մեջ՝ ամեն օր տանջելով իր արդար հոգին իր տեսածով ու լսածով, նրանց անօրինական ու չար գործերով։ Նրա կյանքը լի էր փոխզիջումներով: Եվ երբ Տիրոջ հրեշտակը եկավ նրան ազատելու Սոդոմից, նա դժկամությամբ հեռացավ:
Այս երկու մարկանցից որի՞ն եք Ձեզ ավելի նմանեցնում: Նոյի՞ն թե՞ Ղովտին: Կամ այլ կերպ ասած՝ Դո՞ւք եք մշակույթը փոխում, թե՞ մշակույթը փոխում է Ձեզ։
Հարց. Արդյո՞ք կարողանում ես բարեպաշտ կյանքով ապրել այս ամբարիշտ աշխարհում:
Tuesday, December 13, 2022
ԳԻՇԵՐԸ, ՈՐՆ ՀԱՎԻՏԵՆԱՊԵՍ ԲԱԺԱՆԵՑ ԺԱՄԱՆԱԿԸ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ
Sunday, December 11, 2022
ԴԱՆԴԱՂԵՑՐԵՔ ՁԵՐ ԸՆԹԱՑՔԸ, ԳԻՏԱԿՑԵՔ, ՀԱՆԴԱՐՏ ՄՆԱՑԵՔ... ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ
Օր 8
Սուրբ Ծնունդը կարող է շատ դժվար ժամանակաշրջան լինել ոմանց համար: Տարվա այս եղանակին շատ մարդիկ դիմում են ալկոհոլի և թմրանյութերի, իսկ ինքնասպանության փորձերն ավելանում են :
Տոնը կարող է առանձնահատուկ տխուր լինել ընտանեկան խնդիրների պատճառով: Հնարավոր է՝ ծնողներդ բաժանվել են։ Գուցե Ձեր կինը կամ ամուսինը լքել է Ձեզ: Անցյալ տարի դու նրանց հետ էիր, իսկ այս տարի՝ մենակ։ Կամ գուցե Դուք կորցրել եք Ձեր սիրելիին: Նրանք անցյալ տարի Ձեզ հետ էին, իսկ այս տարի չկան: Խորը ցավ կա:
Մինչ ոմանք զվարճանում են Սուրբ Ծննդին, մյուսները խոր վշտի մեջ են: Նրանք պետք է իմանան, որ տոնակատարության իրական պատգամն այս է՝ Աստված եկավ այս երկիր և ծնվեց ախոռում, այնուհետև Նա խաչ բարձրացավ և մահացավ աշխարհի (մեր) մեղքերի համար: Նա ծնվեց՝ մահանալու, որպեսզի մենք ապրենք: Նա խաչ բարձրացավ, մեռավ, հարություն առավ և այժմ կանգնած է մեր կյանքի դռան առջև ու թակում է:
Եկեք այս տարի Հիսուսի ծնունդը տոնելիս առաջինը Նրան հրավիրենք իր իսկ տոնախմբությանը: Եկեք մեր բազմազբաղության մեջ չկորցնենք էականը: Եկեք բացենք մեր կյանքի դուռը և ներս հրավիրենք Նրան:
Երբեմն ուզում եք իմանալ, թե որտեղ է Աստված ձեր կյանքում: Մտածում եք՝ արդյո՞ք Նա լքել է ձեզ: Ոչ, Նա չի լքել ձեզ: Նա այստեղ է։ Նա Էմմանուելն է՝ Աստված մեզ հետ: Տոնական եռուզեռի մեջ եկեք դանդաղեցնենք մեր ընթացքը, գիտակցենք իրական պատգամը, հանդարտ մնանք և իմանանք, որ Նրա Աստված է:
ԱՐԴՅՈ՞Ք ԿՈՐՑՐԵԼ ԵՔ ՀԻՍՈՒՍԻՆ ՁԵՐ ՏԵՍԱԴԱՇՏԻՑ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ
ՕՐ 7
Մի անգամ, երբ Հիսուսը տասներկու տարեկան էր, կորավ: Մարիամն ու Հովսեփը երեք օր փնտրեցին, մինչև գտան Նրան: Նրանք Երուսաղեմում էին Զատիկի տոնին, և երբ տուն էին վերադառնում, նկատեցին, որ Հիսուսը իրենց ազգականների ու ծանոթների մեջ չէ: Ի՞նչն է հետաքրքրական. Նրանք գրեթե մի ամբողջ օր ճամփորդեցին, մինչ նկատեցին, որ Հիսուսը չկար:
Կարո՞ղ է սա պատահել նաև մեզ հետ: Պատասխանը «այո» է: Հնարավոր է, որ անցնի մի օր, մի շաբաթ, նույնիսկ մի ամիս, և մենք այդպես էլ Աստծո մասին չհիշենք: Կհիշենք Նրան, երբ ինչ-որ ճգնաժամի մեջ հայտնվենք:
Այս տոնական օրերին Հիսուսին անտեսելը ամենահեշտ բանն է: Մենք այնքան ենք զբաղված մեր առօրյա հոգսերով, որ ժամանակ չունենք Աստծո Խոսքը կարդալու և նունիսկ աղոթելու:
Եթե կարծում եք, որ կորցրել եք Հիսուսին կյանքի զբաղվածության մեջ, ապա պետք է վերադասավորել ձեր առաջնահերթությունները: Լավ լուրն այն է, որ նույնիսկ եթե մենք կորցնենք Հիսուսին, Նա երբեք չի կորցնում մեզ:
Saturday, December 10, 2022
ԻՆՉՈ՞Ւ Է ՀԻՍՈՒՍԻ ԿՈՒՍԱԿԱՆ ԾՆՈՒՆԴԸ ԿԱՐԵՎՈՐ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ
ՕՐ 6
Լարի Քինգը մի անգամ ասել է, որ եթե ինքը հարցազրուցի նպատակով կարողանար ընտրել ցանկացած անձի, որ երբևէ ապրել է, ապա նա հարցազրույց կվերցներ Հիսուս Քրիստոսից: Քինգի խոսքերով՝ նա կցանկանար հարցնել Հիսուսին, թե իսկապե՞ս Նա կույսից է ծնվել: «Այդ հարցի պատասխանն ինձ համար բեկումնային կլիներ»: Լարի Քինգը հասկանում է կուսական ծնունդի կարևորությունը:
Եթե դու Աստվածաշնչին հավատացող քրիստոնյա ես, ապա չես կարող մերժել այն, ինչ Աստվածաշունչը սովորեցնում է այս թեմայով: Կասեի ավելին՝ եթե չես հավատում Հիսուսի կուսական ծնունդին, ապա իրականում քրիստոնյա լինել չես կարող:
Սա քրիստոնեական վարդապետության էական մասն է: Եթե Քրիստոսը չի հղացվել Մարիամի որովայնում Սուրբ Հոգուց, եթե իրականում Նրա կենսաբանական հայրը Հովսեփն էր, ապա Նա մեղավոր էր: Եվ եթե Նա մեղավոր էր, ապա նրա մահը խաչի վրա չքավեց ոչ իմ և ոչ էլ քո մեղքերը:
Սակայն փաստն այն է, որ քանի որ Հիսուսը գերբնականորեն հղացվեց Մարիամի որովայնում, Նա լիովին Աստված էր, բայց նաև լիովին մարդ: Հիսուսն ասաց. «Եթե չհավատաք, որ ԵՍ ԵՄ, կմեռնեք ձեր մեղքերի մեջ» (Հովհ. 8.24): Այլ կերպ ասած՝ «Եթե չես հավատում, որ ես Աստված եմ, ուրեմն դու իրականում հավատացյալ չես»:
ԵՍ ԵՄ-ը Աստծո հայտարարությունն է Իր մասին: Երբ Մովսեսը ցանկացավ իմանալ, թե ինչ պետք է պատասխանի մարդկանց հարցին, թե ով է ուղարկել իրեն, Աստված ասաց նրան. «ԵՍ ԵՄ ՆԱ, որ է: Սա ասա Իսրայելի որդիներին՝ Ինձ «ԵՍ ԵՄ»-ը ուղարկեց ձեզ մոտ» (Ելք 3:14):
Ահա թե ինչու է Կուսական ծնունդը էական ուսուցում: Քրիստոսն Աստված չէր, որովհետև կույսից ծնվեց. Նա ծնվեց կույսից, որովհետև Աստված էր:
Thursday, December 8, 2022
ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ
Օր 5
Էմմանուել՝ Աստված մեզ հետ է. Աստված եկավ մեզ մոտ: Ինչպիսի ցնցող միտք։ Սա իսկապես քրիստոնեական հավատքի ու քրիստոնեական կյանքի էությունն է։ Բոլոր կրոնական գաղափարախոսությունները ասում են, որ դուք պետք է ինչ-որ բան անեք: Սա արեք, և դուք կգտնեք ներքին խաղաղություն: Այն արեք, և դուք կհասնեք նիրվանայի: Արեք մեկ այլ բան, և միգուցե կգնաք դրախտ: Իսկ Քրիստոնեությունն ասում է, որ դա արված է. արված է ձեզ համար Խաչի մոտ՝ վճարված Հիսուս Քրիստոսի արյունով:
Քրիստոնյա լինելը չի նշանակում ընդամենը հավատամք ունենալ: Քրիստոնյա լինել նշանակում է, որ Քրիստոսն ապրում է քո մեջ և քո միջոցով՝ տալով քեզ ուժ լինելու այն անձը, որ Նա կանչել է քեզ լինելու: Հիսուսն ասաց. «Ահա, ամեն օր ես ձեզ հետ եմ՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28:20) և «Բնա՛վ քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու» (Եբրայեցիս 13:5):
Սուրբ Ծննդյան պատգամն է՝ Աստված մեզ հետ: Դա կարևոր է իմանալ, հատկապես այն ժամանակ, երբ մենք դժվարությունների միջով ենք անցնում։ Սաղմոսերգուն ասում է. «Եթե արշալույսի թևերն առնեմ և ծովի ծայրամասում բնակվեմ, այնտեղ էլ քո ձեռքն է ինձ առաջնորդելու և քո աջ ձեռքն է ինձ բռնելու» (Սաղմ. 139:9-10): Պարզապես հրաշալի է իմանալ, որ Աստված քեզ հետ է, որտեղ էլ որ լինես:
Աստվածաշունչը երբեք չի սովորեցնում, որ իրբև քրիստոնյա ունենալու ենք խնդիրներից զերծ կյանք: Սակայն Աստծո Խոսքը սովորեցնում է, որ մենք երբեք մենակ չենք լինի: Եվ հենց այդ պատճառով մենք չպետք է վախենանք: Ռեյ Սթեդմանի խոսքերով՝ «Քրիստոնյայի գլխավոր նշանը պետք է լինի վախի բացակայությունը և ուրախության առկայությունը»:
Սա է այն պատգամը, որ պետք է լսի մեղքով հիվանդ այս աշխարհը. Էմմանուել՝ Աստված մեզ հետ է:
ԵԿԵՔ ԵՐԿՐՊԱԳԵՆՔ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ
Օր 4
«Սուրբ Ծնունդ» բառը զրկվել է իր իմաստից, խեղաթյուրվել և մարդկանց մատուցվել՝ առանց իր զորության: Ոմանք նախընտրում են տարվա այս եղանակին օգտագործել ավելի քաղաքականապես ճիշտ տերմինաբանություն, օրինակ՝ «Ուրախ տոներ»։
Կարծում եմ, որ մենք պետք է հրաժարվենք Սուրբ Ծննդյան այն տարբերակից, որը լցված է աղմուկով և անվերջ ակտիվությամբ, որը ոչ մի առնչություն չունի Քրիստոսի հետ: Դրա փոխարեն մենք պետք է տոնենք Հիսուս Քրիստոսի ծնունդը: Դա է Սուրբ Ծննդյան իրական իմաստը:
Միգուցե ձեզ սպասվում են դժվարություններ այս Սուրբ Ծննդյան օրերին: Միգուցե կարծում եք, որ Սուրբ Ծնունդն այս տարի այնքան լավ չի անցնի, որքան նախկինում: Սակայն մի պահ պատկերացրեք, թե որքան ավելի լավ կանցներ այն, եթե դուք ստիպված չլինեիք կենտրոնանալ առևտրի ու ավելորդ վավզոցի վրա, այլ միայն տոնի բուն իմաստի:
Սուրբ Ծննդյան հիմնական պատգամը սա է. Աստված մեզ հետ է: Եսայիա 7.14-ում ասվում է. «Ուստի Տերն Ինքը ձեզ նշան կտա. Ահա կույսը կհղիանա և որդի կծնի և նրա անունը Էմմանուել կկոչի»։ Էմանուել նշանակում է «Աստված մեզ հետ է»։
Այսպիսով, այս տոնի խորհուրդը առատ ձյունը կամ գնումներ կատարելը չէ: Սուրբ Ծննդյան իրական ուղերձն է. «Եկեք երկրպագենք»: Երկրպագելու էին գնացել իմաստունները: Եվ մենք պետք է վարվենք ճիշտ նույն կերպ:
Monday, December 5, 2022
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԽՈՍՏՈՒՄԸ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ
Օր 3
Տարվա այս ժամանակը յուրահատուկ է: Եվ այդ ի՞նչն է, որ մենք այդքան սիրում ենք Սուրբ Ծննդյան տոների հետ կապված: Կարծում եմ՝ հրաշքի, գեղեցկության և սպասման զգացողությունն է: Երաժշտությունն է, հրաշալի կերակուրներն են, ընտանիքի և լավ ընկերների ներկայությունն է:
Սակայն Սուրբ Ծննդյան տոները մեծ մասամբ վերածվում են մարդու ուղեղը թմրեցնող հեռուստատեսային անվերջ գովազդների: Մեզ ճնշում են ակնկալիքները, որ ուրիշները ունեն մեզ հետ կապված և սպասումները, որ մենք ինքներս ունենք: Տոներին հաջորդում է հիասթափություն:
Ինչպիսի՞ն է դարձել Սուրբ Ծննդյան տոնը: Կոմերցիոն, դատարկ, հոգնեցնող և շատ թանկ մի արարողություն, որ շարունակվում է ամիսներ:
Ինչպիսի՞ն պետք է լինի Սուրբ Ծննդյան տոնը: Այն պետք է լինի գալիք բաների ստվերը՝ գեղեցկություն, պաշտամունքի երաժշտություն, սեր, ջերմություն, խոստում, հույս...
Ինչպիսին էլ լինեն մեր ակնկալիքները այս տոներից, կարևոր է հիշել մի բան՝ այն չի կարող լինել այնպիսին, ինչպիսին մենք ենք ցանկանում: Այն չի կարող բերել ձեր ընտանքին ներդաշնակություն, աշխարհին խաղաղություն և ոչ էլ երջանկություն:
Բայց ՔՐԻՍՏՈՍԸ կարող է անել այդ ամենը և շատ ավելին: Իրականում ՆՐԱ կարիքն է, որ մենք ունենք:
Saturday, December 3, 2022
ԽԱՆՁԱՐՈՒՐՈՎ ՓԱԹԱԹՎԱԾ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ
Օր 2
Կան մարդիկ, որ մեծ ջանքեր են գործադրում ամանորյա նվերները փաթեթավորելու համար: Իսկ ոմանց համար փաթեթավորումը կարծես խոչընդոտ լինի իրենց ու նվերի միջև. նրանք պարզապես ցանկանում են տեսնել իրենց նվերը:
Աստծո պարգևը մեզ տրվեց շատ պարզ փաթաթված: Հիսուսը ծնվեց Բեթլեհեմում՝ անչափ խոնարհ միջավայրում: Մի պահ մտածեք, թե որքան դժվար էր Մարիամի և Հովսեփի համար Նազարեթից Բեթլեհեմ ճանապարհորդությունը: Եվ երբ տեղ հասան, նրանք ստիպված էին մնալ մի փոքրիկ ախոռում, որտեղ պահվում էին կենդանիներ։ Կարծում եմ ախոռը ցուրտ էր, և այն բուրում էր, ինչպես ցանկացած այլ ախոռ: Սարսափելի միջավայր երեխա լույս աշխարհ բերելու համար:
Հասկանո՞ւմ եք տիեզերքի Արարիչը, Ամենակարող Աստվածը եկավ և խոնարհեցրեց իրեն՝ դառնալով փոքրիկ մանուկ՝ ծնված Բեթլեհեմի ախոռում:
Նրան մսուրի մեջ պառկեցրին ոչ թե ատլասե սավաններով, այլ խանձարուրի մեջ։ Նրան պառկեցրին ոչ թե թագավորին վայել ոսկյա անկողնում, այլ կենդանիների կերակրամանի մեջ: Ահա Նա՝ մեծագույն պարգևը՝ պարզ բարուրված:
Հիսուսը տեղ գտավ ախոռում, որպեսզի մենք տուն ունենաք երկնքում:
Friday, December 2, 2022
ԴՈՒՔ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՔ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ
Սակայն առաջին Սուրբ Ծնունդն ուներ իր նշանները: Իրադարձությունից դարեր առաջ հրեա մարգարեները կանխատեսել էին, որ Մեսիան գալու է, և նրանք շատ կոնկրետ նշել էին, որ Նա ծնվելու է փոքրիկ Բեթղեհեմ գյուղում:
Saturday, November 26, 2022
Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՀԱՎԱՏԱՑՅԱԼԻ ՀԵՏ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ
«Այդ ժամանակ հողը երկրին պիտի դառնա, ինչպես, որ առաջ այնտեղ էր, ու հոգին պիտի վերադառնա Աստծուն, որ այն տվել էր» (Ժող. 12:7)։
Sunday, November 13, 2022
ՀԱՆԳԻՍՏ ՉՏՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Լ.Հ.
Ավելի քան 30 տարի առաջ էր, որ պատմության դասաժամին ուսուցչուհին սկսեց խոսել մարդու՝ կապիկից առաջացման մասին: Երևի փոքր ժամանակ ավելի համարձակ էի, որովհետև հարցրի, թե ինչո՞ւ բոլոր կապիկները մարդ չդարձան: Նպատակս բոլորովին ուսուցչուհուն սխալ դուրս բերելը չէր: Պարզապես ուզում էի հասկանալ: Եվ ուսուցչուհին, որ հուսամ՝ ինքն էլ չէր հավատում այդ անհեթեթությանը, ինձ անպատասխան չթողեց. «Կապիկների այն տեսակը, որ պետք է մարդ դառնար, դարձավ, մյուսները մնացին կապիկ»:
Երբ հետադարձ հայացք եմ նետում անցած տարիների վրա ու փորձում հասկանալ, թե ինչպես եղավ, որ «գտա» Աստծուն, հստակ է, որ մտածող, փնտրող, հարցեր տվող մարդու (homo sapiens) համար դա անխուսափելի ու բնական հանգրվան է:
Ինչպե՞ս է առաջացել աշխարհը, ո՞րն է կյանքի իմաստը, ի՞նչ է պատահում մահից հետո և միջանկյալ շատ հարցեր: Անհնար է լռելցնել պարբերաբար գլուխ բարձրացնող այս հարցերի աղմուկը ու ձևացնել, թե կենդանու կամ բույսի պես գալիս ենք, մի պահ ապրում ու անհետ անցնում: Հետո՝ շատ տարիներ անց, պիտի կարդայի. «Եվ մարդու մտքի (սրտի) մեջ հավիտենականությունը դրեց» (Ժող. 3:11): Ի ծնե բոլորիս գիտակցության մեջ կա այն միտքը, որ գոյությունը ֆիզիկական կյանքով չի ավարտվում, ու որ կա ավելին:
Չեմ կարծում՝ կա մեկը, որ Աստծո ներկայությունը չի զգացել իր կյանքում, կհամարձակվեմ ավելացնել՝ պարբերաբար: Ոմանք ընդունում են այդ փաստը, ոմանք հերքում, ոմանք պայքարում դրա դեմ: Իսկ Աստված շարունակում է բախել դուռը՝ պարբերաբար, մեր ողջ կյանքում, ամենատարբեր ու անսպասելի ձևերով:
Առաջին «բախոցը», որ հիշում եմ, կարծում եմ՝ 7-9 տարեկան պիտի լինեի: Կարդում էի Անդերսենի «Ձյունե թագուհին», երբ հանդիպեցի հետևյալ տողերին. «Կայը ամբողջ մարմնով դողալով փորձում էր «Հայր մերը» ասել, բայց նրա գլխում պտույտ էր գալիս միայն բազմապատկման աղյուսակը»: Փաստորեն եթե Կայը հիշեր «Հայր մերը», կփրկվե՞ր: Այս հարցի պատասխանը գտա մի քանի էջ անց. «Գերդան սկսեց «Հայր մեր» արտասանել: Ահա մառախուղի մեջ սկսեցին նշմարվել մանրիկ լուսավոր հրեշտակներ, որոնք գետին իջնելով աճում, մեծանում, դառնում էին խոշոր, ահեղ հրեշտակներ սաղավարտները գլխներին, նիզակն ու վահանը ձեռքներին: Նրանց թիվը շարունակ ավելանում էր, և երբ Գերդան իր աղոթքն ավարտեց, նրան շրջապատել էր հրեշտակների մի ամբողջ լեգեոն»: Աստված օգտագործեց հեքիաթի տողերը՝ ինձ ճշմարտություն հասկացնելու: Եվ ես հասկացա: Ու դրանից հետո ցանկացած տհաճ իրադրության մեջ Աստծուն դիմելը դարձավ իմ առաջին արձագանքը:
Սակայն դեռ պետք էր գտնել այն Աստծուն, ով ինձ կանչում էր: Նա թույլ տվեց, որ բախեմ սխալ դռներ, բայց երբեք չթողեց ներս մտնել ու առավել ևս մոլորվել: Փնտրեցի հունական ու հռոմեական դիցաբանության մեջ: Մարդկային ամենազազրելի արատներով օժտված գերբնական էակների պատմությունները սկզբում գրավում և ի վերջո հիասթափեցնում ու վանում էին: Զարմանքով նկատեցի, որ հայկական դիցարանն էլ ոչ մի յուրօրինակություն չունի՝ Արամազդը նույն ինքը Զևսն էր, Անահիտը՝ Հերան, իսկ Վահագն էլ Արեսը: Ծանոթացա բուդդիզմի ու հինդուիզմի գաղափարներին, ընթերցեցի տարբեր փիլիսոփաների, ու ամեն ինչ թվաց մարդահնար, սին ու ժամավաճառություն:
Աշխարհի առաջարկած աստվածներից ոչ մեկը նա չէր, ում ես փնտրում էի, ով ինձ կանչում էր: Փնտրտուքս իր գագաթնակետին հասավ 2001թ.: Կեչարիսի վանքում Աստված ինձ առաջնորդեց ապաշխարության: Պարզապես ամբողջ ծանրությամբ ինձ զգացրեց իմ մեղավոր ու իրեն անարժան լինելը: Մի ակնթարթում հասկացա Աստծու փոխարեն սովորութներով ու ավանդույթներով ապրելու թաքնված վտանգը: Սարսափեցի այն մտքից, որ կարող էի ապրել մի ողջ կյանք ու մեռնել առանց Աստծո:
Անցել է 21 տարի: Մուլտֆիլմի հերոս Նաղաշի նման փնտրեցի հեռուներում, երբ ինձ իմ փնրածից (Աստծուց) մի աղոթք էր բաժանում: Իսկ բոլոր հարցերիս պատասխանը մի գրիքի մեջ էր, որը դրված էր մեր պահարանում որպես մասունք:
Կարդում ես Աստվածաշունչը ու աներկբա ընդունում գրքի աստվածային ծագումը: Մարդկային ապականված բնույթին հակառակ է ամեն միտք այս մատյանում: Աստծո խոսքի իմացությունն է, որ մեզ օգնում է խուսափել կեղծ ուսուցումներից ու աղանդներից, կռապաշտությունից ու կրոնապաշտությունից:
Աստվածաշնչի էջերում ենք ծանոթանում Սուրբ Երրոդությանը՝ տիեզերքն ու մեզ ստեղծած Աստծուն՝ սուրբ, արդար, գերիշխան, հավիտենական, սիրող, ողորմած, ամենազոր: Տեսնում ենք Նրա անհուն սերն ու համբերատարությունը ի հեճուկս մարդկային անհնազադության: Տեսնում ենք նաև Աստծո զոհաբերության ու շնորհի անչափելիությունը: Քաջալերվում ենք մարգարեությունները կատարված տեսնելով ու հավատքով անցնում ենք մեր կյանքը՝ վստահ իմանալով, որ մի օր կգնանք մեր իրական ու հավիտենական տուն՝ մեր Աստծո, Տիրոջ ու Փրկչի մոտ:
Sunday, October 23, 2022
ՄԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՀԱՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Գ.Լորի
«Որովհետև գիտությունը ատեցին ու Տիրոջ վախը չընտրեցին» (Առակ. 1:29):
Ամեն օր մենք կատարում ենք ընտրություններ՝ ի՞նչ հագնել, ի՞նչ ուտել և այլն: Բայց այն, ինչ մենք հագնում կամ ուտում ենք, կյանքում ամենակարևոր ընտրությունները չեն:
Մյուս կողմից, որոշ ընտրություններ շատ կարևոր են, նույնիսկ բեկումնային, ինչպես օրինակ՝ մեր կարիերայի կամ կողակցի ընտրությունը: Սակայն ամենակարևոր ընտրությունն այն է, թե արդյոք մենք հետևելու ենք Հիսուս Քրիստոսին: Դա կազդի ոչ միայն մեր երկրային, այլև նաև հավիտենական կյանքի վրա:
Աստվածաշնչում հանդիպում ենք մարդկանց, ովքեր լավ կամ վատ ընտրություններ են կատարել: Մովսեսը նախընտրեց օգնել իր եբրայեցի ազգակիցներին, քան թե վայելել Եգիպտոսի հարստությունն ու իշխանությունը: Հովսեփը նախընտրեց դիմադրել Պետափրեսի կնոջ սիրահետումներին: Դանիելը նախընտրեց չուտել թագավորի սեղանի կերակուրը։ Այս բոլոր ընտրությունները լավն էին, որոնք հանգեցրին հիանալի արդյունքների:
Սակայն կարդում ենք նաև մարդկանց մասին, ովքեր սխալ ընտրություն են կատարել: Ադամի սխալ ընտրությունը նրան արժեցավ Եդեմի պարտեզը, Եսավի ընտրությունը զրկեց նրան իր անդրանիկության իրավունքից, Սավուղ թագավորն իր ընտրության արդյունքում կորցրեց իր թագավորությունը:
Աստված մեզ ցույց է տալիս, թե ինչ պետք է անենք և ինչ ճանապարհով ընթանանք, սակայն, ի վերջո, թողնում է ընտրությունը մեզ: Նա մեզ ազատ կամք է տվել։ Եվ նույնիսկ երբ մենք ընտրություն չենք կատարում, դա ինքնին ընտրություն է:
Ընտրությունները, որոնք մենք այսօր կատարում ենք, ոչ միայն կազդեն մեզ վրա, այլև մեր երեխաների ու թոռների վրա: Եթե ճիշտ ընտրություն կատարենք և թողնենք աստվածային ժառանգություն, դա իր ազդեցությունը կունենա մեր շրջապատի մարդկանց վրա: Եթե մենք սխալ ընտրություն կատարեք և թողնեք անաստված ժառանգություն, դա նույնպես ազդեցություն կունենա: Հետևանքներ կլինեն ամեն դեպքում՝ լավ կամ վատ:
Monday, October 10, 2022
ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Գ.Լորի
«Եվ ուրիշ ոչ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև բացի Նրանից չկա ուրիշ անուն երկնքի տակ՝ մարդկանց տրված, որով կարող ենք փրկվել»։
2021 թվականին կատարված մի հետազոտության համաձայն՝ 18-39 տարեկան մարդկանց ավելի քան 60%-ը, ովքեր պնդել են, որ վերստին ծնված քրիստոնյաներ են, հավատում են, որ Հիսուսը, Բուդդան և Մուհամեդը կարող են մեզ տանել դեպի փրկության ճանապարհը:
Սա ցույց է տալիս, որ նրանք չեն հասկանում, թե ինչ է ասում Աստվածաշունչը: Հիսուսն առանձնանում է յուրաքանչյուր կրոնական առաջնորդից, մարգարեից և գուրուից: Գործք Առաքելոց 4:12-ում ասվում է. «Եվ ուրիշ ոչ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև բացի Նրանից չկա ուրիշ անուն երկնքի տակ՝ մարդկանց տրված, որով կարող ենք փրկվել»։
Մենք չենք կարող լիովին գնահատել լավ լուրը, քանի դեռ չենք իմացել վատ լուրը: Իսկ վատ լուրն այն է, որ, համաձայն Սուրբ Գրքի՝ Հռոմ. 3:23. «բոլորը մեղանչեցին, և զրվուած են Աստուծո փառքից [մենք չենք համապատասխանում Աստծո չափանիշներին]»: Մեզնից յուրաքանչյուրը խախտել է Աստծո պատվիրանները:
Մարդիկ պետք է ըմբռնեն, որ իրենք մեղավոր են։ Գիտեմ՝ որոշ մարդկանց դա դուր չի գալիս, նույնիսկ՝ որոշ քարոզիչների:
Բայց դա ասված է Աստվածաշնչում. Աստծո հետ ճիշտ հարաբերություն ունենալու համար մենք պետք է ապաշխարենք (տես Գործք 2.38):
«Ապաշխարել» բառը ռազմական տերմին է, որը նշանակում է «հետ դարձ»: Դա ենթադրում է փոխել մեր ուղղությունը: Եթե մենք փախչում էինք Աստծուց, ապա վազենք դեպի Աստված: Մի ամաչեք մարդկանց ասել, որ նրանք մեղավոր են: Մի վախեցեք մարդկանց ասել, որ նրանք պետք է ապաշխարեն:
Հիսուսն այնքան պարզ ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. Ոչ ոք չի կարող գալ Հոր մոտ, եթե ոչ ինձնով»: Եթե որևէ կրոնական առաջնորդ կարողանար մեզ Երկինք (դրախտ) տանել, ապա ինչո՞ւ Աստված կուղարկեր Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին երկիր՝ չարչարվելու և խաչի վրա մահանալու:
Աստծո արդար պահանջները բավարարելու այլ ճանապարհ չկար: Հիսուս Քրիստոսը միակ ճանապարհն է դեպի Հայրը: Եվ այս իրողությանը հակասող ցանցած հայտարարություն ճշմարիտ ավետարան չէ:
ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏ
Գ. Լորի
«Երբ Քրիստոսը՝ մեր կյանքը, հայտնվի, այն ժամանակ դուք էլ փառքով կհայտնվեք Նրա հետ» (Կող. 3:4):
Ըստ Աստվածաշնչի՝ կա մի սերունդ, որը մահ չի տեսնի [շատ աստվածաբաններ այն կարծիքի են, որ թերևս հենց մենք ենք այդ սերունդը]: Փոխարենը, Տերը կվերցնի նրան երկրի երեսից մի երևույթի ժամանակ, որն անվանում են Եկեղեցու հափշտակություն:
Սա այն է, ինչ ի նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց. «Այդ ժամանակ եթե արտում երկու մարդ լինեն, նրանցից մեկը կվերցվի, իսկ մյուսը կմնա։ Եվ եթե մի ջրաղացում երկու կին աղալիս լինեն, մեկը կվերցվի, իսկ մյուսը կմնա» (Մատթ. 24:40-41):
Մի ակնթարթում միլիոնավոր հավատացյալներ ամբողջ աշխարհից կհայտնվեն (վեր կվերցվեն) Աստծո ներկայության մեջ:
Այս իրադարձության մասին Աստվածաշունչը խոսում է նաև այլ հատվածներում, այդ թվում՝ Ա. Կորնթ. 15. «Ահա մի խորհուրդ եմ հայտնում ձեզ. «Ոչ բոլորս ենք ննջելու, բայց բոլորս ենք փոխվելու. հանկարծ, մի ակնթարթում, վերջին շեփորի հնչման ժամանակ. որովհետև շեփորը պիտի հնչի, ու մեռելները հարություն առնեն՝ առանց ապականության, և մենք էլ պիտի փոխակերպվենք»» (51-52):
Խոսելով նույն իրադարձության մասին՝ Ա. Հովհ. 3։2-ում ասվում է. «Սիրելինե՛ր, այժմ մենք Աստծու որդիներ ենք, և տակավին հայտնի չէ, թե ի՛նչ պիտի լինենք, բայց գիտենք, որ երբ Նա հայտնվի, Նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան, ինչպես որ է»։
Տարբերություն կա Հափշտակության և Երկրորդ Գալուստի միջև: Եկեղեցու հափշտակությանը հաջորդում է Նեղության շրջանը, որն ավարտվում Երկրորդ Գալուստով:
Այլ կերպ ասած՝ Հափշտակության ժամանակ Հիսուսը կվերադառնա Իր Եկեղեցու համար, իսկ Երկրորդ գալուստին Նա կվերադառնա Իր Եկեղեցու հետ:
Քրիստոսը գալու է Իր Եկեղեցու համար, և երբ ճիշտ ժամանակը լինի, Նա նորից կվերադառնա այս երկիր:
Monday, September 12, 2022
ՀԵՏԵՎԵԼՈՒ ՃԻՇՏ ՈՒՂԻՆ
Գ.Լորի
Տիրոջ հրամանները ուղիղ են, սիրտ են ուրախացնում: Տիրոջ պատվիրանները վճիտ են, աչքերին լույս են տալիս (Տիրոջ պատվիրանները հստակ են, ապրելու համար խորաթափանցություն են տալիս): - Սաղմոս 19:8
Երբեմն հանդիպում եք սուրբգրային հատվածների, որոնք լիովին չեք հասկանում: Նման դեպքերում հովվի կամ հասուն քրիստոնյայի հետ խոսելը կարող է օգտակար լինել: Բայց ինչպե՞ս վարվել, երբ հանդիպում եք Աստվածաշնչում մի հատվածի, որի հետ համաձայն չեք: Նման դեպքերում դուք պետք է փոխեք ձեր կարծիքը։ Մենք չպետք է հարմարեցնենք Աստվածաշունչը մեր մտածելակերպին, այլ ընդհակառակը:
Երբեմն մարդիկ այնպիսի հայտարարություններ են անում, ինչպիսիք են՝ «Իմ Աստվածը երբեք չի դատի մարդու» կամ «Ես հավատում եմ մի Աստծու, ով . . » և սկսում նկարագրել իրենց հորինած աստծուն: Այնուամենայնիվ, կա միայն մի Աստված, և Նա բացահայտված է Աստվածաշնչում: Մենք չենք կարող Աստծուն հարմարեցնել մեզ, մենք ինքներս մեզ պետք է համապատասխանեցնենք Աստծուն:
Սաղմոս 19:7-ում ասվում է. «Տիրոջ պատվիրանը վստահելի է, միամիտին իմաստուն է դարձնում»: Թարգմանված «պարզ/միամիտ» բառը բնօրինակում ծագում է մի բառից, որ նշանակում է «բաց դուռ»։ Սա նկարագրում է մարդկանց, ում միտքը բաց դուռ է՝ ամեն ինչ մտնում և դուրս է գալիս: Նրանք չգիտեն, թե ինչ ընդունել կամ ինչ պահել մտքում, ուստի պարզամիտ են: Նրանց միտքը բաց է ամեն ինչի համար և փակ է ոչնչի առջև: Այնուամենայնիվ, Աստվածաշունչն ասում է, որ երբ պարզամիտ մարդիկ խորասուզվում են Սուրբ Գրքի մեջ, նրանք կարող են աստվածաշնչյան հիմք ձեռք բերել և զարգացնել աստվածաշնչյան աշխարհայացք:
Հաջորդ համարը մեզ ասում է. «Տիրոջ հրամանները ուղիղ են, սիրտ են ուրախացնում: Տիրոջ պատվիրանները վճիտ են, աչքերին լույս են տալիս (Տիրոջ պատվիրանները հստակ են, ապրելու համար խորաթափանցություն են տալիս):
Աստվածաշունչը սահմանել է այն ճիշտ ուղին, որով մենք պետք է ընթանանք: Մենք չպետք է կորցնենք մեր կողմնորոշումը մարդկային կարծիքի մշուշի մեջ: Երբ մենք կարդում ենք Սուրբ Գրությունները, մենք հասկանում ենք, որ դրանք հուսալի են:
Աստծո Խոսքը մեզ անհավանական իմաստություն է տալիս, ուստի եկեք նվիրվենք դրա ուսումնասիրությանը:
Thursday, September 1, 2022
ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒՆԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է
Գ. Լորի
Արևի տակ բոլոր կատարվող գործերը տեսա, և ահա ամեն ինչ ունայնություն ու հոգու տանջանք է: Ժողով. 1:14
Կյանքի իմաստի իր ապարդյուն փնտրտուքից հետո Սողոմոնը եզրակացրեց. «Ունայնություն ունայնությանց , ... Ունայնություն ունայնությանց, ամեն ինչ ունայնություն է»: Ի՞նչ օգուտ ունի մարդն իր բոլոր տառապանքիցը, որ քաշում է արեգակի տակին (Ժողով. 1:2-3):
«Ունայնություն» բառը, որ Սողոմոնը օգտագործել է նշանակում է «դատարկություն», «անիմաստություն», «ոչնչություն»: Սողոմոնն ասում է, որ այս աշխարհում չկա մեզ կատարելապես բավարարող որևէ բան՝ ոչ մի իր, ոչ մի հաճույք, ոչ մի հարաբերություն:
Դա նման է ստացիոնար հեծանիվ վարելուն: Փոքրիկ էկրանին դուք տեսնում եք, որ զառիթափ եք բարձրանում, ուստի վարելը մի փոքր ավելի դժվար է դառնում: Ապա սկսում եք զառիթափ իջնել, և վարելը հեշտանում է: Բայց իրականում դուք ոչ մի սանտիմետր չեք շարժվել: Դուք պտտել եք անիվները, սակայն ոչ մի տեղ չեք գնացել: Հենց այս գաղափարն է արտահայտում Սողոմոնը: Նա նկարագրում էր կյանքն առանց Աստծո:
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են շատ հարուստ կամ շատ հայտնի մարդիկ հաճախ ունենում թմրամիջոցների չարաշահման կամ այլ խնդիրներ: Կարծում եմ, որ դա այն պատճառով է, որ նրանք կարող են անել այն, ինչի մասին ուրիշները միայն երազում են: Նրանք ավարտում են մի գործ, հետո անցնում հաջորդ գործին: Հերթական հաջողությունից հետո անցնում են մի այլ բանի։ Նրանք չեն կարողանում մնալ իրենց հասած բարձունքին, ուստի դիմում են հաջորդ բանին:
Կարելի ասել, որ Սողոմոնը փորձեց ամեն ինչ և հասկացավ, որ այդ ամենն անիմաստ է: Եթե Աստծուն հանեք պատկերից, ձեր կյանքը դատարկ, անիմաստ և ապարդյուն կլինի:
Sunday, June 26, 2022
ԿՅԱՆՔՈՒՄ ԱՍՎԱԾ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԱՌԸ
Գ. Լորի
Որովհետև ասում է. «Պատեհ ժամանակին պատասխանեցի քեզ և փրկության օրը քեզ օգնեցի»։ Ահա հիմա է պատեհ ժամանակը, ահա հիմա է փրկության օրը։ Բ Կորնթ. 6:2
Մի անգամ մի տեղ կարդացի, որ քրիստոնյաների 82% հավատքի է եկել մինչև 19 տարեկանը: Ես դարձա քրիստոնյա, երբ 17 տարեկան էի: Իհարկե, դա չի նշանակում, որ ավելի մեծ տարիքում մարդիկ չեն ապաշխարում, սակայն տարիքի հետ դա ավելի դժվարանում է:
Միգուցե դու երիտասարդ ես, և Աստծո Սուրբ Հոգին դիպել է սրտիդ: Մի խստացրու սիրտդ ու մի հետաձգիր: Մի ասա՝ վաղը, որովհետև վաղը թերևս Աստծո ծրագրում նախատեսված չէ:
«Վաղը» ընդամենը բառ է, սակայն այն կյանքում ասված ամենավտանգավոր խոսքը կարող է լինել: Երբեմն այն մի ճանապարհ է, որ տանում է դեպի «երբեք» կոչվող քաղաքը: Այն դառնում է մի դուռ, որը չի թողնում մարդկանց մտնել Երկինք:
Վաղը Սատանայի բառն է, և որքան մարդ է նրա ծուղակն ընկել: Մի թույլ տուր, որ դա պատահի նաև քեզ հետ: Եթե Աստծո Հոգին գործում է քո ներսում, ուրեմն հենց հիմա է ճիշտ պահը հավատալու: Ամեն անցնող օրը քո դեմ է: Դու ավելի ու ավելի ես կարծրացնում քո սիրտը:
Հույսդ մի դիր վաղվա վրա: Աստվածաշունչն ասում է. ««Պատեհ (ընդունելի) ժամանակին պատասխանեցի (լսեցի) քեզ և փրկության օրը քեզ օգնեցի»։ Ահա հիմա է պատեհ (ընդունելի) ժամանակը, ահա հիմա է փրկության օրը» Բ Կորնթ. 6:2:
Բոլոր մոլորություններից ամենավտանգավորն այն է, որ մարդիկ կարծում են, թե դեռ շատ ժամանակ ունեն: Ոչ ոք չի կարող իմանալ՝ որքան ժամանակ է մնացել: Ոմանց մնացել է շաբաթներ, օրեր, իսկ ոմանց՝ ընդամենը ժամեր:
Ապաշխարելու և Աստծուն գալու ճիշտ ժամանակը հենց հիմա է: Մի հետաձգիր: Կարող է գալ մի օր, որ շատ ուշ լինի քեզ համար:
Sunday, April 17, 2022
Friday, January 14, 2022
ՊԱՀՊԱՆԻՐ ՄԻՏՔԴ
«Վայել չէ, որ զբաղվեք լկտի ու գռեհիկ (հիմար) խոսակցություններով կամ խեղկատակությամբ...»:
Եփեսացիս 5:4
Գնալով գրեթե անհնար է դառնում խուսափել այլանդակ հաղորդումներից ու հատկապես հումորի քողի տակ դուրս տրվող աղբից: Ու չես էլ զգում՝ ինչպես ես ընտրում դրանցից փոքր-ինչ տանելին, ու սկսվում է մի սարսափելի գործընթաց... Սկսում ես սովորել, չնկատել, հետո ծիծաղել ու մի օր էլ ինքդ օգտագործել բառեր, որոնցից առաջ սիրտդ խառնում էր: Մի քանի օր առաջ պատահաբար մի պատգամ կարդացի: Ու առաջին անգամ հասկացա, որ մերօրյա «հումորային» ծրագրերը միգուցե ավելի կործանարար ազդեցություն ունեն, քան շատերս կարծում են:
Պահպանիր միտքդ
Մեր միտքը վերահսկում է ամեն ինչ: Այն ազդում է մեր մտածողության
վրա, որն էլ իր հերթին ազդում է մեր զգացմունքների վրա, և մեր զգացմունքները ազդում
են մեր գործողությունների վրա: Ամեն ինչ սկսվում է մտքից:
Մենք պատասխանատու չենք յուրաքանչյուր մտքի համար, որն անցնում է մեր գլխով պատահաբար
լսած խոսակցությունների կամ տեսած բաների պատճառով:
Այն, ինչի համար մենք պատասխանատու ենք, դրանք մտքերն են, որոնց մենք ընտրում եք կառչել և անընդհատ
խմորում ենք մեր գլխում: Սա խնդիր է նույնիսկ շատ քրիստոնյաների համար: Ճանաչում
եմ բազմաթիվ հավատացյալների, ովքեր դիտում են անորակ (անպատշաճ, անվայելուչ) հեռուստահաղորդումներ
և ընթերցում նույնատիպ ամսագրեր և գրականություն:
Այն ինչ ներս է թափանցում մեր միտք, անխուսափելիորեն դրսևորվում է մեր վարքագծի
և համոզմունքների մեջ: Դա թուլացնում է մեզ և մեր արժեքները, քանի որ մենք սովորում
եք դրան: Երբ որոշ երևույթներ այլևս չեն անհանգստացնում, դա ազդանշան է, որ արդեն հատել ենք
շեմը:
Կերպերից մեկը, որով Սատանան փորձում է մեղքը և շեղված վարքը ընդունելի դարձնել մեզ
դրանց վրա ծիծաղեցնելն է: Այն պահին, երբ մենք ծիծաղում եք, այևս անպաշտպան եք: Եթե
Սատանային հաջողվի մեզ ծիծաղեցնել մի բանի վրա, որը սխալ է կամ մեղք, մենք այդ պահին
տանուլ եք տալիս ճակատամարտը: Մեղքը ծիծաղելի չէ: Մեղի պատճառով ՀԻՍՈՒՍԸ խաչվեց:
Thursday, January 6, 2022
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
-ՔՐԻՍՏՈՍ ԾՆՎԵՑ ԵՎ ՀԱՅՏՆՎԵՑ
-ՁԵԶ ԵՎ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ
Տարվա այս ժամանակը յուրահատուկ է՝ լույսեր, փայլեր, գեղեցիկ երաժշտություն, համեղ կերակուրներ, ընտանիքի և լավ ընկերների ներկայություն:
Նվերներ գնելու, ավանդական ուտեստներ (անպայման ձուկ ու չիր-չամիչով փլավ) եփելու և հյուրեր ընդունելու վազվզոցի մեջ չենք էլ անդրադառնում, որ անտեսել ենք տոնի բուն իմաստը, և այն ոչ մի կապ չունի ինչ-որ ավանդույթների և ուտել-խմելու հետ:
Սուրբ Ծննդյան տոները վերածվել են մարդու ուղեղը թմրեցնող հեռուստատեսային անվերջ գովազդների, կոմերցիոն, դատարկ և թանկ մի արարողության, որը տևում է ամիսներ շարունակ:
Անհավանական է, բայց կարծես հենց այս տոնական օրերին ավելի շատ ենք հեռանում Նրանից, ում ծնունդը տոնում ենք:
Ավելի քան 2000 տարի առաջ Աստված մեզ ուղարկեց ամենամեծ նվերը՝ փրկության հրաշքը: Աստված մարդեղացավ՝ կրելու մեր մեղքերը և խաչվելու մեր փոխարեն: Նա վճարեց մեր պարտքը և երեք օր անց հարություն առավ:
Սուրբ Ծննդյան զարմանալի ճշմարտությունն այն է, որ, չնայած մեր մեղքերին ու անհնազանդությանը, Աստված ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, մեզ փրկելու: Բեթղեհեմի այդ փոքրիկ մսուրում Նա մեզ տվեց մեծագույն նվեր, որին մենք արժանի չէինք:
Ընհամենը երկու բան պետք է անել Աստծո հետ կյանքը ճիշտ ապրելու համար՝ հավատալ և ստանալ։ Հավատալ, որ Հիսուս Քրիստոսը մահացավ յուրաքանչյուրիս մեղքերի համար և հարություն առավ։ Եվ ապա ստացալ Նրա ներման և հավիտենական կյանքի շնորհը:
Ապաշխարության աղոթք.
Տեր Աստված, ես ընդունում եմ, որ մեղավոր եմ: Սակայն ես նաև հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը խաչի վրա մահացավ, թափեց իր սուրբ արյունը իմ մեղքերի համար և հարություն առավ։ Եվ այժմ Տեր Հիսուս, բացում եմ սիրտս քո առաջ և խնդրում քեզ մուտք գործել իմ կյանք և օգնել ինձ ապրելու այնպես, ինչպես Դու ես կամենում։ Ինձ նոր մարդ դարձրու։ Կյանքս թող լինի քո կամքին համեմատ։ Ես հանձնում եմ կյանքս քեզ և խնդրում քեզ լինել իմ Փրկիչը, Տերն ու Աստվածը։ Շնորհակալ եմ ինձ կանչելու, ինձ սիրելու և ընդունելու համար։ Աղոթում եմ քո անունով, Տեր Հիսուս։ Ամեն։
Sunday, January 2, 2022
7 ՔԱՅԼ ՆՈՐԱՀԱՎԱՏ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ (Օր 4. Եկեղեցի հաճախել)
Օր չորրորդ. Եկեղեցի հաճախել
Գ. Լորի
Հոգևոր աճի հիմնական պայմաններից մեկը տեղական եկեղեցու ակտիվ անդամ դառնալով այլ հավատացյալների հետ ընկերակցությունն է: Եկեղեցին (քրիստոնյաների ամբողջական մարմինը) իրականում ոչ այնքան կազմակերպություն է, որքան օրգանիզմ: Դա մարմին է։ Ընտանիք է։ Այն բարգավաճում է՝ իր անդամներին պահելով հոգևորապես ակտիվ և «լավ սնված»: Եկեղեցին ձեզ տրամադրում է ուսուցում՝ հիմնված Աստծո Խոսքի վրա, հնարավորություն է տալիս երկրպագել Աստծուն այլ հավատացյալների հետ և գործադրել Աստծո կողմից տրված ձեր շնորհներն ու կարողությունները այնպես, ինչպես Աստված է նախատեսել:
Որոշ մարդիկ կարծում են, որ կարող են բավականաչափ հոգևոր սնունդ ստանալ քրիստոնեական հեռուստահաղորդումներից, ռադիոհաղորդումներից և գրքերից: Թեև այդ բաները կարևոր են, ոչինչ չի կարող փոխարինել տեղական եկեղեցու ակտիվ մասնակից դառնալու անհրաժեշտությանը: Եթե այլ հավատացյալների հետ ընկերակցելը կարևոր չէր, ինչու՞ Հիսուսը հիմնեց եկեղեցին Մատթեոս 16.18-ում: Աստվածաշունչը շատ բան է ասում առողջ, կենսունակ եկեղեցու առանձնահատկությունների և քրիստոնեական ընկերակցության անհրաժեշտության մասին: Ահա Աստծո Խոսքից մի քանի օգտակար պատկերացումներ ճիշտ եկեղեցի փնտրելու և հաճախելու վերաբերյալ:
· Ինչ փնտրել եկեղեցում (Գործ Առաք. 2:41-47)
· Դուք ձեր տեղն ունեք եկեղեցում (Ա Կորնթ. 12:12-31)
· Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ ընկերակցություն այլ հավատացյալների հետ (Եբր. 10:24-25):