-ՔՐԻՍՏՈՍ ԾՆՎԵՑ ԵՎ ՀԱՅՏՆՎԵՑ
-ՁԵԶ ԵՎ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ
Տարվա այս ժամանակը յուրահատուկ է՝ լույսեր, փայլեր, գեղեցիկ երաժշտություն, համեղ կերակուրներ, ընտանիքի և լավ ընկերների ներկայություն:
Նվերներ գնելու, ավանդական ուտեստներ (անպայման ձուկ ու չիր-չամիչով փլավ) եփելու և հյուրեր ընդունելու վազվզոցի մեջ չենք էլ անդրադառնում, որ անտեսել ենք տոնի բուն իմաստը, և այն ոչ մի կապ չունի ինչ-որ ավանդույթների և ուտել-խմելու հետ:
Սուրբ Ծննդյան տոները վերածվել են մարդու ուղեղը թմրեցնող հեռուստատեսային անվերջ գովազդների, կոմերցիոն, դատարկ և թանկ մի արարողության, որը տևում է ամիսներ շարունակ:
Անհավանական է, բայց կարծես հենց այս տոնական օրերին ավելի շատ ենք հեռանում Նրանից, ում ծնունդը տոնում ենք:
Ավելի քան 2000 տարի առաջ Աստված մեզ ուղարկեց ամենամեծ նվերը՝ փրկության հրաշքը: Աստված մարդեղացավ՝ կրելու մեր մեղքերը և խաչվելու մեր փոխարեն: Նա վճարեց մեր պարտքը և երեք օր անց հարություն առավ:
Սուրբ Ծննդյան զարմանալի ճշմարտությունն այն է, որ, չնայած մեր մեղքերին ու անհնազանդությանը, Աստված ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, մեզ փրկելու: Բեթղեհեմի այդ փոքրիկ մսուրում Նա մեզ տվեց մեծագույն նվեր, որին մենք արժանի չէինք:
Ընհամենը երկու բան պետք է անել Աստծո հետ կյանքը ճիշտ ապրելու համար՝ հավատալ և ստանալ։ Հավատալ, որ Հիսուս Քրիստոսը մահացավ յուրաքանչյուրիս մեղքերի համար և հարություն առավ։ Եվ ապա ստացալ Նրա ներման և հավիտենական կյանքի շնորհը:
Ապաշխարության աղոթք.
Տեր Աստված, ես ընդունում եմ, որ մեղավոր եմ: Սակայն ես նաև հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը խաչի վրա մահացավ, թափեց իր սուրբ արյունը իմ մեղքերի համար և հարություն առավ։ Եվ այժմ Տեր Հիսուս, բացում եմ սիրտս քո առաջ և խնդրում քեզ մուտք գործել իմ կյանք և օգնել ինձ ապրելու այնպես, ինչպես Դու ես կամենում։ Ինձ նոր մարդ դարձրու։ Կյանքս թող լինի քո կամքին համեմատ։ Ես հանձնում եմ կյանքս քեզ և խնդրում քեզ լինել իմ Փրկիչը, Տերն ու Աստվածը։ Շնորհակալ եմ ինձ կանչելու, ինձ սիրելու և ընդունելու համար։ Աղոթում եմ քո անունով, Տեր Հիսուս։ Ամեն։
No comments:
Post a Comment