Pages

Monday, September 12, 2022

ՀԵՏԵՎԵԼՈՒ ՃԻՇՏ ՈՒՂԻՆ

Գ.Լորի

Տիրոջ հրամանները ուղիղ են, սիրտ են ուրախացնում: Տիրոջ պատվիրանները վճիտ են, աչքերին լույս են տալիս (Տիրոջ պատվիրանները հստակ են, ապրելու համար խորաթափանցություն են տալիս): - Սաղմոս 19:8


Երբեմն հանդիպում եք սուրբգրային հատվածների, որոնք լիովին չեք հասկանում: Նման դեպքերում հովվի կամ հասուն քրիստոնյայի հետ խոսելը կարող է օգտակար լինել: Բայց ինչպե՞ս վարվել, երբ հանդիպում եք Աստվածաշնչում մի հատվածի, որի հետ համաձայն չեք: Նման դեպքերում դուք պետք է փոխեք ձեր կարծիքը։ Մենք չպետք է հարմարեցնենք Աստվածաշունչը մեր մտածելակերպին, այլ ընդհակառակը:

Երբեմն մարդիկ այնպիսի հայտարարություններ են անում, ինչպիսիք են՝ «Իմ Աստվածը երբեք չի դատի մարդու» կամ «Ես հավատում եմ մի Աստծու, ով . . » և սկսում նկարագրել իրենց հորինած աստծուն: Այնուամենայնիվ, կա միայն մի Աստված, և Նա բացահայտված է Աստվածաշնչում: Մենք չենք կարող Աստծուն հարմարեցնել մեզ, մենք ինքներս մեզ պետք է համապատասխանեցնենք Աստծուն:

Սաղմոս 19:7-ում ասվում է. «Տիրոջ պատվիրանը վստահելի է, միամիտին իմաստուն է դարձնում»: Թարգմանված «պարզ/միամիտ» բառը բնօրինակում ծագում է մի բառից, որ նշանակում է «բաց դուռ»։ Սա նկարագրում է մարդկանց, ում միտքը բաց դուռ է՝ ամեն ինչ մտնում և դուրս է գալիս: Նրանք չգիտեն, թե ինչ ընդունել կամ ինչ պահել մտքում, ուստի պարզամիտ են: Նրանց միտքը բաց է ամեն ինչի համար և փակ է ոչնչի առջև: Այնուամենայնիվ, Աստվածաշունչն ասում է, որ երբ պարզամիտ մարդիկ խորասուզվում են Սուրբ Գրքի մեջ, նրանք կարող են աստվածաշնչյան հիմք ձեռք բերել և զարգացնել աստվածաշնչյան աշխարհայացք:

Հաջորդ համարը մեզ ասում է. «Տիրոջ հրամանները ուղիղ են, սիրտ են ուրախացնում: Տիրոջ պատվիրանները վճիտ են, աչքերին լույս են տալիս (Տիրոջ պատվիրանները հստակ են, ապրելու համար խորաթափանցություն են տալիս):

Աստվածաշունչը սահմանել է այն ճիշտ ուղին, որով մենք պետք է ընթանանք: Մենք չպետք է կորցնենք մեր կողմնորոշումը մարդկային կարծիքի մշուշի մեջ: Երբ մենք կարդում ենք Սուրբ Գրությունները, մենք հասկանում ենք, որ դրանք հուսալի են:

Աստծո Խոսքը մեզ անհավանական իմաստություն է տալիս, ուստի եկեք նվիրվենք դրա ուսումնասիրությանը:

Thursday, September 1, 2022

ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒՆԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է

Գ. Լորի

Արևի տակ բոլոր կատարվող գործերը տեսա, և ահա ամեն ինչ ունայնություն ու հոգու տանջանք է: Ժողով. 1:14

Կյանքի իմաստի իր ապարդյուն փնտրտուքից հետո Սողոմոնը եզրակացրեց. «Ունայնություն ունայնությանց , ... Ունայնություն ունայնությանց, ամեն ինչ ունայնություն է»:  Ի՞նչ օգուտ ունի մարդն իր բոլոր տառապանքիցը, որ քաշում է արեգակի տակին (Ժողով. 1:2-3):

 «Ունայնություն» բառը, որ Սողոմոնը օգտագործել է նշանակում է «դատարկություն», «անիմաստություն», «ոչնչություն»: Սողոմոնն ասում է, որ այս աշխարհում չկա մեզ կատարելապես բավարարող որևէ բան՝ ոչ մի իր, ոչ մի հաճույք, ոչ մի հարաբերություն:

Դա նման է ստացիոնար հեծանիվ վարելուն: Փոքրիկ էկրանին դուք տեսնում եք, որ զառիթափ եք բարձրանում, ուստի վարելը մի փոքր ավելի դժվար է դառնում: Ապա սկսում եք զառիթափ իջնել, և վարելը հեշտանում է: Բայց իրականում դուք ոչ մի սանտիմետր չեք շարժվել: Դուք պտտել եք անիվները, սակայն ոչ մի տեղ չեք գնացել: Հենց այս գաղափարն է արտահայտում Սողոմոնը: Նա նկարագրում էր կյանքն առանց Աստծո:

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են շատ հարուստ կամ շատ հայտնի մարդիկ հաճախ ունենում թմրամիջոցների չարաշահման կամ այլ խնդիրներ: Կարծում եմ, որ դա այն պատճառով է, որ նրանք կարող են անել այն, ինչի մասին ուրիշները միայն երազում են: Նրանք ավարտում են մի գործ, հետո անցնում հաջորդ գործին: Հերթական հաջողությունից հետո անցնում են մի այլ բանի։ Նրանք չեն կարողանում մնալ իրենց հասած բարձունքին, ուստի դիմում են հաջորդ բանին:

Կարելի ասել, որ Սողոմոնը փորձեց ամեն ինչ և հասկացավ, որ այդ ամենն անիմաստ է: Եթե Աստծուն հանեք պատկերից, ձեր կյանքը դատարկ, անիմաստ և ապարդյուն կլինի: