Sunday, April 9, 2023
Saturday, April 8, 2023
ԽԱՉԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Գ. Լորի
«Այն ինձանից ոչ ոք չի վերցնում, այլ ես ինքս եմ այն տալիս: Ես իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ վերստին այն վերցնելու. ես այս պատվերն իմ Հորից եմ ստացել» (Հովհ.10:18):
Երբեմն լսում ենք կարծիքներ, թե Հիսուսի խաչելության համար պատասխանատու են որոշ մարդիկ, մասնավորապես՝ հրեաները: Սակայն յուրաքանչյուր ոք, ով պնդում է, թե Աստվածաշունչը նման բան է սովորեցնում կամ մեղադրում է հրեաներին խաչելության համար, աղավաղում է Սուրբ Գիրքը:
Ճիշտ է, հրեա առաջնորդները և հռոմեացի պաշտոնյաները, ովքեր ի կատար ածեցին Հիսուսի խաչելությունը, մեղավոր են իրենց մեղքի համար: Բայց Հայր Աստված նախօրոք էր սահմանել, թե ինչպես և երբ է Իր Որդին մահանալու:
Երբ Հիսուսը խոսում էր փարիսեցի Նիկոդեմոսի հետ, ասաց. «Եվ ինչպես Մովսեսը բարձրացրեց օձը անապատի մեջ, այնպես էլ պետք է բարձրանա Մարդու Որդին, որպեսզի ով որ հավատա Նրան, չկորչի, այլ ուենանա հավիտենական կյանքը» (Հովհ. 3:14-15):
Իսկ Մարկոսի 8:31-ում ասվում է. «Հիսուսը սկսեց նրանց ուսուցանել. «Պետք է, որ Մարդու Որդին շատ չարչարվի, մերժվի երեցներից, քահանայապետներից ու դպիրներից, պետք է սպանվի և երեք օր հետո հարություն առնի»»:
Ուշադրություն դարձրեք, որ երկու դեպքում էլ Հիսուսն օգտագործեց «պետք է» բառը։ Սա խոսում է անհրաժեշտության մասին։ Հիսուսը պետք է մահանար խաչի վրա: Բայց արդյո՞ք Նա կանխագուշակում էր, որ ինքը հանգամանքների զոհ է դառնալու և արդյունքում խաչվելու:
ՈՉ: Հիսուսը խոսում էր Հայր Աստծո ծրագրի և նպատակի մասին: Դա պատահականություն կամ սխալ չէր. Ոչ էլ անակնկալ էր դա: Հիսուսը հստակ գիտեր, թե ինչ էր սպասվում:
Հիսուսն ասաց. «Այն ինձանից ոչ ոք չի վերցնում, այլ ես ինքս եմ այն տալիս: Ես իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ վերստին այն վերցնելու. ես այս պատվերն իմ Հորից եմ ստացել» (Հովհ.10:18):
Հիսուսը լիովին տնօրինում էր իրավիճակը, երբ գնաց դեպի խաչը: Նրա մահը խոնարհ հնազանդության դրսևորում էր իր Հոր կամքի հանդեպ:
Sunday, April 2, 2023
ՀԱՂԹԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐԸ
Գ. Լորի
Հաճախ, երբ Հիսուսը հրաշք էր գործում, ասում էր հետևյալը. «Ոչ ոքի մի ասեք: Իմ ժամանակը դեռ չի եկել»։
Բայց, ի վերջո, եկավ Նրա ժամանակը.ժամանակը, որ Նա գնա և կամավոր մահանա խաչի վրա: Եվ այն օրը, երբ մենք նշում ենք Ծաղկազարդը, Հիսուսն արեց մի բան, որը մեծ ուշադրություն գրավեց: Նա ավանակի վրա մտավ Երուսաղեմ:
Այժմ մեզ կարող է տարօրինակ թվալ, որ Հիսուսը Երուսաղեմ մտավ այդ խոնարհ արարածի վրա: Մեր տեսանկյունից, երևի ավելի տեղին կլիներ արաբական հովատակը:
Սակայն թե՛ հռոմեացիներին և թե՛ հրեաներին այդ արարքի իմաստը շատ հասկանալի էր: Դա կատարյալ ընտրություն էր։ Հռոմեական մշակույթում պատերազմից հաղթական վերադարձող հերոսը քաղաք էր մտնում էշի վրա հեծած, և ամբոխը արմավենու ճյուղեր էր դնում նրա առջև։ Հռոմեացիների ընկալմամբ Հիսուսն իրեն թագավոր էր հռչակում:
Իսկ հրեաները գիտեին, որ Մեսիան գալու է էշի վրա հեծած: Խոսելով Զաքարիա մարգարեի միջոցով՝ Աստված ասել էր. «Մեծապես ուրախացի՛ր, ո՜վ Սիոնի դուստր, ցնծությամբ աղաղակի՛ր, ո՜վ Երուսաղեմի դուստր: Ահա թագավորդ քեզ մոտ է գալիս. Նա արդար է ու փրկիչ, հեզ է և էշի վրա հեծած, էշի ձագի՝ ավանակի վրա» (Զաքար. 9:9»:
Սա շատ նշանակալից բան էր, և ժողովուրդը դա հասկացավ։ Սրան ավելացնենք նաև այն փաստը, որ Հիսուսին փնտրում էին: Նրա համար գլխագին կար: Առաջնորդ քահանաները և փարիսեցիները հայտարարել էի, որ Հիսուսի տեղն իմացողն անմիջապես տեղեկացնի այդ մասին:
Հիսուսը հստակ քայլեր էր կատարում: Հռոմեացիներին Նա իրեն հռչակում էր որպես հաղթող, իսկ հրեաներին՝ որպես Մեսիա: Հիսուսը Երուսաղեմ չմտավ որպես անօգնական զոհ։ Նա ժամանեց որպես հզոր հաղթող՝ քաջաբար մտնելով ճակատամարտի դաշտ: