Pages

Friday, September 22, 2023

ՍԱՂՄՈՍ 109 - ՄԱՐԴՈՒ ՏՐՏՈՒՆՋԸ ՆԵՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հարց.
- Արդյո՞ք քրիստոնյային հարիր է 109-րդ սաղմոս-աղոթքը բարձրացնել առ Աստված:

Հակիրճ պատասխան. Հովիվ Հ. Հալլաջյան  

Սաղմոս 109-ը բազում քրիստոնյաների մտահոգության տեղիք է տալիս: Շատերը փորձում են խուսափել այն կարդալուց: Սաղմոսում խոսվում է թշնամու կործանման և վրեժխնդրության մասին: Ակամա հիշում ենք Մատթեոսի ավետարանում՝ Լեռան քարոզում ասվածը. «Սիրե՛ք ձեր թշնամիներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին, բարի՛ք արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք ձեզ չարչարողների ու հալածողների համար, որպեսզի լինեք ձեր երկնավոր Հոր որդիները....» (Մատթ. 5:43-45): 

Այս երկու հատվածները համեմատության արդյունքում կարծես շփոթմունք է առաջանում: Կարծում եմ՝ վերլուծությունից հետո այլևս տարակուսանք չի լինի:

Երբ ընթերցում ենք Սաղմոս109-ը, տեսնում ենք, որ հեղինակը Դավիթ թագավորն է, ով ներկայացնում է ԱՍՏԾՈ ժողովրդին: Սաղմոսում նա ի նկատի ունի թշնամական զորքերը, որ կոտորելու էին Աստծո ժողովրդին: Սա անհատական աղոթք չէ: Դավիթ թագավորը ներկայացնում է ազգը և խնդրում Աստծուն սաստել, պատժել թշնամուն, որպեսզի իր ժողովուրդը փրկվի:

Եվ երբեք սխալ չէ նմանատիպ աղոթքներ բարձրացնել առ Աստված: Օրինակ այս պահին մենք աղոթում ենք Աստծուն, որպեսզի հանդիմանի չարը, սաստի թշնամուն: Այսօր 109-րդ սաղմոսը շատ տեղին է, որպեսզի հայերը բարձրացնեն առ Աստված:

Անդրադառնալով Մատթեոսի ավետարանին, որտեղ Հիսուսն ասում է, որ սիրենք մեր թշնամիներին և այլն, հատվածը կարծես ավելի շատ անհատական բնույթ է կրում և ոչ ազգային:

Նկատի ունենանք, որ 109-րդ սաղմոսը նաև մարգարեական բնույթ կրող սաղմոս է (երբ դատաստանի առջև կանգնեն, Աստված արդար դատաստան տեսնի):


Ցեղասպան նպատակներ ունեցող թշնամու դեմ այս սաղմոս-աղոթքը առ Աստված բարձրացնելը սուրբգրային է:


Sunday, September 17, 2023

7 ՔԱՅԼ ՆՈՐԱՀԱՎԱՏ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ (Օր 7) – ԲԱԺՆԵԿՑԻՐ ՀԱՎԱՏՔԴ

Գ. Լորի

Հիսուսին անձամբ ճանաչելուց և Նրա հետ քայլելուց բացի քրիստոնեական կյանքի ամենամեծ օրհնություններից մեկը որևէ այլ մարդու դեպի Հիսուս Քրիստոսն առաջնորդելն է: Լավ լուրն այն է, որ Աստված ցանկանում է օգտագործել ոչ միայն հովիվներին, միսիոներներին և ավետարանիչներին, այլ հենց քեզ՝ որպես ուրիշների հետ խոսելու իր գործիք:

Հիսուսը մեզ տվեց հետևյալ պատգամը. ««Ուրեմն գնացեք, աշակերտեցեք բոլոր ազգերը, մկրտեք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Սովորեցրեք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ: Եվ ահա ամեն օր ես ձեզ հետ եմ, մինչև աշխարհի վախճանը»: Ամէն» (Մատթ. 28:19-20):
Այս հիանալի պատգամը հայտնի է որպես «մեծ առաքելություն/հանձնարարություն», սակայն շատ քրիստոնյաներ դրան վերբերվում են կարծես «մեծ առաջարկության»:

Հավատքը բաժնեկցելը ոչ միայն Հիսուսի ցանկությունն է, այլ նրա հանձնարարությունը:

Ա. Պետրոսի 3:15-16-ը մեզ ասում է, որ միշտ  պատրաստ լինենք պատասխանելու յուրաքանչյուր մարդու, ով  մեզ կհարցնի մեր մեջ եղած հույսի պատճառը: Ահա մի քանի հատվածներ Աստծո Խոսքից, որոնք կօգնեն մեզ բաժնեկցել մեր հավատքը.

  • Աստված ցանկանում է, որ մենք աղոթենք մեր անհավատ ընկերների և ընտանիքի անդամների համար (Ելից 32:9-13, 31-32):
  • Հավատարիմ մնա, նույնիսկ եթե դա ուրիշներին դուր չի գալիս (Եսթեր 3:2, 10:3):
  • Նրանք, ովքեր ուրիշներին առաջնորդում են դեպի հավատք, կփայլեն աստղերի պես (Դանիել 12:3):
  • Քրիստոսի բոլոր հետևորդները պետք է բաժնեկցեն ավետարանը (Մատթեոս 28:19):
  • Պատմեք մարդկանց ձեր փորձառությունների մասին (Հովհաննու 4:28-29):
  • Բաժնեկցելու համար ձեզ հատուկ դասընթացներ պետք չեն (Հովհաննու 9:13-33):
  • Բաց եղեք Աստծո առաջնորդության համար (Գործք Առաքելոց 8:4-8, 26-38):
  • Պատմեք մարդկանց ձեր իսկ պատմությունը (Գործք Առաքելոց 26:1-23):
  • Հասկացեք ավետարանի պարզությունը (Ա. Կորնթացիս 2:1-5):













Saturday, September 9, 2023

ԽԱՎԱՐԻՆ ՎԱՐԺՎԱԾ

 Գ. Լորի

«Եվ ահա սա է դատապարտությունը. լույսը աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, քանի որ իրենց գործերը չար էին» (Հովհ. 3:19):

Անգլիացի հոգևորական Ուլիամ Ֆարարը գրել է. «Ես ընդամենը մի հոգի եմ, սակայն արդեն իսկ մի հոգի: Ես չեմ կարող ամեն ինչ անել, սակայն կարող եմ ինչ-որ բան անել: Այն, ինչ կարող եմ անել, պետք է անեմ: Եվ այն, ինչ պետք է անեմ, Աստծո շնորհով, ես կանեմ»:

Ի՞նչ կարող է անել մի մարդը: Շատ բան:

Աստվածաշունչը պատմում է մի կնոջ մասին, ով փրկել է մի ողջ ազգ: Խոսքը Եսթերի մասին է, ով գեղեցկության մրցույթում հաղթելուց հետո դարձավ Մարա-Պարսկական կայսրության թագուհին։

Ունենալով շատ ազդեցիկ դիրք՝ Եսթերը, որ հրեա էր, տեղեկանում է, որ իր ժողովուրդը կանգնած է լուրջ սպառնալիքի առաջ։ Համան անունով մի չար մարդ ծրագրել էր դավադրություն՝ ոչնչացնելու կայսրության բոլոր հրեաներին։

Եսթերը մտածում էր դիմել Ասուերոս թագավորին իր ժողովրդի անունից։ Բայց այդպես վարվելով՝ նա վտանգի կենթարկեր սեփական կյանքը։ Թագավորը կարող էր նրան մահապատժի ենթարկել առանց հրավերի իրեն մոտենալու համար։

Բայց նրա զարմիկ Մուրթքեն նրան մի հաղորդագրություն ուղարկեց, որտեղ ասվում էր. «Մի՛ կարծիր, թե թագավորի տանը լինելով՝ բոլոր հրեաներից միայն դու ես փրկվելու: Եթե դու այս պահին լռես, մի այլ տեղից հրեաների համար օգնություն և փրկություն կգա, բայց դու և քո հոր տունը կկորչեք, և ո՛վ գիտե, թերևս մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհի դարձել» (Եսթ. 4:13-14)։
Այլ կերպ ասած՝ «Եսթեր, միայն դու չես, ում Աստված կարող է օգտագործել: Սակայն դու հկամարձակվե՞ս դառնալ այն անձը, ում Աստված կօգտագործի հզոր կերպով»:

Եվ Եսթերը դարձավ այդ անձը: Արդյունքում հրեա ժողովուրդը փրկվեց: Մի անձ դարձավ այն ազդակը, որ կորուստը փոխեց փրկության:

Դու նույնպես կարող ես կարևոր փոփոխության միջոց հանդիսանալ: Կայացրո՛ւ որոշում լինելու Աստծո ներկայացուցիչը, որի համար Հիսուսը քեզ կանչել է. «Դուք եք աշխարհի լույսը. մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել» (Մատթ. 5:14):

Մենք ապրում ենք մութ աշխարհում, որտեղ մարդիկ հարմարավետ են զգում մթության մեջ: Նրանք վարժվել են մթությանը։

Սակայն մի փոքր լույսը կարող է շատ բան փոխել:

1789 թվականին Բաստիլի գրավումից հետո պատմություն տարածվեց մի բանտարկյալի մասին, որը տարիներ շարունակ փակված էր եղել մութ, անշուք զնդանում: Երբ նրան ազատ արձակեցին և դուրս բերեցին Փարիզ, արևի լուսի ներքո հայտնվելով՝  նա աղաչեց իրեն բանտ վերադարձնել: Նրա աչքերը չէին դիմանում արևի պայծառությանը։ Նրա միակ ցանկությունն էր մեռնել հենց այն մթության մեջ, որտեղ նա գերի էր եղել:

Այսօր շատ մարդիկ հենց այդ վիճակում են: Նրանք ապրում են մթության մեջ, և այնտեղ իրենց հարմարավետ է։ Բայց Աստվածաշունչն ասում է, որ երբ գալիս ենք Քրիստոսին, մենք «խավարից դառնում ենք դեպի լույս և Սատանայի իշխանությունից դեպի Աստված» (Գործք 26:18):

Մենք պետք է փայլեցնենք Հիսուս Քրիստոսի լույսը մեր խավար աշխարհի մեջ: Մենք պետք է լրջորեն վերաբերվենք դրան և ձգտենք ամեն հնարավոր պահի փոփոխություն մտցնել մեր շրջապատում, որտեղ էլ լիենք:

Յուրաքանչյուրս կարող է մի բան փոխել: Ամեն մեկս ռազմավարական կարևոր դեր ունի: