Pages

Saturday, September 9, 2023

ԽԱՎԱՐԻՆ ՎԱՐԺՎԱԾ

 Գ. Լորի

«Եվ ահա սա է դատապարտությունը. լույսը աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, քանի որ իրենց գործերը չար էին» (Հովհ. 3:19):

Անգլիացի հոգևորական Ուլիամ Ֆարարը գրել է. «Ես ընդամենը մի հոգի եմ, սակայն արդեն իսկ մի հոգի: Ես չեմ կարող ամեն ինչ անել, սակայն կարող եմ ինչ-որ բան անել: Այն, ինչ կարող եմ անել, պետք է անեմ: Եվ այն, ինչ պետք է անեմ, Աստծո շնորհով, ես կանեմ»:

Ի՞նչ կարող է անել մի մարդը: Շատ բան:

Աստվածաշունչը պատմում է մի կնոջ մասին, ով փրկել է մի ողջ ազգ: Խոսքը Եսթերի մասին է, ով գեղեցկության մրցույթում հաղթելուց հետո դարձավ Մարա-Պարսկական կայսրության թագուհին։

Ունենալով շատ ազդեցիկ դիրք՝ Եսթերը, որ հրեա էր, տեղեկանում է, որ իր ժողովուրդը կանգնած է լուրջ սպառնալիքի առաջ։ Համան անունով մի չար մարդ ծրագրել էր դավադրություն՝ ոչնչացնելու կայսրության բոլոր հրեաներին։

Եսթերը մտածում էր դիմել Ասուերոս թագավորին իր ժողովրդի անունից։ Բայց այդպես վարվելով՝ նա վտանգի կենթարկեր սեփական կյանքը։ Թագավորը կարող էր նրան մահապատժի ենթարկել առանց հրավերի իրեն մոտենալու համար։

Բայց նրա զարմիկ Մուրթքեն նրան մի հաղորդագրություն ուղարկեց, որտեղ ասվում էր. «Մի՛ կարծիր, թե թագավորի տանը լինելով՝ բոլոր հրեաներից միայն դու ես փրկվելու: Եթե դու այս պահին լռես, մի այլ տեղից հրեաների համար օգնություն և փրկություն կգա, բայց դու և քո հոր տունը կկորչեք, և ո՛վ գիտե, թերևս մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհի դարձել» (Եսթ. 4:13-14)։
Այլ կերպ ասած՝ «Եսթեր, միայն դու չես, ում Աստված կարող է օգտագործել: Սակայն դու հկամարձակվե՞ս դառնալ այն անձը, ում Աստված կօգտագործի հզոր կերպով»:

Եվ Եսթերը դարձավ այդ անձը: Արդյունքում հրեա ժողովուրդը փրկվեց: Մի անձ դարձավ այն ազդակը, որ կորուստը փոխեց փրկության:

Դու նույնպես կարող ես կարևոր փոփոխության միջոց հանդիսանալ: Կայացրո՛ւ որոշում լինելու Աստծո ներկայացուցիչը, որի համար Հիսուսը քեզ կանչել է. «Դուք եք աշխարհի լույսը. մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել» (Մատթ. 5:14):

Մենք ապրում ենք մութ աշխարհում, որտեղ մարդիկ հարմարավետ են զգում մթության մեջ: Նրանք վարժվել են մթությանը։

Սակայն մի փոքր լույսը կարող է շատ բան փոխել:

1789 թվականին Բաստիլի գրավումից հետո պատմություն տարածվեց մի բանտարկյալի մասին, որը տարիներ շարունակ փակված էր եղել մութ, անշուք զնդանում: Երբ նրան ազատ արձակեցին և դուրս բերեցին Փարիզ, արևի լուսի ներքո հայտնվելով՝  նա աղաչեց իրեն բանտ վերադարձնել: Նրա աչքերը չէին դիմանում արևի պայծառությանը։ Նրա միակ ցանկությունն էր մեռնել հենց այն մթության մեջ, որտեղ նա գերի էր եղել:

Այսօր շատ մարդիկ հենց այդ վիճակում են: Նրանք ապրում են մթության մեջ, և այնտեղ իրենց հարմարավետ է։ Բայց Աստվածաշունչն ասում է, որ երբ գալիս ենք Քրիստոսին, մենք «խավարից դառնում ենք դեպի լույս և Սատանայի իշխանությունից դեպի Աստված» (Գործք 26:18):

Մենք պետք է փայլեցնենք Հիսուս Քրիստոսի լույսը մեր խավար աշխարհի մեջ: Մենք պետք է լրջորեն վերաբերվենք դրան և ձգտենք ամեն հնարավոր պահի փոփոխություն մտցնել մեր շրջապատում, որտեղ էլ լիենք:

Յուրաքանչյուրս կարող է մի բան փոխել: Ամեն մեկս ռազմավարական կարևոր դեր ունի:



No comments: