Pages

Monday, December 26, 2022

ՈՐԴԻ ՏՐՎԵՑ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ

Օր 20

Աստված ամենագո է, այսինքն՝ ուր էլ որ գնանք, Նա այնտեղ է: Սակայն եթե մենք իսկապես ուզում ենք, որ Աստված մեզ հետ լինի, իսկ ավելի կոնկրետ, եթե ուզում ենք, որ Քրիստոսը ապրի մեր սրտերում, ապա պետք է հետ կանգնենք մեր մեղքերից և հավատանք Նրան:

Գեղեցիկ փոքրիկը աշխարհ եկավ մսուրում հատուկ նպատակով, և դա աշխարհի մեղքերի համար մեռնելն էր: Հիսուսի ծննդյան նպատակը Նրա մահը և ապա Նրա հարությունն էր: Նա ծնվեց՝ մեռնելու, որպեսզի մենք ապրենք։

Ծնողի համար երեխայի կորստի ցավից ավելի մեծ ցավ չկա: Եվ Աստված գիտի, թե ինչ է նշանակում երեխա կորցնել։ Մենք խոսում ենք Հիսուսի զոհաբերության մասին. Ինչպես Նա եկավ այս երկիր, մի կողմ դրեց աստվածային իր փառքը, կամովի խաչ բարձրացավ և մահացավ աշխարհի մեղքերի համար: Բայց եկեք չմոռանանք Հոր զոհաբերությունը:

Եսայիա 9:6-ը կատարյալ կերպով ամփոփում է. «Որովհետև մեզ մի Մանուկ ծնվեց, մեզ մի Որդի տրվեց, և գերիշխանությունը Նրա ուսի վրա կլինի. Նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր ԱՍՏՎԱԾ, Հավերժության Հայր, Խաղաղության Իշխան»:

Դա մեզ տալիս է ինչպես երկնքի, այնպես էլ երկրի հեռանկարը: Երկրի տեսանկյունից՝ մեզ համար երեխա է ծնվել: Մենք դա ենք նշում Սուրբ Ծնունդին: Իսկ երկնքի տեսանկյունից՝ մեզ Որդի տրվեց: Հայրը ուղարկեց Որդուն: Նա այդպես վարվեց, քանի որ սիրում է մեզ բոլորիս, քանի որ Նա ցանկանում է, որ մենք ունենանք գերագույն պարգևը՝ հավիտենական կյանքը: Դա միակ նվերն է, որ շարունակաբար տրվում է:




Sunday, December 25, 2022

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՍՏՎԱԾ ԱՆԵԼ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ

ՕՐ 19

Մեր հասարակությունն իրականում չունի լուծում այն բոլոր խնդիրներին, որոնց բախվում ենք այսօր մեր երկրում: Ցավոք մեր հասարակությունը կարծես անում է ամեն բան՝ անտեսելու այն միակին, ով կարող է օգնել մեզ, և դա Հիսուս Քրիստոսն է:

Կան մարդիկ, որ բազմաթիվ անգամ ձեռբակալվել են: Կան դատավորներ, որոնք սխալ որոշումներ են կայացնում: Ընտանիքներ են քայքայվում: Եվ այս բոլոր տարրերը միասին ստեղծում են մի հասարակություն, որը շատ քիչ բան կարող է անել մարդու սիրտը փոխելու համար: Վերականգնողական ջանքերը հիմնականում ձախողվում են: Իրականում միակ ծրագրերը, որոնք կարծես տևական արդյունք են ապահովում հիմնված են հավատքի վրա, իսկ ավելի կոնկրետ՝ իրականացվում են քրիստոնյաների կողմից, ովքեր կոչ են անում մարդկանց հավատալ Հիսուս Քրիստոսին:

Հիսուսը հանդիպեց երկու մարդկանց, որոնց կյանքը վերահսկվում և կործանվում էր Սատանայի կողմից: Հասարակությունը խնդրի լուծում չուներ: Իսկ ի՞նչ արեց ՀԻՍՈՒՍԸ: Գտավ այդ մարդկանց և հույս տվեց: Ղուկասի ավետարանը պատմում է, թե ինչ պատահեց փրկված մարդկանցին մեկի հետ. «Մարդիկ դուրս եկան՝ տեսնելու պատահածը: Եկան Հիսուսի մոտ ու գտան այն մարդուն, ումից դևերը դուրս էին եկել, նստած Հիսուսի ոտքերի մոտ՝ հագնված ու սթափ, ու վախեցան» (Ղուկ. 8:35): 

Ինչո՞ւ մարդիկ վախեցան: Նրանք շփոթվել էին: Այդ մարդը այնպես էր փոխվել, որ դա վախեցրեց մյուսներին: Նրանք չէին էլ կարող պատկերացնել, որ նրա նման մեկը կարող էր այդպես հիմնովին փոխվել:

Այնքան փառահեղ բան է, երբ Քրիստոսը փոխակերպում է մարդուն այնպես, որ հնարավոր չէ պատկերացնել, որ նա ինչ-որ ժամանակ եղել է այնպիսին, ինչպիսին էր: Աստված կարող է հիմնովին փոխել քեզ ու քո կյանքը: Ահա թե ինչ կարող է անել Աստված:




Wednesday, December 21, 2022

ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ

Օր 18

Սուրբ Ծնունդը ուրախության օր է: Սակայն ոմանց մոտ այն կարող է տխուր հուշեր արթնացնել՝ կապված կյանքից հեռացած իրենց սիրելիների հետ:

Սուրբ Ծննդյան առաջին գիշերը, մինչ հովիվները հսկում էին իրենց հոտերը, հրեշտակը բերեց այս բարի լուրը. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա՛ ես մեծ ուրախության ավետիս եմ տալիս ձեզ, որ ողջ ժողովրդինն է լինելու» (Ղուկ. 2:10):

Ահա թե ինչպես էր երկինքը նշում առաջին Սուրբ Ծնունդը։ Այս սուրբ գիշերը երկինքը վայրկենապես եկավ երկիր: Երկինքն ու երկիրը միշտ համագոյակից են, սակայն երբեմն կարող են թվալ իրարից հեռու աշխարհներ, իսկ երբեմն էլ՝ բաժանված ընդամենը մի բարակ շղարշով: 

Երբ ողբերգություն է տեղի ունենում կամ հիվանդությունը չի ընկրկում, երկինքը կարող է շատ հեռու թվալ: Բայց երբ մենք միանում ենք հրեշտակներին՝ երկրպագելու Աստծուն և տեսնում ենք Աստծուն Իր գերազանց մեծության մեջ, երկինքը շատ մոտ է թվում: Մենք՝ հավատացյալներս, չափազանց մոտ ենք երկքնին: Ինչպես ասում է Դավիթը. «Իմ ու մահվան միջև մի քայլ է մնացել» (Ա. Թագ. 20:3): 

Սուրբ Ծնունդը երկնքում ավելի լավ է, քան երկրի վրա: Դա կատարյալ երջանկություն է: Ոչ թե առկայծող լույսեր, այլ հենց երկնքի պայծառ լույսը: Ոչ թե մետաղյա հրեշտակներ ծառերի վրա, այլ Աստծո իրական սուրբ հրեշտակներ շուրջբոլորը:

Հասկանո՞ւմ եք, երկնքում խաղաղություն է տիրում։ Երկրի վրա պատերազմ կա: Երկնքում կատարյալ ներդաշնակություն է: Երկրի վրա հաճախ բախումներ են լինում հարազատների և ընկերների միջև:

Մենք կարիք չունենք տխրելու մեր սիրելիների համար, ովքեր նշում են Սուրբ Ծնունդը երկնքում, թեև տխուր ենք մեր կյանքում նրանց բացակայության համար:

Իսկ ձեր այն սիրելիներին, ովքեր ապրում են այս երկրի վրա, այսօր անպայման ասեք, որ իրենց սիրում եք: Թերևս ձեր ծանոթներից ոմանք հաջորդ Սուրբ Ծնունդին լինեն երկնքում:




ԱՍՏԾՈ ՆՎԵՐԸ ՄԵԶ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ

ՕՐ 16

Մենք նշում ենք Սուրբ Ծնունդը, որպեսզի ուրախանանք Աստծո կողմից մեզ տրված ամենաթանկ նվերով: Հիսուս Քրիստոսի ծնունդը նվեր է Աստծո կողմից, որն ուղարկվեց ամենախոնարհ պայմաններում, և որին մենք արժանի չէինք: Այս նվերը նաև բացատրում է Աստծո նպատակը մարդկության համար: 

Սա պահի տակ արված մի քայլ չէր: Շատ ավելի վաղ, քան կլիներ Բեթլեհեմի ախոռը, քան Ադամն ու Եվան իրար տեսան, նույնիսկ Եդեմի պարտեզի ստեղծումից էլ առաջ, Աստված որոշեց ուղարկել Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին՝ մեռնելու խաչի վրա մեր մեղքերի համար:

Ի սկզբանե Աստված գիտեր, որ մարդկությունը զրկվելու է Իր փառքից: Ահա թե ինչու Աստվածաշունչը հռչակում է, որ Հիսուս Քրիստոսը մորթվեց աշխարհի սկզբից (Հայտն.  13:8):

Աստված հենց սկզբից որոշում կայացրեց, որ Քրիստոսը գալու է այս երկիր՝ ապրելու, մահանալու և հարություն առնելու մեռելներից: Աստծո նվերը ապացուցում է Նրա՝ մեզ փրկագնելու նպատակը:

Սուրբ Ծննդի իմաստը Հիսուսն է: Հիսուսը մոտեցավ մեզ, որպեսզի մենք կարողանանք մոտենալ Նրան:

Սուրբ Ծնունդը առևտուր անելու և ծառի տակ նվերներ դնելու մասին չէ: Սուրբ Ծնունդը Աստծո տված նվերի մասին է այն խաչափայտի վրա, որտեղ Քրիստոսը մահացավ մեր մեղքերի համար՝ տալով մեզ հավիտենական կյանքի պարգևը:

Ահա սա է Աստծո նվերը: Եվ եթե դու ընդունես այն, սա կլինի քո ամենաուրախ Սուրբ Ծնունդը:



Tuesday, December 20, 2022

ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ

Օր 17

Այսօր նայելով աշխարհին՝ հասկանում ենք, որ Եսայի 9:6–7-ի խոստման մի մասը դեռ չի կատարվել: Որդին տրվել է, երեխան ծնվել է, բայց Նա դեռ իշխանությունը չի վերցրել իր ուսերին: Մենք դեռ չունենք խաղաղություն իրավունքով ու արդարությամբ։ Բայց լավ լուրն այն է, որ կգա մի օր, երբ Քրիստոսը կվերադառնա: Նա կհաստատի Իր թագավորությունը այս երկրի վրա: Եվ դա կլինի հենց Աստծո արդար իշխանությունը:

Մինչ իշխանությունն իր ուսին վերցնելը, Հիսուսը նախ պետք է խաչը վերցներ իր ուսին: Մինչ Նա կկրեր փառքի թագը որպես թագավորների Թագավոր, Նա պետք է կրեր ամոթալի փշե պսակը և Իր կյանքը զոհաբերեր աշխարհի մեղքերի համար: Առաջին անգամ Նրա ժամանումը աստղը նշանավորեց: Բայց հաջորդ անգամ, երբ Նա գա, երկինքը մագաղաթի պես ետ կոլորվի, բոլոր աստղերը կթափվեն ցած երկնքից, և Նա Ինքը կլուսավորի այն:

Քրիստոսը եկավ այս երկիր: Աստված մոտեցավ ձեզ, որպեսզի դուք կարողանաք մոտենալ Նրան, Նա եկավ՝ ձեր կյանքին նպատակ ու իմաստ տալու, ձեր մեղքերը ներելու և գերեզմանից այն կողմ դրախտի հույս տալու: Սուրբ Ծնունդը գնումների կամ ծառի տակ դրվող նվերների մասին չէ: Սուրբ Ծնունդը այն նվերի մասին է, որը տրվեց խաչափայտի վրա, երբ Քրիստոսը մահացավ մեր մեղքերի համար և տվեց մեզ հավիտենական կյանքի նվերը:



Sunday, December 18, 2022

ՃՇՄԱՐԻՏ ՓՆՏՐՈՂՆԵՐԸ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ

Օր 15

ՔՐԻՍՏՈՍԻ ծննդյան պատմությունը Աստվածաշնչի ամենահայտնի ու ամենասիրված պատմություններից մեկն է, որը թերևս լսել են նաև մարդիկ, որ Աստվածաշնչին նույնիսկ ծանոթ չեն: Եվ իհարկե ամեն տարի Սուրբ Ծննդյան տոնին մենք լում ենք իմաստունների պատմությունը, ում աստղն առաջնորդեց այնտեղ, ուր ծնվելու էր Արքան:

Մատթեոսի ավետարանը մեզ ասում է, որ այդ իմաստունները եկել էին արևելքից (Մատթ. 2:1): Հմուտ լինելով աստղագիտության ու աստղաբանության բնագավառներում՝  այդ մարդիկ մեծ հարգանք էին վայելում իրենց մշակույթում և հատկապես հայտնի էին երազներ մեկնելու իրենց կարողությամբ: 

Շնորհիվ գիտության, մաթեմատիկայի ու պատմության ասպարեզում ունեցած իրենց գիտելիքների՝ նրանց կրոնական և քաղաքական ազդեցությունը մեծացել էր այնքան, որ նրանք դարձել էին ամենանշանավոր խորհրդականները Մարա-պարսկական և Բաբելոնյան կայսրություններում: Գուշակներ ու մոգեր լինելուց առավել նրանք բարձրաստիճան պաշտոնյաներ էին: Թեև նրանք արքաներ չէին, սակայն իրենցից մեծ կարևորություն էին ներկայացնում: 

Իրենց ողջ գիտելիքներով հանդերձ այս իմատունները դեռ չէին գտել պատասխաններ մի շարք հարցերի, որ փնտրում էին իրենց կյանքում: Կարելի է ասել նրանք փնտրողներ էին: Մենք գիտենք, որ նրանք ճշմարիտ փնտրողներ էին, քանի որ ԱՍՏՎԱԾ հայտնեց Իրեն նրանց հատուկ կերպով. աստղը առաջնորդեց նրանց մի վայր, որտեղ նրանք գտան ՀԻՍՈՒՍԻՆ: «Երբ տեսան աստղը, չափազանց ուրախացան» (Մատթ. 2:10): Ապա Նրան մատուցեցին իրենց ընծաները՝ ոսկի, կնդրուկ և զմուռս: 

ԱՍՏՎԱԾ մեզ ասում է Երեմ. 29:13-ում. «Կփնտրեք ինձ ու կգտնեք, որովհետև ինձ փնտրելու եք ձեր ամբողջ սրտով»: Եթե դուք ճշմարիտ փնտրող եք, և եթե ցանկանում եք ճանաչել ԱՍՏԾՈՒՆ, ապա ՆԱ կբացահայտի Իրեն ձեզ նույնպես:



Saturday, December 17, 2022

ԻՋԵՎԱՆԱՏԱՆԸ ՏԵՂ ՉԿԱ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ

Օր 14

Ժամանակակից տեխնոլոգիաների (TiVo, ձայնային փոստ, DVD ձայնագրիչներ և այլն) այս դարում մենք կարծես ոչինչ բաց չենք թողնում: Ու թեև այս բոլոր սարքերը օգնում են մեզ չանտեսել ոչ մի զանգ կամ հաղորդագրություն, բայց հենց այդ նույն սարքերը կարող են պատճառ դառնալ, որպեսզի մենք անտեսենք Սուրբ Ծննդյան տոնի իրական պատճառը:

Շատ հնարավոր է, որ Դուք այս տոնական շրջանը անցկացնեք գնումներ անելով և միջոցառումների մասնակցելով և այդպես էլ չանդրադառնաք տոնի բուն իմաստին:

Մարդկանց մեծամասնությունը բանից անտեղյակ էր նաև առաջին Սուրբ Ծննդյան տոնի ժամանակ: Մարդիկ սովորականի պես շարունակում էին իրենց գործերը՝ ուշադրություն չդարձնելով, թե ինչ է կատարվում ընդամենը մի քանի քայլ այն կողմ: 

Ղուկասի 2-րդ գլխում մենք ծանոթանում ենք մի իջևանատիրոջ հետ, որը ժամանակ չուներ Սուրբ Ծննդյան համար: Այս ծանոթ պատմության մեջ Մարիամն ու Հովսեփը եկան մի իջևանատիրոջ մոտ սենյակ վարձելու, բայց քանի որ իջևանատունը լիքն էր, նա մերժեց նրանց:

Միակ տեղը, որ նա ուներ այս երիտասարդ հղի կնոջ և նրա ամուսնու համար, ախոռն էր՝ ցուրտ, մութ և խոնավ ախոռը, որը հավանաբար քարանձավ էր: Նա չափազանց զբաղված էր այլ բաներով, որպեսզի ժամանակ տրամադրեր Սուրբ Ծննդին:

Այսօր աշխարհում նման մարդիկ շատ կան: Նրանք անպայմանորեն չեն հակառակվում կամ ատում Աստծուն: Նրանք ուղղակի զբաղված են։ Աստված և հոգևոր բաները նրանց չեն հետաքրքրում: Նրանք առավել կետրոնացած են իրենց ֆիզիկական կարիքների վրա: Իջևանատերը չափազանց զբաղված էր և ժամանակ չուներ սենյակ պատրաստելու շուտով եկող Մեսիայի համար:

Թույլ տվեք հարցնել Ձեզ. այս Սուրբ Ծնունդին տեղ ունե՞ք Հիսուսի համար: Եթե ոչ, ապա դեռ ժամանակ կա, տեղ պատրաստեք Քրիստոսի համար:


ՆՎԵՐ, ՈՐԻՆ ՄԵՆՔ ԱՐԺԱՆԻ ՉԷԻՆՔ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ

ՕՐ 13

Ո՞ւմ համար եք նախատեսել նվերներ գնել Սուրբ Ծննդյան այս տոնին: Սովորաբար մենք նվերներ ենք տալիս ընտանիքի անդամներին ու ընկերներին՝ այն մարդկանց, ում սիրում ենք: Մենք հակված ենք նվեր տալ նրանց, ովքեր մեզ լավ են վերաբերվում, ովքեր բարի և ուշադիր են մեր հանդեպ: Երբեմն էլ նվեր ենք տալիս՝ ի պատասխան ստացած նվերի: 

Սովորաբար մենք նվեր չենք գնում մեր թշնամիների համար, այնպես չէ՞:  Նրանց համար, ովքեր զրպարտել են մեզ, չարախոսել կամ նույնիսկ ինչ-որ բան են գողացել:

Բայց մի պահ մտածեք. երբ ԱՍՏՎԱԾ ուղարկեց ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ՝ Իր Որդուն, և մեզ տվեց այս կատարյալ նվերը, դա այն ժամանակ էր, երբ մենք դեռ ՆՐԱ թշնամիներն էինք: Աստվածաշունչն ասում է. «Բայց ԱՍՏՎԱԾ մեր հանդեպ ունեցած իր սերը ապացուցեց  այն իրողությամբ, որ երբ տակավին մեղավոր էինք, ՔՐԻՍՏՈՍԸ մեռավ մեզ համար» (Հռոմ. 5:8): Մենք ոչինչ չարեցինք արժանանալու այդ նվերին: Իրականում մենք արժանի ենք դատաստանի, որովհետև մենք մեղք ենք գործել ԱՍՏԾՈ առջև: Մենք բոլորս անցել ենք այդ սահմանը:

Սուրբ Ծննդյան զարմանահրաշ ճշմարտությունն այն է, որ չնայած մեր մեղքերին, ԱՍՏՎԱԾ ուղարկեց Իր Որդուն՝ մեզ փրկելու: Բեթլեհեմյան այդ աննշան մսուրում ՆԱ տվեց մեզ մի նվեր, որին մենք արժանի չէինք:  




Friday, December 16, 2022

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԲՈՒՆ ՊԱՏԳԱՄԸ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ

ՕՐ 12

Տարվա այս եղանակին մենք ասում ենք՝ «Շնորհավոր Սուրբ Ծնունդ»: Ցավոք ոչ բոլորի համար է այս տոնը ուրախ: Եթե մեկը կորցրել է իր աշխատանքը, հաստատ նրա համար սա այնքան էլ ուրախ ժամանակ չէ: Հատկապես այն պատճառով, որ տոնը շատ նյութականացված է: 

Կան նաև մարդիկ, ովքեր կորցրել են հարազատների։ Ես այդ մարդկանցից եմ, և այն բաները, որոնք ժամանակին ինձ ուրախացնում էին տարվա այս եղանակին, հիմա ինձ տխրեցնում են: Այն բաները, որոնք ժամանակին երջանկություն էին բերում, այժմ տխրություն են բերում, քանի որ դրանք արթնացնում են հիշողություններ: Ուստի Սուրբ Ծնունդը ոմանց համար դժվար ժամանակաշրջան է:

Շատերը տարվա այս եղանակին քաջալերման կարիք ունեն։ Նրանք Սուրբ Ծննդյան նվերի կարիք չունեն: Նրանք Հիսուսի ներկայության կարիքն ունեն: 

Նրանց պետք է հիշեցնել, թե որն է այս տոնի բուն իմաստը, որը բոլորովին նյութականի ու նվերների հետ չի առնչվում:

Սուրբ Ծննդյան բուն պատգամը հետևյալն է. Էմմանուել՝ Աստված մեզ հետ է: Տառապանքի, վշտի և միայնության մեջ գտնվողներին պետք է նվիրել քաջալերանքի ընծան: Նրանք պետք է իմանան, որ Աստված իրենց հետ կլինի, Աստված իրենց կօգնի և կզօրանցնի:

Այսպիսով, այս օրերին փնտրեք Աստծո սերը բաժնեկցելու առիթներ: Այս տոնը հիանալի հնարավորություն է դժվարության մեջ եղողներին քաջալերելու: Մի պահ մտածեք, թե այսօր ո՞վ ունի Ձեր քաջալերանքի կարիքը:




ԻՆՉՈ՞Ւ ԵԿԱՎ ՀԻՍՈՒՍԸ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ

ՕՐ 11

Բոլորի համար տարվա մեջ սա ամենզբաղված ժամանակն է: Քրիստոնյաներիս համար սա Հիսուսի ծննդյան ուրախ տոնակատարություն է: Մեզ հիացնում է այն փաստը, որ Աստված խոնարհեցրեց ինքն իրեն և ծնվեց քարայրի (ախոռի) մեջ: Սակայն ինչո՞ւ Նա եկավ:

Նախ՝ Հիսուս Քրիստոսը եկավ՝ բարի լուրը հռչակելու:

Նա եկավ բուժելու կոտրված սրտով մարդկանց: Բժշկությունը գտել է միջոցներ նվազեցնելու և նույնիսկ վերացնելու ցավը: Բայց կոտրված սրտի համար բուժում չկա:
Հիսուսը եկավ ազատելու մարդկանց, ովքեր կապված են մեղքով: Հիսուսը եկավ բացելու մեր հոգևոր աչքերը, որպեսզի տեսնենք մեր հոգևոր կարիքները:

Նա եկավ ոտքի կանգնեցնելու նրանց, ում ծնկի է բերել կյանքը: Նա եկավ տալու մեզ առատ կյանք: 

Հիսուսը եկավ մեզ բարձրացնելու զգայական ու  ֆիզիկական ոլորտից դեպի հոգևոր ոլորտ՝ ցույց տալու, որ կյանքն ավելին է:

Նա եկավ Իր կյանքը մեզ համար տալու: Հիսուսն ասաց. «Քանի որ մարդու Որդին եկավ ո՛չ թե սպասարկություն ընդունելու, այլ սպասարկելու և իր անձը շատերի համար որպես փրկագին տալու» (Մարկոս 10:45): Նա եկավ մեռնելու։ Հիսուս Քրիստոսը եկավ այս երկիր՝ փնտրելու և փրկելու նրանց, ովքեր կորած են, ճիշտ ինչպես հովիվն է փնտրում կորած ոչխարին:

Այսպիսով, այս ողջ եռուզեռի մեջ՝ առևտուր, վառ գույներ, գունավոր լույսեր, եկեք անդրադառնանք բուն իմաստին: Սուրբ Ծնունդն այն մասին է, որ Աստված  ուղարկեց Իր Որդուն մեռնելու խաչի վրա: Նա ծնվեց մեռնելու, մեզ առատ կյանք տալու, մեզ տալու մի կյանք, որն արժե ապրել:



Wednesday, December 14, 2022

ԲԱՐԵՊԱՇՏ ԿՅԱՆՔ ԱՄԲԱՐԻՇՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ

 Օր 10

Եթե Հիսուսը աշխարհ գար այսօր, ձեր կարծիքով ո՞ր քաղաքում կծնվեր: Երուսաղե՞մ, Հռո՞մ, Լոնդո՞ն, Փարի՞զ կամ Նյու Յո՞րքը: Մի՞գուցե Լաս Վեգաս: Վերջինը բացասական ասոցիացիա ունի, այնպես չէ՞:

Հիսուսի օրերում մարդիկ ճանաչում էին Նրան որպես Հիսուս Նազովրեցի: Նազարեթի հետ կապված նույնպես բացասական ասոցիաիա կար: Այնուամենայնիվ այդ անսուրբ վայրում ապրում էր մի կին Մարիամ անունով, ով ապացուցեց, որ կարելի է անսուրբ վայրում սուրբ կյանքով ապրել:

Իր երկրորդ նամակում Պետրոսը նկարագրում է աշխարհի ազդեցությունը երկու հավատացյալների վրա: Երկուսն էլ ապրում էին չար մշակույթի մեջ: 

Առաջինը Նոյն էր: Նրա օրոք ամեն ինչ այնքան ապականված էր, որ Աստված զղջաց, որ ստեղծել է մարդուն և պատրաստ էր դատել երկիրը: Այնուամենայնիվ, այս խավար ժամանակներում Նոյը «շնորհ գտավ Տիրոջ առջև» (Ծննդոց 6:8), քանի որ նա քայլեց Աստծո հետ: Նա բարեպաշտ մարդ էր, որ ապրում էր պիղծ վայրում, սակայն երբեք զիջումների չէր գնում:

Երկրորդը Ղովտն էր, որ  ապրում էր Սոդոմում և Գոմորում։ Նա հավանություն չէր տալիս շրջապատի մարդկանց արարքներին, բայց ոչինչ չէր անում դա փոխելու: Սուրբ Գիրքն ասում է, որ նա ապրում էր այդ մարդկանց մեջ՝ ամեն օր տանջելով իր արդար հոգին իր տեսածով ու լսածով, նրանց անօրինական ու չար գործերով։ Նրա կյանքը լի էր փոխզիջումներով: Եվ երբ Տիրոջ հրեշտակը եկավ նրան ազատելու Սոդոմից, նա դժկամությամբ հեռացավ:

Այս երկու մարկանցից որի՞ն եք Ձեզ ավելի նմանեցնում: Նոյի՞ն թե՞ Ղովտին: Կամ այլ կերպ ասած՝ Դո՞ւք եք մշակույթը փոխում, թե՞ մշակույթը փոխում է Ձեզ։

Հարց. Արդյո՞ք կարողանում ես բարեպաշտ կյանքով ապրել այս ամբարիշտ աշխարհում:



Tuesday, December 13, 2022

ԳԻՇԵՐԸ, ՈՐՆ ՀԱՎԻՏԵՆԱՊԵՍ ԲԱԺԱՆԵՑ ԺԱՄԱՆԱԿԸ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ

Օր 9

Սուրբ Ծնունդը իմաստափոխվել է: Խոսքս միայն այն մասին չէ, որ մեծ հաջողությամբ դուրս են մղում «Ուրախ Սուրբ Ծնունդ» շնորհավորական ողջույնը և փոխարինում այն ավելի չեզոք արտահայտություններով: Այնպիսի տպավորություն է, կարծես մեր մշակույթը վերցրել է «Սուրբ Ծնունդ» բառը, զրկել այն իմաստից, աղավաղել և վերադարձրել՝ առանց զորության:

Խնդիրը միայն Սուրբ Ծննդի աշխարհիկացման մեջ չէ: Նույնիսկ քրիստոնյաները այնքան են այն սենտիմենտալ դարձրել, որ անտեսվում է իրական պատմությունը։

Երբ մտածում ենք Սուրբ Ծնունդի մասին, մեր մտքում հայտնվում է մսուրի տեսարանի սենտիմենտալ պատկեր: Ահա մանուկ Հիսուսը: Ահա Հովսեփը: Ահա նաև Մարիամը: Նրանք բոլորն ունեն լուսապսակներ: Իհարկե այնտեղ են նաև հովիվներն ու իմաստունները՝ սովորաբար որոշակի գույնի հանդերձանքով:

Իսկ իրականում ոչ ոք լուսապսակ չուներ: Իմաստունները չեն այցելել Հիսուսին, երբ Նա պառկած էր մսուրում: Մատթեոսի Ավետարանում ասվում է, որ նրանք ժամանել են միայն որոշ ժամանակ անց (մոտ երկու տարի անց): Եվ Աստծո Խոսքում չի ասվում, թե կային երեք իմաստուններ, այլ ասվում է, որ նրանք բերեցին երեք նվեր: 

Սուրբ Ծնունդը առավել ռոմանտիկ ենք դարձրել ձնառատ գյուղերի պատկերներով, ձիերով ու սահնակներով, սառած պատուհաններով և կարմիր մոմերով: Ու այս ամենի մեջ կորում է օրվա իրական պատգամն ու իրական գեղեցկությունը:

Եկեք մի կողմ դնենք ավանդույթը: Եկեք մեզնից վանենք այն ամենը, որ չի թողնում մեզ տեսնել Հիսուսի ծնունդն այնպես, ինչպես այն իրականում եղել է: Ի վերջո, սա այն գիշերն էր, որը հավերժ բաժանեց ժամանակը. այն գիշերը, երբ Աստված Ինքը եկավ այս երկիր՝ դուրս եկավ դրախտից և մտավ պատմության մեջ:

Հարց յուրաքանչյուիդ. ունե՞ք մի այնպիսի  ավանդույթ, որը պետք է անտեսել՝ տեսնելու Սուրբ Ծննդյան իրական իմաստը:



Sunday, December 11, 2022

ԴԱՆԴԱՂԵՑՐԵՔ ՁԵՐ ԸՆԹԱՑՔԸ, ԳԻՏԱԿՑԵՔ, ՀԱՆԴԱՐՏ ՄՆԱՑԵՔ... ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ

 Օր 8

Սուրբ Ծնունդը կարող է շատ դժվար ժամանակաշրջան լինել ոմանց համար: Տարվա այս եղանակին շատ մարդիկ դիմում են ալկոհոլի և թմրանյութերի, իսկ ինքնասպանության փորձերն ավելանում են : 

Տոնը կարող է առանձնահատուկ տխուր լինել ընտանեկան խնդիրների պատճառով: Հնարավոր է՝ ծնողներդ բաժանվել են։ Գուցե Ձեր կինը կամ ամուսինը լքել է Ձեզ: Անցյալ տարի դու նրանց հետ էիր, իսկ այս տարի՝ մենակ։ Կամ գուցե Դուք կորցրել եք Ձեր սիրելիին: Նրանք անցյալ տարի Ձեզ հետ էին, իսկ այս տարի չկան: Խորը ցավ կա:

Մինչ ոմանք զվարճանում են Սուրբ Ծննդին, մյուսները խոր վշտի մեջ են: Նրանք պետք է իմանան, որ տոնակատարության իրական պատգամն այս է՝ Աստված եկավ այս երկիր և ծնվեց ախոռում, այնուհետև Նա խաչ բարձրացավ և մահացավ աշխարհի (մեր) մեղքերի համար: Նա ծնվեց՝ մահանալու, որպեսզի մենք ապրենք: Նա խաչ բարձրացավ, մեռավ, հարություն առավ և այժմ կանգնած է մեր կյանքի դռան առջև ու թակում է:

Եկեք այս տարի Հիսուսի ծնունդը տոնելիս առաջինը Նրան հրավիրենք իր իսկ տոնախմբությանը: Եկեք մեր բազմազբաղության մեջ չկորցնենք էականը: Եկեք բացենք մեր կյանքի դուռը և ներս հրավիրենք Նրան:

Երբեմն ուզում եք իմանալ, թե որտեղ է Աստված ձեր կյանքում: Մտածում եք՝ արդյո՞ք Նա լքել է ձեզ: Ոչ, Նա չի լքել ձեզ: Նա այստեղ է։ Նա Էմմանուելն է՝ Աստված մեզ հետ: Տոնական եռուզեռի մեջ եկեք դանդաղեցնենք մեր ընթացքը, գիտակցենք իրական պատգամը, հանդարտ մնանք և իմանանք, որ Նրա Աստված է:



ԱՐԴՅՈ՞Ք ԿՈՐՑՐԵԼ ԵՔ ՀԻՍՈՒՍԻՆ ՁԵՐ ՏԵՍԱԴԱՇՏԻՑ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ

 ՕՐ 7 

Մի անգամ, երբ Հիսուսը տասներկու տարեկան էր, կորավ: Մարիամն ու Հովսեփը երեք օր փնտրեցին, մինչև գտան Նրան: Նրանք Երուսաղեմում էին Զատիկի տոնին, և երբ տուն էին վերադառնում, նկատեցին, որ Հիսուսը իրենց ազգականների ու ծանոթների մեջ չէ: Ի՞նչն է հետաքրքրական. Նրանք գրեթե մի ամբողջ օր ճամփորդեցին, մինչ նկատեցին, որ Հիսուսը չկար:

Կարո՞ղ է սա պատահել նաև մեզ հետ: Պատասխանը «այո» է: Հնարավոր է, որ անցնի մի օր, մի շաբաթ, նույնիսկ մի ամիս, և մենք այդպես էլ Աստծո մասին չհիշենք: Կհիշենք Նրան, երբ ինչ-որ ճգնաժամի մեջ հայտնվենք:

Այս տոնական օրերին Հիսուսին անտեսելը ամենահեշտ բանն է: Մենք այնքան ենք զբաղված մեր առօրյա հոգսերով, որ ժամանակ չունենք Աստծո Խոսքը կարդալու և նունիսկ աղոթելու:

Եթե կարծում եք, որ կորցրել եք Հիսուսին կյանքի զբաղվածության մեջ, ապա պետք է վերադասավորել ձեր առաջնահերթությունները: Լավ լուրն այն է, որ նույնիսկ եթե մենք կորցնենք Հիսուսին, Նա երբեք չի կորցնում մեզ:




Saturday, December 10, 2022

ԻՆՉՈ՞Ւ Է ՀԻՍՈՒՍԻ ԿՈՒՍԱԿԱՆ ԾՆՈՒՆԴԸ ԿԱՐԵՎՈՐ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ

ՕՐ 6

Լարի Քինգը մի անգամ ասել է, որ եթե ինքը հարցազրուցի նպատակով կարողանար ընտրել ցանկացած անձի, որ երբևէ ապրել է, ապա նա հարցազրույց կվերցներ Հիսուս Քրիստոսից: Քինգի խոսքերով՝ նա կցանկանար հարցնել Հիսուսին, թե իսկապե՞ս Նա կույսից է ծնվել: «Այդ հարցի պատասխանն ինձ համար բեկումնային կլիներ»: Լարի Քինգը հասկանում է կուսական ծնունդի կարևորությունը: 

Եթե դու Աստվածաշնչին հավատացող քրիստոնյա ես, ապա չես կարող մերժել այն, ինչ Աստվածաշունչը սովորեցնում է այս թեմայով: Կասեի ավելին՝ եթե չես հավատում Հիսուսի կուսական ծնունդին, ապա իրականում քրիստոնյա լինել չես կարող:

Սա քրիստոնեական վարդապետության էական մասն է: Եթե Քրիստոսը չի հղացվել Մարիամի որովայնում Սուրբ Հոգուց, եթե իրականում Նրա կենսաբանական հայրը Հովսեփն էր, ապա Նա մեղավոր էր: Եվ եթե Նա մեղավոր էր, ապա նրա մահը խաչի վրա չքավեց ոչ իմ և ոչ էլ քո մեղքերը:

Սակայն փաստն այն է, որ քանի որ Հիսուսը գերբնականորեն հղացվեց Մարիամի որովայնում, Նա լիովին Աստված էր, բայց նաև լիովին մարդ: Հիսուսն ասաց. «Եթե չհավատաք, որ ԵՍ ԵՄ, կմեռնեք ձեր մեղքերի մեջ» (Հովհ. 8.24): Այլ կերպ ասած՝ «Եթե չես հավատում, որ ես Աստված եմ, ուրեմն դու իրականում հավատացյալ չես»:

ԵՍ ԵՄ-ը Աստծո հայտարարությունն է Իր մասին: Երբ Մովսեսը ցանկացավ իմանալ, թե ինչ պետք է պատասխանի մարդկանց հարցին, թե ով է ուղարկել իրեն, Աստված ասաց նրան. «ԵՍ ԵՄ ՆԱ, որ է: Սա ասա Իսրայելի որդիներին՝ Ինձ «ԵՍ ԵՄ»-ը ուղարկեց ձեզ մոտ» (Ելք 3:14):

Ահա թե ինչու է Կուսական ծնունդը էական ուսուցում: Քրիստոսն Աստված չէր, որովհետև կույսից ծնվեց. Նա ծնվեց կույսից, որովհետև Աստված էր:



Thursday, December 8, 2022

ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ

 Օր 5

Էմմանուել՝ Աստված մեզ հետ է. Աստված եկավ մեզ մոտ: Ինչպիսի ցնցող միտք։ Սա իսկապես քրիստոնեական հավատքի ու քրիստոնեական կյանքի էությունն է։ Բոլոր կրոնական գաղափարախոսությունները ասում են, որ դուք պետք է ինչ-որ բան անեք: Սա արեք, և դուք կգտնեք ներքին խաղաղություն: Այն արեք, և դուք կհասնեք նիրվանայի: Արեք մեկ այլ բան, և միգուցե կգնաք դրախտ: Իսկ Քրիստոնեությունն ասում է, որ դա արված է. արված է ձեզ համար Խաչի մոտ՝ վճարված Հիսուս Քրիստոսի արյունով:

Քրիստոնյա լինելը չի նշանակում ընդամենը հավատամք ունենալ: Քրիստոնյա լինել նշանակում է, որ Քրիստոսն ապրում է քո մեջ և քո միջոցով՝ տալով քեզ ուժ լինելու այն անձը, որ Նա կանչել է քեզ լինելու: Հիսուսն ասաց. «Ահա, ամեն օր ես ձեզ հետ եմ՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28:20) և «Բնա՛վ քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու» (Եբրայեցիս 13:5):

Սուրբ Ծննդյան պատգամն է՝ Աստված մեզ հետ: Դա կարևոր է իմանալ, հատկապես այն ժամանակ, երբ մենք դժվարությունների միջով ենք անցնում։ Սաղմոսերգուն ասում է. «Եթե արշալույսի թևերն առնեմ և ծովի ծայրամասում բնակվեմ, այնտեղ էլ քո ձեռքն է ինձ առաջնորդելու և քո աջ ձեռքն է ինձ բռնելու» (Սաղմ. 139:9-10): Պարզապես հրաշալի է իմանալ, որ Աստված քեզ հետ է, որտեղ էլ որ լինես:

Աստվածաշունչը երբեք չի սովորեցնում, որ իրբև քրիստոնյա ունենալու ենք խնդիրներից զերծ կյանք: Սակայն Աստծո Խոսքը սովորեցնում է, որ մենք երբեք մենակ չենք լինի: Եվ հենց այդ պատճառով մենք չպետք է վախենանք: Ռեյ Սթեդմանի խոսքերով՝ «Քրիստոնյայի գլխավոր նշանը պետք է լինի վախի բացակայությունը և ուրախության առկայությունը»:

Սա է այն պատգամը, որ պետք է լսի մեղքով հիվանդ այս աշխարհը. Էմմանուել՝ Աստված մեզ հետ է:



ԵԿԵՔ ԵՐԿՐՊԱԳԵՆՔ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ

 Օր 4

«Սուրբ Ծնունդ» բառը զրկվել է իր իմաստից, խեղաթյուրվել և մարդկանց մատուցվել՝ առանց իր զորության: Ոմանք նախընտրում են տարվա այս եղանակին օգտագործել ավելի քաղաքականապես ճիշտ տերմինաբանություն, օրինակ՝ «Ուրախ տոներ»։ 

Կարծում եմ, որ մենք պետք է հրաժարվենք Սուրբ Ծննդյան այն տարբերակից, որը լցված է աղմուկով և անվերջ ակտիվությամբ, որը ոչ մի առնչություն չունի Քրիստոսի հետ: Դրա փոխարեն մենք պետք է տոնենք Հիսուս Քրիստոսի ծնունդը: Դա է Սուրբ Ծննդյան իրական իմաստը:

Միգուցե ձեզ սպասվում են դժվարություններ այս Սուրբ Ծննդյան օրերին: Միգուցե կարծում եք, որ Սուրբ Ծնունդն այս տարի այնքան լավ չի անցնի, որքան նախկինում: Սակայն մի պահ պատկերացրեք, թե որքան ավելի լավ կանցներ այն, եթե դուք ստիպված չլինեիք կենտրոնանալ առևտրի ու ավելորդ վավզոցի վրա, այլ միայն տոնի բուն իմաստի:

Սուրբ Ծննդյան հիմնական պատգամը սա է. Աստված մեզ հետ է: Եսայիա 7.14-ում ասվում է. «Ուստի Տերն Ինքը ձեզ նշան կտա. Ահա կույսը կհղիանա և որդի կծնի և նրա անունը Էմմանուել կկոչի»։ Էմանուել նշանակում է «Աստված մեզ հետ է»։

Այսպիսով, այս տոնի խորհուրդը առատ ձյունը կամ գնումներ կատարելը չէ: Սուրբ Ծննդյան իրական ուղերձն է. «Եկեք երկրպագենք»: Երկրպագելու էին գնացել իմաստունները: Եվ մենք պետք է վարվենք ճիշտ նույն կերպ:



Monday, December 5, 2022

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԽՈՍՏՈՒՄԸ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ

Օր  3

Տարվա այս ժամանակը յուրահատուկ է: Եվ այդ ի՞նչն է, որ մենք այդքան սիրում ենք Սուրբ Ծննդյան տոների հետ կապված: Կարծում եմ՝ հրաշքի, գեղեցկության և սպասման զգացողությունն է: Երաժշտությունն է, հրաշալի կերակուրներն են, ընտանիքի և լավ ընկերների ներկայությունն է:

Սակայն Սուրբ Ծննդյան տոները մեծ մասամբ վերածվում են մարդու ուղեղը թմրեցնող հեռուստատեսային անվերջ գովազդների: Մեզ ճնշում են ակնկալիքները, որ ուրիշները ունեն մեզ հետ կապված և սպասումները, որ մենք ինքներս ունենք: Տոներին հաջորդում է հիասթափություն:

Ինչպիսի՞ն է դարձել Սուրբ Ծննդյան տոնը: Կոմերցիոն, դատարկ, հոգնեցնող և շատ թանկ մի արարողություն, որ շարունակվում է ամիսներ: 

Ինչպիսի՞ն պետք է լինի Սուրբ Ծննդյան տոնը: Այն պետք է լինի գալիք բաների ստվերը՝ գեղեցկություն, պաշտամունքի երաժշտություն, սեր, ջերմություն, խոստում, հույս... 

Ինչպիսին էլ լինեն մեր ակնկալիքները այս տոներից, կարևոր է հիշել մի բան՝ այն չի կարող լինել այնպիսին, ինչպիսին մենք ենք ցանկանում: Այն չի կարող բերել ձեր ընտանքին ներդաշնակություն, աշխարհին խաղաղություն  և ոչ էլ երջանկություն:

Բայց ՔՐԻՍՏՈՍԸ կարող է անել այդ ամենը և շատ ավելին: Իրականում ՆՐԱ կարիքն է, որ մենք ունենք: 



Saturday, December 3, 2022

ԽԱՆՁԱՐՈՒՐՈՎ ՓԱԹԱԹՎԱԾ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ

Օր 2

Կան մարդիկ, որ մեծ ջանքեր են գործադրում ամանորյա նվերները փաթեթավորելու համար: Իսկ ոմանց համար փաթեթավորումը կարծես խոչընդոտ լինի իրենց ու նվերի միջև. նրանք պարզապես ցանկանում են տեսնել իրենց նվերը: 

Աստծո պարգևը մեզ տրվեց շատ պարզ փաթաթված: Հիսուսը ծնվեց Բեթլեհեմում՝ անչափ խոնարհ միջավայրում: Մի պահ մտածեք, թե որքան դժվար էր Մարիամի և Հովսեփի համար Նազարեթից Բեթլեհեմ ճանապարհորդությունը: Եվ երբ տեղ հասան, նրանք ստիպված էին մնալ մի փոքրիկ ախոռում, որտեղ պահվում էին կենդանիներ։ Կարծում եմ ախոռը ցուրտ էր, և այն բուրում էր, ինչպես ցանկացած այլ ախոռ: Սարսափելի միջավայր երեխա լույս աշխարհ բերելու համար:

Հասկանո՞ւմ եք տիեզերքի Արարիչը, Ամենակարող Աստվածը եկավ և խոնարհեցրեց իրեն՝ դառնալով փոքրիկ մանուկ՝ ծնված Բեթլեհեմի ախոռում:

Նրան մսուրի մեջ պառկեցրին ոչ թե ատլասե սավաններով, այլ խանձարուրի մեջ։ Նրան պառկեցրին ոչ թե թագավորին վայել ոսկյա անկողնում, այլ կենդանիների կերակրամանի մեջ: Ահա Նա՝ մեծագույն պարգևը՝ պարզ բարուրված:

Հիսուսը տեղ գտավ ախոռում, որպեսզի մենք տուն ունենաք երկնքում:



Friday, December 2, 2022

ԴՈՒՔ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՔ - ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ Գ. ԼՈՐԻԻ ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ

(Օր 1)

Առաջին Սուրբ ծննդյան տոնը՝ այն օրը, երբ Հիսուսը ծնվեց, մարդկաց կողմից անցավ գրեթե աննկատ: Զարդարված չէին տներն ու բակերը, չէր հնչում երաժշտություն. այդ գիշերը նման էր մնացած բոլոր գիշերներին: 

Սակայն առաջին Սուրբ Ծնունդն ուներ իր նշանները: Իրադարձությունից դարեր առաջ հրեա մարգարեները կանխատեսել էին, որ Մեսիան գալու է, և նրանք շատ կոնկրետ նշել էին, որ Նա ծնվելու է փոքրիկ Բեթղեհեմ գյուղում:
«Իսկ դու, ով Բեթլեհեմ Եփրաթա, թեպետ Հուդայի հազարավորների մեջ փոքր ես, քեզնից պիտի ելնի ինձ համար Նա, որ Իսրայելի վրա կառավարիչ պիտի լինի. Նրա ծագումը վաղեմի, հավիտենական օրերից է» (Միքիայի 5:2):

Սուրբ Ծննդյան առաջին տոնին ամեն ինչ սովորականի պես էր ընթանում: Հրեա ժողովրդի համար ամեն ինչ մռայլ էր։ Չորս հարյուր տարի ոչ մի մարգարե չէր եղել: Ոչ մի հրաշք չէր կատարվել: Նրանք գտնվում էին Հռոմի բռնակալության տակ։ Ամեն ինչ խավարի մեջ էր:  Մեսիայի ժամը հասունացել էր: 

Այնուամենայնիվ, երբ Նա վերջապես եկավ, ընդամենը մի քանի մարդ էր պատրաստ այդ իրադարձությանը: Ոչ պանդոկապետը հասկացավ, ոչ Բեթլեհեմի ժողովուրդը, ոչ Հորվդեսը և ոչ էլ Հռոմը:

Հիսուս Քրիստոսը կրկին վերադառնալու է այս երկիր:  Հարցն այն է, թե արդյո՞ք մենք պատրաստ ենք այդ իրադարձությանը: Գուցե մենք բոլորս պատրաստ ենք Սուրբ Ծննդին, բայց  պատրա՞ստ ենք Քրիստոսի վերադարձին: