Օր 5
Էմմանուել՝ Աստված մեզ հետ է. Աստված եկավ մեզ մոտ: Ինչպիսի ցնցող միտք։ Սա իսկապես քրիստոնեական հավատքի ու քրիստոնեական կյանքի էությունն է։ Բոլոր կրոնական գաղափարախոսությունները ասում են, որ դուք պետք է ինչ-որ բան անեք: Սա արեք, և դուք կգտնեք ներքին խաղաղություն: Այն արեք, և դուք կհասնեք նիրվանայի: Արեք մեկ այլ բան, և միգուցե կգնաք դրախտ: Իսկ Քրիստոնեությունն ասում է, որ դա արված է. արված է ձեզ համար Խաչի մոտ՝ վճարված Հիսուս Քրիստոսի արյունով:
Քրիստոնյա լինելը չի նշանակում ընդամենը հավատամք ունենալ: Քրիստոնյա լինել նշանակում է, որ Քրիստոսն ապրում է քո մեջ և քո միջոցով՝ տալով քեզ ուժ լինելու այն անձը, որ Նա կանչել է քեզ լինելու: Հիսուսն ասաց. «Ահա, ամեն օր ես ձեզ հետ եմ՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28:20) և «Բնա՛վ քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու» (Եբրայեցիս 13:5):
Սուրբ Ծննդյան պատգամն է՝ Աստված մեզ հետ: Դա կարևոր է իմանալ, հատկապես այն ժամանակ, երբ մենք դժվարությունների միջով ենք անցնում։ Սաղմոսերգուն ասում է. «Եթե արշալույսի թևերն առնեմ և ծովի ծայրամասում բնակվեմ, այնտեղ էլ քո ձեռքն է ինձ առաջնորդելու և քո աջ ձեռքն է ինձ բռնելու» (Սաղմ. 139:9-10): Պարզապես հրաշալի է իմանալ, որ Աստված քեզ հետ է, որտեղ էլ որ լինես:
Աստվածաշունչը երբեք չի սովորեցնում, որ իրբև քրիստոնյա ունենալու ենք խնդիրներից զերծ կյանք: Սակայն Աստծո Խոսքը սովորեցնում է, որ մենք երբեք մենակ չենք լինի: Եվ հենց այդ պատճառով մենք չպետք է վախենանք: Ռեյ Սթեդմանի խոսքերով՝ «Քրիստոնյայի գլխավոր նշանը պետք է լինի վախի բացակայությունը և ուրախության առկայությունը»:
Սա է այն պատգամը, որ պետք է լսի մեղքով հիվանդ այս աշխարհը. Էմմանուել՝ Աստված մեզ հետ է:
No comments:
Post a Comment