Pages

Sunday, October 23, 2022

ՄԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՀԱՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Գ.Լորի 

«Որովհետև գիտությունը ատեցին ու Տիրոջ վախը չընտրեցին» (Առակ. 1:29): 

Ամեն օր մենք կատարում ենք ընտրություններ՝ ի՞նչ  հագնել, ի՞նչ ուտել և այլն: Բայց այն, ինչ մենք հագնում կամ ուտում ենք, կյանքում ամենակարևոր ընտրությունները չեն: 

Մյուս կողմից, որոշ ընտրություններ շատ կարևոր են, նույնիսկ բեկումնային, ինչպես օրինակ՝ մեր կարիերայի կամ կողակցի ընտրությունը: Սակայն ամենակարևոր ընտրությունն այն է, թե արդյոք մենք հետևելու ենք Հիսուս Քրիստոսին: Դա կազդի ոչ միայն մեր երկրային, այլև նաև հավիտենական կյանքի վրա:

Աստվածաշնչում հանդիպում ենք մարդկանց, ովքեր լավ կամ վատ ընտրություններ են կատարել: Մովսեսը նախընտրեց օգնել իր եբրայեցի ազգակիցներին, քան թե  վայելել Եգիպտոսի հարստությունն ու իշխանությունը: Հովսեփը նախընտրեց դիմադրել Պետափրեսի կնոջ սիրահետումներին: Դանիելը նախընտրեց չուտել թագավորի սեղանի կերակուրը։ Այս բոլոր ընտրությունները լավն էին, որոնք հանգեցրին հիանալի արդյունքների:

Սակայն կարդում ենք նաև մարդկանց մասին, ովքեր սխալ ընտրություն են կատարել: Ադամի սխալ ընտրությունը նրան արժեցավ Եդեմի պարտեզը, Եսավի ընտրությունը զրկեց նրան իր անդրանիկության իրավունքից, Սավուղ թագավորն իր ընտրության արդյունքում կորցրեց իր թագավորությունը:

Աստված մեզ ցույց է տալիս, թե ինչ պետք է անենք և ինչ ճանապարհով ընթանանք, սակայն, ի վերջո, թողնում է ընտրությունը մեզ: Նա մեզ ազատ կամք է տվել։ Եվ նույնիսկ երբ մենք ընտրություն չենք կատարում, դա ինքնին ընտրություն է:

Ընտրությունները, որոնք մենք այսօր կատարում ենք, ոչ միայն կազդեն մեզ վրա, այլև  մեր երեխաների ու թոռների վրա: Եթե ճիշտ ընտրություն կատարենք և թողնենք աստվածային ժառանգություն, դա իր ազդեցությունը կունենա մեր շրջապատի մարդկանց վրա: Եթե մենք սխալ ընտրություն կատարեք և թողնեք անաստված ժառանգություն, դա նույնպես ազդեցություն կունենա: Հետևանքներ կլինեն ամեն դեպքում՝ լավ կամ վատ:

No comments: