Pages

Thursday, December 21, 2023

ԱՍՏԾՈ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՆՔ

Գ. Լորի 

«Բայց երբ ժամանակի լրումը հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որը կնոջից ծնվեց ու օրենքի ներքո եղավ (Օրենքի տակ մտավ), որպեսզի փրկագնի օրենքի տակ եղողներին. որպեսզի մենք որդեգրությո՛ւն ընդունենք» (Գաղ. 4:4-5)։ 

Հիսուս Քրիստոսի ծնունդը բաժանեց մարդկության ժամանակը: Հռոմն այդ պահին վերահսկում էր աշխարհի մեծ մասը: Pax Romana-ն (Հռոմեական խաղաղություն)՝ Հռոմեական կայսրության օրոք խաղաղության ժամանակաշրջան էր՝ դաժան խաղաղության ժամանակաշրջան: Հռոմեացիներին ամենից շատ հետաքրքրում էր երկու բան՝ հնազանդություն Հռոմին և հարստության կայուն հոսք դեպի հռոմեական գանձարան:

Պատերազմի բացակայության պայմաններում շատերը սկսեցին հետաքրքրվել արվեստով, գրականությամբ, փիլիսոփայությամբ և սկսեցին հարցեր տալ: Նրանք խոսում էին մարդկային ճակատագրի և կյանքի իմաստի մասին։

Աստվածաշունչն ասում է. «Երբ ժամանակի լրումը հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որը կնոջից ծնվեց ու օրենքի ներքո եղավ (Օրենքի տակ մտավ), որպեսզի փրկագնի օրենքի տակ եղողներին. որպեսզի մենք որդեգրությո՛ւն ընդունենք» (Գաղ. 4:4-5)։ 

Կեսար Օգոստոսը կարծում էր, որ ինքը հզոր մարդ է, և այդպես էր, բայց նա նաև խաղաքար էր Ամենակարող Աստծո ձեռքում: Աստված է կերտում պատմությունը: Աստված Օգոստոսին մղեց իրականացնելու իր նպատակները՝ հիշեցնելով մեզ, որ ամեն ինչ Աստծո վերհսկողության տակ է: Նա գերիշխան է բոլոր ազգերի և բոլոր մարդկանց վրա:

Աստվածաշունչն ասում է. «Թագավորի սիրտը Տիրոջ ձեռքում ջրի վտակների նման է. որ կողմն էլ ուզենա, կդարձնի այն» (Առակ. 21:1)։ Աստված կարող է ուղորդել թագավորի, թագուհու, վարչապետի, նախագահի, սենատորի, կոնգրեսականի կամ ցանկացած այլ ղեկավարի սիրտ: Աստված իրագործում է Իր նպատակները:

Օգոստոսը կարծում էր, որ մարդահամար անցկացնելով՝ ավելի մեծ վերահսկողություն կհաստատի աշխարհի վրա։ Բայց, արդյունքում նա ընդամենը Աստծո առաջադրանքն էր կատարում:

Տիրոջը պետք էր, որ Մաիամն ու Հովսեփը Բեթլեհեմում լինեն, քանի որ Սուրբ Գիրքում մարգարեությունն ասում է. «Իսկ դու, ո՛վ Բեթլեհեմ Եփրաթա, թեև փոքր ես Հուդայի հազարավորների մեջ, սակայն քեզանի՛ց պիտի դուրս գա ինձ համար նա, որ Իսրայելի վրա կառավարիչ պիտի լինի. նրա ծագումը վաղեմի, հավիտենական օրերից է» (Միքիա 5:2):

Հովսեփն ու Մարիամը ճամփորդեցին իննսուն մղոն ու հասան Բեթլեհեմ՝ մասնակցելու մարդահամարին: Մենք գեղեցիկ ենք պատկերացնում այս ճամփորդությունը: Սակայն իրականությունն այն է, որ դա շատ դժվար ու վտանգավոր ճանապարհորդություն էր հատկապես հղիության իններորդ ամսում գտնվող կնոջ համար։

Նրանք թերևս հույս ունեին, որ իրենց դժվարություններին վերջ կլինի, երբ հասնեն Բեթլեհեմ: Սակայն Աստվածաշունչն ասում է. «իջևանատանը նրանց համար տեղ չկար» (Ղուկ. 2:7): Այստեղ իջևանատիրոջ (եթե իսկապես իջևանատեր եղել է) հասցեին պախարակություն չկա. նա ներկայացված է այնպիսին, ինչպիսին որ կար՝ բազմազբաղ մի մարդ: Թերևս մտածում եք, որ նա կարող էր խղճալ Մարիամին, ով ամեն պահի պատրաստ էր ծննդաբերել, և տեղ տրամադրել նրանց: Բայց նա ուղարկեց Հովսեփին և Մարիամին գոմ, կամ ավելի հավանական է՝ քարայր, որտեղ ծնվեց աշխարհի Փրկիչը:

Այսօր կան մարդիկ, ովքեր նման են այս իջևանատիրոջը: Նրանք իրենց կյանքում ժամանակ չունեն Աստծո համար: Բայց մենք ավելի լավ է տեղ պատրաստենք Նրա համար: Ինչպես հիշեցնում է Սուրբ Ծննդյան «Ուրախություն աշխարհին» օրհներգը, «Թող ամեն սիրտ տեղ պատրաստի Նրա համար»: ժամանակ գտեք Աստծո համար այսօր:




No comments: