Հատված դոկտոր Ջայմս Տուրի հետ հարցազրույցից
Ջեյմս Տուրը ամերիկացի քիմիկոս է, ով ներկայումս Rice համալսարանի T. T. և W. F. Chao քիմիայի, ինչպես նաև համակարգչային գիտության, նյութագիտության և նանոճարտարագիտության պրոֆեսոր է։
Տուրը հեղինակել է ավելի քան 850 գիտահետազոտական աշխատություն, ունի
ավելի քան 150 գրանցված արտոնագիր (պատենտ) և ևս 100 արտոնագրային հայտ։
2014 թվականին նա ընդգրկվել է «Աշխարհի ամենաազդեցիկ գիտական մտքերի» ցանկում`
Thomson Reuters ScienceWatch.com -ի կողմից, իսկ 2019 թվականին TheBestSchools.org-ը
նրան դասել է «Այսօր աշխարհի 50 ամենաազդեցիկ գիտնականների» շարքում։
Տուրը արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների և պարգևների, այդ թվում՝ Trotter
Prize, NASA Space Act Award, Ralph & Helen Oesper
Award, Royal Society of Chemistry Centenary Prize և այլն։
Հարց․ — Արարչագործությունը վեց 24-ժամյա օրերի ընթացքո՞ւմ է տեղի ունեցել, թե՞ ավելի երկար ժամանակահատվածում։
________________________________
Պատասխան․ — Սա, հավանաբար, ամենահաճախ տրվող հարցերից մեկն է համալսարաններում ունեցած ելույթներիս ժամանակ։
Հաճախ քրիստոնեական միջավայրում մեծացած մարդիկ ինձ ասում են, որ Երկիրը 6000 տարեկան է։ Եվ դրա համար հիմք է ծառայում Աստվածաշնչում հիշատակված մարդկանց կյանքի տարիների հետադարձ հաշվարկը, որի արդյունքում կարծես ստացվում է մոտավորապես 6300 տարի։
Սակայն այս հարցը դիտարկելու տարբեր եղանակներ կան։
Օրինակ՝ Ծննդոց գրքի առաջին գլխում ասվում է. «1Սկզբում
Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ 2Երկիրն
անձև ու դատարկ էր. և անդունդի վրա խավար էր, և Աստծու Հոգին շրջում էր ջրերի վրա։
3Եվ Աստված ասաց. «Թող լույս լինի»։
Եվ լույս եղավ» (Ծննդոց 1։1-3)։
Այսպիսով, առաջին երկու համարների («1Սկզբում
Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» և «2Երկիրն
անձև ու դատարկ էր. և անդունդի վրա խավար էր, և Աստծու Հոգին շրջում էր ջրերի վրա»)
միջև կարծես ընդմիջում կա։ Նույնիսկ այդ համարներում գործածված ժամանակաձևերը հուշում
են այդ տարբերության մասին։ Ուստի կարելի է ասել՝ Երկրի առաջացման և վեցօրյա արարչագործության
միջև կարող էր լինել որոշակի ժամանակային ընդմիջում։
Ոմանք պնդում են, որ ամեն բան տեղի է ունեցել հենց վեց օրերի ընթացքում։ Սակայն
իրականում դա պնդելն այդքան էլ հեշտ չէ։
Մի պահ հեռանալով թեմայից՝ հարց ուղղեմ բոլորիդ․ «Այստեղ կա՞ մեկը, ով կարծում է, թե Երկիրը ընդհանրապես չի շարժվում։ Չի պտտվում։
Անշարժ է»։
Ընդամենը 500 տարի առաջ քրիստոնյաները կարծում էին, որ Երկիրն անշարժ է, որովհետև Աստվածաշունչն ասում է․ «Քանզի Տիրոջն են երկրի հիմքերը, և նրանց վրա է նա աշխարհը հաստատել» (Ա․ Թագավորաց 2։8)։
Համարը կարելի է մեկնաբանել տարբեր կերպ․
Ահա թե ինչ է տեղի ունենում․ Սուրբ Գրքի այդ հատվածները մի ժամանակ մեկնաբանվում էին բառացիորեն, սակայն գալիս է Գալիլեոն և ասում. «Իրականում մենք շարժվում ենք։ Մենք իրականում պտտվում ենք Արեգակի շուրջը»։ Եվ մարդիկ ասում են․ «Դու խելագար ես, Գալիլեո»։
Իսկ այժմ՝ մի քանի հարյուր տարի անց, բոլորս ընդունում ենք, որ Երկիրը շարժվում է։ Այլևս անշարժ Երկրի կողմնակիցներ չկան։
Այսպիսով, հարցը դիտարկելու տարբեր եղանակներ կան։
Վերադառնանք Ծննդոց գրքին։ Հատկապես ուշադրություն դարձնենք «օր» (եբրայերեն՝ יוֹם (yôm)) բառին Ծննդոց գրքի առաջին և երկրորդ գլուխներում։
Շատերը պնդում են, որ այստեղ նշված օրը սովորական 24-ժամյա օր է նշանակում։ Լավ, ենթադրենք՝ այդպես է։Ընթերցենք Ծննդոց 1։4-5․ «4Աստված տեսավ, որ լույսը բարի է. և Աստված լույսը բաժանեց խավարից։ 5Աստված լույսը կոչեց Ցերեկ (եբրայերեն՝ יוֹם (yôm)) և խավարը կոչեց Գիշեր։ Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր առաջին»։
Այսպիսով՝ Աստված լույսը կոչեց Ցերեկ (եբրայերեն՝ יוֹם (yôm)), իսկ խավարը՝ Գիշեր։ Այդ համատեքստում «օր»-ը, որ հայերեն թարգմանվել է «ցերեկ», ցերեկային ժամանակն է՝ մոտավորապես 12 ժամ։
Այնուհետև ընթերցենք Ծննդոց 1։8․ «8Աստված հաստատությունը կոչեց Երկինք։ Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր երկրորդ»։
Այս համատեքստում օրը (եբրայերեն՝ יוֹם (yôm)), թերևս
24 ժամ է։
Այսպիսով, մենք ունենք մի «օր», որը կարծես 12 ժամ է, և ունենք մեկ
ուրիշ «օր», որը կարծես 24 ժամ է։
Իսկ հիմա եկեք ընթերցենք Ծննդոց գրքի
2։4․ «4Սրանք
են երկնքի ու երկրի ծնունդները, նրանց ստեղծման ժամանակը։ Այն օրը, երբ
Տեր Աստված ստեղծեց երկիրն ու երկինքը»։
Եվ որքա՞ն է ա՛յս օրվա տևողությունը։ Արդյո՞ք Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց մեկ
օրում, թե՞ այստեղ խոսքը որոշակի ժամանակահատվածի մասին է։
Այսպիսով՝ մենք ունենք «օր» բառի երեք կիրառություն։ Նույն եբրայերեն բառն (יוֹם (yôm)) է, բայց երեք տարբեր համատեքստերում։ Եվ սա տեսնում ենք ընդամենը Ծննդոց գրքի 1-2։4 համարները ուսումնասիրելիս։
Կարո՞ղ է ինչ-որ մեկը վստահաբար պնդել, որ «օրը» 24 ժամ է։ Լավ, բայց ո՞ր
օրը։
Ակնհայտ է, որ օրերից մեկը օրվա մի մասն է՝ մի հատվածը։ Մեկ ուրիշը գուցե 24 ժամ է։
Իսկ երրորդ դեպքում խոսքը «այն օրվա» կամ որոշակի ժամանակահատվածի մասին է։
Այսպիսով, այս ամենը պարզելն այնքան էլ հեշտ չէ, որքան կարող է առաջին հայացքից թվալ։
Կա նաև մեկ այլ հանգամանք։ Ջերալդ Շրյոդերը ֆիզիկոս է։ Նա
հրեա է՝ ուղղափառ հրեա և ապրում է Երուսաղեմում։ Ի դեպ, ես հանդիպել եմ նրան։ Նա այս
թեմայի վերաբերյալ աշխատություններ է գրել։
Մենք գիտենք, որ Տիեզերքն ընդարձակվում է՝ Մեծ պայթյունից սկսված։
Եվ այդ պատճառով այսօրվա օրը կարող է մի փոքր ավելի երկար լինել, քան երեկվա օրը։ Եվ
այդ նույն պատճառով օրերը շարունակում են երկարել։
Իհարկե, մենք պտտվում ենք Արեգակի շուրջը, ինչպես նաև մեր առանցքի շուրջը, բայց Տիեզերքը
շարունակում է ընդարձակվել։
Ժամանակի ընթացքում ամեն ինչ ավելի ու ավելի է հեռանում իրարից։ Եվ քանի որ Տիեզերքն
ընդարձակվում է, ժամանակը փոխվում է՝ կախված այն բանից, թե որտեղ ենք գտնվում
Տիեզերքի ընդարձակման գործընթացում։ Սա է այն, ինչ մեզ սովորեցրեց Էյնշտեյնը:
Եթե հետ նայենք արարչագործության վաղ փուլերին, Մեծ պայթյունից կարճ ժամանակ անց, ապա
այնտեղ մեկ օրը կարող էր տարբեր լինել մեր ժամանակի մեկ օրից։
Մենք հետ ենք նայում այդ ժամանակաշրջանին, և այն մեզ կարող է թվալ երկար ժամանակահատված, մինչդեռ այն ժամանակ այնտեղ ապրելու դեպքում այդ ժամանակահատվածը կարող էր շատ կարճ թվալ, քանի որ ժամանակի ընկալումը տարբեր է՝ կախված նրանից, թե Տիեզերքի ընդարձակման որ փուլում ենք գտնվում։
Ջերալդ Շրյոդերի «Տիեզերքի տարիքը» (Gerald Schroeder, Age of the
Universe) մոտ հինգ էջանոց մի փաստաթուղթ է, որտեղ նա ամփոփում է իր տեսակետը։
Նա այդ թեմայով ամբողջական գիրք էլ ունի։
Ես դա տվել եմ վիճակագիրների: Նրանցից մեկը MD Anderson-ում պրոֆեսոր է, և նրան
դա շատ դուր եկավ։ Նա ասաց. «Բոլոր մաթեմատիկական հաշվարկները ճիշտ են»։ Իսկ ի՞նչ էինք
սպասում։ Ջո Շրյոդերը ֆիզիկոս է։ Իհարկե, բոլոր հաշվարկները ճիշտ են։
Այսպիսով, սա հարցին նայելու ևս մեկ եղանակ է։
Ավետարանական համայնքի քրիստոնյաներն այսօր կարող են որդեգրել Երիտասարդ Երկրի արարչագործության
տեսակետը, և դա Ծննդոցը մեկնաբանելու հնարավոր եղանակներից մեկն է։ Սակայն դա միակ
եղանակը չէ։
Ես պարզապես ցանկանում եմ ասել, որ մեկնաբանման տարբեր եղանակներ կան։ Տվյալ համարների
մեկնաբանությունը ունի ավելի քան մի մոտեցում։
________________________________
Շնորհակալություն այսօր ինձ միանալու համար։
Եթե չեք հավատում Հիսուս Քրիստոսի ֆիզիկական հարությանը և ցանկանում
եք լսել, թե ինչու եմ ես դրան հավատում, ուղարկեք ինձ էլեկտրոնային նամակ tour@drsour.org հասցեին,
և մենք կարող ենք Zoom-ով հանդիպել, իսկ ես կկիսվեմ ձեզ հետ, թե ինչու եմ հավատում
դրան։
No comments:
Post a Comment