ՎԵՐ. ՀԵՆՐԻԿ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
Սիրելիներ, արդեն մի քանի շաբաթ է մենք ԱՍՏԾՈ Խոսքից կարդում ենք Գաղատացիս թղթի որոշ համարներ։ Գաղատացիս թուղթը Պողոս առաքյալի շատ կարևոր նամակներից է, որում հատուկ խոսվում է ԱՍՏԾՈ շնորհքի և հավատքով փրկության մասին։ Բացատրվում է, թե ինչպես մարդը շատ հեշտությամբ կարող է Աստվածաշնչի ճշմարտությունից շեղվել և իր կարծիքով ճիշտ, սակայն իրականում սխալ համոզումների հետևել։ Թղթում նշվում է, որ Գաղատիայի ժողովուրդը Ավետարանի բարի լուրը (Հիսուսի միջոցով փրկվելու լուրը) լսեց, սակայն քիչ ժամանակ հետո դարձավ դեպի օրենքը և փորձեց օրենքը կատարելով իրեն հանգիստ զգալ։
Այսօր նույն ուղղությամբ մեր նյութը շարունակում ենք, և ուզում եմ կենտրոնանալ խղճի վրա։ Տեսնենք, թե ԱՍՏԾՈ շնորհքը ի՞նչ կապ ունի մեր խղճի խայթի հետ։
Գաղատացիս թղթի մեջ Պողոս առաքյալը բացատրում է . «Գիտցէ՛ք թէ անոնք որ հավատքէն են՝ անո՛նք են Աբրահամի որդիները։ Գիրքը, նախատեսելով թէ Աստուած հեթանոսները պիտի արդարացնէ հաւատքի միջոցով, նախապէս աւետեց Աբրահամին՝ ըսելով. «Քեզմո՛վ պիտի օրհնուին բոլոր ազգերը»։ Ուստի անոնք որ հաւատքէն են՝ կ՛օրհնուին հաւատացեալ Աբրահամի հետ։ Որովհետեւ բոլոր նրանք որ Օրէնքին գործերէն են՝ անէծքի տակ են, քանի որ գրուած է. «Անիծեա՛լ ըլլայ ո՛վ որ չի յարատեւեր Օրենքի գիրքին բոլոր գրուածներուն մէջ՝ զանոնք գործադրելու համար»։ Իսկ բացայայտ է թե ոչ մէկը կ՛արդարանայ Աստուծոյ աեջեւ Օրէնքով, քանի որ «արդարը հաւատքո՛վ պիտի ապրի»։ Բայց Օրէնքը հաւատքէն չէ, հապա՝ «այն մարդը որ կը գործադրէ զանոնք՝ պիտի ապրի անոնցմով»։ Քրիստոս փրկանքով գնեց մեզ Օրէնքի անէծքէն՝ մեզի համար անիծուելով, (որովհետեւ գրուած է. «Անիծեալ է ո՛վ որ փայտէն կը կախուի») որպէսզի Աբրահամի օրհնութիւնը գայ հեթանոսներուն վրայ՝ Քրիստոս Յիսուսի միջոցով. որպէսզի մե՛նք ալ ստանանք Հոգիին խոստումը՝ հաւաըքի միջոցով (Գաղ. 3։7-14):
Թող ԱՍՏՎԱԾ oրհնի Իր Խոսքի մեկնաբանությունը մեզնից յուրաքանչյուրի համար։
Սիրելիներ, այս համարների մեջ Պողոս առաքյալը շատ ամփոփ կերպով ասում է, որ ԱՍՏԾՈ օրենքը եթե կատարես, օրհնություն ունի, եթե չկատարես՝ պատիժ և անեծք։ Նաև ասում է, որ բոլորս օրենքը ոտնահարել ենք այս կամ այն կերպ և ԱՍՏԾՈ չափանիշներով ոչ թե օրհնության, այլ պատժի ու անեծքի ենք արժանի։ Չեմ կարծում, թե մեր մեջ կա մեկը, որ խղճի խայթ չունի և ինքն իրեն չի տվել հետևյալ հարցը՝ ես ԱՍՏԾՈ ուզած ձևով չեմ ապրում, ապա ի՞նչ է լինելու իմ վիճակը։ Երբեմն անում ենք ինչ–որ բան, իսկ հետո զղջում, անհանգստանում՝ թե ինչո՞ւ արեցինք։ Երբեմն էլ ինչ–որ բան չենք անում, ապա զղջում՝ թե ինչու չարեցինք։ Խղճի խայթը մեզ շարունակ անհանգստացնում է։
Սիրելիներ, ուզում եմ ամփոփ բացատրություն տալ խղճի խայթի վերաբերյալ։ Ի՞նչ է խիղճը, և արդյոք կարո՞ղ է խիղճը սխալ լինել։ Ո՞րն է մեր պատասխանը և ո՞րն է ԱՍՏԾՈ պատասխանը խղճի խայթին։ Խիղճը լա՞վ է, թե վատ։
Արդյոք պատահե՞լ է, որ մեր խղճի խայթը չթողնի մեզ մեկ օր, երկու օր, երեք օր քնել։ Պատահե՞լ է, որ այն անհանգստացնի ու տանջի մեզ։ Ի՞նչ է խիղճը։
Գրեթե բոլորս վարում ենք մեքենա ու գիտենք, որ մեքենայի մեջ բազմաթիվ լույսեր ու ազդանշաններ կան։ Կա մի լույս, որը մեզ ցույց է տալիս բենզաբաքում առկա վառելիքի չափը։ Երբ այն վառվում է, գիտենք, որ շուտով վառելանյութը կվերջանա, և մեքենան կկանգնի։ Խիղճը նման է այս ազդանշանին, որ զգուշացնում է մեզ՝ եթե այսպես շարունակես, մի բան կպատահի։ Մեքենայի մեջ ազդանշան կա ջրի, դռների, ամրագոտիների և զանզան այլ բաների համար։ Ամեն պահի տարբեր կողմերից լույսեր են վառվում։ Երբեմն ուրախ ենք այս ազդանշանների համար, երբեմն էլ հոգնում ենք։ Մեր խիղճն էլ այս ազդանշանների պես հանգիստ չի տալիս մեզ։
Սիրելիներ, խիղճը մեր էության մեջ ԱՍՏԾՈ կողմից դրված է, որ մեզ զգուշացնի։ Ընդամենը զգուշացնի, որ մի բան մի տեղ սխալ է, և պետք է միջոց ձեռնարկել։ Եթե այս է խիղճը, շատ լավ բան է։ Սակայն մեր վերաբերմունքը խղճի նկատմամբ երբեմն ճիշտ չէ։ Օրինակ, երբ ինքնաշարժի մեջ վառելանյութի ազդանշանը վառվում է, մենք անմիջապես սկսում ենք բենզակայան փնտրել։ Սակայն ոմանք շարունակում են իրենց ճանապարհը, իսկ հետո մայրուղու վրա, երբ դուրս գալու ելք չեն գտնում, սկսում են մտահոգվել։ Մի փոքրիկ նշանը դառնում է հոգս, դառնում է անհանգստութույն։ Մինչդեռ եթե այն ժամանակին չանտեսեիր, հետագայում խնդիրներ չէիր ունենա։
Սիրելիներ, խիղճը հենց այդ ազդանշանն է։ Սակայն երբեմն կան նաև սխալ նշաններ։ Պատահե՞լ է, որ մեքենան վարելիս, հատկապես երբ այն հին է, հանկարծ վառվում է վառելանյութի ազդանշանը, թեև բենզաբաքը լեփ–լեցուն է։ Երբեմն մեր խիղճը այդպես է։ Փչանալու պատճառով մեզ սխալ նշաններ է տալիս։ Պատահում է, որ ոչ մի սխալ բան չես արել, բայց եկեղեցու անդամները իրենց ծուռ նայվածքով, ընտանիքի անդամները իրենց անտեղի ակնկալիքներով պատճառ են դառնում, որ մեր մեջ ճրագներ վառվեն, որ չպետք է վառվեին ու անհանգստացնեին մեզ։ Ուրեմն մեր խիղճը միայն ԱՍՏԾՈՒՑ չէ, որ առաջնորդվում է։ Մեր խիղճը ազդվում է նաև շրջապատից։
Երբեմն էլ պատահում են մարդիկ, որ բոլորովին խիղճ չունեն։ Կարող են անել ամենադաժան բաներն ու ոչնինչ էլ չզգալ։ Իրենց կյանքի փորձառության կամ մեղքի մեջ շատ առաջանալու պատճառով նրանց խիղճը փչացած է։
Մի ուրիշ խիղճ էլ կա, որ չափից դուրս զգայուն է։ Ամենփոքր բանից ամեն քայլափոխի անհանգստանում է՝ ինչի՞ այսպես ասացի, ինչի՞ ինձ այդպես նայեցին... Այս խիղճն էլ չափից դուրս զգայուն է դարձել և սխալ նշաններ է տալիս։
Մեր խիղճը կարող է սխալվել, եթե սխալ ձևով դաստիարակվի։ Այն կարող է մեզ վնասել, եթե չափից դուրս զգայուն դառնա։ Երբեմն եկեղեցիների մեջ որոշ հավատացյալներ պատճառ են դառնում, որ ուրիշները չափից դուրս զգայուն խիղճ ունենան։ Տակնուվրա լինեն, մշտապես մտահոգվեն, որ հանկարծ սխալ բան չանեն, սխալ բան չասեն։ Կյանքը ապրում եմ ոչ թե իրենց, ոչ թե ԱՍՏԾՈՒ, այլ շրջապատի համար։ Եվ բոլորս էլ գիտենք որ շրջապատին հնարավոր չէ գոհացնել։ Այպես մեր խիղճը դառնում է մարդկանց խաղալիքը։ Շատ պետք է զգույշ լինենք, որ հանկարծ ավելորդ բեռ մարդկանց վրա չդնենք։ Հիշո՞ւմ եք ՀԻՍՈՒՍԸ փարիսեցիներին ինչ ասաց։ ՀԻՍՈՒՍԸ նրանց հանդիմանեց, որ ծանր բեռ են դնում ժողովրդի վրա և փոխարեն օգնեն նրանց կրելու այդ բեռը, դեռ ավելի ծանրացնում են։
Այպիսով, սիրելիներ, խիղճը մի ազդանշան է, որը կարող է տարբեր բաներից ազդված փչանալ. շարունակ անտեղի ձայն հանել կամ երբեք ձայն չհանել։ Ուրեմն ինչպե՞ս իմանանք, արդյոք մեր խիղճը ճի՞շտ, թե՞ սխալ է։ Ինչ չափանիշներ ունենք ստուգելու այն։
Ահա 3 քայլեր, որոնք կօգնեն մեզ ստուգելու մեր խիղճը։
1. Այն նյութը, որն ինձ անհանգստացնում է, արդյոք ԱՍՏԾՈ՞ կողմից է, թե՞մարդկանց։ Հաճախ մենք տառապում ենք, որովհետև քույրս այսպես ասաց, եղբայրս այնպես ասաց, ուզում ենք քրոջը, մորը, ամուսնուն, երեխաներին գոհացնել։ Մինչդեռ կան շատ բաներ, որ անես, թե չանես ԱՍՏԾՈ համար շատ տարբերություն չկա։ Այսպիսով, կարևոր է պարզել, թե խիղճը մեզ անհանգստացնում է շրջապատի պատճառով, թե ԱՍՏՎԱԾ ինչ–որ ուղղությամբ մեզ բան է ուզում հասկացնել (զգուշացնում է, որ մենք սխալ ճանապարհի մեջ ենք, ԻՐ օրենքը խախտում ենք, ԻՐԵՆ անհնազանդ ենք գտնվել և այլն)։
2. Երբ խղճի խայթ ունես, արդյոք գիտե՞ս ինչի պատճառով է, թե անորոշ մի բան կա մտքիդ, չգիտես էլ՝ ինչ է։ Երբեմն ասում ենք՝ չգիտեմ ինչու սիրտս տակնուվրա է լինում, կարծես ինչ–որ սխալ բան եմ արել, բայց ի՞նչ՝ չգիտեմ։ Եթե ԱՍՏՎԱԾ մեզ ուզում է նշան տալ, որ սխալ ենք, ՆԱ մեզ ասում է, թե ինչի մեջ ենք սխալ՝ մեր խոսքի, ծրագրերի, ինչ–որ մեկի հանդեպ վերաբերմունքի... ԱՍՏՎԱԾ երբ խոսում և նշան է տալիս, հստակ է խոսում։ Եթե չես հասկանում, թե ինչու է խիղճդ տանջում, իմացիր, որ դա սխալ խղճի խայթ է։
3. Եվ վերջապես, սիրելիներ, շատ կարևոր է, գիտակցել, թե խղճի խայթը արդյոք կապված է միայն այս կամ այն ընդունված կարգը խախտելու հե՞տ, թե՞ այն անհանգստացնում է քեզ, որովհետև քո ու ԱՍՏԾՈ հարաբերությունն է խախտվել. քո ու շրջապատի հարաբերությունն է խախտվել։ Եթե անհանգիստ ես, որովհետև քո և ԱՍՏԾՈ կամ քո և ամուսնուդ, քո և քրոջդ, քո և զավակներիդ, քո և եկեղեցու անդամների հարաբերությունն է խախտվել և գիտես, թե ինչն է, որ այնպես չէ, իմացիր, որ դա ճիշտ նշան է։ Պետք է մի բան անել։ Բայց եթե անհանգիստ ես, որովհետև մեկի ասածով այսինչ բանը չես արել կամ ինչ–որ ընդունված նորմի չես համապատասխանում, իմացիր որ դա առողջ խղճի խայթ չէ։
Երբ մեր խիղճը մեզ անհագստացնում է, ի՞նչ սխալ քայլերի ենք հաճախ դիմում։ Հաճախ երբ մի ներիքին ճիշտ ձայն ենք լսում, անմիջապես ուզում ենք այդ ձայնը խեղդել, որովհետև այն մեզ անհանգստացնում է։ Երբեմն, անտեսում ենք այն։ Հիշենք Ադամին ու Եվային։ Նրանք մեղք գործեցին, հասկացան, որ մեղանչել են, թաքնվեցին։ Ես ու դու էլ երբեմն, երբ խնճի խայթը մեզ անհանգստացնում է, շտապում ենք թաքնվել, անտեսում ենք այն, ամաչում ենք, երբեմն էլ սկսում ենք ուրիշներին մեղադրել՝ ես այսպես արեցի, որովհետև դու այդպես վարվեցիք։ Շատ հեշտությամբ պատասխանատվությունից փաչնում ենք՝ մեղադրելով շրջապատին՝ ծնողներին, եղբայրներին, ընկերներին, ամուսիններին, եկեղեցու անդամներին, հովվին։ Սիրելիներ, սա մարդու պատասխանն է խղճի խայթին։
Իսկ ո՞րն է ԱՍՏԾՈ պատասխանը։
Հաճախ մենք ցույց ենք տալիս դիմացինի սխալը և չենք առաջարկում որևէ ելք։ Սակայն ԱՍՏՎԱԾ այդպես չի վարվում։ ՆԱ չի ուզում մեզ ամաչեցնել, տանջել... ԱՍՏՎԱԾ եթե մեր սխալը մեզ ցույց է տալիս, ուրեմն ցանկանում է մեզ բժշկել, ուղղել, մեզ ազատել այդ սխալից։ Երբ ԱՍՏՎԱԾ իմ ու քո սրտի հետ խոսում է, մեր խիղճը արթնանում է և սկսում է ինչ–որ բաներ տեսնել, նկատել, լսել։ ԱՍՏԾՈ պատասխանը շնորհքն է։
Շատ գեղեցիկ է ասվում 1 Հովհ. 1։9 համարի մեջ. «Իսկ եթէ խոստովանենք մեր մեղքերը, հաւատարիմ է ՆԱ եւ արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու եւ մաքրելու համար մեզ ամէն անիրաւութիւնից»։
Երբ ԱՍՏՎԱԾ նշան է ցույց տալիս, որ մի բան սխալ է, ԱՍՏՎԱԾ դրա հետ մեզ տալիս է նաև ԵԼՔ։ Եթե վառելանյութ չունես, եթե ազդանշանը վառվեց, դրա համար չէ, որ չափազանց մտահոգվես, այլ որ լուծում գտնես։
Երբ խիղճը զգուշացնում է, որ սխալի մեջ ենք, պետք է ճամփա փնտրենք։ Իսկ ԱՍՏԾՈ ճամփան սա է՝ խոստովանիր մեղքդ, ընդունիր, որ սխալ ես և ԱՍՏԾՈՒՆ ասա ՝ Այո, ՈՎ ՏԵՐ, հասկացա, որ մեղք եմ գործել՝ ՔՈ նկատմամբ անհավատարիմ եմ գտնվել, օրենքդ եմ խախտել…
Առաջին քայլը գուցե դժվար լինի, բայց փոխարեն փախչես շնորհակալություն հայտնիր ՏԻՐՈՋԸ։ Ինչ մեղք էլ ունենաս, հենց ԱՍՏՎԱԾ քեզ ցույց է տալիս, լինի դա քարոզ լսելիս, ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ կարդալիս, մեկի հետ խոսակցություն ժամանակ, ցանկացած առիթով.... ընդունիր։ Ընդունիր, որովհետև ԱՍՏՎԱԾ դաժան չէ, և ՆՐԱ նպատակը քեզ մեղքի մեջ բռնելն ու ոչնչացնելը չէ։ ԱՍՏՎԱԾ մեր մեղքը մեզ ցույց է տալիս, որպեսզի կռացած ծունկը կանգնեցնի։ Եթե ԱՍՏՎԱԾ սրտիդ հետ խոսում է, միակ պատճառը ՄԵԾ ՍԵՐՆ է։ Վստահիր ՆՐԱՆ, մի վախեցիր։ Եվ ընդունիր ԱՍՏԾՈ ներումը։
Իմացիր, երբ խոնարհվես ԱՍՏԾՈ առջև, ասես՝ ով Տեր, այո, ես թերի եմ գտնվել, վստահում եմ, որ դու կարող ես ներել, վստահում եմ, որ կարող ես ինձ նոր սկիզբ տալ, հիմա ուզում եմ քո ներումը վայելել, ուզում եմ նոր կյանք ունենալ, ուզում եմ, որ ճամփաս փոխվի, Սուրբ գիրքը շատ հստակ կերպով ասում է, որ ՆԱ հավատարիմ է և արդար, որ թողի մեզ և սրբի մեզ մեր անօրենությունից։
ԱՍՏՎԱԾ հավատարիմ է. ԱՍՏՎԱԾ ներում է և պատրաստ է մեզ նոր սկիզբ տալու։ Ուրեմն ընդունիր ԱՍՏԾՈ ներումը։ Վայելիր ներման ուրախությունն ու խաղաղությունը։ Աստված չի ուզում, որ անդադար հիշենք մեր մեղքերի ու սխալների մասին։ Սխալդ հասկացե՞լ ես, խոստովանիր, վստահիր, որ ԱՍՏՎԱԾ ներում է, այդ էջը պատռիր, մի կողմ նետիր՝ վերջ։ Հին Կտակարանը շատ գեղեցիկ է ասում՝ Դու իմ մեղքերս առնում ես, և օվկիանոսի անդունդներն ես նետում... Որքան հեռու է արևելքն արևմուտքից, այնքան ԴՈՒ ինձնից հեռացնում ես իմ մեղքերը...
Մի թող, որ անցյալի պատահածը (հասկանալուց, խոստովանելուց ու ներում խնդրելուց հետո) շարունակ վերադառնա ու քեզ տանջի։ Եթե այն անդադար քեզ հալածում է, հավատա, որ ԱՍՏՎԱԾ չէ, այլ չարն է, որ ուզում է քեզ հուսահատեցնել։ Չարը ուզում է քո մեջ կասկած առաջ բերել, ուզում է, որ դու հույսդ կտրես և իր հետևից գնաս։ Սիրելիս, ընդունիր ԱՍՏԾՈ ներումը, վստահիր, որ ինքը քեզ ներել է։
Ոմանք չափազանց մտահոգ են, որ միգուցե վաղն էլ կրկին նույն սխալն անեն։ Վաղվա հոգսը թող վաղվան։ Եթե վաղը նորից սխավես, նորից մեղքի մեջ ընկնես, կրկին ացիր նույն ճանապարհը. նորից ընդունիր, նորից հանդիմանվիր, նորից ԱՍՏԾՈ գութին ու ողորմությանը վստահիր և ՆՐԱ հետ քայլիր։ Եթե շարունակես նույն սխալը կրկնել, իմացիր, որ պետք է ավելի ուշադիր լինել, թերևս նաև կարիք ունես օգնության։ Դիմիր հովվին։ Երբեմն կան գերություններ՝ ալկոհոլից կաղվածություն, թմրամոլություն և այլն, որ դրանց մեջ հայտնված մարդիկ, բացի խոստովանելուց և ԱՍՏԾՈՒՑ թողություն խնդրելուց նաև մասնագիտական օգնության կարիք ունեն։ Հարկավոր է դիմել կենտրոնների։ Թողեք, որ ԱՍՏՎԱԾ միջոցները օգտագործի ձեզ ազատելու համար։
Վստահ եղեք, որ ԱՍՏՎԱԾ մեր անցյալի, ներկայի և ապագայի մեղքերը ներում է։ ԱՍՏՎԱԾ խիղճը չի տվել, որ մեզ անհանգստացնի, հալածի ու ոչնչացնի։ ԱՍՏՎԱԾ խիղճը տվել է միայն, որ մենք հասկանանք մեր սխալը, միջոցներ ձեռենարկենք, լուծում փնտրենք։
Սիրելիս, խղճի խայթ ունես, պարզիր ճի՞շտ է, թե՞ սխալ։ Եթե ճիշտ է և ԱՍՏԾՈ կողմից է, վստահիր ՆՐԱՆ։ Իսկ եթե անտեղի խղճի խայթ է և շարունակ քեզ նեղացնում է, ուրախությամբ քեզ հետ կխոսեմ, կքաջալերեմ քեզ ու կառաջնորդեմ...ԱՍՏՎԱԾ չի ուզում, որ մեր խղճի խայթը շարունակ մեզ անհանգստացնի։ ԱՍՏՎԱԾ նշան է տալիս, որ զգաստանանք, աղբյուրին դիմենք, առատորեն ու ձրիաբար ԱՍՏԾՈ կենաց ջրից խմենք։
Սիրելիներ, ԱՍՏԾՈ պատասխանը շնորհք է, սեր է, ներում է։ Ինչ որ լսեցիք, ձեզ համար գործածեք և բաժնեկցեք ուրիշների հետ։
No comments:
Post a Comment