Pages

Wednesday, January 10, 2024

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԳԱՆՁԵՐ

 Գ. Լորի

«ՏԻՐՈ՛ՋԸ տվեք իր անվան փառքը: Ընծա՛ բերեք և մտեք Նրա ներկայության մեջ»
. Մնաց. 16:29):

Եթե դուք երբևէ խաղացել եք Մոնոպոլիա խաղը, ապա տեսել եք, թե ինչ տարբեր ռազմավարություններ են կիրառում մարդիկ հաղթելու համար: Որոշ մարդիկ գնում են տախտակի վրա գտնվող ողջ գույքը՝ այն հույսով, որ իրենց հակառակորդներին դուրս կմղեն բիզնեսից: Մյուսները խնայում են գումարը՝ հուսալով, որ կկարողանան հյուրանոցներ տեղադրել և այդ կերպ մեծ գումար վաստակել։
Սակայն երբ խաղն ավարտվում է, նրանց շահումները նույնպես անհետանում են:

Որքան տեղին է Առակացի 23:5 համարը. «Մի ակնթարթում հարստությունն անհետանում է, այն իր համար թևեր է շինում և արծվի պես երկինք թռչում» (NLT)։ Զարմանալի է, թե որքան արագ կարող է դրամն անհետանալ:

Մենք չենք կարող վերցնել այն մեզ հետ, բայց մենք կարող ենք այն մեզնից առաջ ուղարկել: Ինչպե՞ս: Ներդրումներ կատարելով Աստծո արքայության գործի մեջ: Այսպիսով մենք գանձեր ենք դիզում երկնքում:

Փողը ոչ լավ է, ոչ էլ վատ։ Փողը չեզոք է: Աստվածաշունչը չի ասում, որ փողը չարիքի արմատն է։ Ահա թե ինչ է այն ասում. «Որովհետև բոլոր չարիքների արմատը արծաթասիրությունն է, որին բաղձալով՝ ոմանք հավատից մոլորվեցին ու իրենք իրենց բազում ցավեր պատճառեցին» (Ա. Տիմ. 6:10)։

Խնդիրն ինքնին փողը չէ. Խնդիրը դրա հանդեպ սերն է: Եթե փողը մեր կյանքում ամենակարևոր բանն է, ապա այն կլինի մեր կյանքում բոլոր տեսակի չարիքների արմատը: Բայց եթե մենք կարողանանք փողի հանդեպ ճիշտ դիրքորոշում ունենալ, ապա այն կարող է միջոց լինել՝ հասնելու և օգնելու ուրիշներին:

Մենք պատվում ենք Աստծուն՝ բերելով Նրան մեր ընծաները:
«Տիրո՛ջը տվեք, ո՛վ բոլոր ժողովուրդներ, Տիրոջը տվե՛ք փառք և զորություն: Տիրոջը տվեք Իր անվան փա՛ռքը: Ընծա՛ բերեք և մտեք Նրա ներկայության մեջ» (Ա. Մնաց.16:28-29):

Հիսուսն ասաց. «Ավելի երանելի է տալը, քան ստանալը» (Գործք 20:35)։ Եվ իսկապես, որքան ուրախություն է պատճառում տալը:

Նա նաև զգուշացրեց. «Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն ապականում են, և որտեղ գողերը ներս են սողոսկում ու գողանում։ Այլ ձեզ համար երկնքո՛ւմ գանձեր դիզեք, որտեղ ո՛չ ցեցը, ո՛չ ժանգը չեն ապականում, ո՛չ էլ գողերն են սողոսկում ու գողանում: Որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի (Մատթ. 6:19-21)։

Հիսուսը դա չասաց, քանի որ հարստությունը հնարավոր է կորցնել: Նա ասաց դա, քանի որ հարստությունը անպայման կորցնում ենք: Այլ կերպ ասած՝ մենք չենք կարող այն մեզ հետ տանել: Կամ կորցնում այն մեր կյանքի օրոք, կամ երբ մահանում ենք: Բացառություններ չկան։ Այն, ինչ արժեքավոր է երկրի վրա, արժեք չունի Երկնքում:

Արդյո՞ք Հիսուսը դատապարտում է նրանց, ովքեր ֆինանսապես ապահով են։ Ոչ: Արդյո՞ք Նա ասում է, որ սխալ է գումար վաստակել և խնայել: Բացարձակապես ոչ: Նա ասում է, որ սխալ է մեր ողջ հույսը դնել ժամանակավոր, երկրային գանձերի վրա և ոչինչ չունենալ հավերժության համար (գանձեր չդիզել երկնքում):




No comments: