Pages

Sunday, January 21, 2024

Ի՞ՆՉ Է ԱՍՏՎԱԾ ՈՒԶՈՒՄ

 Գ. Լորի 

«Մի՞թե Տիրոջ առջև ողջակեզներն ու զոհերը Տիրոջ ձայնին հնազանդվելու չափ հաճելի են: Հնազանդությունը ավելի լավ է զոհից, և խոսքին ուշադիր լինելը՝ խոյերի ճարպից» (Ա. Թագ. 15:22)։ 

Սավուղ թագավորի համար իրավիճակը փոխվում էր վատից դեպի ավելի վատ: Նա արդեն անհնազանդություն էր ցուցաբերել Աստծո հանդեպ՝ զոհ մատուցելով Սամուել մարգարեի փոխարեն։ Իսկ այժմ մեկ այլ հարցում նա մասամբ էր հնազանդվել Աստծուն: 

Աստված պատվիրեց Սավուղին գնալ իր թշնամիների՝ ամաղեկացիների դեմ և ոչնչացնել նրանց։ Ուստի Սավուղը գնաց և կռվում հաղթեց նրանց։ Բայց նրանց ունեցածը ոչնչացնելու փոխարեն ավարը պահեց։

Երբ Սամուել մարգարեն գնաց Սավուղի մոտ, նա դուրս եկավ Սամուելին ողջունելու և ասաց. «Օրհնյա՜լ լինես Տիրոջից. Տիրոջ հրամանը կատարեցի» (Ա. Թագ. 15:13)։ 

Սամուելը պատասխանեց. «Հապա ի՞նչ է ոչխարների այս ձայնը, որ հասնում է ականջիս, և արջառների այս ձայնը, որ լսում եմ ես» (Ա. Թագ. 15:14):

Սավուղը պատասխանեց Սամուելին՝ ասելով, որ լավագույն ոչխարներին ու արջատներին խնայել են, որ զոհ մատուցեն Տիրոջը:

Սակայն մարգարեն պատասխանեց. «Մի՞թե Տիրոջ առջև ողջակեզներն ու զոհերը Տիրոջ ձայնին հնազանդվելու չափ հաճելի են: Հնազանդությունը ավելի լավ է զոհից, և խոսքին ուշադիր լինելը՝ խոյերի ճարպից» (Ա. Թագ. 15:22)։ 

Այլ կերպ ասած՝ Աստված ավելի շատ հետաքրքրված է մեր գործերով, քան մեր խոսքերով: 

Երբեմն մենք փորձում ենք արդարացնել մեր արածը և նույնիսկ փոխհատուցել դրա համար: Պատկերացրեք, որ Ձեր կյանքում կա մեկը, ով միշտ ներկայացել է որպես Ձեր ընկեր: Եվ մի օր Դուք նրան պատմում եք ինչ-որ անձնական պրոբլեմի մասին և խնդրում, որ այն գաղտնիք մնա: Սակայն իսկ հաջորդ առավոտ հայտնաբերում եք, որ Ձեր ընկերը այդ մասին գրել է սոցիալական կայքում: 

Անմիջապես զանգում եք նրան և հարցնում, թե ինչո՞ւ է նա այդպես վարվել:  

Ձեր ընկերը ընդունում է իր սխալը, խոստանում, որ երբեք այլևս նման բան չի անի: Եվ Դուք որոշում եք նրան ներել:

Սակայն հենց հաջորդ օրը Ձեր այսպես կոչված ընկերը սոցիալական կայքում տեղադրում է ավելի շատ գաղտնիքներ Ձեր մասին: Դուք վերջապես նրա հետ խիստ եք խոսում և ասում, որ ընկերությունը ոչ թե խոսքով, այլ գործով է պետք ցույց տալ: 

Աստված այդպիսի բազում ընկերներ ունի: Նրաք պնդում են, թե Աստծուն սիրում են, հետո բացահայտորեն, դիտավորությամբ և շարունակաբար խախտում են Աստծո պատվիրանները՝ իրենք իրենց մխիթարելով, որ փոխարենը մի փոքր ավելի շատ գումար կտան եկեղեցուն կամ ավելի ակտիվ կմասնացեն փառաբանությանը: 

Այն, ինչ Աստված իսկապես ուզում է մեզանից, հնազանդությունն է: Նրան հետաքրքրում է, թե ինչ է կատարվում մեր սրտերում: Մենք կարող ենք արտաքուստ երկրպագել, բայց ներքուստ մեղք գործել: Աստծո մոտ կարևորը սիրտն է: 

Դուք իսկապե՞ս քրիստոնյա եք (Հիսուսի իսկական հետևորդ): Դուք Տիրոջ բարեկա՞մն եք: Եթե այո, ապա արեք այն, ինչ Նա Ձեզ ասում է: Հովհ. 15:14 համարում Հիսուսն ասում է. «Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես պատվիրում եմ ձեզ»։





No comments: