Գ. Լորի
«Քո աչքերը տեսան իմ կազմվածքը, որ անպատրաստ էր դեռ, և բոլոր անդամներս քո գրքում արձանագրված էին, որոնք ժամանակին պիտի կազմվեին, երբ դեռ նրանցից ոչ մեկը չկար» (Սաղմոս 139:16):
Անկասկած, մարդն Աստծո մեծագույն ստեղծագործությունն է: Մենք արարչագործության թագն ենք: Սաղմոսերգու Դավիթը գրել է Աստծո ստեղծած մարդկային մարմնի բարդության մասին. «Որովհետև դու ստեղծեցիր իմ ներքին անդամները և դու ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում։ Գոհանում եմ քեզնից, որովհետև ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի: Սքանչելի են քո գործերը, և իմ անձը դա լավ գիտի» (Սաղմ. 139:13-14):
Դավիթը շարունակում է. «Իմ ոսկորները չծածկվեցին քեզնից, երբ ես ծածուկ տեղը ստեղծվեցի, և երկրի խորություններում ճարտարությամբ կազմվեցի: Քո աչքերը տեսան իմ կազմվածքը, որ անպատրաստ էր դեռ, և բոլոր անդամներս քո գրքում արձանագրված էին, որոնք ժամանակին պիտի կազմվեին, երբ դեռ նրանցից ոչ մեկը չկար» (Սաղմ. 39:15-16):
Սուրբ Գրքում տեսնում ենք, որ Աստված ծրագիր ունի մեզանից յուրաքանչյուրի համար, նույնիսկ նախքան մեր ծնվելը: Երեմիա մարգարեն գրում է. «Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Քեզ որովայնում չձևակերպած՝ քեզ ճանաչում էի, և քեզ, մորդ արգանդից դեռ դուրս չեկած, ես սրբեցի, քեզ ազգերին մարգարե կարգեցի» (Երեմ. 1:4-5)։
Այս համարները, ի թիվս այլոց, անշուշտ հերքում են ցանկացած աղավաղված գաղափար, թե Աստվածաշունչը ինչ-որ կերպ կարող է թույլ տալ հղիության արհեստական ընդհատումը:
Աստծո արարչագործության այս գլուխգործոցը՝ մարդ արարածը, պարզապես հիանալի է: Գիտնականները հաշվարկել են, որ չափահաս մարդու մարմինը պարունակում է 16 տրիլիոն բջիջ, որոնք բոլորը խնամքով կազմակերպված են կյանքի համար անհրաժեշտ տարբեր ֆունկցիաներ ներդաշնակորեն կատարելու համար:
Դիտարկենք վիճակագրություն մարդու մարմնի և այն զարմանալի բաների մասին, որոնց նա ընդունակ է. քիթը կարող է ճանաչել 10000 տարբեր բույրեր: Լեզուն ունի մոտ 6000 համային զգայարաններ (Taste bud)։ Իսկ ուղեղը պարունակում է 10 միլիարդ նյարդային բջիջներ: Յուրաքանչյուր նյարդային բջիջ ամբողջ մարմնում միանում է մինչև 10000 այլ նյարդային բջիջների: Իրականում, մարմինն այնքան շատ արյունատար անոթներ ունի, որ ընդհանուր երկարությունը կարող է երկուսուկես անգամ պտտվել երկիր մոլորակի շուրջը:
Աստված մեզանից յուրաքանչյուրին անհատապես ձևավորել է մեր սեփական ԴՆԹ-ով, որն առկա է յուրաքանչյուր բջջում:
Մենք ունենք ապշեցուցիչ կարողություն ամբարելու միլիոնավոր բիթ ինֆորմացիա, պահելու այն կարգավորված և անհրաժեշտության դեպքում վերհիշելու: Մենք «հրաշալիորեն բարդ ենք», ինչպես ասվում է 139-րդ սաղմոսում։ Եվ Աստծո ծրագիրը նրանց համար, ովքեր հավատում են Քրիստոսին, առավել ևս հրաշալի է: Մենք չպետք է վախենանք, քանի որ Նրա շարժառիթը միշտ մեր հանդեպ ունեցած սերն է:
Եփեսացիս 2:6-7-ում ասվում է. «Նրա հետ մեզ հարություն տվեց և Նրա հետ բազմեցրեց մեզ երկնային վայրերում՝ Քրիստոս Հիսուսով, որպեսզի գալիք դարերում ցույց տա իր շնորհի գերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսով մեր հանդեպ ունեցած քաղցրությամբ»։
Աստված ցանկանում է անցկացնել ողջ հավիտենականությունը՝ բացահայտելով մեզ Իր բարությունը, գթասրտությունն ու շնորհը: Նա ցանկանում է անցկացնել հավերժությունը՝ ցույց տալով, թե որքան է սիրում մեզ:
No comments:
Post a Comment