Pages

Saturday, June 22, 2024

ԵՐԿՐՊԱԳԻ՛Ր ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏԾՈՒՆ

Գ. Լորի

«Աստված Հոգի է, և Նրան երկրպագողներն էլ պետք է, որ երկրպագեն հոգով և ճշմարտությամբ»:
Հովհ. 4:24

Որոշ մարդիկ սիրում են պատկերացնել մի հեզ և մեղմ Հիսուսի, ով շրջում է՝ ուսերին դրած գառնուկ, և ասում մարդկանց. «Ինչի էլ հավատաք, ես դեմ չեմ, այնքան ժամանակ, քանի դեռ հավատարիմ եք ինքներդ ձեզ»:

Սակայն այդպիսին չէ Աստվածաշնչի Հիսուսը: Երբ Սամարիայում՝ Հակոբի ջրհորի մոտ, Հիսուսը խոսեց մի կնոջ հետ, կինն ասաց. «Մեր հայրերը երկրպագեցին այս լեռան վրա, բայց դուք (հրեաներդ) ասում եք, թե Երուսաղեմն է միակ տեղը, որտեղ պետք է երկրպագություն անել» (Հովհ. 4:20): 

Հիսուսը պատասխանեց նրան. «Կի՛ն, հավատա՛ ինձ, որ ժամանակը կգա, երբ ո՛չ այս լեռան վրա և ո՛չ էլ Երուսաղեմում կերկրպագեք  Հորը: ... Բայց ժամանակը կգա, և արդեն եկել է, երբ ճշմարիտ երկրպագողները կերկրպագեն Հորը հոգով ու ճշմարտությամբ, որովհետև Հայրն իրեն այդպիսի երկրպագողներ է ուզում» (Հովհ. 4:21, 23):  

Հիսուսը հասկացնում էր կնոջը, որ հավատքի այդ ձևը սխալ է և չի առաջնորդի դեպի Աստված: Հիսուսը սամարացի կնոջը նաև ասաց. «Դուք երկրպագում եք նրան, ում չգիտեք. մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք. որովհետև փրկությունը հրեաներից է» (Հովհ. 4:22):

Անչափ կարևոր է, որ մենք երկրպագենք ճշմարիտ Աստծուն: Հաճախ կարող ենք լսել նման մտքեր. «Չեմ կարծում, որ եկեղեցի գնալու կարիք կա: Ես կարող եմ շփվել Աստծո հետ բնության գրկում: Ես եկեղեցի գնալ չեմ սիրում»։ Իսկ Աստվածաշունչն ասում է, որ մենք պետք է Աստծուն երկրպագենք թե՛ հոգով և թե՛ ճշմարտությամբ։

Մենք պետք է հասկանանք, որ Աստված է հիմնել եկեղեցին: Եկեղեցին կատարյալ չէ: Այն ունի թերություններ: Բայց Հիսուսն է այն ստեղծել: Եվ Նա ասել է, որ երբ Իր ժողովուրդը հավաքվում է, երբ մենք հանդիպում ենք Աստվածաշնչի ուսումնասիրության և երկրպագության նպատակով, Նա հատուկ ձևով է արտահայտում իր ներկայությունը: «Որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված լինեն, ես այնտեղ՝ նրանց մեջ եմ» (Մատթ. 18:20): Սա է Աստծուն ճշմարտությամբ երկրպագելը:

Մենք նաև պետք է հոգով երկրպագենք Աստծուն: Դուք կարող եք ամեն շաբաթ գնալ եկեղեցի, բայց իրականում Աստծո հետ հարաբերություն չունենալ: Հիսուսը հասկացնում էր սամարացի կնոջը, որ պետք է մի կողմ դնել կրոնի քննարկումը և անդրադառնանալ հարաբերությունների քննարկմանը: Էականը Աստծուն ճանաչելն է: Եթե ​​ցանկանում ես ճանաչել Նրան, կարող ես այդ անել հենց հիմա: 

Կինը նրան ասաց. «Գիտեմ, որ գալու է Մեսիան* (որ Քրիստոս է կոչվում). երբ նա գա, մեզ ամեն ինչ կպատմի» (Հովհ. 4:25)։ Իսկ Հիսուսը նրան պատասխանեց՝ ասելով, որ ինքն է Մեսիան (Հովհ. 4:26): 

Կարծես թե հենց այդ պահին կինն ակնթարթորեն հավատաց՝ չնայած իր կարծրացած սրտին և կյանքի հոգսերից ծանրաբեռնվածությանը: Նա անմիջապես արձագանքեց Հիսուսին և ընդունեց նրա ասածը։ Եվ դա փափկեցրեց կնոջ կարծրացած սիրտը:

Միգուցե, այդ կնոջ նման դու էլ կարծրացած սիրտ ունես։ Քո կյանքում կա մի դատարկություն, որը միայն Աստված կարող է լցնել: Ունես մի ծարավ, որը միայն Հիսուսը կարող է հագեցնել:

* Մեսիան՝ Օծյալը



No comments: