Pages

Sunday, February 23, 2025

ՈՒՐԲԱԹ Է, ՍԱԿԱՅՆ ԿԻՐԱԿԻՆ ԳԱԼԻՍ Է

(Մ. Հակաբի/Ս․ Լոքրիջ)

Այս զարմանահրաշ հովիվը և հայտնի հոգևոր հսկան հաճախ էր ելույթ ունենում Բիլի Գրեհեմի ավետարանչական դպրոցներում, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում անցկացվող համաժողովներում։ Նրա՝ Հարության օրվա պատգամը ես առաջին անգամ լսեցի աուդիոժապավենի վրա դեռ 1970-ականներին: Մինչ օրս այն հնչում է իմ հոգում: Ոչ ոք չի կարող դա մատուցել այնպես, ինչպես դոկտոր Լոքրիջը: Ուզում եմ ձեզ հետ կիսվել նրա անմոռանալի պատգամից մի հատվածով:

«Ուրբաթ է։ Հիսուսն աղոթում է։ Պետրոսը քնած է։ Հուդան դավաճանում է։ Բայց կիրակին գալիս է։ 

Ուրբաթ է։ Պիղատոսը պայքարի մեջ է։ Խորհուրդը դավ է նյութում։ Բազմությունը զրպարտում է։ Նրանք նույնիսկ չգիտեն, որ կիրակին գալիս է։

Ուրբաթ է։ Աշակերտները հովիվ չունեցող ոչխարների պես վազվզում են։ Մարիամը լալիս է։  Պետրոսն ուրանում է։ Բայց նրանք չգիտեն, որ կիրակին գալիս է։

Ուրբաթ է։ Հռոմեացիները գանահարում են Հիսուսին: Նրան կարմիր պատմուճան են հագցնում։ Նրան փշերով թագադրում են։ Բայց նրանք չգիտեն, որ կիրակին գալիս է։

Ուրբաթ է։ Տեսեք, թե ինչպես է Հիսուսը գնում Գողգոթա, նրա արյունը կաթում է, մարմինը երերում է և հոգին ծանրաբեռնված է: Բայց հասկանում եք, դեռ միայն ուրբաթ է, և կիրակին գալիս է։ 

Ուրբաթ է։ Աշխարհը հաղթում է, մարդիկ մեղք են գործում, իսկ չարը քմծիծաղում է:

Ուրբաթ է։ Զինվորները խաչին են գամում իմ Փրկչի ձեռքերը։ Նրանք խաչին են գամում իմ Փրկչի ոտքերը, իսկ հետո բարձրացնում են նրան հանցագործների կողքին: Այո՛, ուրբաթ է: Բայց թույլ տվեք ասել՝ կիրակին գալիս է։ 

Ուրբաթ է։ Աշակերտները կասկածի մեջ են, թե ինչ է պատահել իրենց թագավորին, իսկ փարիսեցիները տոնում են. նրանց դավադրությունը արդյունքի հասավ։ Բայց նրանք չգիտեն, որ միայն ուրբաթ է: Կիրակին գալիս է։ 

Ուրբաթ է։ Նա գամված է խաչին՝ իրեն Հոր կողմից լքված զգալով: Միայնակ և մահացող։ Ոչ ոք չի՞ կարող նրան փրկել։ Օ՜, ուրբաթ է, բայց գալիս է կիրակին: 

Ուրբաթ է։ Երկիրը դողում է, երկինքը մթնում է, և իմ թագավորը տալիս է իր հոգին։ 

Ուրբաթ է։ Հույսը կորել է։ Մահը հաղթել է։ Մեղքը հաղթանակել է, իսկ Սատանան պարզապես ծիծաղում է: 

Ուրբաթ է։ Հիսուսը թաղված է։ Զինվորը պահակ է կանգնած, իսկ ժայռն իր տեղում է։ Բայց ուրբաթ է։ Ընդամենը ուրբաթ է, և կիրակին գալիս է»։ 

Դոկտոր Լոքրիջը հիշեցնում է, որ մեր կյանքի վերջին գլուխն այն չէ, ինչ գրված է մեր ուրբաթ օրերի ցավով և սպասվող աղետներով: Ձեր կյանքում կարող է․․․ հավանական է, որ լինի ուրբաթ։ Բժշկից լուր, որ Ձեզ դեռ սպավում է ապաքինման երկար ճանապարհ։ Միգուցե խզված հարաբերությունների առաջ եք կանգնած, և հնարավոր չէ դրանք վերականգնել:

Միգուցե կորցրել եք ընտանիքի անդամի կամ սիրելի ընկերոջ, ում հետ անբաժան էիք։ Իսկ միգուցե ծանրաբեռնված եք գործած մեղքի գիտակցությամբ,  որի համար ինքներդ Ձեզ չեք կարողանում ներել։ Ֆինանսական խնդիրների բեռը միգուցե կործանել է Ձեր անդորրը և վախից բացի Ձեզ ոչինչ չի թողել։ Այո՛, Ձեզ համար, իհարկե, ուրբաթ է։ Բայց ինչպես հիշեցնում է դոկտոր Լոքրիջը, ուրբաթ է, բայց կիրակին գալիս է։ 

Իմ սիրելի բարեկամ, երբ թվում է, թե Աստված հեռացել է և ոչ մի հասցե չի թողել, որ Նա լքել է մեզ մեր վշտի և տառապանքի մեջ, և երբ մեզ թվում է, թե իրական պատճառ չկա շարունակելու ապրել, պարզապես հիշեք, որ դեռ ուրբաթ, և կիրակին գալիս է։ 

Հիսուսի պատմությունը չավարտվեց ուրբաթ օրով: Եկավ կիրակին, և Հիսուսը, որ դուրս եկավ գերեզմանից՝ հաղթելով մահվանը, Ձեզ նույնպես չի մոռացել: Քարը չգլորվեց, որ Հիսուսը դուրս գա։ Այն գլորվեց, որպեսզի դուք տեսնեք ներսը և իմանաք, որ ուրբաթը պատմության ավարտը չէր, և կիրակին ընդամենը սկիզբն էր:




No comments: