Pages

Sunday, November 30, 2025

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՂԵՔ ԱՍՏԾՈ ԿԱՏԱՐՅԱԼ ՍԻՐՈ ՀԱՄԱՐ

 Գ․ Լորի

«Որովհետև մեր այժմյան թեթև նեղությունը գերազանց հավիտենական փառք է պատրաստում մեզ համար, քանի որ այս տեսանելի բաներին չենք նայում, այլ անտեսանելիներին, որովհետև տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները՝ հավիտենական» (Բ․ Կորնթացիներին 4։17-18)։

Այս աշխարհում ոչինչ չի կարող համեմատվել Աստծո` Ձեր հանդեպ ուենցած սիրո հետ։ Ոչ մի վիշտ կամ դժվարություն չի կարող Ձեզ խորտակել, որովհետև Աստված Ձեզ անչափ շատ է սիրում։ Ոչ մի նեղություն չի կարող Ձեզ հաղթել, որովհետև Աստված սիրում է Ձեզ։ Ոչ մի պայքար չափազանց դժվար չէ Ձեզ համար, որովհետև Աստված սիրում է Ձեզ։ Այսպիսով, երբ Ձեզ համակում է վիշտը, բախվում եք դժվարության կամ հայտնվում բարդ իրավիճակներում, Դուք կարող եք այդ ամենին նայել ճիշտ դիտանկյունից (համատեքստում)՝ հիշելով և շնորհակալ լինելով Աստծո`Ձեր հանդեպ ունեցած սիրո համար։ 

Պողոս առաքյալը գրում է․ «Որովհետև մեր այժմյան թեթև նեղությունը գերազանց հավիտենական փառք է պատրաստում մեզ համար, քանի որ այս տեսանելի բաներին չենք նայում, այլ անտեսանելիներին, որովհետև տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները՝ հավիտենական» (Բ․ Կորնթացիներին 4։17-18)։

Աստծո սերը հավիտենական է։ Պողոսը Հռոմեացիներին նամակում գրում է նաև հետևյալը․ «Որովհետև համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկայիս և ո՛չ գալիք բաները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է»  (Հռոմ․8։38)։ 

Քանի որ Աստված սիրում է Ձեզ, Նրա նպատակը Ձեր հավիտենական օգուտն է։ Աստված ավելի իմաստուն է, քան Դուք։ Ուստի եթե Նա Ձեզ ասում է ինչ-որ բան անել կամ չանել, Նա դա անում է Ձեր օգտի համար։ 

Սատանան չի ուզում, որ Դուք դրան հավատաք։ Նա Ձեր ականջին կշշնջա. «Աստված ատում է Ձեզ։ Աստված ուզում է կործանել Ձեր կյանքը։ Աստվածաշնչում գրված բոլոր կանոնները Ձեր կյանքը թշվառ դարձնելու համար են միայն։ Դուք՝ քրիստոնյաներդ, ծառայում եք մի բռնակալ Աստծո, ով չի ցանկանում, որ դուք զվարճանաք»։ 

Ի՜նչ անհեթեթություն։ Ես ապրել եմ Քրիստոսից հեռու։ Ես ունեցել եմ այս աշխարհի առաջարկած այսպես կոչված զվարճանքը, և դա բոլորովին էլ զվարճալի չէր։ Ես նաև հասկացել եմ, որ Քրիստոսի հետ կյանքը լիարժեք է ու նպատակային։ 

Երբեք չկորցնենք մեր երախտագիտության ոգին այն փաստի հանդեպ, որ Աստված սիրում է մեզ և միշտ հոգ է տանում մեր հավիտենական բարօրության մասին, նույնիսկ եթե այն, ինչի միջով մենք այս պահին անցնում ենք, դժվար է։

Խորհրդածության նյութ․ Ինչպե՞ս կարող եք թույլ չտալ, որ սատանան խառնվի Տիրոջ հետ Ձեր հարաբերություններին։





No comments: