Pages

Monday, December 15, 2025

ԼՈՒՅՍ՝ ՄՈՒԹ ՏԵՂՈՒՄ

 Գ․ Լորի

«Որովհետև հաճելի եղավ Աստծուն, որ Աստվածության ամբողջ լիությունը Նրա [Քրիստոսի] մեջ բնակվի, և Նրանով ամեն բան հաշտեցնի իր հետ՝ խաղաղություն հաստատելով խաչի վրա թափված Նրա արյամբ թե՛ երկրի վրա, թե՛ երկնքում» (Կողոսացիներին 1։19-20):

Սուրբ Ծննդյան տոներին լրջագույնս պատրաստվելու համար հարկավոր է պարզապես հիշել, որ մեր հոգևոր թշնամին արձակուրդ չի վերցնում։ Ինչպես Պետրոս առաքյալն է ասում․ «Զգո՛ն եղեք, արթո՛ւն եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա» (Ա․ Պետրոս 5։8):

Սուրբ Ծնունդը նվիրելու, հույսի և ուրախության շրջան է։ Սակայն իր բնույթով այն նաև հոգևոր պայքարի ժամանակ է, և այդպիսին է եղել այն պահից ի վեր, երբ ի հայտ եկավ Քրիստոսի առաջին գալստյան անհրաժեշտությունը։

Պատերազմը հաղթանակով է ավարտված։ Հիսուսը մեկընդմիշտ հաղթել է մեղքին ու մահվանը։ Նա վճարեց մեր մեղքի գինը մեկ անգամ և ընդմիշտ։ Կարմիրը Սուրբ Ծննդյան գույնն է, ոչ թե այն պատճառով, որ Ձմեռ պապի հագուստի գույնն է կամ որովհետև մենք նվերները  փաթաթում ենք կարմիր գույնի թղթերով ու ժապավեններով։ Կարմիրը Սուրբ Ծննդյան գույնն է Հիսուս Քրիստոսի թափված արյան պատճառով։ Իր արյամբ Նա հնարավոր դարձրեց հավիտենական կյանքը բոլոր նրանց համար, ովքեր հավատում են Իրեն։

Չնայած սատանան պարտվել է, նա հրաժարվում է դարդարեցնել պայքարը։ Մենք այսօր տեսնում ենք այդ պայքարը մեր մշակույթում։ Աստվածաշնչի Աստվածը՝ ճշմարիտ և կենդանի, ընդդեմ բոլոր մրցակիցների։ Այս պայքարը սկիզբ է առնում Սուրբ Գրքի առաջին մեսիական համարից․ այն բանից հետո, երբ օձը գայթակղեց Ադամին ու Եվային մեղք գործելու, Աստված նրան ասաց․ «Քո և կնոջ միջև, քո զարմի և նրա զարմի միջև թշնամություն կդնեմ․ նա քո գլուխը կջախջախի, իսկ դու կխայթես նրա գարշապարը» (Ծննդոց 3։15)։

Քրիստոսի օրորոցը մատնացույց էր անում խաչը։ Մարմնով հայտնվելը անհրաժեշտ էր քավության համար։ Հիսուսի ծննդյան նպատակը նրա մահն էր։ Սա Նոր Կտակարանի քրիստոնեությունն է։ Դա լույսի և խավարի, արդարության և անարդարության, բարու և չարի, ճիշտի և սխալի միջև բաժանումն է։

Ահա ևս մի բան, որի մասին պետք է խորհել Սուրբ Ծննդյան տոներին. հակամարտության միջոցով ենք մենք գտնում իրական խաղաղություն: Քրիստոսի աշխարհ գալը փոխեց ամեն ինչ: Նրա լույսը լուսավորեց խավարը: Բայց որոշ մարդիկ նախընտրում են խավարը: Նրանք չեն ուզում, որ իրենց մեղքերը հայտնի դառնան: Եվ երբ նրանք տեսնում են լույսի մեջ ապրող մարդկանց, դա նրանց մեջ կոնֆլիկտ է առաջացնում՝ կոնֆլիկտ, որը դրսևորվում է մեր հանդեպ նրանց վերաբերմունքում։ Բայց մենք կարող ենք վստահ լինել, որ այս կոնֆլիկտի միջոցով կգա վերջնական միասնություն։ Մեր պարտականությունն է պահել մեր դիրքորոշումը և աղոթել։ 

Աղոթեք, որ այս մարդիկ մտածեն իրենց հոգիների մասին, խորհեն Քրիստոսի խոսքերի մասին և, ի վերջո, իրենց կյանքը հանձնեն Տիրոջը։

Սուրբ Ծննդյան ինչպիսի՜ նվեր կլիներ դա։




No comments: