Pages

Saturday, December 3, 2011

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱԶԳԱՏՈՀՄԸ


1 Գիրք ազգաբանութեան Յիսուս Քրիստոսի՝ Դաւթի որդու, Աբրահամի որդու։ 2Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը՝ Յակոբին. Յակոբը ծնեց Յուդային եւ նրա եղբայրներին. 3Յուդան ծնեց Փարեսին եւ Զարային՝ Թամարից. Փարեսը ծնեց Եզրոնին. Եզրոնը ծնեց Արամին. 4Արամը ծնեց Ամինադաբին. Ամինադաբը ծնեց Նաասոնին. Նաասոնը ծնեց Սաղմոնին. 5Սաղմոնը ծնեց Բոոսին՝ Ռաքաբից. Բոոսը ծնեց Օբէդին՝ Հռութից. Օբէդը ծնեց Յեսսէին. 6Յեսսէն ծնեց Դաւիթ արքային։ Դաւիթը ծնեց Սողոմոնին՝ Ուրիայի կնոջից. 7Սողոմոնը՝ Րոբովամին. 8Րոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասափին. Ասափը ծնեց Յոսափատին. Յոսափատը ծնեց Յորամին. Յորամը ծնեց Օզիային. 9Օզիան ծնեց Յովաթամին. Յովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային. 10Եզեկիան ծնեց Մանասէին. Մանասէն ծնեց Ամոսին. 11Ամոսը ծնեց Յոսիային. Յոսիան ծնեց Յեքոնիային եւ նրա եղբայրներին՝ Բաբելոնում գերութեան ժամանակ։ 12Բաբելոնում գերութիւնից յետոյ Յեքոնիան ծնեց Սաղաթիէլին.
13Սաղաթիէլը ծնեց Զորոբաբէլին. Զորոբաբէլը ծնեց Աբիուդին. Աբիուդը ծնեց Եղիակիմին. 14Եղիակիմը ծնեց Ազորին. Ազորը ծնեց Սադոկին. Սադոկը ծնեց Աքինին. Աքինը ծնեց Եղիուդին. 15Եղիուդը ծնեց Եղիազարին. Եղիազարը ծնեց Մատթանին. 16Մատթանը ծնեց Յակոբին. Յակոբը ծնեց Յովսէփին՝ Մարիամի մարդուն, որի նշանածն էր կոյս Մարիամը, որից ծնուեց Յիսուս, որ անուանուեց Քրիստոս։ 17Արդ, Աբրահամից մինչեւ Դաւիթը բոլոր սերունդները՝ տասնչորս սերունդ. եւ Դաւթից մինչեւ Բաբելոնի մէջ գերութիւնը՝ տասնչորս սերունդ. Բաբելոնի մէջ գերութիւնից մինչեւ Քրիստոս՝ տասնչորս սերունդ։ 18Յիսուս Քրիստոսի ծնունդը այսպէս եղաւ. նրա մայրը՝ Մարիամը, որ Յովսէփի նշանածն էր, նախքան նրանց՝ իրար մօտենալը, Սուրբ Հոգուց յղիացած գտնուեց։ 19Եւ Յովսէփը՝ նրա մարդը, քանի որ արդար էր եւ չէր կամենում նրան խայտառակել, մտածեց առանց աղմուկի արձակել նրան։ 20Եւ մինչ նա այս բանի մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց նրան եւ ասաց. «Յովսէ՛փ, Դաւթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մօտ առնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետեւ նրա մէջ ծնուածը Սուրբ Հոգուց է։ 21Նա մի որդի պիտի ծնի, եւ նրա անունը Յիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին՝ իր մեղքերից»։ 22Սակայն այս ամէնը եղաւ, որպէսզի կատարուի, ինչ որ Տիրոջ կողմից ասուել էր Եսայի մարգարէի բերանով. 23«Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»։ 24Եւ Յովսէփը քնից արթնանալով՝ արեց, ինչպէս հրամայել էր իրեն Տիրոջ հրեշտակը, եւ իր կնոջն առաւ իր մօտ։ 25Բայց նրա հետ չյարաբերուեց, մինչեւ Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն եւ նրա անունը դրեց Յիսուս։
ՄՈԳԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ


2 Երբ Յիսուս ծնուեց Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում, Հերովդէս արքայի օրով, ահա արեւելքից մոգեր եկան Երուսաղէմ եւ ասացին. 2«Ո՞ւր է հրեաների արքան, որ ծնուեց, որովհետեւ նրա աստղը տեսանք արեւելքում եւ եկանք նրան երկրպագելու»։ 3Եւ երբ Հերովդէս արքան լսեց այս, խռովուեց, նրա հետ՝ եւ Երուսաղէմի ամբողջ ժողովուրդը։ 4Եւ հաւաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի օրէնսգէտներին՝ հարցրեց նրանց, թէ ո՞ւր պիտի ծնուի Քրիստոսը։ 5Եւ նրանք ասացին նրան. «Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում, որովհետեւ մարգարէի միջոցով այսպէս է գրուած. 6«Եւ դու, Բեթղեհէ՛մ, Յուդայի՛ երկիր, Յուդայի քաղաքների մէջ փոքրագոյնը չես. քեզնից մի իշխան պիտի ելնի ինձ համար, որ պիտի հովուի իմ ժողովրդին՝ Իսրայէլին»։ 7Այն ժամանակ Հերովդէսը գաղտնի կանչեց մոգերին եւ նրանցից ստուգեց աստղի երեւալու ժամանակը։ 8Եւ նրանց Բեթղեհէմ ուղարկելով՝ ասաց. «Գնացէ՛ք ստոյգ իմացէք մանկան մասին եւ երբ գտնէք, տեղեկացրէ՛ք ինձ, որպէսզի ես էլ գնամ երկրպագեմ նրան»։ 9Եւ նրանք երբ թագաւորից լսեցին այս, գնացին։ Եւ ահա այն աստղը, որ տեսել էին արեւելքում, առաջնորդեց նրանց, մինչեւ որ եկաւ կանգնեց այն տեղի վրայ, ուր մանուկն էր։ 10Աստղը տեսնելուն պէս չափազանց ուրախացան։ 11Եւ երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մօր՝ Մարիամի հետ միասին եւ ընկան ու երկրպագեցին նրան. եւ բանալով իրենց գանձատուփերը՝ նրան նուէրներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ եւ զմուռս։ 12Եւ երազի մէջ Աստծուց հրաման առնելով չվերադառնալ Հերովդէսի մօտ, այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը։ 13Եւ երբ նրանք այնտեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց Յովսէփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ մանկանը եւ նրա մօրը ու փախի՛ր Եգիպտոս. եւ այնտեղ մնա՛ մինչեւ որ քեզ ասեմ. քանի որ Հերովդէսը փնտռում է այդ մանկանը կորստեան մատնելու համար»։ 14Եւ նա վեր կացաւ, առաւ մանկանն ու նրա մօրը, գիշերով, եւ գնաց Եգիպտոս ու այնտեղ մնաց մինչեւ Հերովդէսի մահը, 15որպէսզի կատարուի մարգարէի բերանով Տիրոջ կողմից ասուածը, թէ՝ Եգիպտոսի՛ց պիտի կանչեմ իմ Որդուն։ 16Այն ժամանակ, երբ Հերովդէսը տեսաւ, որ մոգերից խաբուեց, սաստիկ բարկացաւ եւ մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթղեհէմում եւ նրա սահմաններում էին գտնւում եւ երկու տարեկան ու դրանից ցած էին՝ ըստ այն ժամանակի, որն ստուգել էր մոգերից։ 17Այն ժամանակ կատարուեց Երեմիա մարգարէի բերանով ասուածը, թէ՝ Ռամայում մի ձայն գուժեց. ողբ ու լաց ու սաստիկ կոծ. 18Ռաքէլը լալիս էր իր զաւակների վրայ եւ չէր ուզում մխիթարուել, քանի որ նրանք այլեւս չկային։ 19Երբ Հերովդէսը վախճանուեց, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց Յովսէփին Եգիպտոսում եւ ասաց. 20«Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ մանկանն ու իր մօրը եւ վերադարձի՛ր Իսրայէլի երկիրը, որովհետեւ մեռան նրանք, որ այդ մանկան մահն էին ուզում»։ 21Եւ Յովսէփը վեր կացաւ, առաւ մանկանն ու մօրը եւ եկաւ Իսրայէլի երկիրը։ 22Իսկ երբ լսեց, թէ Արքեղայոսը թագաւորել է Հրէաստանի վրայ իր հօր՝ Հերովդէսի փոխարէն, վախեցաւ այնտեղ գնալ. եւ երազի մէջ հրաման առնելով՝ գնաց Գալիլիայի կողմերը 23եւ եկաւ բնակուեց Նազարէթ կոչուող քաղաքում, որպէսզի կատարուի մարգարէների խօսքը, թէ՝ Նազովրեցի պիտի կոչուի։

No comments: