Pages

Wednesday, January 4, 2012

ԱՍՏԾՈ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ

     Եթե տարիներ առաջ առաջավոր ինտելիգենցիայի ներկայացուցիչ իրեն համարող որևէ մեկը լսեր ԱՍՏԾՈՒ մասին, կարող էր քմծիծաղով պնդել. «Մարքսը ՆՐԱՆ երկնքից վայր բերեց, Ֆրեյդը բանտեց ՆՐԱՆ մարդու ենթագիտակցության մեջ, Նիցշեն հայտարարեց մահացած, և Դարվինը բոլորովին դուրս մղեց գիտությունից ու փիլիսոփայությունից»...
     Սակայն այսօր գիտության զարգացմանը զուգահեռ մարդիկ ավելի են հասկանում այն մեծ բացն ու դատարկությունը, որ մնում է, երբ ինչ–որ բան ուսումնասիրվում է՝ բացառելով ԱՍՏԾՈՒ ստեղծարար էությունը։

     Կանադայում և ԱՄՆ–ում այսօր գոյություն ունի գիտնականների միություն՝ ASA (American Scientific Affiliation), որի ավելի քան 3000 անդամները իրենց ուսումնասիրությունները կատարելիս հիմնվում են ոչ միայն գիտական և անձնական փորձի, այլ նաև հավատքի վրա։ Նրանց հավատքի հիմքը առաքյալների կողմից գրի առնված թղթերն են և Նիեկեական հանգանակը։
     Հայ իրականության մեջ նույնպես կարծես տեսանելի է կոմունիստական դաստիարակության ու գաղափարախոսության թոթափում։ Երկար տարիներ Նարեկացի ոսումնասիրելիս կարելի էր կարդալ, որ նա միստիկ բանաստեղծ է, փորձել է աստվածաբանական պատկերների միջոցով ներկայացնել մարդկու և բնության գեղեցկությունը։ Այժմ գրականասերները կարդում են, որ «տաղերգության մեջ նա դիմել է այլաբանության ձևին, բնության և իրականության պատկերներով մարմնավորել հոգևոր գաղափարներն ու աստվածային ճշմարտությունը՝ մտածելով այսպես. "Ի ձեռն մարմնաւորացս տեսցուք զհոգեւորսն"»։ Իսկ «Մատյան ողբերգության» վերլուծության ժամանակ դիտում են նրան որպես իր բազմամեղությունը հասկանցող և ապաշխարության ձգտող մի անձի, ով գիտակցում է, որ մարդուն կործանումից փրկողը միայն Աստված է, որ որքան հեռու է և անհասանելի, նույնքան էլ մոտ է ու անբաժանելի։

      Թերևս հնարավոր չէ գիտականորեն ապացուցել ԱՍՏԾՈ գոյության կամ չգոյության փաստը։ Նույն կերպով գիտությունը չի կարող ապացուցել, որ աշխարհն առաջացել է ոչնչից և զարգանալով դարձել մի բարդ մոլորակ, որի վրա մենք ապրում ենք այսօր։ Էվոլյուցիայի տեսությունը չի կարող իր դրույթներն ապացուցել գիտափորձով։ Ուստի գիտությունը թեև չի կարող ապացուցել, որ ԱՍՏՎԱԾ գոյություն ունի, այն նաև չի կարող ապացուցել, որ ԱՍՏՎԱԾ գոյություն չունի։ Չկարողանալով ապացուցել տիզերքի առաջացումը՝ չի կարող նաև հերքել նրա ստեղծված լինելու տեսությունը (փաստը)։ Գիտությունն ինքը հայտարարում է, որ նյութը հնարավոր չէ ստեղծել և ոչ էլ ոչնչացնել։ Ուստի հարց է ծագում՝ իսկ որտեղի՞ց հայտնվեց այն։ Գիտությունը չի պատասխանում այս հարցին։ Պատասխանը գտնում ենք ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ. «Հաւատքո´վ կընմռնենք թէ տիեզերքը կազմուեցաւ ԱՍՏՈՒԾՈՅ խօսքով, այնպէս որ տեսանելի բաները գոյացան աներեւոյթ բաներէն» (Եբր. 11։3)։
     Այսօր կարելի է պնդել, որ եթե գիտությունը խնայի ջանքերը ամեն կերպ հերքելու ԱՍՏԾՈ գոյությունը և օգտվի Աստվածաշնչային փաստերից, միայն կշահի դրանից։ Հակառակ դեպքում ամենահավանական թվացող տեսությունն անգամ պիտի չկարողանա պատասխանել ծագումնաբանական հարցերին՝ սահմանափակելով ինքն իրեն։

     Գիտությունն ընդամենը մի քանի դար առաջ դեռ չգիտեր, թե ինչ ձև ունի երկրագունդը, թեև հազարամյակներ առաջ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ հայտնել էր. «Ի´նքն է երկրի շրջանին (կամարին, շրջանակին) վրայ բազմողը» (Եսայա 40։22)։ Մեկ այլ համարում նկարագրվում է. «Ջուրերուն մակերեսին վրայ շրջանակ դրաւ, մինչեւ լոյսին ու խաւարին ծայրագոյն սահմանը»։ (Հոբ 26։10)։ Իսկ մեկ այլ համարում նկարագրվում է երկրագնդի՝ առանց հենարանի կախված լինելը. «Երկիրը ոչնիչին վրայ կը կախե» (Հոբ 26։10)։

      Ի՞նչ փաստեր կան ԱՍՏԾՈ գոյության

    
1.Մեր մոլորակի բարդ համակարգը ցույց է տալիս, որ այն ունի ստեղծող, ով ոչ միայն ստեղծել, այլ նաև պահպանում է այն մինչ այսօր։
      «Երկինքը Աստուծոյ փառքը կը պատմէ, ու երկնքի հաստատութիւնը անոր ձեռքերուն գործը կը ցուցնէ» (Սաղմոս 19։1-2):
     Երկրագունդը ունի կատարյալ չափ։ Նրա չափը և ձգողականությունը պահում են հիմնականում ազոտից ու թթվածնից բաղկացած բարակ շերտը, որը տարածվում է Երկրագնդի մակերեսից ընդամենը մոտ 50 մղոն բարձրության վրա։ Եթե երկրագունդը ավելի փոքր լիներ, չէր ունենա մթնոլորտ, ինչպես Մերկուրի մոլորակը։ Եթե երկրագունդը լիներ ավելի մեծ, նրա մթնոլորտը կպարունակեր ազատ ջրածին, ինչպես Յուպիտերը։ Երկրագունդը մարդկությանը հայտնի միակ մոլորակն է, որ ունի գազերի համաչափ խառնուրդով մթնոլորտ, որը ապահովում է բուսական, կենդանական և մարդկային կյանքը:
     Երկրագունդը արևից գտնվում է կատարյալ հեռավորության վրա։ Եթե այն մի փոքր ավելի հեռու լիներ արևից, բոլորս կսարցակալեինք, եթե ավելի մոտ լիներ, կայրվեինք։ Արևից երկրագնդի հեռավորության ամենաչնչին փոփոխությունը կյանքը կդարձներ անհնարին։ Եվ երկրագունդը պահում է այս կատարյալ հեռավորությունը պտտվելով արևի շուրջը մոտավորապես ժամում 67,000 մղոն արագությամբ։ Այն նաև պտտվում է իր առանցքի շուրջը՝ թույլ տալով, որ ողջ երկրագնդի մակերեսը տաքանա և սառի համապատասխանաբար ամեն օր։
     Լուսինը նույնպես կատարյալ հեռավորության վրա է ձգողական ուժի առումով։ Այն ստեղծում է օվկիանոսի մակընթացությունը և տեղատվություն, շարժումը, որի շնորհիվ տեղի չի ունենում ջրի լճացում, և միևնույն ժամանակ մեր հսկայական ջրային տարածքները չեն դուրս գալիս իրենց ափերից։  
     Ջուրը կենսականորեն անհրաժեշտ է շնչավոր էակների կյանքի համար։ Բույսերի, կենդանիների և մարդկանց մարմինը մեծ մասը կազմված է ջրից (մարդու մարմնի ավելի քան 2/3 ջուր է):
     Ջուրը ունի բարձր եռման աստիճան և սառեցման աստիճան։ Այն թույլ է տալիս մեզ ապրել տատանվող ջերմաստիճանով միջավայրում` պահելով մեր մարմնի ջերմաստիճանը 98. F։
Ջուրը հանդիսանում է լուծիչ, որի շնորհիվ հազարավոր միներալներ, քիմիական կենսաֆիլ տարրեր կարող են շարժվել մեր մարմնում ամենափոքր արյունատար անոթների միջով։ Ջուրը նաև քիմաիկան տեսակետից չեզոք է։ Այն չի ազդում այն նյութերի վրա, որոնց օգնում է լուծվել։ Այն օգնում է օրգանիզմին կլանել սնունդ, դեղամիջոցներ և միներալներ։
     97 տոկոսը երկրագնդի ջրի օվկիանոսներում է։ Բայց երկրագունդը մի համակարգ է, որը հեռացնում է ջրից աղը և ապա տարածում ջուրը երկրի ողջ տարածքով։ Գոլորշիացման շնորհիվ օվկիանոսի ջուրը զտվում է աղից, դառնում ամպ և հեշտությամբ շարժվում և տարածվում երկգրի վրա՝ խմելի ջուր տրամադրելով բույսերին, կենդանիներին և մարդկանց։
 

     2. Տիեզերքը ունեցել է սկիզն։ Ի՞նչն է դարձել դրա պատճառը։

     Գիտնականների կարծիքով տիեզերքը ստեղծվել է էներգիայի և լույսի մի հսկայական պայթյունի արդյունքում (Big Bang)։ Եվ այս պայթյունը համարվում է սկիզբ ամեն ինչի՝ տիեզերքի, տարածության, ժամանակի։
     Մինչ էնշտեյնը կար կարծիք, որ տիեզերքը գոյություն ունի հավիտենից։ Էնշտեյնը և Հաբլը առաջ քաշեցին տեսություն, որ տիեզերքը ընդլայնվում է, և պարզ դարձավ, որ ունի սկիզբ։ ժամանակը և տարածությունը ունեն սկիզբ՝ ստեղծված են։
     ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ միակ աղբյուրն է, որ տալիս է ամեն ինչի սկզբնավորման բացատրություն (Նմանատիպ բացատրություններ են տալիս նաև որոշ ժողովրդների էպոսներ ու առասպելներ, սակայն ամենակոպիտ համեմատության ժամանակ պարզ է դառնում, որ դրանք ընդամենը առասպելներ են։ 
     «Սկիզբէն Աստուած երկինքն ու երկիրը ստեղծեց...» (Ծննդոց)։
     Գիտնականները երկրագնդին վերագրում են միլիարդավոր տարիների պատմություն, և կարծես թե ծիծաղելի է թվում 6 օրում նրա ստեղծումը։ Սակայն հենց ՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ մեզ հուշում է. «Բայց, սիրելինե՛ր, սա՛ մէ՛կ բանը թող թաքուն չմնայ ձեզմէ, թէ Տէրոջ քով՝ մէկ օրը հազար տարուան պէս է, ու հազար տարին՝ մէկ օրուան պէս» (Պետրոսի Բ 3։8)։
      Համոզված ենք, որ 6 օրում աշխարհի ստեղծումը շատերի համար ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ վստահելուիության հարցում դարձել է գայթակղություն։ Սակայն կրկին Էնշտեյնի հարաբերականության օրենքների շնորհիվ ապացուցվում է, որ ժամանակը հարաբերական է և կախում ունի տիեզերքում գրաված դիրքից, շարժման արագությունից, ձգողականության ուժից և այլն։ Օրինակ, եթե տիեզերական սև անցքերի (որոնք ունեն ուժեղ ձգողական ուժ և կլանում են նույնսիկ լույսի ճառագայթը) վրա, մարդը ճամփորդի 1 տարի, երկիր մոլորակի վրա կանցնի 1 միլիոն տարի։
     Այսօր արդեն գիտնականները գիտեն, որ տիեզերքը սկիզբ է ունեցել, սակայն չեն կարող ասել պատճառը։ Ոչ մի բացատրություն չկա, թե ինչու է տեղի ունեցել լույսի և նյութի այդ հանկարծակի պայթյունը։  

    
3. Տիեզերքը գործում է անփոփոխ օրենքներով։ Ինչո՞ւ։
     Թեև մեր կյանքում ամեն ինչ թվում է փոփոխական, մեր շուրջը կան նաև անփոփոխ երևույթներ՝ ձգողականությունը գործում է, երկրագունդը պտտվում է նույն ժամանակի ընթացում, լույսի արագությւոնը նույնն է, և եթե Ձեր տաք թեյի բաժակը դնեք մի կողմ, որոշ ժամանակից այն կսառի:
     Ինչո՞ւ է տիեզերքում գործում կարգուկանոն։
      Ռիչարդ Ֆեյմանը, որ Նոբելյան մրցանակակիր է Քվանտային էլեկտրոդինամիկայի ասպարեզում ասում է. «Գաղտնիք է, թե ինչու է բնությունը այսպես մաթեմատիկական... Այն փաստը, որ կան օրենքներ, մի տեսակ հրաշք է»։


 
     4. ԴՆԹ–ն տեղեկացնում, ծրագրավորում է բջջի վարքագիծը
     Գիտե՞ք, որ մեր մարմնի ամեն բջջում գոյություն ունի մանրակրկիտ ծրագրված կոդ, որն ինչ–որ տեղ նման է մինի համակարգչային ծրագրի։ Ինչպես գիտեք, համակարգչային ծրագիրը կազմված է 1–երից ու 0–ներից (օր. 110010101011000)։ Նրանց դասավորությունը թելադրում է համակարգչի ծրագիրին՝ ինչ անել։ ԴՆԹ կոդը մեր բջիջներից յուրաքանչյուրում շատ նման է դրան։ Այն կազմված է 4 տարրերից, որ գիտնականները համառոտագրել են որպես՝ A, T, G և C։ Սրանք մարդու բջջում դասավորված են օրինակ այսպես՝ CGTGTGACTCGCTCCTGAT։ Մարդու ամեն բջջում կա 3 միլիարդ այս տառերից բաղկացած ծրագիր, որ թելադրում է բջջին վարվել կորնկրետ կերպ։
     Այս ամենը իսկապես հրաշալի է և անհավանական է, որ գոյություն ունենա նման ծրագիր, նման ճշգրիտ տեղեկություն առանց ծրագրավորորղի։

    
5. Մենք գիտենք, որ ԱՍՏՎԱԾ գոյություն ունի, որովհետև նա մեզ զգացնել է տալիս իր գոյության մասին։
    
     Շատ աթեիստներ իրենք էլ են զարմանում այն փաստի վրա, որ ծախսում են իրենց ժամանակը, էներգիան, նույնիսկ գումարներ՝ ապացուցելու, որ ԱՍՏՎԱԾ գոյություն չունի։
     Ս. Լյուիսը հիշում է. «Ամեն գիշեր, երբ թեկուզ մեկ վայրկյան ուղեղս կտվում էր աշխատանքից, զգում էի Նրա ներկայությունը, ում հետ ես ամենաքիչն էի ցանկանում հանդիպել։ Ես հաձնվեցի և ընդունեցի, որ ԱՍՏՎԱԾ ԱՍՏՎԱԾ է, ծունկի եկա և աղոթեցի»։
      ԱՍՏՎԱԾ իր գոյության ապացույցը անձամբ դրեց մեր մտքում. «Եւ մարդուն միտքին՝՝ մէջ յաւիտենականութեան մտածումը դրաւ...» (Ժող. 3։11)։ Մեր սրտի խորքում մենք գիտենք, որ կա ավելին, քան այս կյանքն ու այս աշխարհն է։ «Անզգամը իր սիրտին մէջ ըսաւ.«Աստուած չկայ»» (Սաղմոս 14։1)։
       Պատմության ընթացքում բոլոր մշակույթները ունեցել են որևէ օրենք։ Բոլորը ունեցել են ճշտի ու սխալի հասկացություն։ Ամենուր պարսավելի են սպանությունը, գողությունը, ստախոսությունը և նմանատիպ այլ երևույթներ։ Որտեղի՞ց այս գիտակցությունը, եթե ոչ ԱՍՏԾՈՒՑ։
     Աստվածաշունչը մեզ զգուշացնում է, որ մարդիկ կմերժեն ԱՍՏԾՈՒՆ և կհավատան ստի. «...Աստուծոյ փոխեցին սուտի հետ, եւ ակնածեցան արարածէն ու պաշտեցին զայն՝ քան Արարիչը, որ օրհնյա՜լ է յաւիտեան։ Ամէն» (Հռոմ. 1:25)։ Աստվածաշունչը հայտնում է, որ մարդիկ արդարացում չեն ունենա ԱՍՏԾՈՒՆ չհավատալու համար. «Արդարեւ Անոր անտեսանելի բաները, այսինքնէ իր յաւերժական զօրութիւնը եւ աստուածութիւնը, կը տեսնուին աշխարհի արարչութենէն ի վեր ու կը հասկցուին անոր ստեղծածներով, որպէսզի անարդարանալի ըլլան» (Հռոմ. 1։20)։


     6. ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ ԱՍՏԾՈ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆՆ Է

     Ինչո՞ւ ՀԻՍՈՒՍԸ։ Եթե նայենք համաշխարհային ամենամեծ կրոններին, կտենենեք, որ Բուդդան, Մուհամմեդը, Մովսեսը ներկայացել են որպես մարգարեներ կամ ուսուցիչներ։ Ոչ ոք իրեն ԱՍՏԾՈՒՆ հավասար չի ներկայացրել։ ՀԻՍՈՒՍԸ ՆԵՐԿԱՅԱՑԱՎ ԱՍՏԾՈՒՆ ՀԱՎԱՍԱՐ։ Նա հայտարարեց, որ ԱՍՏՎԱԾ գոյություն ունի, և Իրեն տեսնելով՝ մարդիկ տեսնում են ԱՍՏԾՈՒՆ։ Նա ասաց. «Ե՛ս եմ աշխարհի լոյսը. ա՛ն որ կը հետեւի ինծի՝ պիտի չքալէ խաւարի մէջ, հապա պիտի ունենայ կեանքի լոյսը» (Յովհ. 8։12)։ Նա խոսում էր այնպես, ինչպես միայն ԱՍՏՎԱԾ կարող էր իրեն թույլ տալ՝ ի վիճակի էր ազատելու մարդկանց մեղքից ու ներելու, տալու մարդկանց կյանք և ավելին, տալու նրանց հավիտենական կյանք։ «Ե՛ս եմ ճամբան, ճշմարտութիւնն ու կենաքը. ո՛չ մէկը կու գայ Հօրը քով՝ բայց միայն ինձմով» (Յովհ. 14:6)։ Ի՞նչ ապացույցներ Հիսուսը բերեց իր աստվածության։ Նա արեց բաներ, որ մարդիկ չեն կարող անել. բացի ամենատարբեր հիվանդություններ բժշկելուց և հրաշքներ գործելուց՝ նա նաև մի քանի անգամ կենդանացրեց մահացած մարդկանց։ Նա իշխանություն ուներ ամեն ինչի վրա՝ մարդկանց, բնության, իրերի և այլն։
      ԱՍՏՎԱԾ ինքը մարդացավ և ընդունեց պատիժը, որին մենք էինք արժանի։ ԱՍՏՎԱԾ մեզ սիրեց հավիտենական սիրով։ Աստվածաշունչն ասում է, որ մենք սիրեցինք ԱՍՏԾՈՒՆ, որովհետև նախ ՆԱ սիրեց մեզ։ ՀԻՍՈՒՍԸ խաչ բարձրացավ մեր փոխարեն, որպեսզի մենք ներում ստանանք։
      Եթե ուզում ենք իմանալ՝ արդյոք ԱՍՏՎԱԾ գոյություն ունի, պետք է ուսումնասիրենք ՀԻՍՈՒՍԻՆ։
     «ԱՍՏՈՒԱԾ ա՛յնպէս սիրեց աշխարհը, որ մինչեւ անգամ տուաւ իր միածին Որդին, որպէսզի ո՛վ որ հաւատայ անոր չկորսուի, հապա ունենայ յաւիտենական կեանք» (Յովհ. 3։16)։
      ԱՍՏՎԱԾ ինքը մեզ չի ստիպում հավատալ Իրեն, թեև կարող էր։ ԱՍՏՎԱԾ մեզ ստեղծել է ազատ կամքով և տվել ընտրելու հնարավորություն։
     Ամենաթերահավատ և կասկածամիտ մարդու համար անգամ ավելի քան բավարար են ապացույցները ԱՄԵՆԱԿԱՐՈՂ, ԱՄԵՆԱԶՈՐ, ԳԵՐԻՇԽԱՆ, ԱՐԱՐԻՉ ԱՍՏԾՈ գոյության։ Եվ եթե ինչ–որ մեկին չի բավարարում կատարյալ ստեղծված տիեզերքը, բնական ու ֆիզիկական կայուն օրենքները, զարմանահրաշ ԴՆԹ–ի առկայությունը, ՀԻՍՈՒՍԻ պատմական գոյությունը, նաև կարող է իր մեջ խեղդել այն ներքին ձայնը, որ պնդում է ԱՍՏԾՈ գոյության մասին, կարող է թերևս մի վերջին փորձ անել՝ ուսումնասիրելով աստվածաշնչային մարգարեությունները և վերջին օրերի նշանները։
     Տեղին է հիշել, որ երբ դպիրներից ու փարիսեցիներից ոմանք ՀԻՍՈՒՍԻՑ նշան պահանջեցին, Նա պատասխանեց. «Չար եւ շնացող սերունդը նշան կխնդրէ։ Ուրիշ նշան պիտի չտրուի անոր, բայց միայն Յովնան մարգարէին նշանը...» (Մատթ. 12։39)։

    
2000 տարի անց շատերս դիմում ենք ՆՐԱՆ նույն պահանջով։ Հրաշք պահանջող սերունդը թերևս նույնիսկ տեսնելուց հետո բավարարում չգտնի, ինչպես հրեաները, որ անապատի մեջ մանանա էին ուտում, վայելում ԱՍՏԾՈ մշտական ներկայությունը և սակայն տրտնջում և դառնում էին հետ կուռքերին։
     Այնուամենայնիվ, բացի ամենօրյա մեծ ու փոքր հրաշքներից, որոնք մենք վերագրում ենք պատահականությանը, մեր օրերում իսկ կատարվում են հազարամյակներ առաջ արված մարգարություններ։ Աստվածաշնչի մարգարեությունները իրականություն են դառնում մեր աչքի առջև։
     Թեև մեզ ասվում է, որ տրված չէ իմանալ ժամերն ու ժամանակները, միևնույն ժամանակ, ՀԻՍՈՒՍԸ զգուշացնում է. «Զգույշ կացեք, չխաբվեք, որովհետև շատերը պիտի գան Իմ անունով և պիտի ասեն թե` ես եմ Քրիստոսը… Երբ լսեք պատերազմների և խռովությունների մասին, չզարհուրեք, որովհետև պէտք է, որ նախ այդ բաները պատահեն, բայց աշխարհի վախճանը շուտով չի լինելու… Ազգ ազգի դեմ պիտի ելնի և թագավորությունը` թագավորության դեմ, և մեծ երկրաշարժեր ու տարբեր տեղերում սով ու ժանտախտ պիտի լինեն… Ձեր վրա ձեռք պիտի դնեն և պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ, և կուսակալների ու թագավորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անվան համար… Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի: Եվ ձեր համբերությամբ պիտի շահեք ձեր հոգիները»: (Ղուկ 21: 8-19):

     Կարծում եմ, որ վերջին հարյուրամյակում տեղի ունեցած բազմաթիվ երկրաշարժները, համաճարակները, 2 համաշխարհային պատերազմներն ու բազում եղեռնները (հրեաների, հայերի, հենց մեր օրերում քաղաքակիրթ աշխարհի քթի տակ՝ Դարֆուրի և այլն) շատերին մտածելու տեղիք կտան։ Թեև ոմանք էլ կպնդեն, որ պատերազմներ ու երկրաշարժներ եղել են անհիշելի ժամանակներից։ Հրաշք պահանջող սերունդը թերևս չբավարարվի նաև մարգարեությունների իրականացումը տեսնելով։
     Աստվածաշունչը խոսում է հրեաների Երուսաղեմ վերադարձի մասին։ Դա անհավանական էր թվում մինչ 1948թ., երբ հրեա ժողովուրդը վերագտավ իր պետականությունը այն կորցնելուց հարյուրամյակներ հետո։ Հայտնի ավետարանիչ Գրեգ Լորին գտնում է, որ մարգարեկան ժամացույցը սկսեց աշխատել հենց հրեաների պետականության վերահաստատման պահից։ Եվ հենց մեր օրերում հրեաները աշխատանքներ են տանում վերակառուցելու Տաճարը, որը հռոմեացիների կողմից կործանվել էր մեր թվարկությունից առաջ։ Այդ մասին նույնպես նշվում է Աստվածաշնչում. «...մեղքի մարդը, կորուստի որդին, որ պիտի հակառակի եւ պանծացնէ ինքզինք ամէն բանէ վեր՝ որ Աստուած կը կոչուի կամ կը պաշտուի. մինչեւ անգամ պիտի բազմի Աստուծոյ տաճարին մէջ՝ ներկայացնելով ինքզինք իբր Աստուած» (Բ նամակ թեսաղ. 2։3-4)։

     Դանիելը խոսում է վերջին օրերին գիտության ու ճամփորդության աննախադեպ աճի մասին. «Իսկ դո՛ւն Դանիէլ, գոցէ այս խօսքերը ու կնքէ՝ մինչեւ վախճանին ատենը։ Շատերը պիտի շրջագային, եւ գիտութիւնը պիտի շատանայ» (Դանիել 12։4)։
     Այսօր տարատեսակ փոխադրամիջոցների առկայությամբ պայմանավորված՝ հեշտացել և արագացել է ճամփորդությունը։ Աշխարհի այս ծայրից մյուսը հասնելը դարձել է ժամերի հարց։ Այդ մասին չէր կարող երազել 1-2 դար առաջ ապրող ամենամեծ երևակայությամբ օժտված մարդն անգամ։ Այսօր գիտելիքն ու ինֆորմացիան նույնպես աճել են և օրեցօր ավելի են աճում։
     Կան բազմաթիվ այլ նշաններ, թեև ՀԻՍՈՒՍԸ նախազգուշացրեց, որ շատերը անտեսելու են այն նշանները, որ կլինեն վերջին օրերին։ Ամբարիշտ մարդկանց կործանումը հանկարծ և անսպասելի է գալու՝ գիշերվա գողի նման (Ա Թեսաղ.5։2)։ «Բայց ինչպէս Նոյի օրերուն պատահեցաւ, այնպէս ալ պիտի ըլլայ մարդու Որդիին գալուստ...» (Մատթ. 24։37-41)։
    
     Ուրեմն լինենք իմաստուն՝ ընդունելով, որ «Իմաստութեան սկիզբը Տէրոջ վախն է» (Առակ.1։7)։ Չփորձենք հերքել անհերքելին։ Գնահատենք մեր կյանքի ժամանակը, որ պարգև է ԱՍՏԾՈՒՑ, և փորձենք ապրել աստվածահաճո կյանք։



 

1 comment:

Shahen said...

Գնահատելի է ձեր կրած աշխատանքը և նւիրւած ծառայութիւնը:
Աղօթքս է որ Աստուած աւելիով գործածի ձեզ և ձեր տաղամդները իր Անւան փառքի համար:

Հ.