Pages

Sunday, July 21, 2013

ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՎԵՐՋԻՆ ԵՐԳԸ

     Գրեգ Լորի
     «Նրանք երգում էին Աստծո ծառայի՝ Մովսեսի երգը և Գառնուկի երգը՝ ասելով. «Մեծ ու սքանչելի են քո գործերը, Տեր, Ամենակա՛լ Աստված. Արդար ու ճշմարիտ են քո ճամփաները, Ազգե՛րի թագավոր»» (Հայտն. 15.3):

     Հայտնության 15-րդ գլխում սրբերը, որոնք նահատակվել էին իրենց հավատքի համար, երգում են Մովսեսի երգն ու Գառնուկի երգը:

     Մովսեսի երգը այն երգն է, որն իսրայելացիները երգում էին, երբ ազատվել էին փարավոնից և ապահով անցել Կարմիր ծովը (տես՝ Ելից 15 և Բ. Օրինաց 32): Այս երգը կրկին կերգվի երկնքում: Սա Սուրբ Գրքի վերջին երգն է:
     Այս հատվածում նահատակները թեև անցել են հալածանքի կրակի միջով, չեն կորցրել իրենց երգը: Նրանք երգում են. «Արդար ու ճշմարիտ են քո ճամփաները...»: Սա գիտակցումն է այն փաստի, որ Աստված գիտի, թե ինչ է անում:

     Կյանքում պատահում են բաներ, որոնք հնարավոր չէ հասկանալ: Ողբերգություններ են տեղի ունենում, դժբախտություններ են պատահում նույնիսկ քրիստոնյաների հետ: Եվ հենց այսպիսի պահերի է, որ մենք պետք է վստահենք Աստծուն և սրտանց երկրպագենք Նրան՝ ոչ այն պատճատով, որ մեզ հետ վատ դեպք է պատահել, այլ այն պատճառով, որ Աստված բարի է: Մենք չենք կարող վերահսկել հանգամանքները, բայց կարող ենք վերահսկել մեր արձագանքը դրանց նկատմամբ:

    Հոբը մի գիշեր անկողին մտավ, և թվում էր, թե ամեն բան հրաշալի էր: Հաջորդ առավորյան նա արթնացավ և կորցրեց ողջ ունեցածը: Եվ ամենասարսափելին՝ նա կորցրեց իր զավակներին: Եվ ի՞նչ արեց նա. «Հոբը... գետին ընկնելով ՝ երկրպագեց և ասաց. «Մորս արգանդից մերկ ելա, մերկ էլ կվերադառնամ: Տերը տվեց, և Տերը առավ: Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը»» (Հոբ 1.20–21):

     Ի՞նչ աղետների եք դուք դիմակայում: Ի՞նչ փորձություններ են սպասվում ձեզ առջևում: Երկրպագեք Աստծուն ոչ թե ձեր դժվարությունների համար, այլ Նրա գերիշխանության և փառքի համար: Երբ երկինք գնաք, ձեզ ամեն ինչ կբացատրվի: Իսկ մինչ այդ օրը, մենք ապրում ենք՝ վստահելով խոստումներին և ոչ փնտրելով բացատրություններ:



 



No comments: