Pages

Saturday, September 21, 2013

ՔՐԻՍՏՈՍԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ԼՈՒՅՍ

Վարդան Նաջարյանի հարցազրույցը ամերիկահայ հայտնի ֆիզիկոս Դր. Գնել Դուրյանի հետ


Վ. Նաջարյան – Ողջունում եմ բոլորիդ Տեր Հիսուսի պատվական անունով: Այսօրվա մեր հյուրը սիրելի եղբայր Գնել Դուրյանն է, և զրույցի թեման՝ լույսը: Մենք կխոսենք լույսի առանձնահատկությունների և անշուշտ հոգևոր լույսի մասին:


Գ. Դուրյան – Ես նույնպես ողջունում եմ բոլորիդ Հիսուս Քրիստոսի անունով: Միասին կսերտենք մի շատ կարևոր նյութ՝ քննարկելով  ֆիզիկական աշխարհի մեջ եղած լույսի, ինչպես նաև Աստվածաշնչի մեջ հիշված Լույսի անհրաժեշտությունը մեր կյանքում:

Գիտական տեսակետից լույսը կյանքի աղբյուր է երկիր մոլորակի վրա: Բոլոր բույսերը լույսի կարիք ունեն: Մյուս կողմից լույսը մեզ լուսավորում է, այսինքն՝ թույլ է տալիս, որ տեսնենք և խավարի մեջ չմնանք: Լույսը ունի ևս մեկ հատկություն. այն առատ ինֆորմացիա է մեզ բերում զանզան տեղերից: Անշուշտ մեր ֆիզիկական լույսի աղբյուրն արևն է: Մի քանի խոսք արևի մասին: Արևը միջակ դասակարգի աստղ է: Ոչ շատ երիտասարդ, որ կլիներ անկայուն, ոչ էլ շատ տարիքոտ, որ կլիներ անարժեք: Միջակ դասակարգի, փոքր աստղ է, բայց զարմանալի կարևոր առանձնահատկություններ ունի:

1. Կարևոր է նրա հեռավորությունը Ծիր Կաթին համաստեղության կենտրոնից և այն փաստը, որ նրա շուրջ գտնվող աստղերը հեռու են: Այսպիսով երկիր մոլորակի ուղեծիրը կայուն վիճակի մեջ է մնում, որովհետև ուրիշ աստղերի ձգողական ուժը չի ազդում մեզ վրա:

2. Արևի հեռավորությունը երկիր մոլորակից (150 մլն կիլոմետր) այնքան է, որ արևը մեզ ոչ շատ տաքացնի և ոչ էլ սառենք: Ջուրը հեղուկ վիճակի մեջ է մնում մեր մոլորակի վրա:

3. Արևը կայուն աստղ է: Այսինքն՝ փոփոխական չէ: Կարելի է վտահել նրա կանոնավոր ջերմությանը և լույսին հազարավոր, եթե ոչ միլիոնավոր տարիներ:

Այս երեք կետերը շատ կարևոր են:

Լույսի այլ հատկություններ են.

1. Բոլորս էլ լավ գիտենք, որ լույսը թե մասնիկ է և թե ալիք: Լույսը զույգ հատկություն ունի: Եվ սա պարադոքս է:

2. Լույսը էլեկտրամագնիսական դաշտի մի մասն է կազմում: Այն շատ նեղ մասն է էլէկտրամագնիսական դաշտի, որը սկսվում է ռադիոալիքներից, անցնում մինչև ռենտգենյան ճառագայթներ կամ գամմա-ճառագայթներ: Այսինքն՝ շատ մեծ սպեկտրալ բաշխում ունի, որի մեկ շատ փոքր մասն է լույսը, որ մենք կարող ենք մեր աչքերով տեսնել:

3. Լուսը կազմված է ֆոտոններից, և ֆոտոնը ամենատարրական մասնիկն է բոլոր տարրական մասիկների մեջ: Էլեկտրոնը, նյուտրոնը, պրոտոնը, այսինքն՝ բոլորը կոչվում են էլեմենտար մասինկներ, որոնցից ամենաէլեմենտարը ֆոտոնն է:

4. Լույսը նաև մեզ բերում է ինֆորմացիա: Օրինակ, մենք գիտենք, թե տիեզերքը կամ աստղերը ինչպիսի գազերից են բաղկացած՝ շնորհիվ այն բանի, որ լույսի տատանումենրը և ալիքները մեզ թույլ են տալիս սերտել տիեզերքում եղած աստղերի գոյությունը: Այսպիսով լույսն իր մեջ պարունակում է տեղեկատվություն:

Այս մի քանի կետերը մեզ ցույց են տալիս լույսի արժեքը: Իրականում կան 7 տարբեր կետեր, որոնք քիչ հետո կհամեմատեմ Քրիստոսի կյանքի հետ: 


Վ. Նաջարյան – Գնել եղբայր, չե՞ք կարծում, որ արժե նաև անդրադառնալ լույսի տարածման արագությունը: Այն ֆանտաստիկ է՝ 300 000 կիլոմետր մեկ վայրկյանում:

Գ. Դուրյան – Այո, լույսը ֆանտաստիկ արագություն ունի: Լույսինց արագ ոչինչ գոյություն չունի, և այդ հատկության շնորհիվ լույսը ինչ-որ տեղ դառնում է ստանդարտ:


Վ. Նաջարյան – Ավելի պատկերավոր դարձնելու համար բերեմ մի օրինակ. Լոս Անջելեսից Հայաստան մոտ 12000 կիլոմետր է, մի փոքր ավելի: Երկկողմ ճանապարհը մոտ 25 000 կիլոմետր է: Լույսը, որի արագությունը 300 000 կիլոմետր է մեկ վայրկյանում, կարող է այստեղից Հայատան 1 վայրկյանում 12 անգամ գնալ և վերադառնալ:

Գ. Դուրյան – Արևը երկիր մոլորակից գտնվում է 150 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Արևի լույսը մեզ հասնում է 8 րոպեից:

Վ. Նաջարյան – Գնել եղբայր, կարծում եմ՝ ժամանակն է, որ անցնենք հոգևոր լույսին և խոսենք Աստծո խոսքով մեզ բերված Լույսի մասին:

Գ. Դուրյան – Այո, նախ խոսենք Աստվածաշնչում հիշված Լույսի կարևորության մասին, ապա Քրիստոսին, որ որպես աշխարհի լույս ներկայացավ, կհամեմատենք ֆիզիկական լույսի հետ: Եվ պետք է զարմանանք այդ զուգահեռ համեմատության վրա:

Վ. Նաջարյան – Քրիստոսն ասաց. «Ե՛ս եմ աշխարհի լույսը» (Հովհ 8.12): Այդ նույնը 10 անգամ նրա մասին վկայված է Աստծո խոսքում, որոնցից 3 անձամբ ինքը վկայեց: Ընթերցենք Եսայի մարգարեության 9-րդ գլխի 2-րդ համարը: «Խավարի մեջ քայլող ժողովուրդը մեծ լույս տեսավ, մահվան շուքի երկրում բնակվողների վրա լույս ծագեց»: Այդ ի՞նչ լույսի մասին է խոսքը: Անշուշ մարգարեությունը Տեր Հիսուսի մասին է: Եվ իրականացումը կարդում ենք Ավետարան ըստ Մատթեոսի 4.15-ում. «...խավարի մեջ բնակվող ժողովուրդը մեծ լույս տեսավ, և լույս ծագեց նրանց վրա, որ բնակվում էին մահվան երկրում և շուքի մեջ»: Այսինքն ամբողջ հեթանոս աշխարհին Լույսը եկավ, որպեսզի նրանք ճանաչեն Աստծուն:

Գ. Դուրյան – Կարող ենք նույնիսկ ավելի առաջ գնալ: Լույսի մասին սկսվում է խոսվել Ծննդոց գրքի առաջին գլխից: «Աստված ասաց. «Լույս լինի» ու լույս եղավ» (Ծննդ. 1.3): Ծննդոց գրքից սկսվում և շարունակվում է գրեթե բոլոր գրքերում մինչև Հայտնություն: Հայտնության 22-րդ գլխում տեսնում ենք, որ Աստված կամ Քրիստոսը նրա փառքի լույսը կդառնա երկնքում: Եվ ամենակարևորն, անշուշտ, այդ լույսը, որ մենք տեսնում ենք, Քրիստոսով ենք տեսնում: Այդ մասին հիշված է Եսայի գրքում որպես մարգարեություն, իսկ հետո Հովհաննու ավետարանի մեջ կրկին ու կրկին Քրիստոսը կոչվում է Աշխարհի Լույսը: Հիսուսն ասում է. «Ես ախարհ եկա իբրև լույս, որպեսզի ով որ հավատա ինձ, չմնա խավարի մեջ» (Հովհ. 12.46):

Վ. Նաջարյան – «Ամեն բան Նրանով եղավ և եղածներից առանց Նրա ոչ մի բան չեղավ: Կյանքը Նրանով էր, և կյանքը մարդկանց լույսն էր. Լույսը փայլում էր խավարի մեջ, բայց խավարը չճանաչեց նրան» (Հովհ. 1.3-5): Ամեն բան Նրանով եղավ... Իհարկե խոսքը Քրիստոսի՝ ստեղծիչ Աստծո մասին է: Նա աշխարհ եկավ, ու Նրան չընդունեցին: Եթե ընդունեին, այդ լույսը պիտի տարածվեր ամբողջ աշխարհում, և Նրա թագավորությունը պիտի գար: Իսկ նրանք, ովքեր ընդունեցին Նրան, լուսո որդիներ դարձան, լուսավորվեցին, ճանաչեցին Աստծուն: «Աստծուց ուղարկված մի մարդ կար, որի անունը Հովհաննես էր: Նա եկավ վկայության համար, որ վկայի Լույսի մասին, որպեսզի բոլորը հավատան նրա միջոցով: Ինքը չէր այդ Լույսը, ապա եկավ, որպեսզի վկայի Լույսի մասին» (Հովհ. 1.6-8): Հիանալի բացատրություններ են, և տեսնում ենք, որ «Լույսը» գրված է մեծատառով:

Գ. Դուրյան – Այո, ինչպես լույսն է խավարը փարատում, այդպես էլ Քրիստոսը՝ որպես աշխարհի լույսը, փարատում է մեր մեղքերի խավարը: Լույսը կյանքի աղբյուրն է, նույնպես և Քրիստոսը. «Նա, որ ունի [ընդունում է] Որդուն, ունի կյանք. Նա, որ չունի Աստծո Որդուն, չունի կյանք» (1 Հովհ. 5.12): Այսպիսով Քրիստոսը՝ որպես աշխարհի լույսը, լուսավորում է մեզ՝ հանելով խավարից, և կյանք է տալիս: Երբ հավատում ենք նրան, կյանք ենք ունենում թե՛ այս աշխարհում և թե՛ հավիտենական:

Վ. Նաջարյան – Տեր Հիսուսը ինքն իրեն տարբեր բնորոշումներ տվեց: Նա ասաց, որ ինքն է երկնքի դուռը: Ի՞նչ նշանակություն ունի դուռը: Ի դեպ նա խոսում էր մարդկանց հետ շատ պարզ, հասկանալի լեզվով: Դուռը միջոց է մի տեղից մյուս տեղ մտնելու, մի սենյակից մյուսն անցնելու համար: Այսինքն երկինք մտնելու միակ միջոցը Քրիստոսն է: «... ոչ մեկը չի կարող գալ հոր մոտ, եթե ոչ ինձնով» (Հովհ. 14.6):

Տեր Հիսուսը իրեն բնորոշեց նաև որպես բարի հովիվ: Բարի հովիվը իր կյանքը կտա իր ոչխարների համար: Եվ Նա իրականացրեց իր խոստումը. տվեց իր կյանքը իրեն հետևողների համար:

Նա ներկայացրեց իրեն նաև որպես ճշմարիտ որդատունկ: Եվ ասաց, որ եթե մեկը այդ որդատունկի վրա հաստատված չլինի, չոր ճյուղի է նմանվում, որը կկտրեն և կրակի մեջ կգցեն: Կայրվի ու կգնա:

Այս բոլոր բնորոշումները Տերը Հիսուսին տրվեցին մեկ, երկու կամ երեք անգամ: Բայց հետաքրքիր է, որ Նա բնորոշվեց որպես Լույս 10 անգամ:

Գ. Դուրյան – Քրիստոսի մասին 14 հատկություններ են նշված: Արդեն հիշեցիք՝ ճամփան, ճշմարտությունը, կյանքը, բարի հովիվը, դուռը... բայց հետաքրքիր է, որ լույսը, ինչպես դու ասեցիր, 10 անգամ է հիշված: Նշանակում է, որ դա շատ կարևոր է մեզ համար: Այժմ ցանկանում եմ 7 բացատրություններ տալ և համեմատել լույսը Քրիստոսի կյանքի հետ: Պիտի զարմանաք այդ համեմատության վրա:
1. Մենք ասեցինք, որ լույսը 2 բնույթ ունի՝ մասնիկ և ալիք: Քրիստոսի մասին գրված է, որ ունի զույգ էություն՝ կատարյալ մարդ և կատարյալ Աստծո Որդի: Յուրաքանչյուրը ճշմարտություն է: Երբ իրար մոտ ենք բերում, պարադոքս են դառնում: Ինչպե՞ս մարդը կլինի Աստված: Ինչպե՞ս Աստված կլինի մարդ: Նույնպես մասնիկն ու ալիքը իրարից անկախ ճշմարտություններ են, բայց երբ իրար մոտ ենք բերում, դառնում են պարադոքս: Այս զույգ բնույթը լույսի և Քրիստոսի առաջին նմանությունն է:

2. Ամենաէական մասնիկն, ինչպես արդեն ասեցինք, լույսն է՝ ֆոտոնը: Քրիստոսը դառնում է ամենաէական անձը մեր կյանքի համար: Ինչպես ֆոտոնը ամեն բանի արմատն է դառնում, այնպես էլ Քրիստոսն է դառնում ամեն բանի արմատը: «Այն անտեսանելի Աստծո պատկերն է, բոլոր արարածների անդրանիկը, որովհետև նրանով ստեղծվեց ամեն բան՝ ինչ որ երկնքում է և ինչ որ երկրի վրա կա՝ տեսանելի կամ անտեսանելի. Թե գահերը, թե տերությունները, թե պետությունները, թե իշխանությունները: Բոլոր բաները ստեղծվեցին նրանով և նրա համար: Նա ամեն բանից առաջ է, և նրանով է ամեն բան հաստատ մնում» (Կող. 1.15-17):
Ֆոտոնը աներևույթ էլէկտրամագնիսական դաշտի երևույթն է՝ տեսանելի մասը: Որովհետև մենք ռադիոալիքները չենք տեսնում: Ռենտգենյան ճառագայթները չենք տեսնում, բայց լույսը տենում ենք:
Եվ Քրիստոսը՝ աշխարհի լույսը, աներևույթ Աստծո տեսանլեի պատկերն է:

3. Լույսը ամենաբացարձակ հաստատունն է: Այսինքն՝ լույսից արագ ոչինչ գոյություն չունի (300 000 կիլոմետր 1 վայրկյանում): Քրիստոսը դառնում է մեր չափանիշը: Դրա համար հիշված է «...կերպարանակից լինելու իր Որդու պատկերին...» (Հռոմ. 8.29):
Եթե լույսը չափանիշն է ամեն արագության, ապա Քրիստոսը չափանիշն է մեր նկարագրի: Ինչպես լույսը արագության անդրանիկն է ֆիզիկական աշխարհի մեջ, նույնպես էլ Քրիստոսը դառնում է անդրանիկը, որպեսզի մեր կյանքում նմանվենք իր պատկերին:

4. Լույսը կյանքի ու մահվան տարբերությունն է: Առանց լույսի կյանք չկա: «Նա, որ ունի [ընդունում է] Որդուն, ունի կյանք. Նա, որ չունի Աստծո Որդուն, չունի կյանք» (1 Հովհ. 5.12): Քրիստոսը կոչվում է լույս, որովհետև կյանքի աղբյուր է: Առանց Քրիստոսի մենք կյանք չունենք:

Վ. Նաջարյան – Թերևս հիմա ոմանք ասեն, որ իրենք Քրիստոսին չունեն, բայց լավ էլ կյանք ունեն: Բավական երկար էլ ապրում են: Անշուշտ կյանք ասելով՝ մենք ի նկատի ունենք հավիտենական կյանքը: Ով որ Որդուն ունի, հավիտենական կյանք ունի. Ով չունի, կյանք չունի և դատապարտության տակ է:

Գ. Դուրյան – Քրիտոսն ասաց. «Ես եկա, որ կյանք ունենան, և ճոխությամբ ունենան» (Հովհ. 10.10): Անցնենք հաջորդ բացատրությանը.
5. Ֆոտոնը՝ լույսը, կամ ասենք էլէկտրամագնիսական ճառագայթները լցրել են ողջ տիեզերքը: Մենք միայն մի մասն ենք տեսնում մեր աչքերով: Եթե մենք զգայուն աչքեր ունենայինք, որ կարողանային տեսնել ռադիոալիքները, ուլտրամանուշակագույն, ռենտգենյան կամ գամմա ճառագայթները, գիշերը խավար չէր լինի: Ամբողջովին լուսավորված կլիներ տիեզերքը: Այսինքն էլէկտրամագնիսական ֆոտոնները, որ ռադիոալիքներից սկսած գնում են մինչև գամմա ճառագայթներ, ողջ տիեզերքն են ամբողջացնում: Քրիստոսի համար էլ ասվում է. «Նա [Քրիստոսը] իր փառքի շողն է ու իր էության նկարագրությունը, և իր խոսքի զորությամբ հաստատ է պահում տիեզերքը» (Եբր. 1.3): Այսինքն Աստված Քրիստոսով լցնում է ամբողջ տիեզերքը: Նրա գոյությունն ամենուր է:
Ինչպես ֆոտոնը լցնում է ողջ տիեզերքը, այնպես էլ Քրիստոսը լցնում է թե՛ մեր ֆիզիկական և թե՛ հոգևոր ախարհները: Գործք առաքելոց 17.28-ում ասվում է. «Արդարև նրանով ենք ապրում, շարժվում և կանք, ինչպես ձեր բանաստեղծներից ոմանք էլ ասեցին. «Քանի որ մենք նրա իսկ ցեղից ենք»»: Սա ասում է Պողոս առաքյալը Աթենքում քարոզելիս:

Վ. Նաջարյան – Բոլոր նրանք, ովքեր Քրիստոսին ընդունում են, որդեգրվում են և դառնում են Աստծո ցեղից: Իսկ բանաստեղծը, որին ակնարկում էր Պողոսը Էփիմինիդեսն էր Կրետեից:

Գ. Դուրյան – Անցնենք հաջորդ նմանությանը:
6. Ինֆորմացիա: Ինչպես ասեցի լույսը մեզ ինֆորմացիա է բերում տիեզերքից (էլեկտրամագնիսական ճառագայթարձակում): Հովհ 1. 1-5 համարներում կարդում ենք. «Սկզբից էր Խոսքը, ու Խոսքը Աստծո մոտ էր, և Խոսքը Աստված էր: Ամեն բան Նրանով եղավ, և եղածներից առանց Նրա ոչ մի բան չեղավ: Կյանքը Նրանով էր, և կյանքը մարդկանց լույսն էր. Լույսը փայլում էր խավարի մեջ, բայց խավարը չճանաչեց նրան»: Տեսնում ենք, որ Խոսքը (հաղորդակցություն, ինֆորմացիա) սկզբից էր: Այսպիսով Աստծո ինֆորմացիան մենք տեսնում ենք Քրիստոսի մեջ:
Ճիշտ ինչպես որ լույսն է մեզ բերում ամեն տեսակ ինֆորմացիա, այդպես էլ Քրիստոսը Աստծո տեղեկատվությունն է բերում մեզ: Ինֆորմացիայի աղբյուրը դառնում է Քրիստոսը՝ որպես Լույս:
Այսպիսով թե՛ Քրիստոսը և թե՛ լույսը ինֆորմացիայի աղբյուր են:

Վ. Նաջարյան – Հովհաննու 1-ին գլխի 18-րդ համարը ճիշտ կարծես հենց Ձեր այս բացատրության մասին է. «Ոչ ոք երբեք չի տեսել Աստծուն, բայց միածին Որդին, որ Հոր ծոցն է, ինքը պատմեց Նրա մասին»: Հիսուսը եկավ, որպեսզի Աստծուն ներկայացնի մեզ: Եվ ներկայացրեց Նրան որպես սիրող հայր: Հիսուսը նաև ասաց, որ աղոթելիս Աստծուն դիմենք Հայր մեր: Այսինքն՝ Աստված, որ ամբողջ տիեզերքի ստեղծիչն է, միևնույն ժամանակ սիրող հայր է մեզ համար: Եվ Նրան պետք է մոտենալ հենց որպես սիրող Հոր:

Գ. Դուրյան – Եվ վերջին կետը, որի մասին ուզում եմ խոսել.
7. Լույսը էլեկտրամագնիսական դաշտի ամենաչնչին մասնիկն է: Ռադիոալիքները կիլոմետրով են ձգվում, գամմա ճառագայթարձակումը 0.120 մետր է: Ուրեմն 24 տասնյակների տարածքն ունի: Լույսը չնչին ճեղք է այդ հսկա գիտության մեջ: Ճիշտ ինչպես Պողոս առաքյալն է ասում. 1 Կորնթ. 13.12-ում. «Հիմա տեսնում ենք հայելու մեջից՝ աղոտ կերպով, բայց այն ժամանակ պիտի տեսնենք երես առ երես»: Ուրեմն Քրիստոսը մի փոքր պատուհան է, որով մենք պիտի անցնենք և տեսնենք այդ հսկա բաշխումը, որ Աստված մեզ համար պատրաստել է: Քրիստոս որպես մարդ մի փոքր պատկեր էր ներկայացնում, բայց որպես Աստծո Որդի մեր աչքերը պիտի բացի, և ինչ որ մենք հիմա քիչ ենք տեսնում, մի օր պիտի իմանանք վիթխարի կերպով: Քրիստոսը՝ աշխարհի լույսը, պատրաստում է մեզ, որպեսզի քչով սկսելով շատը տեսնենք: Մի օր կտեսնենք այնպիսի բաներ, որ այսօր անգամ չենք կարող երևակայել:
Վ. Նաջարյան – Թերևս ոմանք մտածեն, թե ինչո՞ւ են լույսի մասին խոսում: Լույսի աշխարհի մեջ ենք ապրում, 21-րդ դարն է, տեսեք գիտությունը որքան է առաջադիմել, արդյոք կա՞ մի տեղ, որ մութ է: Բայց ըստ Աստծո խոսքի՝ աշխարհը խավարի ու մթության մեջ է: Թեև այս ֆիզիկական լույսը կա, ամենուր պայծառ լուսավորություն է, բայց մարդկանց մտքերը և սրտի աչքերը փակված են, որովհետև Աստծո խոսքն է դա վկայում: «Որովհետև Աստված որ հրամայեց՝ որ խավարից լույս ծագի, ինքը մեր սրտերի մեջ ծագեց Աստծո փառքի գիտության լույսը տալու համար Հիսուս Քրիստոսի անձով» (2 Կորնթ. 4.6):
Հետևաբար եթե Հիսուս Քրիստոսի անձով Աստծո փառքի գիտության լույսը մեկի մեջ չի եկել, նա խավարի մեջ է: Որովհետև գրված է. «Այս աշխարհի աստվածը [սատանան] անհավատների մտքերը կուրացրեց, որպեսզի Քրիստոսի՝ Աստծո պատկերի փառքի ավետարանի լույսը նրանց վրա չշողա» (2 Կորնթ. 4.4):


Գ. Դուրյան – Կարդանք Հովհ. 3.19 համարը. «Սա է դատապարտությունը, որ լույսը աշխարհ եկավ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քանի որ իրենց գործերը չար էին»:

Վ. Նաջարյան – Այո, ուրեմն դատապարտությունը այս կամ այն կատարած մեղքի համար չէ, թեև ամեն մարդ իր կյանքի համար Տիրոջ առջև անուշտ պատասխան պիտի տա: Միակ դատապարտությունը, որ նաև կոչվում է Աստծո և Սուրբ Հոգու դեմ հայհոյություն, դա Քրիստոսին մերժելն է: Աստծո լույսը, իմացականությունը, բանն Աստծո մարմին դառավ և աշխարհ եկավ, որպեսզի մենք աստվածճանաչողություն ունենանք: Հին աշխարհի մեջ աստվածշանաչողությունը պայմանավորվում էր իրենց ունեցած կուռքերով: Բազմաթիվ էին աստվածները, բայց նրանցից որևէ մեկը չէր խոսում, չէր լսում, չէր տեսնում: Կուռքեր էին, որոնք եթե փայտից էին, այրվեցին, եթե քարից էին, կոտրվեցին, գնացին: Բայց Քրիստոսը եկավ և Լույսը բերեց, որպեսզի մենք խավարի մեջ չմնանք, մեր մտքերն ու սրտերը լուսավորեց, որպեսզի հասկանանք, թե որն է կյանքի նպատակը, ինչի համար ենք մենք այս աշխարհ եկել, ուր էինք, ուր պիտի գնանք և որ դրախտն ու դժոխքը իրական վայրեր են: Իսկ դրախտ տանող միակ ճանապարհը Հիսուսն է, ինչպես ասում է Հովհ. 14.6 համարում. «Ե՛ս եմ ճամփան, ճշմարտությունն ու կյանքը. Ոչ ոք չի կարող գալ Հոր մոտ, եթե ոչ ինձնով»:

Գ. Դուրյան – Քրիստոսը իսկապես աշխարհի լույսն է, և երբ մարդ մերժում է Քրիստոսին, մերժում է լույսը և բնակվում է խավարի մեջ ու կյանք չունի: Սա է ամփոփումը: Այդ պատճառով 10 անգամ Քրիստոսի մասին նշված է, որ աշխարհի լույսն է: Եկեք ընթերցենք սաղմոս 139.23-24, որտեղ սաղմոսերգուն ասում է. «Հետազոտիր ինձ, ով Աստված, ու ճանաչիր իմ սիրտը. Քննիր ինձ, ու իմացիր իմ գաղափարները: Նայիր, թե արդյոք չար ճամփայի մեջ եմ, և առաջնորդիր ինձ դեպի հավիտենական ճամփան»:
Առանց լույսի անհնար է տեսնել ճանապարհը: Աստված լույս է, Քրիստոսն Աստծո Լույսն է, և Նա պիտի քննի մեր սրտերը և իմանա, թե ինչ ճանապարհի մեջ ենք: Եթե մենք հոժար ենք իր առջև գալ և խոնարհվել, Նա մեզ նոր ուղղություն կտա մեր կյանքի մեջ: Մեր կյանքին լույս և մեր ոտքին ճրագ կդառնա, ինպես ասվում է սաղմոս 119.105-ում:


Վ. Նաջարյան – Լողոս՝ այդ խոսքը, մեր ոտքերին ճրագ և մեր շավիղներին լույս է, որպեսզի մեզ առաջնորդի Տիրոջ ճանապարհների մեջ, և այդ ճանապարհը դեպի երկինք է գնում: Մնացած բոլոր ճանապարհները զարտուղի են և ներկայացված են որպես լայն ճանապարհ, որով շատերը գնում են, և, ցավոք սրտի, դրա վերջը դժոխքն է և ծծումբով այրված կրակի լիճը: Ուստի Աստված իր խոսքի միջոցով հորդորում է, խնդրում է, և մենք էլ Տիրոջ կողմից դեսպանություն ենք անում ասելով՝ սիրելիներ, Լույսին եկեք, Քրիստոսին եկեք: Եվ Աստծո խոսքն ասում է. «Արթնացիր, դու որ քնած ես, և կանգնիր մեռելներից, և Քրիստոսը պիտի փայլի քո վրա [քեզ լույս պիտի տա]» (Եփես. 5.14):
Թեև շատ աշխույժ ես կյանքում, ամեն բանի հասել ես և շատ էլ հաջողություններ ունես, բայց Աստված ներկայացնում է, որ դու մեռած վիճակի մեջ ես, որովհետև միայն Քրիստոսն է, որ թե՛ կյանք, թե՛ լույս և թե՛ հավիտենականություն է տալիս: Մենք, սիրելիներ, մեղավոր բնույթ ունենք, հետևաբար փրկչի կարիք ունենք: Առանց արյուն թափվելու՝ Աստծո առջև մեղքերի թողություն չկա, և Քրիստոսը՝ աշխարհի սկզբից առաջ մորթված այդ Գառնուկը, եկավ, իր արյունը թափեց համայն մարդկության համար: Եվ ով որ Նրան հավատա, նրա բոլոր մեղքերը պիտի ջնջվեն չհիշելու պայմանով, և նա հավիտենականության ժառանգորդ պիտի դառնա՝ կոչվելով Աստծո որդի:

Գ. Դուրյան – Ք. Ս. Լյուիսը հետաքրքիր բացատրություն է տալիս այս ուղղությամբ: Պատկերացրու, որ խավար ու անհույս մի զնդանի մեջ ես, ու հանկարծ մի ճեղքից լույսի շող է հայտնվում: Երեք տարբերակ ունես: Կարող ես տեսնել ու անտեսել, որովհետև կարևոր չէ քեզ համար, քո ցանկությունը զնդանից դուրս գալն է: Կարող ես նաև այդ լույսը դիտել ու մտածել՝ ինչ գեղեցիկ է: Քրիստոսի մասին խորհել՝ որպես լույսի: Բայց դա էլ բավարա չէ, դու կարող ես մտնել այդ լույսի մեջ՝ տեսնելու այդ լույսի աղբյուրը, որպեսզի կարողանաս դուրս գալ զնդանից:
Ուրեմն երբ դու Քրիստոսին ընդունես, թույլ տաս, որ Նա՝ որպես լույս, քո մեջ բնակվի, այդ ժամանակ կտեսնես հավիտենականությունը, Աստծո դեմքը, ճշմարտությունը: Հեռվից դիտելը և Հիսուսին գովելը լավ է, բայց բավարար չէ: Անհրաժեշտ է այդ լույսը յուրացնել:


Վ. Նաջարյան – Այո, Գնել եղբայր, ամեն մարդուց ակնկալվում է քայլ անել: Շատերը Աստծո խոսքը կարդում են, բայց էական փոփոխություն իրենց կյանքի մեջ չի եղել, որովհետև կարդալը միայն նպաստում է որոշակի հոգևոր գիտելիքների ձեռքբերմանը: Սակայն հնարավոր է, որ մեկը շատ քիչ բան գիտի, սակայն իր սրտի դուռը Տիրոջ առջև բացում է: Եվ գրված է, որ Հիսուսը կանգնած է մեր սրտի դռան առջև և բախում է. «եթե մեկը լսի իմ ձայնը և բացի դուռը, պիտի մտնեմ ներս և ընթրեմ նրա հետ, և նա էլ ինձ հետ» (Հայտն. 3.20): Այսինքն այդ սրտի մեջ պիտի բնակվի, և այդ անձնավորությունը դառնա Սուրբ Հոգու տաճար: Ով որ հավտքով ընդունի Սուրբ Հոգին՝ այն Հոգին, որ Քրիստոսին մեռելներից հարուցանեց, ինքն էլ պիտի հավիտենական կյանք և հարություն ունենա: Հոգին չունեցողների համար էլ հարություն կա, սակայն այդ հարությունը դատաստանի համար է: Ցավալի է, ահավոր և սարսափելի: Հաճախ այսպես երբ խոսում ենք, ոմանք ասում են, թե դա վախեցնում է մարդկանց:  Սակայն եթե մենք միայն ականջ շոյող խոսքեր ասենք, որպեսզի մարդիկ ուրախանան, բայց փրկություն չգտնեն, ի՞նչ օգուտ դրանից: Պետք է ամբողջ ճշմարտությունն ասել: Քրիստոսը Փրկիչ է: Նրան ընդունելով՝ դու հավիտենական կյանք կունենաս, իսկ մերժելով՝ հավիտենական դժոխք: Ընտրությունը քոնն է:

Գ. Դուրյան – Եկեք թեման ամփոփենք մի հրաշալի համարով. «Եվ այս է այն պատգամը, որ լսեցինք իրենից և հաղորդում ենք ձեզ, թե Աստված լույս է, և Նրա մեջ բնավ խավար չկա: Եթե ասենք. «Մենք հաղորդության մեջ ենք Նրա հետ», սակայն խավարի մեջ ընթանանք, կստենք և չենք կատարի ճմարտությունը: Իսկ եթե լույսի մեջ ընթանանք, ինչպես Նա է լույսի մեջ, հաղորդություն կունենանք իրար հետ, և Նրա Որդու Հիսուս Քրիստոսի արյունը կմաքրի մեզ ամեն մեղքից» (1 Հովհ. 1.5-7):

Վ. Նաջարյան – Հիանալի ամփոփում: Աստված լույս է, և ով որ լույսի մեջ քայլի, խավարի մեջ չի մնա, և Հիսուս Քրիստոսի արյունը մեզ բոլոր մեղքերց պիտի սրբի: Մենք դատապարտությունից պիտի ազատվենք: Դատապարտությունը Քրիստոսին մերժելն է:
Սիրելիս, որևէ բան պետք չէ անել փրկվելու համար: Հավատք է պետք՝ ճշմարիտ հավատք, փրկարար հավատք: Ոչ թե հավատալ, որ Աստված կա, դա բավարար չէ. դևերն էլ գիտեն, բայց չեն հնազանդվում: Անհրաժեշտ է հնազանդվել Խոսքին: Ընդունենք Քրիստոսին որպես մեր Տեր ու փրկիչ:
Գնել եղբայր, այսօրվա նյութը խնդրեմ ամփոփեք և ձեր աղոթքով ավարտենք:


Գ. Դուրյան – Ինչպես տեսանք, լույսը շատ էական է մեզ համար: Այն կյանք է բերում, խավարից ազատում, հաղորդակցության մեջ է դնում և այլն: Քրիստոսը աշխարհի լույսն է, որովհետև Նա լուսավորում է մեզ, խավարից է հանում, մեր մեղքերը մեզ ցույց է տալիս և չի մեղադրում, այլ իր սիրով հրավիրում է, որ մենք այդ լույսը ընդունենք և այդ լույսի մեջ քայլենք, այսինքն՝ Քրիստոսի ներկայության մեջ մնանք: Ինչպես Աստված լույս է, Քրիստոսն Աստծո լույսն է, մենք էլ այն ժամանակ կլուսավորվենք, երբ գտնվենք Նրա ներկայության մեջ: Շատ պարզ հավատքով երբ ընդունենք Քրիստոսին որպես մեր անձնական Լույսը, փրկիչը, այն ժամանակ կունենք կյանք և ավելի կյանք:

Աղոթենք. Երկնավոր Հայր, խորին շնորհակալությամբ ենք մոտենում Քեզ, որ դու ստեղծել ես լույսը, մեզ տվել ես ֆիզիկական կյանք, լուսավորել ես մեր աչքերը, որ վայելենք բնությունը, տիեզերքը: Այս ի՜նչ հրաշալի պարգև է, որ դու տալիս ես մեզ: Եվ զարմանալի է, Տեր, Դու ավելին ես արել. Մեզ լուսավորել ես մեր հոգևոր կյանքի մեջ և ուղարկել ես Քո միածին Որդուն այս աշխարհ որպես աշխարհի Լույսը, որպեսզի մենք խավարի մեջ ման չգանք: Աղոթքս է Տեր, որ բոլոր հայրենակիցները իմանան, որ իրենք էլ կարող են նույնն անել իրենց կյանքի մեջ՝ իրենց կյանքը բացել Աստծո առջև, իրենց մեղքերը խոստովանել և թույլ տալ, որ Քրիստոսի կյանքը, մահը և հարությունը, Նրա արյունը մեզ փրկի բոլոր մեղքերից: Քրիստոսի անունով ենք այս ամենը խնդրում: Ամեն:


Վ. Նաջարյան – Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզանից ամեն մեկի հետ լինի: Ամեն:

No comments: