Pages

Wednesday, November 13, 2013

ԻՆՉՈ՞Ի ԷՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ, ՈՐ ՀԻՍՈՒՍԸ ՄԱՀԱՆԱՐ

     (Մաս 1)
     Գրեգ Լորի


     ՀԻՍՈՒՍԻ ծնունդը Բեթլեհեմում, Նրա խաչելությունն ու հարությունը անկասկած ամենակարևոր իրադարձություններն են պատմության մեջ:


     Այստեղ էր, որ ԱՍՏՎԱԾ ու մարդ արարածը վերստին հաշտվեցին: Այստեղ՝ խաչի վրա, ԱՍՏԾՈ արդարացի պահանջները բավարարում գտան: Այստեղ էր, որ վերստին ձեռք բերվեց այն, ինչ կորստյան էր մատնվել պարտեզում: Այստեղ կործանիչ ու վճռական հարված հասցվեց սատանային ու նրա կամակատարներին: Այստեղ՝ խաչի վրա էր, որ գնվեց մեր փրկությունը:

     Որքան էլ խոսենք կամ մտորեն այս հարցի շուրջ, բավարար չէ: Այս պատմական դեպքերի շնորհիվ՝ մենք գիտենք, որ գերեզմանից անդին կյանք կա: Սա է, որ մեր հավատքը զատում, առանձնացնում է մյուսներից՝ Բուդդիզմ, Հինդուիզմ, Իսլամ և այլն: Մարդիկ կարող են այցելել նրանց մարգարեների և հոգևոր ուսուցիչների գերեզմանները և հարգանքի տուրք մատուցել, բայց եթե այցելեն ՀԻՍՈՒՍԻ գերեզմանը, այն կգտնեն դատարկ: ՆԱ ողջ է:

     Բայց հարցը պատասխան է պահանջում. Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ ՀԻՍՈՒՍԸ մահանար: Ինչո՞ւ պետք է Նա ծեծվեր, տանջվեր և մահանար այդպիսի դաժան մահով: Որովհետև չկար այլ կերպ՝ բավարարելու ԱՍՏԾՈ արդարացի պահանջները: ԱՍՏՎԱԾ իր կանոններն ունի, և ՆԱ ասել է. «Այն անձը, որ մեղանչի, նա պիտի մեռնի» (Եզեկ. 18:20) և «Առանց արյուն թափվելու մեղքերի ներում չկա» (Եբր. 9:22): Հին Կտակարանում կենդանական զոհերը, որ մատուցվում էին, ընդամենը նախանշանն էին ապագայում սպասվող դեպքի, ավելի ճիշտ անձի: Եվ այդ անձը ՀԻՍՈՒՍՆ էր:

     Գողգոթան ցույց է տալիս, թե որքան հեռու կգնա մարդը մեղքի մեջ, և թե որքան հեռու կգնա ԱՍՏՎԱԾ մարդու փրկության համար: ՀԻՍՈՒՍԸ ի սկզբանե գիտեր, որ պետք է մահանար և հաճախ խոսում էր այդ մասին: Իրականում ոչ ոք չվերցրեց Նրա կյանքը Նրանից: Նա իր կամքով այն զոհեց: Նա ապրեց խաչի ստվերի ներքո այս աշխարհ գալու պահից սկսած:

     Ոմանց համար խաչը թվում է խոտորում, սխալ, իրադարձությունների ողբերգական շրջադարձ: Շատ հավանական է, որ այդպես էին կարծում նաև աշակերտները, երբ ՀԻՍՈՒՍԸ բանտարկվեց և սպանվեց: Ինչպե՞ս կարող էր դա որևէ ծրագրի մաս լինել: Ինչպե՞ս կարող էր նման մի անիմաստ, դաժան բան որևէ նպատակ ունենալ:

     Պատասխանը՝ դա կատարյալ, բացարձակ նպատակ և իմաստ ուներ: ԱՍՏՎԱԾ ինքն էր արարողակարգի ղեկավարը խաչի մոտ. «Տերը հաճեցավ, որ Նա ճզմվի և Նրան ցավերի մատնեց» (Եսայի 53:10): ԱՍՏՎԱԾ «չխնայեց իր իսկ Որդուն, այլ մատնեց Նրան մեր բոլորի համար» (Հռոմ. 8:32): «Աստված նախապես սահմանեց Նրան՝ քավություն լինելու Նրա արյանը հավատացողների համար» (Հռոմ. 3:25):

     Ինչո՞ւ ՀԱՅՐ ԱՍՏՎԱԾ հաճեցավ, որպեսզի ՈՐԴԻ ԱՍՏՎԱԾ մահանա: Նրան գոհացնում էր փրկագնման իրագործումը: Նրան հաճեցնում էր փրկության ծրագրի իրականացումը: Նա գոհ էր, որ Իր Որդու զոհաբերությամբ մարդիկ կարող են հավիտենական կյանք ունենալ:

     Ի հեճուկս Խաչելությանն առնչվող իրադարձություններում տիրող ողջ չարիքին, այն անսահման բարիք բերեց: Իրականում այն ամենաչար արարքն էր՝ երբևէ իրագործված մեղավոր սրտերի կողմից. ԱՍՏԾՈ անմեղ Որդին սառնասրտորեն ենթարկվեց չարչարանքի ու անգթաբար սպանվեց: Այնուհանդերձ, այն միջոց դարձավ բոլոր ժամանակների մեծագույն բարիքի՝ անթիվ հոգիների փրկության... քո և իմ փրկության:


No comments: