Pages

Tuesday, March 30, 2021

ՊԱ՞ՀՔ, ԹԵ՞ ԾՈՄ

(Նյութը՝ Աստվածաշնչից, Վ. Նաջարյանի քարոզից և այլ աղբյուրներից)

Մեծ Պահքի շրջանն է: Շատերն ունեն բազում հարցեր՝ պա՞հք, թե՞ ծոմապահություն, քանի՞ օր, ի՞նչ ուտել, ինչի՞ց խուսափել և այլն:

Պահքը սուրբգրային հիմք չունի, հաստատված է հավատքի հայրերի կողմից, մինչդեռ ծոմապահությունը (ոչինչ չուտել և չխմել) սուրբգրային է: 

Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից (աղբյուրը՝ www.qahana.am):

Ցանկացած սովորույթի, ծեսի ու ավանդության (սրբերին աղոթք*, սրբապատկերների պաշտամունք**, աղի բլիթ***, տրնդեզի խարույկ***, վարդավառի ջրոցի*** և այլն) հետևելուց առաջ պետք է լավ մտածել: Արդյոք դրանք չե՞ն հակասում ԱՍՏԾՈ խոսքին, դրանցով չե՞նք փոխարինում ԱՍՏԾՈ պատգամները: Արդյո՞ք ԱՍՏԾՈ կամքով ու ՆՐԱ կողմից ընդունելի են այն քայլերը, որոնք մենք անում ենք որպես քրիստոնյա:

Մատթ. 15-ում Հիսուսի պատասխանը դպիրներին ու փարիսեցիներին. «Ձեր ավանդույթի պատճառով խախտում եք Աստծո պատվիրանը։ Կեղծավորնե՛ր, Եսային ձեր մասին ճիշտ է մարգարեացել՝ ասելով. «Այս ժողովուրդն ինձ միայն շրթունքներով է պատվում, բայց նրանց սիրտը հեռու է ինձնից։ Զուր տեղն են պաշտում ինձ՝ մարդկանց պատվերները սովորեցնելով որպես վարդապետություն»:

Ծոմապահությունն Աստվածաշնչում՝ Եսայի 58:3-9.

Ու (մարդիկ) ասում են. «Ինչո՞ւ մենք ծոմ պահեցինք, և դու չտեսար, մեր անձերը խոնարհեցրինք, և դու չիմացար»։ Աստված պատասխանում է. «Ահա դուք ձեր ծոմապահության օրը ձեր ցանկություններն եք կատարում և ձեր բոլոր աշխատավորներին կեղեքում եք։ Ահա կռվի ու հակառակության համար եք ծոմ պահում, և անզգամության բռունցքով զարկելու համար. Այս օրվա պես ծոմ մի պահեք, որպեսզի ձեր ձայնը բարձրերը լսելի անեք: Մի՞թե այսպիսին է իմ նախընտրած ծոմապահությունը և այն օրը, երբ մարդ իր անձը խոնարհեցնում է։ Գլուխը կնյունի պես ծռելով և տակը քուրձ ու մոխիր փռելո՞վ է լինում.  դու սա ծոմապահություն և Տիրոջն ընդունելի օ՞ր ես կոչում։ 
Ահա սա է իմ նախընտրած ծոմապահությունը՝ քանդի՛ր ամբարշտության կապանքները, արձակի՛ր լծի կապերը, կեղեքվածներին ազատի՛ր և կոտրի՛ր ամեն տեսակ լուծ։ Կիսի՛ր հացդ սովածի հետ, թափառական թշվառներին տո՛ւնդ ընդունիր, եթե մերկ մարդ տեսնես, հագցրո՛ւ նրան և մի անտեսիր ընկերոջդ (քո նմանին): Այն ժամանակ քո լույսը արշալույսի պես պիտի ծագի, և քո ապաքինումը պիտի ծլարձակի շուտով, քո արդարությունը պիտի գնա քո առջևից, և Տիրոջ փառքը քեզ պիտի պահպանի թիկունքից։ Այն ժամանակ դու կկանչես, և Տերը կպատասխանի, դու կաղաղակես, և նա կասի. «Ահա՛ ես»։ 

Ծոմապահության վերաբերյալ սուրբգրային օրինակներ. 

1. Մովսեսն՝ ԱՍՏԾՈՒՑ Տասնաբանյա պատվիրանների տախտակները  ստանալուց առաջ. 

«Երբ ես բարձրացա լեռը, որ առնեմ քարե տախտակները, տախտակներն այն ուխտի, որ Տերն արեց ձեզ հետ, քառասուն օր և քառասուն գիշեր մնացի լեռան վրա. ո՛չ հաց կերա և ո՛չ էլ ջուր խմեցի։ Այն ժամանակ Տերն ինձ տվեց Աստծո մատով գրված երկու քարե տախտակները, որոնց վրա գրված էին բոլոր այն խոսքերը, որ Տերը ձեզ ասաց համախմբման օրը, լեռան վրա՝ կրակի միջից» (Բ Օրինաց 9:9-10)։

2. Դավիթ թագավորի ծոմապահությունը հիվանդ զավակի համար` Բ Թագ. 12:

3.Հովսափաթն էր թագավորում Հուդայի վրա, երբ թշնամիները՝ միաբանված, մեծ բազմությամբ, եկան նրանց վրա պատերազմով: Հովսափաթը ընտրեց լավագույն ճանապարհը. «Տերը փնտրելու հետամուտ եղավ և ծոմապահություն հայտարարեց ամբողջ Հուդայում» (Բ. Մնաց. 20:3)։ 

4.Նեեմիայի գիրք. «Եվ այդ ամսի քսանչորսերորդ օրը հավաքվեցին Իսրայելի որդիները ծոմով, քուրձերով և հող ցանած իրենց վրա։ Իսրայելի սերունդն առանձնացավ բոլոր օտարազգիներից, և կանգնած Աստծո առջև՝ խոստովանեցին իրենց մեղքերը և իրենց հայրերի անօրինությունները։ Իրենց տեղը կանգնած՝ օրվա մեկ քառորդը Տիրոջ՝  իրենց Աստծու Օրենքի գրքից կարդացին, և մի քառորդը Տիրոջը՝  իրենց Աստծուն խոստովանեցին ու երկրպագեցին» (Նեեմիա 9:1-3):

5. Հովելի մարգարեության մեջ. 

Ուստի հիմա Տերն ասում է. «Դեպի ինձ դարձեք ձեր ամբողջ սրտով՝  ծոմապահությամբ, լալով ու սգալով: Պատռե՛ք ձեր սրտերը և ոչ թե ձեր հանդերձները, ու ե՛տ դարձեք դեպի Տերը՝ ձեր Աստվածը: Արդարև Նա ողորմած ու գթած է, երկայնամիտ է ու բազմողորմ, և չարիքից կհարաժարվի» (Հովել 2:12-13 )  

6. Եսթերի պատմության մեջ՝ Եսթեր 4:15-16

7. Հովնանի մարգարեությունը՝ Հովն. 3:5-9

8. ՀԻՍՈՒՍԻ փորձությունն անապատում. «Այդ ժամանակ Հիսուսը Հոգու կողմից անապատ տարվեց՝ սատանայից փորձվելու։ Նա քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո քաղց զգաց» (Մատթ. 4:1-2)։

9. Ծոմապահության մասին՝ Մատթ. 6:16-18

Երբ ծոմ եք պահում, տրտմերես մի՛ եղեք կեղծավորների պես, որոնք իրենց երեսը խոժոռում են, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձը ստացել են։ Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր գլուխդ և լվա՛ երեսդ, որպեսզի ցույց չտաս մարդկանց, թե ծոմ ես պահում, այլ ծածուկ կերպով երևաս քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ հայտնապես կհատուցի։


Եզրակացություն

• ԱՍՏԾՈ կողմից ընդունելի ծոմապահությունը՝ Եսայի 58:6-7

Անիրավության կապերը քանդել, լուծի կապերը թուլացնել, հարստահարվածներին ազատել, ամեն տեսակ լուծ կոտրել, սովածի հետ հացդ կիսել, թափառական տնանկներին տանդ ընդունել, մերկին հագցնել և քո նմանին (ընկերոջդ) չանտեսել: 

• Հավատացյալը ծոմապահության միջոցով իր անձնական ու անանձնական խնդիրները տանում է ԱՍՏԾՈ առջև՝ գիտակցելով, որ ԱՍՏԾՈ կամքն ու մեր ցանկությունները միշտ չէ, որ համընկնում են: 

Հավատացյալը կարող է ծոմ պահել ամենատարբեր նպատակներով, ներառյալ՝ անձնական կամ մեկ ուրիշի ապաքինման, շարունակական մեղքերից ազատվելու, տարբեր տեսակի մոլություններից ազատվելու, սիրելիի ապաշխարհություն և այլն: 

• Թեև Աստվածաշնչում օրինակներ կան 40 օր ծոմապահության, սակայն երբեք պետք չէ նման բան փորձել: Ծոմապահությունը կարող է լինել մի օր և ժամանակն է արևամուտից մինչև հաջորդ արևամուտ, որը անհրաժեշտ է անցկացնել անձի խոնարհեցմամբ, աղոթքով և Սուրբ Գրքի սերտողությամբ:


* Ինչո՞ւ պետք չէ աղոթել սրբերին - Ըստ Աստվածաշնչի՝ Ա Տիմ. 2:5. «...կա մեկ Աստված և մեկ միջնորդ Աստծու ու մարդկանց միջև՝ Քրիստոս Հիսուս մարդը,  որն ինքն իրեն բոլորի համար փրկագին տվեց։ 

**Ինչո՞ւ պետք չէ պաշտել սրբապատկերներ և առհասարակ որևէ իր կամ անձ՝ բացի ԱՍՏԾՈՒՑ – Ըստ Աստվածաշնչի՝ դա կռապաշտություն է. Բ Օրին. 5:6-9՝ 
“Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ դուրս հանեցի Եգիպտոսից՝ ստրկության տնից։ Ուրիշ աստվածներ չունենաս իմ առաջ։ Քեզ համար կուռքեր չշինես ոչ մի բանի կերպարանքով, որ գտնվում է վերևում՝ երկնքում, կամ ներքևում՝ երկրի վրա, և կամ երկրի տակ՝ ջրերի մեջ։  Երկրպագություն չանես դրանց և չպաշտես դրանց, որովհետև ես՝ քո Տեր Աստվածը, նախանձախնդիր Աստված եմ...»:

***աղի բլիթ, տրնդեզի խարույկ, վարդավառի ջրոցի, աչքի ուլունք, բախտագուշակություն, աստղագուշակություն և այլն – Շատ ավանդույթներ, ծեսեր, առօրեական դարձած հավատալիքներ ունեն հեթանոսական ծագում և ոչ միայն չունեն առնչություն Աստծո խոսքի հետ, այլ պարզապես դեմ են ԱՍՏԾՈ պատգամներին: Դրանցով զբաղվելը կամ հետաքրքրվելը ունի բացասական հետևենքներ:
Եսայի 47:13-14՝ «... թող կանգնեն երկինքը զննողները, աստղագետները, նորալուսնով գուշակողները և քեզ փրկեն այն չարիքից, որ գալու է քեզ վրա։ Ահա նրանք մղեղի պես կլինեն, կրակը կայրի նրանց, նրանք իրենց անձը չեն ազատի բոցի զորությունից»:

Բ Օրին. 18:9-12՝  Զգուշացում կռապաշտության փորձերի դեմ.
«...չհետևես այդ ազգերի գարշելի սովորույթներին։ Ձեր մեջ թող չգտնվի որևէ մեկը, որ իր տղային կամ աղջկան կրակից անցկացնի, կամ դյութություն, գուշակություն, հմայություն կամ կախարդություն անի. Նաև թովիչ, կամ վհուկ  կամ բախտասաց, կամ ոգեհարցուկ թող չգտնվի: Որովհետև այս բաներով զբաղվողը գարշելի է Տիրոջ աչքին...»:

No comments: