Pages

Sunday, March 14, 2021

ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ






Ն. Շնորհալի

ԱՌԱՒՕՏ ԼՈՒՍՈՅ

Առաւօ՛տ լուսոյ՝
Արեգա՛կն արդար,
Առ իս լոյս ծագեա՛:

Բղխո՛ւմն ի Հօրէ,
Բղխեա՛ ի հոգւոյս,
Բա՛ն քեզ ի հաճոյս:

Գա՛նձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելոյ
Գտո՛ղ զիս արա:

Դո՛ւռն ողորմութեան,
Դաւանողիս բա՛ց,
Դասեցո՛ վերնոցն:

Երրեակ միութի՛ւն,
Եղելոց խնամո՛ղ,
Եւ ի՛նձ ողորմեա:

Զարթի՛ր, Տէր՝ յօգնել,
Զարթո՛ զթմրեալս՝
Զուարթնոց նմանիլ:

Էդ՛ Հայր անսկիզբն,
Էակի՛ց Որդի,
Է՛ միշտ Սուրբ Հոգի:

Ընկա՛լ զիս, գթա՛ծ,
Ընկա՛լ, ողորմա՛ծ,
Ընկա՛լ, մարդասէ՛ր:

Թագաւո՛ր փառաց,
Թողութեանց տուող,
Թող ինձ զյանցանս:

Ժողովո՛ղ բարեաց,
Ժողովեա՛ եւ զիս
Ժողովս անդրանկաց:

Ի քէն, Տէ՛ր, հայցեմ,
Ի մարդասիրէդ,
Ինձ բժշկութիւն:

Լե՛ր կեանք մեռելոյս,
Լո՛յս՝ խաւարելոյս,
Լուծանո՛ղ՝ ցաւոյս:

Խորհրդո՛ց գիտող,
Խաւարիս շնորհեա
Խորհո՛ւրդ լուսաւոր:

Ծնո՛ւնդ Հօր ծոցոյ,
Ծածկելոյս ստուերաւ
Ծագեա՛ զլոյս փառաց:

Կենարա՛ր փրկիչ,
Կեցո՛ զմեռեալս,
Կանգնեա՛ զգլորեալս:

Հաստեա՛ հաւատով,
Հաստատեա՛ յուսով,
Հիմնեցո՛ սիրով:

Ձայնիւս աղաչեմ,
Ձեռօքս պաղատիմ,
Ձիր բարեաց շնորհեա՛:

Ղամբարամբ լուսոյ,
Ղեկավա՛ր ճարտար,
Ղօղեալս ամրացո՛:

Ճառագա՛յթ փառաց,
Ճանապարհ ինձ ցո՛յց՝
Ճեպել ի յերկինս:

Միածի՛նդ Հօր,
Մո՛յծ զիս յառագաստ
Մաքուր հարսանեացդ:

Յորժամ գաս փառօք
Յահագին աւուրն,
Յիշեա՛ զիս, Քրիստո՛ս:

Նորոգո՛ղ հնութեանց,
Նորոգեա եւ զի՛ս,
Նորոգ զարդարեա՛:

Շնորհատո՛ւ բարեաց,
Շնորհեա՛ զքաւութիւն,
Շնորհեա՛ զթողութիւն:

Ուրախացո՛, Տէ՛ր,
Ոգւոյս փրկութեամբ,
Ոյր վասն եմ ի սուգ:

Չար մշակողին,
Չար սերմանց նորին
Չորացո՛ զպտուղն:

Պարգեւի՛չ բարեաց,
Պարգեւեա՛ իմոց
Պարտեացս թողութիւն:

Ջո՛ւր շնորհեա աչացս՝
Ջերմ հեղուլ արտօսր,
Ջնջել զյանցանըս:

Ռետի՛նըդ քաղցու,
Ռա՛մ հոգւոյս արբո,
Ռահ ցոյց ինձ լուսոյ:

Սէր անուն Յիսուս,
Սիրով քով ճմլեա՛,
Սիրտ իմ քարեղէն:

Վասն գթութեանդ
Վասն ողորմութեանդ,
Վերստի՛ն կեցո՛:

Տենչալւոյդ տեսլեամբ
Տո՛ւր ինձ յագենալ,
Տէ՛ր Յիսուս Քրիստոս:

Րաբո՛ւնդ երկնաւոր,
Րոտեա՛ զաշակերտս
Րամից երկնայնոց:

Ցօղ արեան քո, Տէ՛ր,
Ցօղեա՛ ի հոգիս,
Ցնծասցէ անձն իմ:

Իիւծեալս մեղօք,
Իիւծեալ՝ աղաչեմ,
Իիւսեա՛ յիս բարիս:

Փրկի՛չ բոլորից,
Փութա զիս փրկել
Փորձութեանց մեղաց:

Քաւիչ յանցանաց,
Քաւեա՛ զօրհնաբանս,
Քեզ երգել զփառս:

ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ

Առավո՛տ լույսի՝
Արդար արեգակ,
Ինձ վրա լույս ծագեցրու:

Բխո՛ւմն Հորից,
Բխիր հոգուս մեջ
Խոսք՝ քեզ հաճելի:

Գանձդ ողորմության,
Քո ծածուկ գանձը
Գտնո՛ղ ինձ արա:

Դուռը ողորմության
Դավանողիս առաջ բա՛ց,
Դասիր վերինների հետ:

Երրյա՛կ միություն,
Եղածներին խնամո՛ղ,
Եվ ինձ ողորմյա:

Զարթնի՛ր, Տեր, օգնելու,
Զարթնեցրու թմրյալներին,
Որ հրեշտակների նմանվեն:

Անսկի՛զբ է Հայրը,
Գոյակի՛ց է Որդին,
Է միշտ Սո՛ւրբ Հոգին:

Ընկալի՛ր ինձ, գթա՛ծ,
Ընկալի՛ր, ողորմա՛ծ,
Ընկալի՛ր, մարդասե՛ր:

Թագավո՛ր փառքերի,
Թողությունների տվո՛ղ,
Թողություն տուր հանցանքներիս:

Ժողովո՛ղ բարիքների,
Ժողովիր և ինձ
Ժողովում անդրանիկների:

Քեզնից եմ, Տե՛ր, հայցում,
Մարդասերի՛ցդ,
Ինձ բժշկություն:

Եղիր կյանք՝ մեռյալիս,
Լու՛յս, խավարյալիս,
Վերացնո՛ղ՝ ցավերիս:

Խորհուրդների՛ գիտակ,
Խավարիս շնորհիր
Խորհուրդ լուսավոր:

Ծնո՛ւնդ Հոր ծոցի,
Ստվերով ծածկվածիս վրա
Ծագեցրու լույսը փառքերիդ:

Կենարա՛ր փրկիչ,
Ապրեցրո՛ւ մեռնողիս,
Կանգնեցրո՛ւ գլորվողիս:

Ստեղծիր հավատով
Հաստատիր հույսով,
Հիմնեցրու սիրով:

Ձայնովս աղաչում եմ,
Ձեռքերովս՝ պաղատում,
Բարիքների ձիրք շնորհիր:

Ջահերով լույսի,
Ճարտա՛ր ղեկավար,
Ամրացրո՛ւ տատանվողիս:

Ճառագայթ փա՛ռքի,
Ճանապարհ ցուց տուր ինձ՝
Ճեպելու երկինք:

Միածի՛նդ Հոր,
Մտցրո՛ւ ինձ առագաստը
Մաքուր քո հարսանյաց:

Երբ որ գաս փառքով,
Ահեղ դատաստանի օրը,
Հիշի՛ր ինձ, Քրիստո՛ս:

Նորոգո՛ղ հնությունների,
Նորոգի՛ր և ինձ,
Նորից զարդարիր:

Շնորհատո՛ւ բարիքների,
Շնորհի՛ր քավություն,
Շնորհի՛ր թողություն:

Ուրախացրո՛ւ, Տե՛ր,
Հոգուս փրկությամբ,
Սգի մեջ եմ ես:

Չար մշակողի,
Նրա չար սերմերի
Պտուղը չորացրո՛ւ:

Պարգևի՛չ բարիքների,
Պարգևիր դու իմ
Պարտքերին թողություն:

Ջուր շնորհիր աչքերիս,
Որ հեղեն ջերմ արցունք,
Ջնջեն հանցանքներս:

Խե՛ժդ քաղցրության,
Հոգուս ծարավը հագեցրու,
Ցույց տուր լույսի ճանապարհ:

Սեր անուն Հիսուս,
Սիրով քո ճմլիր
Սիրտն իմ քարեղեն:

Շնորհիվ քո գթության,
Շնորհիվ քո ողորմության՝
Վերստի՛ն ապրեցրու:

Քո տենչալի տեսքով
Տո՛ւր ինձ հագենալ,
Տեր Հիսուս Քրիստոս:

Ուսուցիչդ երկնավոր,
Աշակերտիդ կցիր
Երկնայինների երամին:

Ցողն արյան քո, Տե՛ր,
Ցողի՛ր  հոգուս վրա,
Որ ցնծա անձն իմ:

Հյուծված եմ մեղքերից,
Հյուծված աղաչում եմ՝
Հյուսի՛ր իմ մեջ բարին:

Փրկի՛չ բոլորի,
Փութա՛ ինձ փրկել
Փորձությունների մեղքերից:

Քավիչ հանցանքների,
Քավի՛ր օրհնաբանողիս մեղքերը՝
Քեզ փառքեր երգելու:


No comments: