Դ․ Ստյուարթ
Մարդիկ հիմանկանում ներկայացնում են հետևյալ պատճառաբանությունները, թե ինչու չեն ցանկանում լինել քրիստոնյա․
Առաջին առարկություն. Ես դրա կարիքը չունեմ․ Քրիստոնեությունը ընդամենը հենարան է թույլ մարդկանց համար։
«Կյանքն հրաշալի է այնպես, ինչպես կա։ Ինքս կարող եմ կանգնել իմ ոտքերի վրա։ Ես Հիսուս Քրիստոսի կարիքը չունեմ»։ Սակայն փաստն այն է, որ մենք բոլորս Հիսուսի կարիքն ունենք։ Դուք կարող եք Ձեզ բավարարված զգալ Ձեր ներկայիս ապրելակերպով, բայց այդ բավարարվածությունը լավագույն դեպքում ընդամենը ժամանակավոր է։
Հիսուսն ասաց. «Քանի որ մարդու համար ի՞նչ օգուտ է, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի կամ վնասվի» (Ղուկաս 9։25): Այս կյանքում դուք կարող եք ունենալ ամեն բան՝ թե նյութական և թե էմոցիոնալ տեսակետից։ Սակայն հնարավոր է, որ չունենաք ամենակարևորը․ չճանաչեք Աստծուն անձամբ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Գուցե մեծահարուստ չեք, սակայն Ձեր պարզ ապրելակերպի շնորհիվ ունեք հոգեկան խաղաղություն։ Դա հրաշալի է։ Երկու դեպքում էլ, Դուք Հիսուս Քրիստոսի կարիքն ունեք։
Եթե կարծում եք, որ քրիստոնեությունը պարզապես հենարան է, պետք է ասել, որ մենք բոլորս օգտագործում ենք այս կամ այն տեսակի հենարան։ Խոստովանել, որ Հիսուսի կարիքն ունես, թուլության նշան չէ, այլ իմաստության նշան է։
Երկրորդ առարկություն. Չափազանց շատ կեղծավորներ կան։
Քրիստոնեական հավատքը մերժելու համար օգտագործվող ամենատարածված պատճառաբանություններից մեկը առնչվում է եկեղեցի հաճախող կեղծավորներին։
Կեղծավորը մի մարդ է, ով իր իրական դեմքը չի ցուցադրում։ Նա մի բան է ասում, բայց ուրիշ բան անում: Անմիջապես մատնանշվում են կեղծավորության օրինակներ՝ թե՛ անցյալում, թե՛ ներկայում, որոնցից շատերը կապված են հոգևոր ծառայության մեջ գտնվող մարդկանց հետ։ Սա, ենթադրաբար, անվավեր է դարձնում քրիստոնեական հավատքը։
Այո՛, այսօր կան մարդիկ, ովքեր եկեղեցի են գնում և կեղծավոր են։ Նրանց կյանքը հակասում է այն բանին, ինչին նրանք պնդում են, որ հավատում են։ Սակայն սա անվավեր չի դարձնում քրիստոնեությունը։ Այն պարզապես ցույց է տալիս, որ որոշ մարդիկ, ովքեր պնդում են, որ քրիստոնյա են, կեղծավոր են։
Պետք է հասկանալ, որ բոլոր քրիստոնյաները մեղավորներ են, բայց ոչ բոլորն են կեղծավոր։ Մարդը քրիստոնյա է դառնում՝ ընդունելով, որ մեղավոր է, և Աստծո օգնությամբ փորձում է խուսափել մեղք գործելուց։
Հիսուսը շատ խիստ խոսքեր ուներ կրոնական կեղծավորներին ուղղված․ «Վա՛յ ձեզ, կեղծավո՛ր դպիրներ և Փարիսեցիներ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում և մտնողներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն» (Մատթ․23։13):
Երրորդ առարկություն. Ես լավ մարդ եմ։
Ինչո՞ւ պետք է քրիստոնյա դառնամ. ես բավականաչափ լավ մարդ եմ և կգնամ դրախտ։ Մարդ չեմ սպանել. ապրել եմ պարկեշտ կյանքով։ Եթե դրախտ կա, ես անկասկած արժանի եմ այնտեղ գնալուն։ Այս տեսակետը բոլորովին անտեսում է այն, ինչ Աստվածաշունչն ասում է մարդու և Աստծո հարաբերության, դախտի և այնտեղ հասնելու մասին։
Աստվածաշունչը շատ համարներում հստակ ասում է, որ բարի գործերը դրախտի ճանապարհ չեն հարթում։ Հիսուսի աշակերտները հարցրին նրան, թե ի՞նչ անեն, որպեսզի արժանանան Աստծո հավանությանը․ «Ի՞նչ անենք, որ Աստծու գործերը կատարենք»։ Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Սա է Աստծո գործը, որ հավատաք Նրան, ում Նա ուղարկեց» (Հովհ․ 6։28-29):
Պողոսը գրեց. «Որովհետև դուք շնորհո՛վ եք փրկվել հավատի միջոցով, և դա ո՛չ թե ձեզանից է, այլ Աստծու պարգևն է․ ո՛չ էլ գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա» (Եփես․ 2։8-9):
Հուսամ՝ Ձեր վստահությունը երկինք (դրախտ) գնալու հարցում հիմնված չէ Ձեր բարի գործերի վրա։ Որքան էլ լավը լինենք, ոչ մեկս չի կարող հասնել երկինք իր գործերի շնորհիվ։
Չորրորդ առարկություն. Ես դեռ բավարար լավ մարդ չեմ։
«Այս պահին ես բավարար լավ մարդ չեմ քրիստոնյա լինելու համար. ես դեռ ունեմ որոշ վատ սովորություններ: Երբ հրաժարվեմ դրացից, այդ ժամանակ բավականաչափ լավը կլինեմ քրիստոնյա դառնալու համար»:
Դժբախտաբար, շատ մարդիկ այն կարծիքին են, որ քրիստոնյա լինելը նույնն է, ինչ լավ մարդ լինելը: Նրանք դիտարկում են իրենց կյանքը և տեսնում որոշ սովորություններ, որոնք չեն համապատասխանում իրենց պատկերացրած քրիստենեական կյաքին և կարծում են, որ միայն այն ժամանակ, երբ փոխեն իրենց կենսակերպը, կարող են դառնալ քրիստոնյա:
Սա ներառում է երկու սխալ պատկերացում: Նախ, քրիստոնյան «լավ» մարդ չէ: Քրիստոնյան այն մարդն է, ով մեղավոր է և ընդունել է այդ փաստը և Աստծուց ներողություն է խնդրել: Երկրորդ, ոչ ոք չի կարող երբևէ բավականաչափ լավը լինել քրիստոնյա դառնալու համար:
Մի քանի վատ սովորություններից հրաժարվելը մարդուն ընդունելի չի դարձնում Աստծո համար: Աստծո չափանիշը կատարելությունն է։ Աստծուն մոտենալու միակ ճանապարհը Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով է: «Քանի որ մեկ Աստված և մեկ միջնորդ կա Աստծու ու մարդկանց միջև՝ Քրիստոս Հիսուս մարդը» (Ա Տիմոթես 2։5)։
Հինգերորդ առարկություն. Ես երբեք բավարար լավ մարդ չեմ լինի։
Մեկ այլ պատրվակ, որը մարդիկ օգտագործում են քրիստոնյա չդառնալու համար, այն է, որ երբեք լավ մարդ չեն լինի։ Նրանք զգում են, որ իրենց կյանքն այնքան է կործանվել, որ Աստված երբեք չի կարող ներել իրենց: Ոմանք էլ կարծում են, որ իրենք չունեն քրիստոնյա լինելու կամ քրիստոնեական կյանքով ապրելու ունակություն: Նրանք սխալմամբ կարծում են, որ Աստված չի ուզում, որ իրենք դառնան քրիստոնյա։
Բարեբախտաբար, լավ լուր կա երկու տեսակի մարդկանց համար էլ: Անկախ նրանից, թե որքան վատն եք եղել, անկախ նրանից, թե որքան եք կործանել Ձեր կյանքը, դեռևս ներում կա:
Հիսուս Քրիստոսն ասաց. «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթեոս 11։28)։ Նա նաև ասաց. «Բոլոր նրանք, ում Հայրը տալիս է ինձ, կգան ինձ մոտ, և ինձ մոտ եկողին բնավ դուրս չեմ անի» (Հովհ․6։37):
Ի՜նչ հիանալի լուր։ Դուք դեռ չեք անցել այն կետը, որից հետո վերադարձ չկա։ Աստված կարող է և կների ձեզ, եթե դուք խնդրեք Նրան։
Կա նաև լավ լուր նրանց համար, ովքեր չեն կարծում, որ ունեն քրիստոնեական կյանքով ապրելու ունակություն։ Քրիստոնեական կյանքով ապրելը դժվար չէ, այլ անհնարին է։ Դուք չեք կարող դա անել։ Այն պետք է ապրվի մեր միջոցով՝ Սուրբ Հոգու զորությամբ, որը բնակվում է յուրաքանչյուր հավատացյալի մեջ։ Աստված է, ով գործում է մեր միջոցով և հնարավոր է դարձնում դա։
Վեցերորդ առարկություն. Գուցե մի օր հավատամ, բայց ոչ հիմա:
Անկախ պատճառներից՝ այս մարդիկ դեռ պատրաստ չեն քրիստոնյա դառնալու: Խնդիրն այն է, որ վաղը երբեք չի գալիս: Մենք բոլորս հավատում ենք, որ երկար ենք ապրելու, սակայն մեզանից ո՞վ կարող է ասել, թե որքան երկար։
Հիսուսը պատմեց հետևյալ առակը. «Մի հարուստ մարդու արտերն առատ բերք տվեցին։ Եվ նա խորհեց իր մտքում ու ասաց․"Ի՞նչ անեմ. տեղ չունեմ, որ բերքն այնտեղ հավաքեմ"։
Եվ ասաց. "Ահա թե ինչ կանեմ․իմ շտեմարանները կքանդեմ, ավելի մեծերը կկառուցեմ և իմ ամբողջ բերքն ու բարիքն այնտեղ կամբարեմ։ Եվ ինքս ինձ կասեմ՝ ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես. հանգստացի՛ր, կե՛ր, խմի՛ր և զվարճացի՛ր"։ Բայց Աստված նրան ասաց. "Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզանից պահանջվելու է. ուստի ո՞ւմն է լինելու ինչ որ պատրաստել ես։ Այսպես է նա, ով իր անձի համար գանձ է դիզում, բայց չի հարստանում այն ամենով, ինչ հաճելի է Աստծուն» (Ղուկաս 12։16-21)։
Մենք չգիտենք, թե երբ կգա մեր մահվան ժամը։ Աստվածաշունչը մեզ խրախուսում է վստահել Հիսուս Քրիստոսին հիմա և չհետաձգել դա։ Մի՛ սպասեք մինչև ժամը 11-ը, որպեսզի ապաշխարհեք․ միգուցե դուք մահանաք 10։30-ին։
Յոթերորդ առարկություն. Ես չեմ ուզում, որ կյանքս փոխվի։
«Իմ կյանքը լավ է այնպես, ինչպես կա»։ Այսպիսի մարդիկ գիտակցում են, որ քրիստոնյա դառնալը ենթադրում է կյանքի փոփոխություն։ Որոշ մարդիկ նախընտրում են շարունակել ապրել իրենց մեղքերի մեջ։ Հիսուսն ասաց. «Եվ ահա սա է դատապարտությունը (դատաստանը). լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ լույսի փոխարեն խավարը սիրեցին, քանի որ իրենց գործերը չար էին (Հովհաննես 3։19)։
Մարդիկ, ում բարձրագույն նպատակն է հաճույքը, կոչվում են հեդոնիստներ։ Նրանք զոհաբերում են ամեն ինչ իրենց եսասիրական շահերի համար։ Սակայն Հիսուս Քրիստոսին մերժելը՝ մեղքի մեջ թաթախվելու համար, ինքնաոչնչացում է։ Ժամանակավոր հաճույքի համար այս մարդիկ իրենք իրենց դատապարտում են դատաստանի և Աստծուց հավիտենական բաժանման։
Քանի որ Հիսուս Քրիստոսին ընդունելը ցանկացած մարդու համար կատարյալ բավարարվածություն է, հեդոնիստները պարտավոր են ի նկատի ունենալ Հիսուսի առաջարկը՝ փրկության անվճար պարգև և Քրիստոսի մեջ լիարժեք կյանքի իրական ուրախություն։ Մի՞թե չարժե մտածել անցողիկ հաճույքները հավերժական երջանկությամբ փոխարինելու մասին։
Ութերորդ առարկություն. Ես չեմ ուզում հավատալ։
Շատերը մերժում են Քրիստոսին պարզապես այն պատճառով, որ չեն ուզում հավատալ: Բանը նրանում չէ, որ նրանք չեն կարող հավատալ, նրանք ուղղակի չեն ուզում հավատա: Հիսուսի կատարած հրաշքներից մեկը Ղազարոս անունով մի մարդու մեռելներից հարուցանելն էր։ Կրոնական առաջնորդները, ովքեր գիտեին այս փաստի մասին, ոչ միայն ուզում էին սպանել Հիսուսին դրա համար, այլև ուզում էին սպանել Ղազարոսին: Նրանք ուզում էին ոչնչացնել ապացույցները: Նրանց անհավատությունը, անշուշտ, ապացույցների պակասի պատճառով չէր:
Իմ քրիստոնյա ընկերներից մեկը ռադիոհաղորդում է վարում, որտեղ հարցազրույց է վերցնում տարբեր հյուրերից: Նա ինձ ասաց, որ տարիների ընթացքում առիթ է ունեցել հարցազրույց վարել տասնյակ աթեիստների և ագնոստիկների հետ: Նա միշտ նրանց հարցնում է. «Եթե ես կարողանայի ձեզ հիմնավոր կերպով ապացուցել, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին էր, և որ Նա հարություն առավ մեռելներից, դա կփոխե՞ր ձեր վերաբերմունքը Նրա հանդեպ»:
Գրեթե բոլորը, ում նա հարցրել է, ասել են՝ ոչ, դա ոչինչ չէր փոխի։
Ինչպես Հիսուսի օրերի կրոնական առաջնորդները, այնպես էլ այս մարդիկ հասկանալու հետ կապված խնդիր չունեն, նրանք կամքի (ցանկության) հետ կապված խնդիր ունեն։ Անկախ փաստերից, նրանք հրաժարվում են հավատալ։
Իններորդ առարկություն. Ես չեմ ուզում կրոնավոր լինել։
Շատերը կարծում են, որ քրիստոնյա դառնալը ենթադրում է սահմանափակուներով ապրելակերպի ընդունում: Քանի որ սա է քրիստոնեության մասին նրանց պատկերացումը, դա նրանց չի գրավում։ Դժբախտաբար, որոշ քրիստոնյաներ նման տպավորություն են թողնում:
Սակայն Հիսուսն ասաց, որ Նա եկել է, որպեսզի մենք առատ կյանք ունենանք (Հովհաննես 10:10): Քրիստոնեական կյանքը միապաղաղ ու ձանձրալի չէ, ընդհակառակը՝ լի է արկածներով և լիարժեքության զգացումով։ Քրիստոնյա լինելը անչափ հետքրիր է։ Մենք ազատություն ունենք լինելու այնպիսին, ինչպիսին Աստված մեզ ցանկացել է ստեղծել։ Թեև ճիշտ է, որ կան որոշակի բաներ, որոնք Աստված մեզ պատվիրում է չանել, սակայն այդ պատվիրանները մեր բարօրության համար են: Հիսուսն ասաց. «Արդ, եթե Որդին ձեզ ազատի, իրապե՛ս ազատ կլինեք» (Հովհաննես 8:36):
Տասներորդ առարկություն. Ի՞նչ կմտածեն իմ ընկերները։
«Եթե ես դառնամ քրիստոնյա, միգուցե կորցնեմ աշխատանքս, ընտանիքում խնդիրներ ունենամ, ընկերներս կմտածեն, որ խելագար եմ»։ Այս արդարացումը տարածված է, բայց անհիմն։
Մենք միշտ վախենում ենք ուրիշների կարծիքներից։ Մարդիկ կարող են մտածել, որ մենք խորը մոլորության մեջ ենք ընկել։ Մենք չենք ուզում ռիսկի դիմել, ուստի մնում ենք մեր ապահով դիրքում, նույնիսկ եթե գիտենք, որ դա ճիշտ չէ։ Հիսուս Քրիստոսին հետևելու արդյունքում առաջացած ցանկացած բաժանում հիմնված է մի բանի վրա․ ով է հետևում ճշմարտությանը, և ով՝ ոչ։ Հիսուսը հստակեցրեց, որ նրանք, ովքեր հետևում են Իրեն, փնտրում են ճշմարտությունը։
«Հիսուսն ասաց նրան․ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը․ ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ ինձանով» (Հովհաննես 14։6):
Այդ ի՞նչ ընկեր է, որ մերժում է Ձեզ, որովհետև Դուք խաղաղություն, ուրախություն և բավարարվածություն եք գտել։ Իսկական ընկերը ուրախ կլինի Ձեզ համար: Աստվածաշունչը հստակեցնում է, թե ով է Ձեր իրական ընկերը. Նրա անունը Հիսուս է։ Հասկանո՞ւմ եք, նա մահացավ մեզ համար։
Տասնմեկերորդ առարկություն. Ես չեմ հասկանում, թե ինչումն է խնդիրը։
Երբեմն մարդիկ քրիստոնյա չեն դառնում, քանի որ չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Անտեղյակությունը կարող է լինել դիտավորյալ կամ պարզապես թեմայի վերաբերյալ ինֆորմացիայի պակասից։
Հիսուս Քրիստոսի մասին դիտավորյալ անտեղյակությունը տարածված է։ Մարդիկ չգիտեն Հիսուսի մասին, քանի որ չեն ցանկանում պատասխանատու լինել Նրա առջև։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ այս անտեղյակությունը մի բան է, որին անհավատը ակտիվորեն մասնակցում է. «Արդարև, Աստծու բարկությունը երկնքից հայտնվում է այն մարդկանց ողջ ամբարշտության ու անիրավության վրա, ովքեր անիրավությամբ գերի են բռնել ճշմարտությունը» (Հռոմեացիներ 1։18)։
Կա անգիտության մեկ այլ տեսակ, երբ մարդիկ տեղյակ չեն, որ հնարավոր է անձնական հարաբերություններ ունենալ Աստծո հետ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նրանք կարծում են, որ քրիստոնեությունը պարզապես ևս մեկ կրոն է՝ ծես և մի շարք օրենքներ։ Շատերը դեռևս չգիտեն Աստծո փրկության պարգևի մասին։
Տասներկուերորդ առարկություն. Կարևոր չէ։
«Սա քսանմեկերորդ դարն է։ Ինչպե՞ս կարող է երկու հազար տարի առաջ ապրած մեկը որևէ ազդեցություն ունենալ իմ կյանքի վրա այսօր»։ Մարդիկ կարծում են, որ ավելի կարևոր գործեր ունեն, քան Հիսուսի ինքնության մասին մտածելը։
Այնուամենայնիվ, ոչինչ չի կարող ավելի հեռու լինել ճշմարտությունից։
Եթե Հիսուս Քրիստոսը տիեզերքի Տերն է, և եթե Աստծո հետ հավիտենական երջանկությունն ու խաղաղությունը հասանելի են միայն Նրա հետ անձնական հարաբերության միջոցով, ապա Ձեր գոյության համար ավելի կարևոր ոչ մի այլ բան չկա։
Չնայած մարդիկ մի շարք արդարացումներ են հորինում այն մասին, թե ինչու չեն ցանկանում հավատալ Հիսուսին, այդ արդարացումներից ոչ մեկը բանի պետք չէ։
Ամփոփում
Մարդիկ մի շարք տարածված առարկություններ են ներկայացնում, երբ բախվում են Հիսուս Քրիստոսի միջոցով փրկության լուրին։ Ոմանք կարծում են, որ քրիստոնեությունը իրենց պետք չէ, քանի որ այն պարզապես թույլերի համար հենարան է։ Մյուսները կարծում են, որ եկեղեցում չափազանց շատ կեղծավորներ կան։ Կան անհատներ, ովքեր մտածում են, որ իրենք արդեն բավականին լավ մարդ են և կգնան դրախտ։ որոշներն էլ կարծում են, որ դեռ բավարար լավը չեն, բայց մի օր կարող են հասնել դրան։ Կան նաև մարդիկ, ովքեր կարծում են, որ երբեք բավարար լավը չեն լինի դրախտ գնալու համար, ուստի չեն փորձում։ Ոմանք չեն ցանկանում, որ իրենց կյանքը փոխվի։ Հետևաբար, նրանք չեն լսի բար լուրը, որ կյանք է փոխում։ Ոմանք խոստովանում են, որ ինչ-ինչ պատճառներով պարզապես չեն ցանկանում հավատալ Հիսուսին։ Կա նաև մտահոգություն, որ մարդ կարող է ստիպված լինել կրոնական լինել, եթե դառնա քրիստոնյա։ Ոմանք անհանգստանում են, թե ինչ կմտածեն իրենց ընկերները։ Կան մարդիկ, ովքեր իրականում չեն հասկանում քննարկվող հարցը։ Վերջապես, կա նաև նման պատճառաբանություն՝ քրիստոնեական հավատքն այլևս արդիական չէ։
Բոլոր առարկություններն էլ ունեն իրենց պատասխանները։ Խնդիրն այն է, որ շատերը ժամանակ չեն հատկացնի պատասխանները գտնելու համար։ Անկախ իրավիճակից՝ ոչ ոք արդարացում չունի Հիսուս Քրիստոսի միջոցով փրկության բարի լուրը մերժելու համար։