Pages

Saturday, December 15, 2012

ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ (երրորդ մաս)

     Գրեգ Լորի

     ՀԱԿԱՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՍԻՆ
     Շատ կուլտեր են եղել (Heaven's Gate, the Order of the Solar Temple, the Branch Davidians, Jim Jones–ի հետևորդներ և այլն), որոնք փորձել են թողնել այս աշխարհը՝ փնտրելով ավելի լավ մի վայր, ինքնասպանության ճանապարհով։

     Այլ քարոզիչներ և ուսուցիչներ բացահայտ հայտարարել են, որ իրենք գիտեն, թե երբ է լինելու աշխարհի վերջը։ Ի՞նչ է այս ամենը նշանակում։
     «Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն» (Մատթ. 24.11)։
     «Եղան նաև սուտ մարգարեներ ժողովրդի մեջ, ինչպես որ այժմ էլ ձեր մեջ կարող են լինել սուտ ուսուցիչներ, որոնք, սպրդեցնելով, կորստաբեր հերձվածներ են ներմուծելու և, ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրա արագահաս կորուստ են բերելու։ Եվ շատերը պիտի գնան նրանց անառակությունների հետևից, և այդ պատճառով ճշմարտության ճանապարհը պիտի անարգվի։ Եվ ընչաքաղցությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն, բայց նրանց դատապարտությունը սկզբից հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա (2 Պետր. 2:1–3)։

    
     ԶՈՐԱՎՈՐ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
     Ինչո՞ւ են մարդիկ ընդունում այս խելագար ուսուցումները։ Աստվածաշունչն ասում է մեզ, որ վերջին օրերին կլինի կուլտերի աննախադեպ առատություն՝ հնարավոր ամեն տեսակ հավատքի համակարգերի մշտական աճ՝ բացի միակ ճշմարիտ հավատքից։ Սատանայի կեղծ իշխանությունը գործում է աշխարհում։ Նա ստի հայրն է (Հովհ. 8:44)։
     «...ամեն տեսակ չար խաբեությամբ կհրապուրի նրանց, որոնք կորստյան ճանապարհին են գտնվում, քանի որ նրանք չընդունեցին ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն։ Դրա համար էլ Աստուած նրանց պիտի ուղարկի զորավոր մի մոլորություն, որ նրանք հավատան ստին, և դատապարտվեն բոլոր նրանք, որ չհավատացին ճշմարտությանը և հաճույք գտան անօրենության մեջ (2 Թեսաղ. 2:10–12)։

     Երբ ինչ–որ երևույթ դառնում է  հանրահայտ, շրջապատում հայտնվում են դրա նմանակումներ ու կրկնօրինակումներ:  Սատանան շատ օրիգինալ չէ։ Նա միշտ կրկնօրինակում է և, այդպես վարվելով, շփոթմունք առաջացնում։ Թվում է, որ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ամեն մի հանճարեղ գործի դիմաց Սատանան ունի իր նմանակումը։ Հիշեք փարավոնի կախարդներին, որոնք կարողանում էին կրկնօրինակել Մովսեսի հրաշքները, ինչպիսիք էին՝ Նեղոսի ջրի արյան փոխվելը և գորտերի պատուհասը (Ելից 7–8)։
     ՀԻՍՈՒՍԸ պատմեց նրանց ցորենի և որոմի առակը (Մատթ. 13:24–30)։ Պատմության մեջ մի մարդ դաշտում ցանում է ցորեն, բայց նրա թշնամին գիշերով գալիս և նույն դաշտում ցանում է որոմ։ Սկզբում այս որոմը ճիշտ ցորենի նման է։ Բայց ժամանակի ընթացքում այն աճում և ոչնչացնում է ցորենը։
     Այս օրերին մինչ ԱՍՏՎԱԾ աշխատում է, սատանան ցանում է իր որոմը։ Երբ դրանք երևում են, մարդիկ ասում են. «Տեսեք, նրանք բոլորը կեղծավորներ են»։ Ինչպես Պետրոսն է ասում. «ճշմարտության ճանապարհը պիտի անարգվի» այդ պատճառով (2 Պետր. 2:2)։ Այնուամենայնիվ այսքան նմանակումների առկայությունը հաստատում է, որ գոյություն ունի օրիգինալ։
     Կարող եք վստահ լինել, որ սատանան ունի այն ամենի կեղծ տարբերակը, ինչ ունենք մենք՝ որպես քրիստոնյաներ:

  Նա ունի կեղծ ավետարան, որն ասում է ձեզ, որ ինքներդ կարող եք որոշել՝ ինչպես ապրել։
  Այս կեղծ ավետարանի հետ գալիս է նաև կեղծ հույս։ Մարդիկ կարծում են, թե քանի որ իրենք որոշ կրոնական ծիսակատարությանի են մասնակից եղել, ապա հավիտենապես ապահով են։
  Նա ունի կեղծ մեսիա։ Վերջին օրերին նա աշխարհ կբերի իր կեղծ մեսիային՝ Հակաքրիստոսին։

 ԱԿՆԱՐԿ ՆԵՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԻ ՄԱՍԻՆ

 ԴԺՎԱՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ԵՐԿԻՐ  ՄՈԼՈՐԱԿԻ ՀԱՄԱՐ
     Հայտնություն 6:1–17–ը ցույց է տալիս, որ Երկիր մոլորակին սպասվում են ծանր ժամանակներ։
  Մարդկությանը անհայտ չափերի էկոլոգիական աղետ
  Նախադեպը չունեցող սով, հիվանդություն և հնարավոր է միջուկային պատերազմ, որի գագաթնակետը կլինի Արմագեդոնը՝ պատերազմ, որը վերջ կդնի բոլոր պատերազմներին։
  Ավելի քան 1 միլիարդ մարդ կկորցնի իր կյանքը, երբ Սատանան կատարի իր ավերածությունները այս մոլորակի վրա։

    
Եթե չլինի ԱՍՏԾՈ միջամտությունը՝ նրա վերադարձը, ոչ ոք կենդանի չի մնա։ ՀԻՍՈՒՍԸ իմանալով գալիք Հալածանքի դաժանությունը՝ նկարագրում է այն այսպես.
«...որովհետև այդ ժամանակ մեծ նեղություն պիտի լինի, որպիսին չի եղել աշխարհի արարչագործության սկզբից մինչև այժմ և այլևս չի էլ լինի։ Եվ եթե այդ օրերը չկարճեցվեին, ոչ մի մարմին չէր ազատվի» (Մատթ.24:21–22)։

     Հայտնության 6–րդ գլուխը ընդհանուր նկարագրությունն է այն 7–ամյա ժամանակահատվածի, որ կսկսվի Հակաքրիստոսով և կավարտվի ՀԻՍՈՒՍԻ երկրորդ գալուստով։ Այս ժամանակահատվածը ԱՍՏԾՈ վերջնական հակադարձ հաշվարկն է մարդկության համար, որի գագաթնակետը կլինի ՀԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ տեսանելի վերադարձը երկիր։


      ՀԱԿԱՔՐԻՍՏՈՍԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

     «Եվ ահա տեսա մի սպիտակ ձի. նա, ով հեծել էր նրա վրա, աղեղ ուներ...» (Հայտն. 6։2)։
     Ոմանք շփոթում են Հայտնության 6։2–ի սպիտակ ձիավորին ՀԻՍՈՒՍԻ հետ, սակայն ձիավորը իրականում Հակաքրիստոսն է։

Քանի որ ձիավորի երևալուն հաջորդում է ոչ թե արդարության թագավորությունը, այլ անբարոյականության ու վշտի ժամանակներ։ Ծպտվելով որպես ճշմարիտ մեսիա՝ նա կրում է թագ, սակայն ՀԻՍՈՒՍԸ կրում է շատ թագեր (Հայտն. 19:12)։ Հունարեն թարգմանության մեջ սպիտակ ձիավորի կրած թագը հաղթանակի թագն է։ Թագերը, որ կրում է ՀԻՍՈՒՍԸ Հայտն. 19–ում, թագավորական թագեր են։

     ՆԱ ՀԱՂԹՈՂ ԷՐ ԵՎ ՀԱՂԹԵԼՈՒ ԳՆԱՑ

     Երբ հաղթողը ցնծությամբ մտնի նոր նվաճված թագավորություն, նա կլինի սպիտակ ձիով։ Հակաքրիստոսը խաբեությամբ կներկայանա և ապա ցույց կտա իր իսկական դեմքը։
     Այս համաշխարհային առաջնորդը՝ Հակաքրիստոսը, կհայտնվի տնտեսապես դժվար մի ժամանակ։ Պատերազմներ կլինեն աշխարհի տարբեր մասերում, և նա շնորհիվ հանճարեղ քաղաքական քայլերի ու անհավանական գրավչության, կկարողանա անել մի բան, որ ոչ մեկի չի հաջողվել՝ բերել տնտեսական կայունություն համաշխարհային դրամական համակարգին և խաղաղություն աշխարհին։ Խաղաղություն հաստատելով՝ նա կմոլորեցնի շատերին։ Նա նույնիսկ կհամոզի հրեաներին ու արաբներին խաղաղության պայմանագիր կնքել՝ ճանապարհ բացելով երկար սպասված երրորդ տաճարի համար։
     Նրա ձեռքբերումները այնքան տպավորիչ ու ազդեցիկ կլինեն, որ շատերը կընդունեն նրան որպես Մեսիա։ Բայց մեզ ԱՍՏԾՈ խոսքը զգուշացնում է, որ նա մոլորեցնող է։

    
ՄԵՂՔԻ ՄԱՐԴԸ
    
Հակաքրիստոսը կլինի մեղքի ու ապստամբության ամենաստոր մարմնացումը։ «Թող ոչ ոք ձեզ չխաբի և ոչ մի ձևով. Որովհետև այն օրը չի գալու, եթե նախ ապստամբությունը չգա, և չհայտնվի անօրենության մարդը՝ կորստյան որդին։ (2 Թեսաղ.2:3)։

     ԱՆՕՐԵՆԸ
     «Եվ ապա պիտի հայտնվի Անօրենը, որին Տեր Հիսուսը պիտի կործանի իր բերանի շնչով և պիտի ոչնչացնի իր հայտնությամբ իր գալստյան ժամանակ» (2 Թեսաղ. 2:8)։
Հակաքրիստոսը ամբողջովին հակառակ է ԱՍՏԾՈ ամեն օրենքի։ Իր խաղի կեսին նա ցույց կտա իր իսկական դեմքը՝ վերակառուցելով տաճարը և գործելով սարսափելի սրբապղծություն (Դանիել 12:11, Մատթ. 24:15)։ Նա կներկայան որպես մի արյունախում դիկտատոր, որի համեմատությամբ Հիտլերը, Ստալինն ու Սադդամ Հուսեյնը թեթև քաշայիններ կթվան։
     Դիկտատորները հազվադեպ են ազգեր գրավում ուժի կիրառմամբ։ Քաղաքական և տնտեսական խնդիրները միշտ ճանապարհ են բացում բռնապետության համար։ Սա պատմության մեջ ապացուցված փաստ է։ Հռոմը փնտրում էր ազգեր, որոնք քաղաքական և տնտեսական թոհուբոհի մեջ էին։ Հռոմի թվացյալ բարյացկամությունը շուտով փոխվում էր բռնապետական ճնշման և Կեսարի երկրպագման պահանջի։
     Ադոլֆ Հիտլերը նույն կերպ վարվեց։ 1930թ. Գերմանիան ֆինանսական ծանր վիճակում էր։ Հազարավոր մարդիկ սովամահ էին լինում։ Կոմունիստները փողոցներում խռովություններ էին կազմակերպում, համընդհանուր քաոս էր տիրում։ Ապա Ադոլֆ Հիտլերը հայտնվեց ասպարեզում՝ հեղինակավոր ձայն քաոսի մեջ։ Նա խոսում էր ճակատագրի ժողովրդի մասին և խոստանում գալիք փառք։ Բայց դա երբեք չէր լինելու։
     Հիտլերը ընդամենը Հակաքրիստոսի աղոտ տարբերակն էր, որ կգործի վերածնված Հռոմեական կայսրության միջոցով։ Նա, հռոմեցիների ու Հիտլերի նման կբերի քաղաքական, տնտեսական և ռազմական պատասխաններ և կհալածի հրեաներին ու քրիստոնեաներին։

     ՍԱՏԱՆԱՅԻ ԱՆՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

     Հակաքրիստոսը մենակ չի լինի։ Նրա հետ կլինի մի կեղծ մարգարե։ «Եբ բռնվեց գազանը ու նրա հետ եղող սուտ մարգարեն, որ նրա առաջ նշաններ էր գործում. դրանցով մոլորեցնում էր նրանց, որոնց ստիպել էր առնել գազանի դրոշմը և երկրպագուներ էր դարձրել իր արձանին։ Եվ նրանց կենդանի գցեցին ծծմբով այրվող կրակի լճի մէջ։ Մնացածները մեռան ձիու վրայ հեծնողի սրից, որը ելնում էր նրա բերանից։ Եւ բոլոր թռչունները հագեցան նրանց մարմիններից» (Հայտն.19:20)։
     Ահա տեսնում ենք սատանայի անսուրբ երրորդությունը.
1.Սատանան, որ նմանակում է ԱՍՏԾՈՒՆ (որոշ ժամանակ աշխարհը կերկրպագի նրան)
2. Հակաքրիստոսը՝ ծպտված որպես ՈՐԴԻ
3. Կեղծ մարգարեն, որ կփորձի անձնավորել ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ


     ՀԱԿԱՔՐԻՍՏՈՍԻ ԳՈՐԾ
  Հակաքրիստոսը կներմուծի մի կրոնական համակարգ, որը կգոհացնի
 բոլորին։
     Լինի դա դիանեստիկա, EST (ինքնաբարելավման սիստեմ, որի նպատակն է զարգացնել մարդու պոտենցիալը՝ ներուժը, ինտենսիվ խմբային իրազեկման և դասընթացների միջոցով), վերամարմնավորում, աստղագուշակություն, թե որևէ այլ միջոց. ժամանակակից աշխարհը փնտրում է աստվածային միասնություն։ Ժամանակը հասունացել է համաշխարհային կրոնի համար։
   Հակաքրիստոսը իր ձեռքը կվերցնի համաշխարհային տնտեսական համակարգը։
     «Կ
ստիպեր բոլորին՝ փոքրերին ու մեծամեծներին, հարուստներին ու աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ դրոշմ ընդունեն իրենց աջ ձեռքի կամ ճակատի վրա: Որպեսզի ոչ ոք չկարողանա գնել ու վաճառել, եթե չունենա դրոշմը կամ գազանի անունն կամ նրա անվան թիվը: Այստե՛ղ է ահա իմաստությունը: Ով խելք ունի, թող հաշվի գազանի թիվը, որ մարդու թիվ է. և նրա թիվը այս է՝ վեց հարյուր վաթսունվեց: (Հայտն. 13:16–18 )։


     ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ ԵՎ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ
     Մինչ համակարգիչները կդառնային մեր կյանքի կարևոր մասը, դժվար էր պատկերացնել, թե ինչպես կարող է այս մարգարեությունը իրականանալ։ Մեր ժամանակներում մենք տեսնում ենք էլեկտրոնային համակարգերի այնպիսի զարգացում, որը հնարավոր կդարձնի մի մարդու կողմից էկոնոմիկայի վերակսկողությունը՝ կրեդիտ քարտեր, դեբիտ քարտեր, ATM-ներ և այլն։ Այժմ գոյություն ունեն այնպիսի գերհամակարգիչներ, որոնց արագությունը թույլ կտա ամեն վայրկյան աշխարհում յուրաքանչյուր մարդու ֆայլերում հազարավոր գործողություններ կատարել։
     Արբանյակները կարող են ամբողջ աշխարհն ի մի բերել՝ ստանալ անհավանական չափերի ինֆորմացիա։ Ինտերնետը ակնթարթորեն միմյանց է կապում մեծ ու փոքր բիզնեսներ ողջ աշխարհով մեկ։ Եվ մենք ունենք մեզ հատկացված տարբեր համարներ (Սոցիալական ապահովության քարտ, Վարորդական իրավունք և այլն), որոնք թույլ են տալիս արագ կերպով մուտք գործել մեր տվյալների բազա։
     Ժամանակակից տոխնոլոգիան հնարավոր է դարձրել Հակաքրիստոսի համար այն ամենը, ինչ ասվել է Աստվածաշնչում՝ վերահսկել մարդկանց գնելու և վաճառելու իրավունքը։ Օրինակ՝ մենք կարող ենք գնել մեզ անհրաժեշտ ապրանքների մեծ մասը՝ օգտվելով կրեդիտ կամ դեբիտ քարտերից։ Սակայն հնարավոր է կորցնել քարտը։ Այս խնդիրը կարելի էր լուծել՝ ներմուծելով փոքրիկ էլեկտրոնային վերահաղորդիչներ՝ չիպեր, մեր մարմնի որևէ մասում։ Սա արդեն կիրառվել է կենդանիների վրա։ Կարծես բեմը պատրատստ է գազանի դրոշմի համար։


     ՀՈՒՍԱԴՐՈՂ ՄԻՏՔ
     Հասարակական անհանգստությունները, բռնությունը, անբարոյականությունը, քաղաքական և տնտեսական անկայունությունը վերջին ժամանակների նշաններ են։ Եթե մոտենում է Հակաքրիստոսի հայտնվելը, ապա առավել ևս մոտ է ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ վերադարձը Իր ժողովրդի համար։
     Հակաքրիստոսը չի գա, մինչև եկեղեցին չվերցվի։ Դու պատրա՞ստ ես այդ մեծ իրադարձությանը։ Մտքումդ պահիր ՀԻՍՈՒՍԻ մարգարեական խոսքերը. «Երբ այս բաները սկսեն լինել, վե՛ր կացեք և ձեր գլուխները բարձրացրե՛ք, որովհետև մոտ է ձեր փրկությունը» (Ղուկ. 21:28)։

     ԱՐՄԱԳԵԴՈՆԻ ԵՎ ՔՐԻՍՏՈՍԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ
     «Մենք ըմբռնել ենք ատոմի գաղտնիքը և մերժել Լեռան քարոզը։ Աշխարհը ձեռք է բերել փայլ առանց խղճի։ Մեր աշխարհը միջուկային հսկաների և բարոյական մանուկների աշխարհ է» (Գեներալ Օմար Բրեդլի, Զինադադարի օրվա ելույթ, 1948թ.)։

     ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀՆԱՐԻՆ Է

     Այժմ, երբ մի քանի տարի է անցել նոր հազարամյակից, հաճելի է մտածել, որ մարդկությունը տեխնոլոգիայի այս արագ աճով կկարողանա մուտք գործել խաղաղության ու գլոբալ ներդաշնակության ժամանակաշրջան։ Բայց մարդկությունը չի կարող խաղաղության հասնել։ Մարդկային սիրտը մեղանչական է և երբեք չի կարող խաղաղության հասնել։ Աստվածաշունչը մեզ ասում է. «Սիրտը ամեն բանից ավելի խաբեբա ու խիստ չար է, զանիկա ո՞վ կրնայ գիտնալ» (Երեմիա 17:9)։
     Չնայած շատերը սպասում են և հույս ունեն համաշխարհային խաղաղության, ՀԻՍՈՒՍՆ ասել է. «Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր. զգո՛ւյշ եղեք, չխռովվեք, որովհետև պէտք է, որ այդ ամենը լինի, բայց դա դեռ վախճանը չէ»(Մատթ. 24:6)։


     ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ
     Առաջին համաշխարհային պատերազմը կոչվեց «Պատերազմ, որ վերջ կդնի բոլոր պատերազմներին»։ Սակայն այն մեզ սովորեցրեց նոր ռազմավարություն՝ ծանոթացնելով օդային ուժերի և այլ նոր ռմբակոծման տոխնիկայի հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմը աշխարհը հասցրեց միջուկային կործանման եզրագծին՝ ասպարեզ հանելով ատոմային ռումբը։ Այսօր կան մի շարք երկրներ միջուկային հնարավորությամբ և շատ ավելի երկրներ, որ ունեն հրթիռներ։
     Հակառակ սպասված համաշխարհային խաղաղության՝ Աստվածաշունչը մեզ ասում է, որ վերջին օրերին դժվար ժամանակներ են լինելու Երկիր մոլորակի համար։

    ՄԵԾ ՀԱԼԱԾԱՆՔԻ/ՆԵՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆ 
Հայտնության 19–րդ գլխում նկարագրվում է մի պատերազմ, որը վերջ է դնելու բոլոր պատերազմներին։ Մեծ հալածանքի շրջանը կլինի ամենադժվար և ամենակործանարար ժամանակաշրջանը, որ այս մոլորակը երբևէ տեսել է։ Իրականում ՀԻՍՈՒՍԸ մեզ ասել է, որ եթե Ինքը չվերադառնար՝ վերջ դնելու այս հալածանքի շրջանին, ոչ ոք կենդանի չէր մնա։
    «Այն կլինի միջուկային հակամարտությունների ժամանակաշրջան։ Բիոլոգիական կոտորած և քիմիական ավերածություններ կլինեն երկրագնդի վրա, որ մարդկությանը կհասցնեն անդունդի եզրը։ Պատմությունը Արմագեդոնի ճակատամարտի ժամանակ կհասնի իր ամենացածր կետին՝ մենք կտենենք, թե ինչպես է նա սողում երկրի վրա» (Բիլլի Գրեհամ)։

      ՍԿԻԶԲԸ ՎԵՐՋԻ՝ ԱՊՈԿԱԼԻՊՍԻ ՉՈՐՍ ՁԻԱՎՈՐՆԵՐԸ
     Հայտնույթան 6:1–8–ում ՀԻՍՈՒՍԸ ցույց է տալի Հովհաննես առաքյալին վերջի սկիզբը՝ նկարագրելով մոլորակի գալիք սարսափները 4 իրար հաաջորդող ձիերի ու ձիավորների նկարագրական պատկերների միջոցով։

    
ՍՊԻՏԱԿ ՁԻՆ
     Սպիտակ ձին խորհրդանշում է եկող Հակաքրիստոսին՝ դիմակավորված որպես Մեսիան։

  Նա կբերի ժամանակավոր խաղաղություն
  Նա կվերակառուցի Երուսաղեմի տաճարը
  Նա կենդանի կմնա սպանության փորձի արդյունքում
     Եվ հալածանքից երեք ու կես տարի անց Հակաքրիստոսը ցույց կտա իր իսկական դեմքը։

    
ԿԱՐՄԻՐ ՁԻՆ
     Կարմիր ձին վերցնում է խաղաղությունն երկրից և կրում է մեծ սուր՝ խորհրդանշելով պատերազմի մասսայական բռնկում, շատ հավանական է նաև՝ միջուկային պատերազմ։ Ծառերի, կանաչ խոտի և մարդկության 1/3 մասը վայրկենական կոչնչանա։
  Կլինի կրակով բռնկված մեծ լեռ

  Ծովի 1/3 կդառնա արյուն
  Վերակառուցված Բաբելոն քաղաքը կկործանվի 1 ժամվա մեջ
  Թագավորները մեծ հեռավորության վրա կմնան՝ վախենալով չարչարանքից

     Արդյոք սա միջուկային ոչնչացաման նկարագրություն չէ՞։ Հիշեք, որ Հովհաննեսը նկարագրում է 21–րդ դարի երևույթներ 1–ին դարի տերմիններով։
    
     ՍԵՎ ՁԻՆ ՈՒ ԴԵՂԻՆ ՁԻՆ
     Սև ձին և Դեղին ձին խորհրդանշում են սով ու համաճարակ։ Սա իհարկե համապատասխանում է միջուկային պատերազմի հետևանքների նկարագրությանը, որ մեզ ներկայացնում են գիտնականները։

    
ԱՎԵՏԱՐԱՆԻ ՀՌՉԱԿՈՒՄԸ
     Թեև հալածանքի շրջանը կլինի կործանարար և դաժան, այնուամենայնիվ ԱՍՏԾՈ լույսը կշարունակի փայլել աշխարհով մեկ։ Շատ մարդիկ կհավատան ՔՐԻՍՏՈՍԻՆ եկեղեցու հափշտակությունից հետո, բայց նրանք ստիպված կլինեն խուսափել գազանի դրոշմը կրելուց, որ նշանակում է՝ շատերը կզոհվեն իրենց հավատքի համար։
     Ավետարանը կքարոզվի ողջ երկրագնդով մեկ հրեշտակի միջոցով «թռչում էր երկնքի մեջ և ուներ հավիտենական ավետիսը՝ քարոզելու բոլոր ազգերին ու ցեղերին և լեզուներին ու ժողովուրդներին» (Հայտն. 14:6)։
     Սա նաև իրականացնում է ՀԻՍՈՒՍԻ հայտարարությունը. «Եվ արքայության այս Ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում՝ ի վկայություն բոլոր ազգերին։ Եվ ապա պիտի գայ վախճանը» (Մատթ. 24.14):


     ՀՐԵԱ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ ԱՐԹՆՈՒԹՅՈՒՆ
     Հալածանքի շրջանում ԱՍՏՎԱԾ հրեա ժողովրդի մեջ մեծ արթնություն առաջ կբերի: Ներկայացնելով Իսրայելի 12 ցեղերը՝ 144,000 հրեաներ աստվածային պաշտպանության ներքո կհռչակեն ավետարանն ամբողջ աշխարհում (Հայտն. 7:4–8)։

     ԵՐԿՈՒ ՄԱՐԳԱՐԵՆԵՐ
     Վերջին օրերին ԱՍՏՎԱԾ կհանի երկու մարգարե, որոնք հրաշքներ կգործեն, ինչպես նաև երկնքից կրակ կիջեցնեն բոլոր նրանց վրա, ովքեր կփորձեն իրենց վնասել։ Նրանք իշխանություն կունենան ջրի վրա՝ փոխելով այն արյան։ Բայց ողջ աշխարհի աչքի առաջ նրանց կսպանեն և կթողնեն փողոցում մեռած։ Հանկարծ նրանք հարություն կառնեն ու կհամարձվեն երկինք։
      Թեև աշխարհը ականատես կլինի նրանց հարությանը, կլինեն շատերը, որ չեն հավատա։
     «Այս է դատապարտությունը, որ լույսը աշխարհ եկավ, ու մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, քանզի իրենց գործերը չար էին» (Հովհ. 3:19)։

     ԱՐՄԱԳԵԴՈՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ 

     «Ահա ես Երուսաղէմը բոլոր շրջակայ ազգերուն թմրութեան բաժակ պիտի ընեմ. Նաեւ Յուդայի վրայ ալ պիտի ըլլայ՝ Երուսաղէմի պաշարման ատենը։ Այն օրը Երուսաղէմը բոլոր ժողովուրդներուն ծանր քար պիտի ընեմ. Ամէն անոնք որ անով կը բեռնաւորուին՝ բոլորովին պիտի կոտրին... Դաւիթին տանը վրայ եւ Երուսաղէմին բնակիչներուն վրայ շնորհքի եւ աղօթքի հոգին պիտի թափեմ։ Եւ անոնք պիտի նային ինձ՝ ում խոցեցին։ Անոր վրայ մէկ հատիկ զաւակի վրայ ողբալու պէս պիտի ողբան, Անոր վրայ անդրանիկ զաւակի վրայ ցաւելու պէս պիտի ցաւին» (Զաքարիա 12:2–3, 10)։
     Արմագեդոնի ճակատամարտին կմասնակցեն Հակաքրիստոսի միացյալ 10 ազգերը: Այս հսկա բանակը դիվային ոգևորությամբ կգրոհի Իսրայելը։
     «Արդարև նրանք դևերի ոգիներ էին՝ որ նշաններ էին անում ու բոլոր աշխարհի թագավորների մոտ գնում, որպեսզի նրանց Ամենակալ Աստուծո այն մեծ օրվա պատերազմի համար հավաքեն։ Եվ հավաքեցին նրանց մի տեղ, որ Եբրայերեն Արմագեդոն է կոչվում» (Հայտն. 16:14, 16)։
     Հայտնության 9:15, 16–ում կարդում ենք, որ բանակի թիվը 200 միլիոն է։ Բայց ո՞րն է այս խորհրդավոր բանակը, և աշխարհում ի՞նչ ազգ կարող է պատերազմի տանել մի այդպիսի մեծ ռազմական ուժ։
     Այս պահին Չինաստանը միակ երկիրն է, որ կարող է պարծենալ 200 միլիոնանոց բանակով։ Հիշեք, որ երբ Հովհաննես առաքյալը գրում էր Հայտնության գիրքը ամբողջ աշխարհում 200 միլիոն մարդ չկար։


     ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ՀԱԼԱԾԱՆՔԻ ՇՐՋԱՆԸ
     Արդո՞ք հավատացյալները կանցնեն Մեծ նեղության շրջանով
     Ամեն անգամ, երբ ԱՍՏԾՈ բարկությունը թափվում է, ՆԱ փրկում է իր ժողովրդին: Նոյն ու Ղովտը լավ օրինակ են: Նոյն ու նրա ընտանիքը փրկվեցին աշխարհի դատաստանից, իսկ Ղովտն ու նրա ընտանիքը՝ քաղաքի կործանումից:
     «Քանի որ պահեցիր իմ համբերության խոսքը, ես էլ քե՛զ պիտի պահեմ քո փորձության ժամին, որ պիտի գա ամբողջ տիեզերքի վրա՝ փորձության ենթարկելու երկրի երեսի բոլոր ապրողներին» (Հայտն. 3.10):

     «Երբ ասեն, թէ՝ խաղաղություն և ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի կհասնի նրանց կործանումը, ինչպէս լինում է հղի կնոջ երկունքը. և նրանք չեն փրկվելու։ Իսկ դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չէք, որ այն օրը ձեր վրա հասնի՝ ինչպես գողը. Որովհետև դուք բոլորդ լուսո որդիներ եք և ցերեկվա որդիներ։ Գիշերինը չենք, խավարինը չենք։ Ուրեմն չքնենք մնանք, ինչպես՝ ուրիշները, այլ արթուն և զգաստ լինենք... որովհետեւ Աստուած մեզ չնախասահմանեց բարկության համար, այլ՝ փրկությունը ժառանգելու համար՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով (1 Թես. 5.3-6,9):

     ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՐԿՈՒՄ Է ԵԿԵՂԵՑԻՆ
     Հափշտակության 3 բնորոշ տարրեր կան.

   Այն կլինի դատաստանից առաջ
  Այն վերաբերվում է միայն ճշմարիտ հավատացյալներին
  Այն կլինի գողի պես գիշերը

     Հիշեք, կլինեն մարդիկ, ովքեր հափշտակությանը մաս չեն ունենա:
     «Ես նրան ժամանակ տվեցի, որ ապաշխարհի իր պոռնկության համար, բայց նա չապաշխարեց: Ուստի ահա նրան հնոց կնետեմ, իսկ նրա գործակիցներին, որոնց հետ նա շնացավ, մեծամեծ նեղությունների մեջ կգցեմ, եթե չապաշխարեն իրենց կատարած գործերի համար» (Հայտն.2:21–22):
     Դու պատրա՞ստ ես հափշտակությանը: Դու սպասո՞ւմ ես ՆՐԱՆ:

     «Իսկ երկրորդ անգամ ՆԱ կհայտնվի ոչ թե մեղքերը վերացնելու, այլ փրկելու նրանց որոնք հավատով սպասում են իրեն» (Եբր. 9.28):

      ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏԸ
     ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ վերադարձը նկարագրվում է Հայտնության 19.11-21-ում:

     Ինչպես հափշտակությունը, ՔՐԻՍՏՈՍԻ երկրորդ գալուստը նույնպես ունի բնորոշ էլեմենտներ: Բայց հակառակ հափշտակությանը՝
  ՔՐԻՍՏՈՍԸ կգա դատաստանի համար

  ՔՐԻՍՏՈՍԸ կվերադառնա Իր ժողովրդի հետ
  Ամեն ոք կտեսնի ՔՐԻՍՏՈՍԻ վերադարձը

     ՈՒՐԱԽ ԺԱՄ ԱՍՏԾՈ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ
     Մինչ աշակերտները նայում էին, թե ինչպես էր ՀԻՍՈՒՍԸ երկինք համբարձվում, երկու հրեշտակներ հայտնվեցին՝ նրանց քաջալերելու: «Ո՛վ գալիլիացիներ, ինչո՞ւ կանգնած նայում եք երկնքին. այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք նրա երկինք գնալը» (Գործք 1.11)։

     Միայն այս իրադարձությունը վերջ կդնի անիմաստ սպանություններին, պատերազմներին և մարդկային ամբարշտությանը:
     «Եվ իշխանությունը ՆՐԱ ուսի վրա պիտի լինի: Նա պիտի կոչվի Սքանչելի, Խորհրդակից, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր, Խաղաղության Իշխան: Նրա իշխանության մեծանալուն և խաղաղությանը սակման պիտի չլինի՝ Դավթի աթոռի վրա և ՆՐԱ թագավորության վրա, որպեսզի այն իրավունքով ու արդարությամբ հաստատի և ամրապնդի հիմա և հավիտյանս հավիտենից» (Եսայ. 9.6-7):

     ՔՐԻՍՏՈՍԻ վերադարձը երկիր մի բան է, որին անհամբեր սպասում է յուրաքանչյուր քրիստոնյա:

     ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԺԱՄ
     Ինչ վերաբերվում է երկրի բնակչությանը, ՔՐԻՍՏՈՍԻ երկրորդ գալուստը ուրախ իրադարձություն չի լինի, այլ սարսափելի դատաստան: Հիշեք, հավատացյալները արդեն երկնքում ՀԻՍՈՒՍԻ հետ կլինեն և ՆՐԱ հետ կվերադառնան:
      «Ահա գալիս է Տերը իր բյուրավոր սրբերով՝ դատաստանի ենթարկելու բոլորին և հանդիմանելու նրանց մեջ եղող բոլոր ամբարիշտներին իրենց՝ ամբարշտությամբ գործած բոլոր ամբարիշտ գործերի համար և բոլոր խիստ խոսքերի համար, որոնք ամբարիշտ մեղավորները խոսեցին ՆՐԱ դեմ» (Հուդա 14-15):

     Ահա այս օրը ՀԻՍՈՒՍԸ վերջապես կարդարանա բոլորի առջև: Ամեն աչք կտեսնի ՆՐԱՆ, ամեն ծունկ կխոնարհվի և ամեն լեզու կխոստովանի, որ ՀԻՍՈՒՍԸ ՏԵՐ Է (տես՝ Փիլիպպ. 2.9-11):
     Նույնիսկ այս սարսափելի ժամանակներում տղամարդկանց ու կանաց սրտերը կարծրացած կլինեն և նրանք կանիծեն ու հայհոյություն կանեն ԱՍՏԾՈ դեմ՝ չնայած ԱՍՏՎԱԾ նրանց զգուշացրած կլինի իր մոտալուտ դատաստանի մասին: Անհավատների աչքին ԱՍՏՎԱԾ երբեք արդար չէ իր արարքներում: Երբ մարդիկ արհամարհում են ԱՍՏԾՈ շնորհը և խախտում ՆՐԱ պատվիրանները և ստիպված են լինում կրել հետևանքները, նրանք մեղադրում են ԱՍՏԾՈՒՆ և անվանում ՆՐԱՆ անարդար:

    
ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԸ ՏԻՐՈՋ ՓԱՌՔԻՑ ԲԱԺԻՆ ԿՈՒՆԵՆԱՆ
     Եթե կյանքդ ապրում ես ԱՍՏԾՈ հետ, ցնծա: Դու ոչ միայն կխուսափես դատաստանից, այլև կմասնակցես ԱՍՏԾՈ փառավոր վերադարձին: «Իսկ երբ Քրիստոսը՝ մեր կյանքը, հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով» (Կողոս. 3.4):


     ՀԱԶԱՐԱՄԻԱՅԻ ԵՎ ՎԵՐՋԻՆ ԴԱՏԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
     ՍԱՏԱՆԱՅԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

     Այս ժամանակ Հակաքրիստոսը եկած կլինի, հաստատված կլինի 10 ազգերի կոնֆեդերացիայի ղեկավար, նրանց առաջնորդած կլինի դեպի բոլոր ժամանակների ամենաարյունահեղ ճակատամարտը՝ Արմագեդոն: Այս սարսափելի սպանդի ավարտին կվերադառնա ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ և կնետի Հակաքրիստոսին և Կեղծ մարգարեին կրակի լիճը (Հայտն. 20.1-14):
     Սատանայի վերաբերյալ Սուրբ Գիրքն ասում է. «Դու սրտիդ մեջ ասում էիր. «Երկինք պիտի ելնեմ, իմ գահը Աստծո աստղերից վեր պիտի բարձրացնեմ. Ու համայնքի լեռան վրա պիտի բազմեմ՝ հյուսիասին ծայրերը: Ես կբարձրանամ ամպերից էլ վեր, կնմանվեմ Բարձրյալին»: Բայց ահա դժոխք ես իջնելու, գուբի խորքերը» (Եսայ. 14.13-15):
     Սա կլինի սատանայի անկման օրը: Թեև նա դիվային ուժերի գլուխն էր, նա այդ օրը կկապվի մի հրեշտակի կողմից:
     Ընկած հրեշտակների բազմությունը, դևերը, Հակաքրիստոսը, Կեղծ մարգարեն և անհավատների ողջ աշխարհը նրա կատարյալ իշխանության տակ էին եղել մինչ այդ օրը: Այդ օրը Սատանան կկապվի և կնետվի անտակ անդունդը՝ շղթայված հազար տարով:

     ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀ
     «Նա պիտի ժողովրդի աղքատների դատը պաշտպանի, ազատի աղքատների որդիներին և հարստահարիչին պիտի ճզմի: Քեզանից պիտի վախենան, քանի արևն ու լուսինը կան, սերնդեսերունդ: Նա պիտի իջնի ինչպես հնձված խոտի վրա իջած անձրև, տարափների պես, որոնք ոռոգում են երկիրը: Նրա օրոք արդարը պիտի ծաղկի և մեծ խաղաղություն լինի, մինչև լուսնի վախճանը: Նա պիտի իշխի ծովից մինչև ծով, և Գետից մինչև երկրի ծայրերը» (Սաղմ. 72.4-8):

    
Ինչպիսի՞ն կլինի աշխարհը, երբ Սատանան շղթայվի: Գայլը գառան հետ պիտի բնակվի. Կենդանիները կլինեն ընտանի ու հնազանդ (Եսայ. 11.6-8): Այլևս չի լինի հաշմանդամություն, տառապանք կամ հանցագործություն (Հայտն. 21.4):
     «Այն ժամանակ կույրերի աչքերը պիտի բացվեն, և խուլերի ականջները լսեն։ Այն ժամանակ կաղը եղջերուի պես պիտի ցատկոտի, և համրի լեզուն պիտի օրհներգե, քանզի անապատի մեջ ջրեր և անբնակ երկրի մեջ վտակներ պիտի բխեն: Խորշակահար երկիրը լճակի պիտի վերածվի և ծարաված հողը՝ ջրի աղբյուրների. շնագայլերի պառկած բնակատեղիում խոտ, շամբ ու եղեգ պիտի բուսնի: Այնտեղ պողոտա ու ճամփա պիտի լինի, և այն Սրբության Պողոտա պիտի կոչվի: Այդ տեղով պիղծ մեկը չպիտի անցնի, այն պիտի լինի ուրիշների համար: Այդ ճանապարհով գնացողները, մինչև անգամ հիմարները, չպիտի մոլորվեն» (Եսայ. 35.5-8):
   Վերջապես աշխարհում կտիրի խաղաղություն
     «Նա հեթանոսների մեջ պիտի դատի, բազում ժողովրդների պիտի հանդիմանի, նրանք իրենց սուրերից խոփեր պիտի ձուլեն և իրենց նիզակներից մանգաղներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորի պատերզմել» (Եսայ. 2.4):
   Մեղքի պատճառով աշխարհվի վրա եկած անեծքը պիտի վերանա
     «Քանի որ ողջ ստեղծագործությունը անհամբեր սպասում է, որ Աստված հայտնի իր որդիներին: Ամեն ինչ այս երկրի վրա ակամա դատապարտության ենթարկվեց Աստծո հրամանով այն հույսով, որ ստեղծվածներն իրենք էլ ազատվելով ապականության և մահվան ստրկությունից՝ հասնեն Աստծո որդիների փառավոր ազատությանը: Քանի որ գիտենք, որ մինչ օրս հառաչում և երկունքի ցավ են քաշում: Եվ ոչ միայն նրանք, այլ նաև մենք, որ ունենք Սուրբ Հոգին՝ որպես Աստծո պարգևների երախայրիք, մեր մեջ հառաչում ենք՝ սպասելով որդեգրության, այսինքն՝ մեր մարմնի ազատագրության (Հռոմ. 8.19-23):

     ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԸ ԿԻՇԽԵՆ ԱՍՏԾՈ ՀԵՏ

     «Տեսա նաև գահեր, որոնց վրա բազմեցին, և նրանց տրվեց իշխանություն դատելու»  (Հայտն. 20.4):
     ՀԻՍՈԻՍԸ տալով մեր պարգևերներ՝ ասում է. «Ապրես բարի ծառա. Որովհետև ամենափոքր բանի մեջ հավատարիմ եղար, տասը քաղաքի վրա իշխանություն ունեցիր» (Ղուկ. 19.17):
     Ո՞ւմ են դատելու հավատացյալները: Մենք ղեկավարելու ենք երկրի վրա ՏԻՐՈՋ թագավորության տարբեր ասպեկտներ: Թեև ամենուր կտիրի սերը, այնուամենայնիվ հսկայական քանակով ժողովուրդ կարիք կունենա ղեկավարության/ցուցումների: Մեծ հալածանքի հավատացյալները, որոնք ողջ են մնացել, դեռ կլինեն իրենց ֆիզիկական մարմիններով և կունենան մեղավոր բնույթ: Նրանք և նրանց երեխաները կարող են ԱՍՏԾՈ դեմ ապսամբել. նրանցից ոմանք այդպես էլ կանեն:

     ՍԱՏԱՆԱՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎՈՒՄ

     Հազար տարի անտակ անդունդի մեջ անցկացնելը Սատանային չի փոխում: Ազատ արձակվելով՝ Սատանան կրկին սկսում է մոլորեցնել աշխարհը: Զարմանալի է, թեև մարդիկ վայելելիս կլինեն ապահովություն, բարեկեցություն, խաղաղույթուն, կատարյալ էկոլոգիա և կառավարություն, նրանք այնուհանդերձ կցանկանան ապստամբել ԱՍՏԾՈ դեմ:
     «Սիրտը ամեն բանից ավելի խաբեբա է ու անուղղելի: Այն ո՞վ կարող է ճանաչել»  (Երեմ. 17.9):


     ՍԱՏԱՆԱՆ ՈՒՂԱՐԿՎՈՒՄ Է ԴԺՈԽՔ

     Մեծ մոլորեցնողը նետվում է դժոխք՝ հավիտենպես տանջվելու: «Իսկ չարախոսը, որ մոլորեցրեց նրանց, նետվեց կրակի ու ծծումբի լճի մեջ, որտեղ էին գազանն ու սուտ մարգարեն: Նրանք պիտի տանջվեն գիշեր ու ցերեկ՝ դարեդար» (Հայտն. 20.10):

     ՎԵՐՋԻՆ ԴԱՏԱՍՏԱՆ

     ԱՍՏՎԱԾ անաչառ է: Աղքատ թե մեծահարուստ՝ ոչ ոք չի խուսափի Մեծ, Սպիտակ Գահի դատաստանից: Միակ բացառությունը կլինեն հավատացյալները: Աստվածաշունչն ասում է. «Ով հավատում է ՆՐԱՆ, չի դատապարտվի, իսկ ով չի հավատում ՆՐԱՆ, արդեն իսկ դատապարտված է, որովհետև չհավատաց ԱՍՏԾՈ միածին ՈՐԴՈՒ անվանը» (Հովհ. 3.18):
     Կարևոր է հասկանալ, թե ինչի հիման վրա ենք դատվելու: Այդ հիմքը չի լինի ԱՍՏԾՈ համար արած իմ գործերը, այլ ԱՍՏԾՈ արած գործը ինձ համար:
     Դեռ Եդեմի պարտեզում ԱՍՏՎԱԾ ասաց Ադամին. «Այն օրը, երբ դրանից ուտես [բարու ու չարի գիտության ծառից] դու անշուշտ պիտի մեռնես» (Ծննդ. 2.17): Աստվածաշունչը սովորեցնում է, որ իրականում երկու տեսակ մահ կա՝ ֆիզիկական և հոգևոր: ՀԻՍՈՒՍԸ զգուշացրեց, որ ավելի շատ վախենանք երկրորդից: Նա նկարագրեց երկրորդ մահը որպես դժոխք՝ հավիտենական բաժանում ԱՍՏԾՈՒՑ: ՀԻՍՈՒՍԸ նշեց, որ մարմնի մահը ոչինչ է՝ համեմատած մարդու հոգու գիտակից, հավիտենական հեռացմանն ԱՍՏԾՈՒՑ:
     ԱՍՏԾՈ և մաղավոր մարդու այս վերջնական առերեսման նպատակն է անհավատին ցույց տալ, թե ինչու է նա արդեն դատապարտված:

     ԳՐՔԵՐԸ
     Գրքերից մեկը, որ կբացվի Մեծ, Սպիտակ Գահի դատաստանի ժամանակ կլինի ԱՍՏԾՈ Օրենքի Գիրքը: Ամեն մարդ, ով ծանոթ է ԱՍՏԾՈ Օրենքի ճշմարտությանը, պատասխանատվության կենթարկվի: Նրանց, ովքեր կասեն. «Ես ապրել եմ Տասը պատվիրաններով», հստակ ցույց կտրվի, որ այդպես չէ:
     Թերևս մեկ այլ գիրք, որ կբացվի, կպարունակի այն ամենը, ինչ մենք ասել կամ արել ենք: «Արդարև ԱՍՏՎԱԾ ամեն արարք դատաստանի պիտի կանչե. Թե բարի և թե չար» (Ժող. 12.14):
     «Բայց հայտարարում եմ ձեզ, որ ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ կխոսեն, հաշիվ պիտի տան դատաստանի օրը» (Մատթ. 12.36):

     Մեկ այլ Գիրք կարող է ցույց տալ, թե ինչպես մարդկությունը չի համապատասխանում իր սեփական ստանդարտներին: «Ուրեմն հեթանոսները, որոնք Օրենք չունեն, երբ բնականաբար գործադրում են Օրենքի գործերը, Օրենք չունենալով՝ իրենք են լինում իրենց իսկ Օրենքը: Նրանք ցույց են տալիս, որ Օրենքի գործը իրենց սրտերում է գրված. Այդ մասին վկայում են նաև նրանց խիղճն ու խորհուրդներըը, որ կամ հանդիմանում, կամ արդարացնում են իրենց: Կգա այն օրը, երբ ԱՍՏՎԱԾ մարդկանց գաղտնի գործերը կդատի ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ միջոցով՝ իմ քարոզած ավետարանի համաձայն» (Հռոմ. 2.14-16):

     Հնարավոր է, որ մեկ այլ Գիրք էլ լինի, որտեղ արձանագրված լինի, թե քանի անգամ է ավետարանը լսվել և մերժվել: Գիտելիքը բերում է պատասխանատվություն:

     Վերջապես կբացվի Կյանքի Գիրքը: ՀԻՍՈՒՍԻ՝ գամերի հետքեր կրող ձեռքերը կթերթեն գիրքը՝ փնտրելու անուններ:
      «Հեռացեք ինձնից, անիծյալնե՛ր, հավիտենական կրակի մեջ, որ պատրաստված է Սատանայի և նրա հրեշտակների համար» (Մատթ. 25.41): Եթե դուք չեք ճանաչում ՆՐԱՆ հիմա, Նա էլ չի ճանաչի ձեզ հետո:

     ԿՐԱԿԻ ԼԻՃԸ
     Կրակի լիճը Սատանայի և նրա հետևորդների վերջնակետն է: Դուք որոշեք: Թե որտեղ կանցկացնեք հավիտենականությունը կանխված չէ ձեր լավ կամ վատ լինելուց, այլ թե ինչ եք պատասխանել ՀԻՍՈՒՍԻՆ: Ասեք ՆՐԱՆ «այո», և ՆԱ կասի ձեզ «այո» հետո: Եթե ՆՐԱՆ հիմա «ոչ» ասեք, ՆԱ էլ ձեզ կասի «ոչ», երբ ժամանակը գա:
     Հիշեք, ձեր կյանքը նվեր է ԱՍՏԾՈՒՑ՝ օգտագործելու և ներդնելու ՆՐԱ փառքի համար:


     ԴԺՈԽՔԻ ՄԱՍԻՆ
     ՄԵԾ ԱՆՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ

     Շատ մարդիկ անհանգստանում են մահվան մասին մտածելիս: Ինչո՞ւ: Որովհետև մենք վախենում ենք մահանալուց: Աստվածաշունչը խոսում է այն մարդկանց մասին, ովքեր մահվան երկյուղով միշտ գերության վիճակում են (Եբր. 2.15): Մահը մեծ անհայտություն է, և անհայտության նկատմամբ վախն է, որ անհանգստացնում է մարդկանց մեծ մասին: Աստվածաշնչում Հոբը նկարագրում է ամբարիշտների մահը. «Անշուշտ ամբարիշտի լույսը պիտի մարի, և նրա կրակի բոցը չպիտի փայլի. Նրա վրանի մեջ լույսը պիտի խավարի, և նրա ճրագը նրա վրա պիտի հանգի: Նրա զորության քայլերը նեղություն պիտի կրեն... Նրա վստահությունը իր վրանից պիտի կտրվի, և նա պիտի քշվի դեպի զարհուրանքի թագավորը» (Հոբ 18.5-7, 14):

     ՇԱՏ ԻՐԱԿԱՆ ՎԱՅՐ

     Դժոխքը պատկերավոր խոսք չէ, այլ շատ իրական մի վայր: Աստվածաշունչը նկարագրում է դժոխքը որպես հավիտենական տանջանքի ու մթության մի իրական վայր:
     ՀԻՍՈՒՍԸ մեզ պատմեց երկնքի ու նրա ողջ փառքի մասին, սակայն ՆԱ նաև պատմեց դժոխքի և նրա սարսափների մասին: Իրականում ՀԻՍՈՒՍԸ շատ ավելի խոսեց դժոխքի մասին, քան Ավետարանի մյուս բոլոր քարոզիչները միասին: ՀԻՍՈՒՍԻ պատմած 40 առակներից ավելի քան կեսը վերաբերում են ԱՍՏԾՈ հավիտենական դատաստանին, որ մեղավորների համար է լինելու:

     ԴԺՈԽՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

     Աստվածաշունչը նկարագրում է դժոխքը տարբեր ձևերով.

     ԴԺՈԽՔԸ ԿԱՐԾԵՍ ԱՂԲԱՆՈՑ ԼԻՆԻ

     «Gehenna» բառն է, որ Նոր Կտակարանում հաճախ թարգմանվում է «դժոխք»: Նոր Կտակարանի ժամանակներում սա մի վայր էր, որտեղ թափում էին աղբը: Ամեն տեսակ աղբ էր թափվում այնտեղ, ինչպես նաև հանցագործների մարմիններ: Որդեր էին սնվում ու բազմանում այդ գարշահոտության մեջ, և այդ վայրում միշտ ծուխ էր մշտապես վառվող խարույկների պատճառով:
     «Օձեր, իժերի ծնունդներ, ինչպե՞ս պիտի փախչեք գեհենի դատապարտությունից»  (Մատթ. 23.33):
     ՀԻՍՈՒՍԸ զգուշացնելով իր աշակերտներին իրենց սպասվող հակառակության մասին՝ քաջալերում էր նրանց. «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող: Այլ մանավանդ վախեցեք Նրանից, ով կարող է թե հոգին և թե մարմինը կորստյան մատնել դժոխքում (Մատթ. 10.28):


     ԴԺՈԽՔԸ ՆՄԱՆ Է ԲԱՆՏԻ

     ՀԻՍՈՒՍԸ շատ հստակ դժոխքը պատկերեց որպես բանտ: Նա պատմեց թագավորի ծառայի մասին մի առակ, ով բանտարկված էր դաժան ու աններելի պահվածքի համար, և հավելեց այս զգուշացումը. «Նույն ձևով էլ իմ երկնավոր Հայրը պիտի վարվի ձեզ հետ, եթե ձեզնից յուրաքանչյուրը իր եղբորը սրտանց չների նրա հանցանքները» (Մատթ. 18.35):

     ԴԺՈԽՔԸ ԿԱՏԱՐՅԱԼ ՄԹՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ Է

     ՀԻՍՈՒՍԸ խոսեց նրանց մասին, ովքեր «կնետվեն դրսի խավարը» (Մատթ. 8.12): ՀԻՍՈՒՍԸ դժոխքը չի նկարագրում որպես ինչ-որ խավար վայր, այլ կատարյալ խավար, որպեսզի շեշտի, որ այն անհամեմատ ավելի վատ է, քան ֆիզիկական, բարոյական, մտավոր կամ հոգևոր որևէ մթություն, որ կարող է գոյություն ունենալ այս երկրի վրա:
     Մեկ այլ տեղ Պետրոսը գրում է նրանց մասին, ովքեր «շնությամբ լի աչքեր ունեին» և «ագահության վարժված սիրտ» և հայտնում է նրանց վախճանը. «որոնց համար թանձր խավարը պահված է հավիտյան» (2 Պետրոս 2.14, 17):

     ԱՆՇԵՋ ԿՐԱԿ

     Ամենից հաճախ դժոխքը նկարագրվում է որպես անշեջ կրակ:
     ՀԻՍՈՒՍԸ հաճախ խոսում էր առակներով: Սակայն Ղուկասի 16.19–31 համարներում Նա պատմում է իրական պատմություն: Երբ ՀԻՍՈՒՍԸ պատմում էր մեծահարուստի և աղքատ Ղազարոսի մասին, նա ակնարկում է մարդկանց, ովքեր համակված են ագահությամբ և նյութապաշտությամբ: Պատմությունը երկու մարդու մասին է: Առաջինը, որ ուներ ամեն ինչ, վերջում չունեցավ ոչինչ, մինչդեռ երկրորդը, որ չուներ ոչինչ, ժառանգեց ամեն ինչ: Մեկը գնաց հավիտենական հանգստի, իսկ մյուսը՝ հավիտենական տանջանքի:
     Մեծահարուստը հագին ուներ ծիրանի, որ շեշտում է նրա թագավորական ծագումը: Նրա մեղքը հարստությունը չէր, այլ անտարբերությունը հոգևոր արժեքների նկատմամբ.նա ինքնագոհ ցուցադրում էր իր միջոցները և արհամարհում իր դռների մոտ ընկած սոված հաշմանդամ մարդուն:
     Ղազարոսը ուտում էր մեծահարսուտի սեղանի փշրանքները: Մենք նաև կարդում ենք, որ Ղազարոսն ընկած էր դարպասների մոտ, որ միգուցե նշանակում է, որ նա հաշմանդամ էր: Երբ Ղազարոսը մահացավ, հրեշտակները նրան տարան երկինք, մինչդեռ հարուստին բոլորովին այլ բան էր սպասվում:


     ՀԱԴԵՍ

     Մահը հավասարեցնում է բոլորին: Մեծահարուտը մահացավ, ինչպես և Ղազարոսը, բայց երկինք գնալու փոխարեն նա խոսում է տանջանքի մասին:

     Մինչ ՀԻՍՈՒՍԻ մահը Հադեսն ուներ 2 մաս.

  Աբրահամի գոգ՝ մխիթարության վայր հավատացյալների համար, ովքեր մահացել են հավատքով:
 
Տանջանք՝ տառապանքի վայր՝ նախատեսված անհավատների համար:

     Երբ ՀԻՍՈՒՍԸ մահացավ խաչի վրա, ՆԱ գնաց Հադես՝ վերցնելու և փառքի մեջ տանելու նրանց, ովքեր սպասում էին Մեսիային:
     Հադեսում մարդիկ լիովին գիտակից վիճակում են գտնվում: Հնարավոր է հաղորդակցվել, սակայն այն մեծ ցավի վայր է: Դժոխքը կազմված է տանջանքից, տառապանքից և Աստծուց հավիտենական բաժանումից: Վերջ ի վերջո Հադեսը կդատարկվի, և այնտեղ գտնվողները կկանգնեն ԱՍՏԾՈ առջև Մեծ, Սպիտակ Աթոռի Դատաստանի օրը:
     «Ծովը տվեց իր մեջ եղող մեռելներին, մահն ու դժոխքն [Հադեսը՝ մեռած անձանց կայանը] էլ ՝ իրենց մեջ եղող մեռելներին: Եվ յուրաքանչյուրը դատվեց ըստ իր գործերի։ Մահը և դժոխքը [Հադեսը՝ մեռած անձանց կայանը] նետվեցին կրակի լճի մեջ. Այս է երկրորդ մահը: Եվ նա, ում անունը կյանքի գրքում գրված չգտնվեց, գցվեց կրակի լճի մեջ» (Հայտն. 20.13-15)։

     ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ

     Մեծահարուստը ուներ հինգ եղբայր, որոնց ցանկանում էր զգուշացնել Հադեսի տանջանքների մասին: Նա կարծում էր, որ եթե ինչ-որ մեկը մահացածներից վերադառնա, իր եղբայրները կհավատան:
     ԱՍՏԾՈ խոսքը պատմում է մեկ այլ Ղազարոսի հարության մասին, ով հետապնդվեց կրոնական իշխանությունների կողմից, որոնք ցանկանում էին նրան ոչնչացնել, քանի որ նա ԱՍՏԾՈ զորության կենդանի ապացույց էր: Եվ իհարկե մեր ՏԵՐ ՀԻՍՈՒՍԸ մեռելներից հարություն առավ, սակայն դա չդարձրեց բոլոր անհավատների սիրտը դեպի ԱՍՏՎԱԾ:

     ԱՍՏՎԱԾ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ԴՈՒ ԵՐԿԻՆՔ ԳՆԱՍ

     Քանի որ ԱՍՏՎԱԾ արդարության ու սիրո ԱՍՏՎԱԾ է, ՆԱ ստեղծեց դժոխքը Սատանայի և նրա ընկած հրեշտակների համար: Այն ստեղծված չէր մարդկանց համար: Իրականում ԱՍՏԱԾ վճռական միջոցներ ձեռնարկեց, որպեսզի մեզ հեռու պահի դժոխքից: ՀԻՍՈՒՍՆ աղոթեց. «Հա՛յր, ում որ ինձ տվիր, կամենում եմ, որ ինձ հետ լինեն, ուր որ ես լինեմ, որպեսզի տեսնեն իմ փառքը...» (Հովհ.17.24):
    

     Երբ մենք սիրում ենք մեկի, ցանկանում ենք,որ մեզ հետ լինի: ԱՍՏՎԱԾ այնպես սիրեց մեզ, որ իր ցասումը թափեց իր սիրելի ՈՐԴՈՒ վրա, որպեսզի մենք ստիպված չլինենք կրելու այն: Այժմ մենք կարող ենք ՆՐԱ հետ լինել ողջ հավիտենականությունը:
 

No comments: