Գրեգ Լորի
Տարիներ շարունակ հանրահայտ Նեյման Մարկուսը իր կատալոգում ներկայացրել է բավականին շռայլ նվերներ:
1964թ-ին կատալոգը առաջարկում էր օդապարիկ՝ 6000 դոլար արժողությամբ: 1967թ-ին՝ մի զույգ ուղտ՝ 4000 դոլար արժողությամբ: Եվ 1971թ.վաճառվում էր իսկական սարկաֆագ 16000 դոլարով: Բայց 2006թ-ին Նեյման Մարկուսը գերազանցեց բոլոր սպասումները և առաջարկեց ճանապարհորդություն տիեզերեք, որի արժողությունն էր 1.7 մոլիոն դոլար:
Միգուցե տիեզերական ճամփորդությունը ձեր երազանքը չէ այս տարի, բայց անշուշտ դուք որոշակի սպասելիքներ ունեք, որ հուսով եք՝ կգտնեք Սուրբ Ծննդյան ծառի տակ: Եթե ձեր հույսը դնում եք սուրբծննդյան առաջարկների վրա, կարծում եմ՝ կհիասթափվեք: Սակայն եթե կարողանաք ձեր ուշադրությունը սևեռել Սուրբ Ծնունդի իմաստի վրա, այն կարող է իսկապես դառնալ «տարվա ամենահրաշալի ժամանակը»:
Իմաստունները բավականին անսովոր նվերներ տարան ՀԻՍՈՒՍԻՆ՝ ոսկի, զմուռս և կնդրուկ: Բայց Սուրբ Ծնունդի առաջին նվերը մանկան համար պատրաստված նվերները չէր, այլ հենց մանուկն ինքն էր:
Սուրբ Ծնունդը խոստում է մի բանի, որ ոչ մի այլ տոն կամ երկրային երևույթ չի կարող տալ: «Բայց երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որ ծնվեց կնոջից և մտավ օրենքի տակ՝ փրկագնելու նրանց, որ օրենքի տակ էին, որպեսզի մենք որդեգրություն ստանանք» (Գաղ. 4.4-5): Եսայիի մարգարեության 9-րդ գլխի 6-րդ համարում նկարագրվում է, թե ինչ է մեզ տվել ԱՍՏՎԱԾ. «Որովհետև մեզ համար մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ, և գերիշխանությունը Նրա ուսի վրա պիտի լինի. Նա պիտի կոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր ԱՍՏՎԱԾ, Հավերժության Հայր, Խաղաղության իշխան»:
ՀԻՍՈՒՍԻ վերոհիշյալ անուններից ամեն մեկն առնչվում է մեր կյանքի մի կարևոր ասպարեզի: Նրանք կարծես սուրբծննդյան 5 նվերներ լինեն, որ մենք կարող ենք բացել, յուրաքանչյուրը՝ հատուկ ու անսովոր:
Առաջին. ՆՐԱ անունը Սքանչելի է: «Սքանչելի» բառը կարող էր թարգմանվել նաև ապշեցուցիչ, զարմանալի, վեհասքանչ կամ ակնածելի: Երբ խորհում եմ այն մասին, թե Ամենազոր ԱՍՏՎԱԾԸ զոհաբերեց իրեն ինձ համար, սիրտս լցվում է նախ շփոթմունքով, ապա ակնածանքով և վերջապես երկրպագությամբ:
Երկրորդ. ՆՐԱ անունը Խորհրդական է: Մենք բոլորս ստիպված ենք որոշումներ կայացնել: Եվ ԱՍՏՎԱԾ, որ Սքանչելի է, ցանկանում է մեզ խորհուրդ և ուղղություն տալ: Աստված ծրագիր ունի յուրաքանչյուրիս կյանքի հետ կապված: Երբ ծանրաբեռնված եք բազմաթիվ չկայացված որոշումներով, հիշեք, որ ԱՍՏՎԱԾ ցանկանում է ձեզ խորհուրդ տալ:
Երրորդ. ՆԱ Հզոր Աստված է: Մենք պետք է հիշենք, որ ՀԻՍՈՒՍԸ ընդամենը լավ մարդ չէր, այլ ԱՍՏՎԱԾ էր՝ մարդացած: Եվ ԱՍՏՎԱԾ, որ Սքանչելի է, ով ցանկանում է լինել քո խորհրդականը, քեզ ուժ կտա ապրելու այն կյանքը, որի համար ՆԱ քեզ կանչել է:
Չորրորդ. ՆՐԱ անունը Հավերժության Հայր է: Մենք հավատում ենք Հավերժության Հորը, որ չունի սկիզբ ու վերջ: Դա հիշեցնում է մեզ, որ երկրի վրա կյանքը ժամանակավոր է, և որ երկինքը անհամեմատ ավելին է, քան այս աշխարհը կարող է առաջարկել:
Շնորհիվ այն ամենի, ինչ ՀԻՍՈՒՍԸ արեց մեզ համար, մենք այժմ կարող ենք դիմել Ամենազոր ԱՍՏԾՈՒՆ՝ տիեզերքի Արարչին, որպես մեր Հոր, որ երկնքում է:
Հինգերորդ. ՆՐԱ անունը Խաղաղության Իշխան է: Կյանքը լի է տագնապներով և, ճիշտն ասած, Սուրբ Ծննդյան տոներն էլ հենց կարող են տարվա ամենալարված ժամանակը լինել: Հին խնդիրները հաճախ նորից ջրի երես են դուրս գալիս: Տարաձայնություններն ու լարվածությունը ընտանիքի տարբեր անդամների հետ կարող են տարվա այս ժամանակ ավելի ակնհայտ դառնալ: Բայց կա Մեկը, որ Խաղաղության Իշխանն է. ՆԱ կարող է քեզ օգնել կյանքի նեղությունների մեջ:
Ինչ նվեր էլ, որ ակնկալում ես ստանալ այս Սուրբ Ծննդյան տոներին, նրանք ոչինչ են ԱՍՏԾՈ կողմից քեզ տրված նվերի համեմատությամբ: Այն միակ մնայուն նվերն է՝ հավիտենական կյանքի նվերը:
No comments:
Post a Comment