Լ. Հ.
Ծնվել եմ քրիստոնյա ընտանիքում. ես հայ եմ, ու ծնունդիցս դարեր առաջ իմ կրոնական պատկանելությունն արդեն կանխորոշված էր: Հինգ տարեկան էի, երբ ինձ կնքեցին, ու այդ օրվանից կրում եմ խաչ, որի նկատմամբ միշտ ինչ-որ ակնածանք ու թերևս կույր վախ եմ զգացել:
Շատ սովորական մանկություն ու դպրոցական կյանք եմ ունեցել, եթե կյանքը երբևէ սովորական լինում է: Հորս գործուղման պատճառով մեր ընտանիքը իր ապաստանը գտավ մի գյուղական վայրում, որտեղ կյանքը հոսում էր հանդարտ՝ առանց կտրուկ վերելքների ու վայրէջքների:
Այնտեղ հասարակական կարծիքն ու մեր նախահայրերի չգրված օրենքները՝ կոփված դարերով, ղեկավարում են մարդկային կյանքը: Այնտեղ կարևոր է ոչ թե ներկան, այլ անցյալը: Հասարակությունը գիտի քեզ, հիշում է քո ծնողներին, պապերին... նրանց բոլոր արարքները՝ լավ ու վատ, որոնք երբևէ ո՛չ մոռացվում են, ո՛չ ներվում: Այստեղ քո արարքներն են որոշում քո սերունդների ապագան` նրանց համբավը, հասարակության վերաբերմունքը նրանց նկատմամբ... Դու իրավունք չունես շեղվելու:
Բայց մի օր ես պետք է թողնեի այդ ամենը: Ես պետք է վերադառնայի քաղաք և հանդիպեի իրականությանը՝ ինձ խորթ ու անծանոթ: Խուճապ՝ ծնված տարբեր արժեքների այս երկու աշխարհների հակադրությունից:
Ես չունեի պատասխան իմ բազում հարցերին. սա կյանքը դարձնում էր երբեմն հուսահատության աստիճան դատարկ, երբեմն էլ խելագարության աստիճան խճճված: Լուծումների իմ փնտրտուքը ինձ տանում էր նոր փակուղու, անինքնավստահության և այն մշտական զգացողության, որ ես օտար եմ: Երբեմն անհույս որոնումները տանում էին Քամյուի ու Հեսսեի աշխարհ, բայց դա էլ ելք չէր:
Ընկերներիս մեծ մասի համար կար միայն «հիմա» և «այստեղ»: Չափազանց հեշտ, առանց բարդությունների էին ստացվում նրանց հարաբերությունները մարդկանց հետ: Ընդամենը մի քանի օր, և կարելի էր տեսնել նրանց ուրիշների հետ՝ նույն փայլփլող աչքերով, նույն թվացյալ նվիրումով: Ծխախոտը, ալկոհոլը... ոչ թե անհրաժեշտություն, այլ իմիջի հարց էր:
Ես ունեի իմ ուղին կյանքում, բայց դրան չունեի բացատրություն:
Եթե շարունակեի ապրել իմ փոքրիկ գյուղում, երբևէ մտքովս էլ չէր անցնի մտածել այս ամենի մասին: Այնտեղ մարդիկ ունեն մի ճանապարհ՝ իրենց հայրերի հարթած ուղին: Այստեղ՝ քաղաքում, ես պետք է ընտրություն կատարեի...
2001 թվականի հունիս ամիսն էր: Արդեն հասցրել էի ավարտել համալսարանը և ընդունվել աշխատանքի: Այդ շաբաթ-կիրակի ընկերներիս հետ հրավիրված էինք Ծաղկաձոր. երկնամբարձ լեռներ, անտառապատ բլուրներ, սառնորակ աղբյուրներ, որ բնությունը խնամքով թաքցնում է օտար աչքից: Երկու օր ըմբոշխնեցինք հրաշք բնությունը. երրորդ օրը կատարեցինք մի այց, որն ամբողջապես փոխեց իմ կյանքը:
Վաղ առավոտյան ճանապարհ ընկանք: Մոտավորապես երկու կիլոմետր անցանք խորդուբորդ ճանապարհով, մինչ հասանք Կեչարիսի վանքը: Կոթողը՝ երեք եկեղեցի, երկու մատուռ և մեկ աղոթատեղի, կանգնած էր լեռան լանջին՝ ձորաբերանին: Ավելի ուշ իմացանք, որ 11-րդ դարում տեղանքը պատկանել է հայոց արքայադստերը, և նա էլ կառուցել է վանքը: Շինարարությունը տևել է մինչև 13-րդ դարի կեսերը: 11-13-րդ դարերում այն հանդիսացել է կարևոր կրոնական կենտրոն, ունեցել է բարձրագույն դպրոց:
Չգիտեմ` ինչը ստիպեց ինձ ընտրել ամենահեռավոր մատուռը և գնալ մենակ: Անցա շեմից ու գտա ինձ մի համեստ շինությունում: Կյանքումս առաջին անգամ ծնկի եկա աղոթելիս, և դրանք սովորական բառեր չէին:
Չափազանց խեղճ ու մոլորված գտա ես ինձ, մեղավոր ու անարժան՝ ՆՐԱ ներկայությամբ ու սերունդների հավատով սրբագործված ՏԱՆ շեմից անցնելու: Ունայն թվացին ինձ իմ տարիները, խղճուկ ու քստմնելի` արարքներս, որ բարի եմ համարել: Հողեղեն թվացին ինձ իմ երազները ու սկզբունքներս՝ դատարկ խոսքեր: Վախ, անսահման վախ... Բայց դա հուսահատության վախ չէր: Ես սարսափեցի այն մտքից, որ կարող էի ապրել մի ողջ կյանք ու չզգալ այդ:
Միշտ հետևելով սովորույթներին ու ավանդույթներին՝ երբեք չեմ իմացել ՆՐԱ խոսքը:
Այդ տարի առաջին անգամ պաս պահեցի. ինքնազննման 40 օրեր. ամեն վայրկյան մտածում ես քո ապրած կյանքի մասին, նորից ու նորից հաստատում քո ընտրությունը այս կյանքում, որ ՆՐԱ ուղին է, ընդունում ես, որ ցավոք հակված ես սխալվելու, բայց, միևնույն ժամանակ, զղջում ես ու կանես ամեն ինչ` փոխելու կյանքդ: Այստեղ ամենակարևորը որոշում ընդունելն է` տեսնել փարոսը մթության մեջ...
Հաջորդ տարի ես մենակ չէի: Ոչ միայն ընտանիքս, այլ նաև ընկերներիցս ու գործընկերներիցս շատերը միացան ինձ, թեև երբեք նրանց այդ մասին չէի խնդրել: Ես հասկացա, որ միայնակ չեմ իմ հուսահատության, անգիտության ու որոնումների մեջ...
Խնդրեցէ՛ք եւ պիտի տրուի ձեզի. փնտռեցէ՛ք եւ պիտի գտնէք. դուռը զարկէք եւ պիտի բացուի ձեզի: Վասն զի ամէն ով որ կը խնդրէ` կառնէ, եւ ով որ կը փնտռէ` կը գտնէ եւ ով որ դուռը կը զարնէ` պիտի բացուի անոր:
Ես գտա ճանապարհը բարոյական չափանիշների այսօրվա աշխարհում. աշխարհում, որտեղ պատերազմ ու եղեռն կա, որտեղ ամեն ինչ գնվում է ու վաճառվում... Ես գտա միակ ուղին` մարդ մնալու:
Ուրախ եմ այն մտքից, որ շրջվեցի դեպի ԱՍՏՎԱԾ, երբ սոված չէի ու հիվանդ չէի: Ո՛չ դժբախտությունը և ո՛չ էլ անհաջողությունն էր, որ մղեց դրան: Քանի որ գրված է՝ Ոչ միայն հացով կապրի մարդ, հապա այն ամէն խօսքով` որ Աստուծոյ բերնէն կելլէ:
P.S. Գրել եմ ավելի քան 11 տարի առաջ, երբ եկեղեցի էի գնում տարին մի քանի անգամ՝ մոմ վառելու, և երբեք Աստվածաշունչ չէի կարդացել: Ներողամիտ եղեք, եթե գտնեք մտքեր, որոնք հասուն չեք համարի:
No comments:
Post a Comment