Գրեգ Լորի
«Փլուզման առջևից գնում է ամբարտավանությունը, և սայթակման առջևից՝ խրոխտության ոգին» (Առակ. 16.18):
Ի՞նչը եղավ Ադամի ու Եվայի անկման պատճառը: Շատերին թվում է, որ պատճառը բարու և չարի գիտության ծառի պտուղի գրավչությունն էր: Սակայն դրա պատճառը պտուղը չէր, այլ այն, ինչ խոստանում էր այդ պտուղը:
Սատանան ասաց նրանց. «Աստված գիտի, որ այն օրը, երբ դրանից ուտեք, ձեր աչքերը պիտի բացվեն, և աստվածների պես պիտի լինեք՝ գիտենալով բարին ու չարը» (Ծննդ. 3.5): Այլ կերպ ասած՝ նա խոստանում էր, որ Եվան կդառնա աստվածուհի, իսկ Ադամը՝ աստված: Եվ նրանք կերան: Սատանան շարժել էր նրանց հպարտությունը:
Սա սատանայի հարձակման խորամանկ ձևերից մեկն է. նա հարվածում է մեզ մեր հպարտության միջոցով:
Նախ նա գալիս է մեզ մոտ և սկսում համոզել, որ մենք անարժեք ենք, և Աստված երբեք չի գործածի մեզ նման անարժանի:
Մենք պատասխանում ենք նրան, թե Աստվածաշունչն ասում է, որ եթե մենք խոստովանենք մեր մեղքերը, Աստված հավատարիմ է և արդար՝ ներելու մեր մեղքերը և մաքրելու մեզ ամեն անիրավությունից: Աստվածաշնչում ասվում է նաև, որ Աստված ընտրեց աշխարհի հիմարներին, որպեսզի ամոթահար անի իմաստուններին: Ուստի կարծում ենք, որ Աստված մեզ էլ կգործածի:
Դրանից հետո սատանան փոխում է իր հարձակման ձևը: Մեզ նվաստացնելու փոխարեն, նա շշնջում է մեր ականջին, որ մենք աստվածահաճո մարդ ենք և մեր ամեն խոսքը պարզապես հրաշք է: Եվ մենք կուլ ենք տալիս խայծը: Սկսում ենք հավատալ, որ մենք մեզնից մեծ բան ենք ներկայացնում: Իսկ Աստվածաշունչը զգուշացնում է. «Փլուզման առջևից գնում է ամբարտավանությունը, և սայթակման առջևից՝ խրոխտության ոգին» (Առակ. 16.18):
No comments:
Post a Comment