Գրեգ Լորի
…[Պողոսն ու Բառնաբասը] այդ քաղաքի [Դերբե] մեջ ավետարանելուց և շատերին աշակերտելուց հետո վերադարձան Լիստրա, Իկոնիոն և Անտիոք՝ ամրացնելով աշակերտների անձերը և հորդորելով, որ հարատևեն հավատքի մեջ՝ ասելով. «Շատ տառապանքով պետք է մտնենք ԱՍՏԾՈ թագավորությունը» (Գործք 14. 20-21):
Եթե ձեր հավատքը չի կարող դիմանալ դժվարությունների, ապա իրական հավատք չէ: Այն հավատքը, որ փորձություն չի հաղթահարում, վստահելի չէ: Ճշմարիտ հավատքը ավելի է հզորանում, երբ անցնում է դժվարությունների միջով: Այն դառնում է ավելի առաձգական. Այն չի փլուզվում:
Գործք Առաքելոց գրքի 14-րդ համարում մենք կարդում ենք, որ Պողոսն ու Բառնաբասը հորդորում էին հավատացյալներին հարատևել հավատքի մեջ՝ հիշելով, որ շատ տառապանք պիտի կրենք ԱՍՏԾՈ թագավրությունը մտնելու համար:
Ուշադրություն դարձրեք, որ Պողոսն ու Բառնաբասը քաջալերում էին նրանց, որ հարատևեն հավատքի մեջ և ոչ թե զգացմունքների: Զգացմունքները ժամանակավոր են: Կա ժամանակ, երբ դու զգում ես ԱՍՏԾՈ ներկայությունը, իսկ երբեմն էլ չես զգում: Իսկ ի՞նչ ես անում նման պահերի: Դու շարունակում ես քո հավատքի կյանքը, որովհետև «Արդարը պիտի ապրի հավատքով» (Հռոմ. 1.17): Անկախ զգում ենք ԱՍՏԾՈ ներկայությունն այսօր, թե ոչ, մենք պետք է շարունակենք մեր ընթացքը, որովհետև սա հավատքի քայլ է: Մի մտահոգվեք զգացմունքների մասին: Մի կենտրոնացեք զգացմունքների վրա, որոնք փոփոխական են: Հիշեք, որ ԱՍՏՎԱԾ ձեզ հետ է, և մի օր դուք կմիանաք ՆՐԱՆ Իր փառքի մեջ:
Ա. Բ. Սիմփսոնը գրել է. «Մի ժամանակ ինձ օրհնություն էր պետք, իսկ այժմ՝ ՏԵՐԸ, մի ժամանակ կարևոր էր զգացմունքը, իսկ այժմ՝ ՆՐԱ ԽՈՍՔԸ: Մի ժամանակ ցանկանում էի ՆՐԱ պարգևները, իսկ այժմ ինձ անհրաժեշտ է հենց ՆԱ. Մի ժամանակ փնտրում էի բժշկություն, իսկ այժմ՝ միայն ՆՐԱՆ»:
Երբ երիտասարդ քրիստոնյա ես, դու ցանկանում ես օրհնություն: Սակայն աճելուդ զուգընթաց՝ քեզ համար անհրաժեշտություն է դառնում միայն ԱՍՏՎԱԾ: Դա հասունության նշան է: Մենք պետք է հարատևենք հավատքի մեջ, երբ երկինքը կապույտ է, ինչպես նաև երբ այն ամպամած է: Մենք պետք է շարունակենք մեր հավատքի կյանքը, երբ մենք առողջ ենք, ինչպես նաև այն ժամանակ, երբ մեր առողջությունն էլ առաջվանը չէ, քանի որ մենք գիտենք, որ վերջին օրը երբ գա, մենք ուրախ կլինենք, որ այդպես ենք ապրել:
No comments:
Post a Comment