ՊերՃ ՋԱՄԲԱԶՅԱՆ
«Քանզի Քրիստոս ո´չ թէ ձեռագործ սրբարանը մտաւ, որ ճշմարտին օրինակն է, հապա բուն երկինքը՝ որպէս զի հիմա մեզի համար Աստուծոյ առջեւ ներկայանայ»։ Թուղթ առ Եբրայեցիս 9։24
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
(Մաս երկրորդ)
Սիրելի´ քույրեր ու եղբայրներ, անչափ կարևոր է հասկանալ, որ Աստվածաշնչի բոլոր գրքերը, առանցքը, սկիզբն ու վերջը միայն մի անձի մասին են՝ Հիսուս Քրիստոսի՝ Փրկչի համայն աշխարհի։ Եվ երբ Աստծո հոգով սերտենք Աստծո Խոսքը, այն ժամանակ կտեսնենք, որ առաջին էջից մինչև Հայտնություն Հովհաննու գրքի վերջին էջը Աստծո փրկության ծրագիրն է՝ ներկայացված տարբեր դեպքերով ու տարբեր խորհրդապատկերներով՝ կազմված Քրիստոսի ծննդից շատ առաջ։ Եվ եթե այս ճշմարտության գիտակցումով ու անխախտ հավատով չսերտենք Աստծո խոսքը, որքան էլ խորը թափանցեք, ճշմարտությունն ամբողջությամբ ըմբռնած չենք լինի, քանի որ Աստվածաշնչի ճշմարտությունը Քրիստոսի մեջ է։
Շատ հետաքրքրական է, որ երբ կարդում ենք Աստվածաշունչն եբրայերեն, ստեղծագործության պատմության մեջ ամեն անգամ, երբ նշվում է «Աստված» բառը, այն գործածվում է հոգնակի թվով՝ Աստվածներ (Էլոհիմ)։
«Սկիզբէն Աստուած երկինքն ու երկիրը ստեղծեց։ Երկիրը անձեւ ու պարապ էր եւ անդունդին վրայ խաւար կար եւ Աստուծոյ Հոգին ջուրերուն վրայ կը շարժէր։ Աստուած ըսաւ...» (Գիրք Ծննդոց 1։1-3)։ Եբրայերենում ասվում է՝ Եւ Աստուածները ըսաւ...։ Հոգնակի գործածելով «Աստված» բառը՝ իհարկե չաստվածների մասին չէ, որ խոսվում է, այլ ՀԱՅՐ ԱՍՏԾՈՒ, ՈՐԴԻ ԱՍՏԾՈՒ և ՍՈՒՐԲ ՀՈԳԻ ԱՍՏԾՈՒ։ Սա Երրորդության գեղեցիկ հայտնությունն է Աստվածաշնչի հենց սկզբից. Հայր Աստվածը ստեղծիչ Աստված է, Որդի Աստվածը՝ Փրկիչ Աստված, իսկ Սուրբ Հոգի Աստվածը մարդու մեջ ներգործող Աստված է։ Եվ այս երեքը միասին էին հենց ստեղծագործության սկզբից։ Որովհետև Աստվածաշունչն ասում է. «Սկիզբէն էր Բանը ու Բանը Աստուծոյ քով էր եւ Բանը Աստուած էր» (Ավետարան ըստ Հովհաննու 1։1)։
Մեր սերտողության թեման Աստծո ներկայության վրանն է Սինայի անապատի մեջ։ Պողոս առաքյալը շատ գեղեցիկ կերպով նկարագրում է. «... (մեր հայրերը) ամէնքն ալ ծովէն անցան Եվ ամէնքն ալ Մովսէսով մկրտւեցան ամպին ու ծովին մէջ Ու ամէնքն ալ նոյն հոգեւոր խմելիքը խմեցին.. վասն զի կը խմէին այն հոգեւոր վէմէն, որ անոնց հետ կ’երթար ու այն վէմը Քրիստոսն էր...» (Ա Թուղթ առ Կորնթացիս 10։1-3)։ Հիանալի մի հաստատում։
Անապատում Վրանի կառուցման գաղափարը Աստված ինքը հղացավ։ Նա Մովսեսին մանրակրկիտ ներկայացրեց, թե ինչպես կառուցի և հրամայեց. «Խորանին օրինակը եւ անոր բոլոր կարասիներուն օրինակը, բոլոր քեզի ցուցուցածիս պէս, ճիշդ այնպէս շինեցէք» (Ելից 25։8)։ Աստված պահանջեց կառուցել Սրբարանն ամենայն ճշգրտությամբ, քանի որ բոլոր մանրամասնությունների մեջ՝ գործածված մետաղների, նյութերի, գույների, թվերի և այլնի, Քրիստոսի փրկության ծրագիրն է ի հայտ գալիս։
Աստծո ներկայության վրանը՝ Սրբարանը, Քրիստոսի փրկության հայտնությունն է Սինայի անապատի մեջ։ Աստված ողորմեց, փարավոնի ճիրաններից հանեց իր ժողովրդին և ցանկացավ նրանց մեջ բնակվել։ Եվ դրա համար է, որ Աստված իր որդու միջոցով անդադար անդրադառնում է Հին Ուխտի գրություններին ու մարգարեություններին։ Հիսուսն ինքն է ասում. «Վասն զի եթէ դուք Մովսէսին հաւատայիք, ինծի ալ պիտի հաւատայիք, քանզի անիկա ինծի համար գրեց» (Ավետարան ըստ Հովհաննու 5։46)։ Զորավոր հաստատություն է։
Ահա կրկին՝ Փիլիպպոսն ասում է իր ընկերոջը՝ Նաթանայէլին. «Ան, որուն համար Մովսէս օրէնքին մէջ գրեց եւ մարգարէներն ալ, զանիկա գտանք, այսինքն Յիսուս Նազովրեցին, Յովսէփին որդին» (Ավետարան ըստ Հովհաննու 1։45)։ Որքա՜ն գեղեցիկ նկարագրություն։
Այսօր պիտի մոտենանք և մտնենք վրանից ներս. Գավիթ, Սրբության վայր և Սրբություն Սրբոց վայր, ուր իջնում էր Աստծո փառքը։ Այս երեք մասերը ունեն համապատասխան իմաստներ. Գավիթը նախապատրաստություն է, Սրբարանը՝ փորձառություն, իսկ Սրբություն Սրբոցը՝ փառավորություն։ Եվ մենք՝ փրկվածներս, Հայտնություն Հովհանու գրքին համապատասխան, այս վերջին Սրբություն Սրբոց վայրը վերջնականապես պիտի մտնենք, երբ փեսան և հարսը իրար միանան, և հարսը գիշեր ու զօր կգովաբանի Գառնուկին, որ Աստծո որդին է։
Վրանը միայն մի մուտք ունի։ Այն առջևում է։ Եվ հետաքրքրական է, որ վրանի դուռը հաստատված է 4 սյուների վրա։ Այս դուռը ներկայացնում է Հիսուս Քրիստոսին որպես միակ դուռը հավիտենական կյանքի և փրկության, իսկ 4 սյուները ներկայացնում են Նոր Ուխտի 4 ավետարանները՝ ըստ Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասի և Յովհաննու։ Սյուները սատիմի փայտից են, պատված՝ պղնձով ու արծաթով, բայց դրա մասին՝ քիչ անց։
Այսօր մի քանի կարևոր խորհրդապատկերների մասին պիտի խոսեմ, որ հետագայում կօգնեն ձեզ հասկանալու վրանի նկարագրությունները։
ԳՈՒՅՆԵՐ. Կարևոր է ըմբռնել գույների իմաստները, քանի որ դրանք պիտի հանդիպեն մեզ վրանի ուսումնասիրության ընթացքում, երբ խոսենք վարագույրների, քահանայապետի զգեստի և այլնի մասին։ Վրանի կառուցման համար Աստծո թելադրանքով գործածվել են 4 գույներ՝ ճերմակ, ծիրանի, կրկնակի կարմիր և կապույտ։
1. Ճերմակ. «Սրահին դրանը համար
կապուտակէ ու ծիրանեգոյնէ եւ
կրկնակի կարմիրէ ու մանուած բարակ քթանէ քսան կանգուն նկարազարդ վարագոյր մը շինէ´» (Ելից 27։16)։
Այսպիսով, դռան վարագույրի գույներից մեկը ճերմակն է։ Աստվածաշնչում ճերմակն ունի հետևյալ իմաստները.
· Աստվածային արդարություն. Ճերմակը արդարության խորհրդապատկերն է։ «Վասն զի Աստուած զանիկա որ մեղք չէր գիտեր, մեզի համար մեղաւոր սեպեց՝՝, որպէս զի մենք անոր միջոցով Աստուծոյ արդարներն ըլլանք» (2 Կորնթացիս 5։21)։
Այսինքն, երբ Հիսուս Քրիստոսի արյունը մեզ ամեն մեղքից սրբում է, և մեր սիրտը դառնում է սպիտակ, մենք կնքվում ենք որպես Աստծո արդար որդիներ։ Եվ այդ կնիքը ոչ ոք չի կարող մեզնից խլել։
Ցավոք կան շատ հավատացյալներ, որոնք ճշմարտությունը լավ չեն ըմբռնում և անհիմն սարսափի մեջ են հայտնվում՝ կարծելով, որ մեղք են գործել, ուստի մեկընդմիշտ կորցրել են իրենց փրկությունը։
Ձեզ մի դեպք պատմեմ, որ պատահել է տարիներ առաջ։ Բնակվում էի Ֆրանսիայում կնոջս հետ և հովվական աշխատանք կատարում, որտեղ էլ ի մեծ ուրախություն ինձ՝ ծնվեց տղաս։ Մի անձրևոտ օր, բոլորովին չեմ մոռանում, երբ ձեռքից բռնած փողոցով քայլում էի, մանկական խաղահրապարակի կողքով անցնելիս տղաս ձեռքը քաշեց իմ ափի միջից ու իր ընտրած ճանապարհով՝ ցեխի ու անձրևաջրի միջով, շտապեց հրապարակ։ Նա իհարկե կեղտոտվեց, թրջվեց ու ցեխոտվեց, բայց շատ ուրախ էր, որ արել է իր ուզածը։
Տղաս ձեռքս թողեց, իմ կամքին հակառակվեց, գնաց մտավ ցեխերի ու ջրափոսերի մեջ։ Սակայն մի՞թե դադարեց իմ տղան լինելուց։ Մի՞թե ես նրան թողեցի ցեխի մեջ։ Իհարկե ո´չ։ Ես նրան տուն տարա, լվցի ու մաքրեցի։
Որպես հավատացյալ՝ երբեմն մենք ցեխերի մեջ ենք մտնում, երբեմն ջրափոսերի մեջ հայտնվում, փշերի մեջ մտնում կամ սայթաքում, վայր ընկնում։ Բայց երբեք թող ձեր մտքով անգամ չանցնի, թե վերջ, այլևս Աստծո որդինները չեք։ Նորից ուշադրություն դարձրեք Աստվածաշնչին, որտեղ շատ հստակ ասվում է, որ երբ Սուրբ հոգով մկրտված եք և Հիսուս Քրիստոսի արյունով լվացված և մաքրված եք, դուք փրկված եք. «Աստուած զանիկա որ մեղք չէր գիտեր, մեզի համար մեղաւոր սեպեց՝՝, որպէս զի մենք անոր միջոցով Աստուծեյ արդարներն ըլլանք» (2 Կորնթացիս 5։21)։
Ասյպիսով, Ճերմակ նշանակում է արդար։
· Անարատություն. Ճերմակը նաև անարատության խորհրդապատկերն է։ Երբ հարսը պատրաստվում է փեսային դիմավորելու, նա ո´չ կապույտ է հագնում, ո´չ սև, ո´չ գույնզգույն, ապա ճերմակ։ Ճերմակ զգեստը խորհրդապատկերն է հարսի կուսության, մաքրության և սրբության։
Թուղթ առ Եբրայեցիս բաղկացած է 13 գլխից, և նամակի մեծագույն մասը կազմված է Վրանի մասին մեջբերումներից։ Խոսվում է քահանայի, պատարագի, ողջակեզի, վարագույրի և այլնի մասին։ Եբրայեցիս նամակը Նոր կտակարանում Աստծո ներկայության վրանի՝ Սրբարանի նկարագրությունն է։ Եվ տեսեք թե ինչ է ասվում. «...հապա ինք ամէն կերպով փորձը առած է մեզի նման, բայց առանց մեղքի» (Թուղթ առ Եբրայեցիս 4։15)։
Սպիտակի պատգամը անարատություն է, անմեղությունը։ Քրիստոսը հայտնվեց, որ մեր մեղքերը վերցնի, բայց Նրա մեջ մեղք չկար՝ ճերմակ էր։ Հետևաբար այս վրանի մեջ ճերմակ գույնը ասելիք ունի՝ Աստված մարդեղացավ, մեզ նման եղավ, մեր կերպարանքը առավ, սովածացավ, ծարավեց, թեև կարող էր հրաշքով խուսափել այդ ամենից։ Սակայն եթե Աստված իր աստվածային բոլոր հատկությունները երկրի վրա գործածեր, մարդը պիտի վախենար Աստծուց, չմոտենար նրան։ Բայց Հիսուսը մարդեղացավ բառի բուն իմաստով. Նա մեզ պես անքուն գիշերներ ունեցավ, Նրա ջղերն էլ քայքայվեցին, Նրան վիրավորեցին, Նա էլ հանգստի պետք ուներ և այդ պատճառով էր, որ քաշվեց անապատ մենիկ պահ ունենալու։ Լեռան քարոզը տալուց, մոտ 5000 մարդ կերակրելուց հետո, երբ տեսավ, որ մարդիկ շարունակում են իրեն հետևել, նավ մտավ, անցավ մյուս ափ, լեռը ելավ, որպեսզի առանձնանա։
Քրիստոսը մեզ նման մարդ էր՝ մի տարբերությամբ։ Նա քթան էր հագած՝ ճերմակ էր, առանց մեղքի։ Լինելով ճերմակ՝ իրեն հավատացողներին էլ ճերմակեցնում է։ Սա է վրանի ճերմակ գույնի պատգամը։ «Ան մեղք չգործեց և իր բերնին մէջ նենգութիւն չգտնւեցաւ...» (Ա. Թուղթ Պետրոսի 2։22)։ Փորձեց Սատանան Հիսուսի շուրթերին ներնգություն դնել. հանեց Հիսուսին բարձր լեռան վրա և ցույց տվեց բոլոր թագավորություններն ու նրանց փառքը և ասաց. «Ասոնք ամէնը քեզի պիտի տամ, եթէ իյնաս՝ ինծի երկրպագութիւն ընես»։ (Աւետարան ըստ Մատթէոսի 4։8-9)։ Սակայն Հիսուսը պատասխանեց նրան. «[Ետիս] գնա, Սատանա´յ, վասն զի գրուած է թէ՝ ‘Քու Տէր Աստուծոյդ երկրպագութիւն ընես ու միայն զանիկա պաշտես’»։
· Սրբությունն է Ճերմակի հաջորդ իմաստը։ Եբրայեցիս նամակի մեջ ասում է. «Վասն զի մեզի ճիշդ այդպիսի քահանայապետ մը կը վայլէր, սուրբ, անմեղ, անարատ, մեղաւորներէն զատուած...» (Թուղթ առ Եբրայեցիս 7։26)։ Եվ վերջում էլ ավելացնում է՝ մեր մեղքերի համար զոհված, պատարագված։
Այսպիսով ճերմակը արդարության, անարատության և սրբության խորհրդապատկերն է։
2.Կապույտ. Վարագույրի վրա կա նաև կապույտ գույնը։ Ո՞րն է այդ գույնի իմաստը Աստվածաշնչի մեջ, չէ՞ որ դա էլ ընտրեց Աստված։
Այն անձը, որ դռնից ներս է մտնում, ճերմակ քթանի փորձառությունն է ունենում, նա նաև կապույտի փորձառությունը պիտի ունենա։ Կապույտը երկնային կյանքը, երկնային բնույթն է ներկայացնում։
«Առաջին մարդը երկրէն էր՝ հողողէն, բայց երկրորդ մարդը Տէր է՝ երկնքէն։ Ինչպէս էր հողեղէնը՝ նոյնպէս ալ հողեղէնները ու ինչպէս երկնաւորը՝ նոյնպէս ալ երկնաւորները» (Բ Կորնթացիս 15։47)։
Աստված, երբ կապույտ գույնն ընտրեց, իր մտքում ուներ պատգամ, որ Սինայի անապատի մեջ ժողովուրդը պետք է իմանար. Նա մի օր նրանց միջից պիտի հաներ մարգարե, ով պիտի լիներ աշխարհի փրկության դուռը, և բոլոր նրանք, որ Նրան հավատան, թեև մահանան, կապուտակներից այն կող պիտի անցնեն, այսինքն՝ երկնքից ներս պիտի մտնեն։ Կապույտը երկնքի խորհրդապատկերն է։
«Ան որ իջաւ՝ նոյն ինքն է, որ բոլոր երկինքներէն վեր ելաւ, որպէս զի ամէն բան լեցնէ» (Թուղթ առ Եփեսացիս 4։10)։ Քրիստոսը կապուտակներից վեր ելավ, որ մեզ կյանք տա։ Նա մեզ վերցնում է երկրավորից և տանում է երկնավորը, վերցնում է մթից, սևից և տանում է կապույտի մեջ։
«Քանզի Քրիստոս ո´չ թէ ձեռագործ սրբարանը մտաւ, որ ճշմարտին օրինակն է, հապա բուն երկինքը՝ որպէս զի հիմա մեզի համար Աստուծոյ առջեւ ներկայանայ.» (Թուղթ առ Եբրայեցիս 9։24)։
Առաքյալը խոսում է երկրավոր (ձեռագործ) Սրբարանի մասին, և անդրադառնում, որ Քրիստոսը ոչ թե մտավ այդ ձեռագործ սրբարանը՝ մարդկանց ձեռքով պատրաստված, այլ անձեռագործը՝ Աստծո Սրբարանը, և այնտեղ հավիտենապես մեզ համար միջնորդություն է անելու։
Այպիսով, դռնից ներս մտնողը արժանանում է կապույտի փորձառությանը, որ երկիինքն է։
3. Ծիրանագույնն (purple) է հաջորդ գույնը, որ թագավորական խորհրդանիշ է։ Հաճախ կարող եք կաթողիկոսին տեսնել պատարագի ժամանակ ծիրանագույն հագած։ Եվ առհասարակ Առաքելական եկեղեցում գործածվող բոլոր գույները ունեն հենց այն իմաստը, որ ես ձեզ բացատրում եմ։
Ծիրանին արքայական խորհրդապատկեր է։ Եվ դրա համար է, որ Մարկոսն ասում է. «Ու հագցուցին [Զինվորները] անոր ծիրանիներ ու փշեղէն պսակ հիւսելով՝ անոր գլուխը դրին» (15։17)։ Եվ ավելացնում, որ ծաղրեցին Հիսուսին՝ ողջունելով որպես Հրէից Թագաւոր։ Եվ խաչի վրա էլ գրվեց Նրա հանցանքի գիրը՝ Հրէից Թագաւոր։
Հիսուսն ասաց, որ ինքն Աբրահամից էլ, թագավորներից էլ առաջ կար։ Եվ ահա թե Երեմիա մարգարեն ինչ է ասում.
«Ահա օրեր կու գան, կ՛ըսէ Տէրը,
Երբ Դաւիթէն արդարութեան
Շառաւիղ մը պիտի հանեմ,
Որ թագաւորի պէս թագաւորութիւն
պիտի ընէ,
պիտի ընէ,
Իմաստութեամբ պիտի վարվի
Ու երկրի վրայ իրաւունք ու
արդարութիւն պիտի ընէ» (Երեմեայ
23։5)։
արդարութիւն պիտի ընէ» (Երեմեայ
23։5)։
Խոսքը Հիսուսի մասին է, ով հավերժական թագավորություն պիտի անի։ Եվ դրա համար է, որ Պողոս առաքյալը խրատ է տալիս Տիմոթեոսին. «Որը իր ատենին պիտի ցուցնէ Երանելին ու միմիայն Հզօրը, թագաւորներուն Թագաւորը ու տէրերուն Տէրը» (Ա. Թուղթ առ Տիմոթէոս 6։15)։ Երանելին ու Հզորը, թագավորների Թագավորը ու տերերի Տերը Հիսուսն է։ Այսպիսով ծիրանին արքայական գույն է։
Հայտնություն Յովհաննու 17։14 կարդում ենք, որ մեծ պոռնիկը , որ հակաքրիստոսն է, Գառնուկի դեմ պատերազմ պիտի բանա և Գառնուկը նրանց պիտի հաղթի. «...քանզի անիկա տէրերուն Տէրն է ու թագաւորներուն Թագաւորը»։ Բայց ահա և շարունակությունը. «... եւ անոր հետ եղողները կանչուած ու ընտրուած եւ հաւատարիմ են»։
Մի օր մենք՝ որպես Թագավորի հետևորդներ և հավատարիմներ, ճերմակ զգեստներ հագած՝ Նրա առջև պիտի ալելուիաներ երգենք ու Իրեն փառավորենք հավիտյանս հավիտենից։
4. Կրկնակի կարմիրն (scarlet) է հաջորդ գույնը։ Մերձավոր արևելքում, նաև Հայաստանում, կա մի բույս, որի հյութով է պատրաստվում կրկնակի կարմիրը։ Կրկնակի կարմիրը խորհրդապատկերն է զոհողության, ողջակեզ լինելու, պատարագ լինելու, նաև ներկայացնում է մարդու մեղսալից բնույթը։ Այս գույնով Աստված ուզում է մեզ հիշեցնել, որ Հիսուս Քրիստոսը իր արյունը թափեց, ողջակիզվեց, պատարագվեց մեր մեղքերի համար, մեզ մեկնընդմիշտ ձերբազատելու մեղքից։
Հետ գնանք Եբրայեցիս նամակին. «[Հիսուս] հիմա մէկ անգամ դարեր անցնելէ վերջը՝ իր անձին պատարագովը յայտնուեցաւ՝ մեղքը մէկդի ձգելու համար» (Եբրայեցիս 9։26)։
Ուշադրություն դարձրեք, Հին Ուխտի վրանի մեջ մարդն ամեն անգամ, երբ մեղք գործեր, պետք է գնար, ոչխար մորթեր, արյունը զոհի սեղանի վրա սրսկվեր և այլ արարողություններ կատարվեին։
Քրիստոսը ողջակիզվեց, որպեսզի այդ կարմիր վիճակիցդ իր կարմիր արյունով ձերբազատի, փրկի քեզ։ «... Քրիստոս մէկ անգամ պատարագ մատուցուեցաւ՝ շատերուն մեղքերը վերցնելու համար» (Եբրայեցիս 9։28)։
Կարմիրը նաև փոխանորդական մահվան՝ մարտիրոսության, խորհրդապատկերն է։ Այսինքն՝ Հիսուսը հոժարակամ խաչ բարձրացավ և քո փոխարեն ինքը մեռավ։ Տվեց իր կյանքը, որպեսզի դու ապրես։ Այսպիսով, որդան կարմիրը պատարագվելու, զոհվելու, փոխանորդական կյանքը ողջակեզի սեղանի վրա դնելու խորհրդապատկերն է։
ՆՅՈՒԹԵՐ. Գույներից բացի, Վրանի
կառուցման համար Աստված
կառուցման համար Աստված
Մովսեսին պարտադրեց գործածել նաև կոնկրետ նյութեր։ Հետևյալ նյութերն են օգտագործվել Սրբարանի կառուցման համար։
1. Ոսկին աստվածության, Աստծո սրբության, ինչպես նաև Աստծո ողորմության և Աստծո քավության խորհրդապատկերն է։ Աստված հրահանգել էր, որ Տապանակը ամբողջությամբ պատված լինի զուտ ոսկուց (24 կարատ ոսկի), որպեսզի Աստծո Փառքը հանգչի Տապանակի վրա։
Աստվածաշունչն ասում է. «... Քրիստոս Յիսուսով եղած փրկութիւնով ձրի կ’արդարանան, Որը Աստուած նախապէս սահմանած էր, քաւութիւն ըլլալու, եթէ անոր արեան հաւատան» (Հռովմայեցիս 3։24)։ Ուրեմն քավությունը արյան մեջ է։ Եվ այս մետաղը` ոսկին, քավության խորհրդապատկերն է:
2. Արծաթը փրկության և, ինչպես ոսկին, նաև քավության խորհրդապատկերն է։ Դրա համար Աստված հրահանգում է, որ Տիրոջ վրանի կառուցման համար քավություն հավաքեն. ««Տէրը խօսեցաւ Մովսէսին ըսելով. «Երբ Իսրայէլի որդիներուն հաշիւը առնելու ըլլաս՝ իրենց թիւին նայելով, այն ատեն անոնց ամէն մէկը իր հոգիին փրկանքը պիտի տայ Տէրոջը՝ զանոնք համրած ատենդ, որպէս զի անոնց մէջ հարուած չըլլայ երբ զանոնք համրես։ Անոնք ատիկա պիտի տան. ամէն մէկը որ կ’անցնի եւ կը համրւի, սրբարանին սիկղին համեմատ կէս սիկղ արծաթ պիտի տայ։ Մէկ սիկղը քսան կերատ է։ Տէրոջը ընծան կէս սիկղ պիտի ըլլայ։ Ամէն քսան տարեկանէն վեր եղողը որ կ’անցնի եւ կը համրուի, այս ընծան Տէրոջը պիտի տայ։ Երբ ձեր հոգիներուն քաւութիւն ընելու համար Տէրոջը ընծա տաք՝ կէս սիկղէն ո´չ հարուստը աւելի ու ո´չ աղքատը պակաս պիտի տայ»» (Ելից 30։11-15)։
Նույն դեպքը նկարագրվում է Ելից 38։24-28։ Անդադար խոսվում է արծաթի մասին։ Այն ժամանակ պետք է արծաթ տային, որպեսզի մարդահամարի մեջ մտնեին, իրենց մեղքերից փրկության համար։ Սա կոչվում է քավության արծաթ։
«..դուք ո´չ թէ ապականացու արծաթով կամ ոսկիով փրկուեցաք...հապա Քրիստոսին պատուական արիւնովը...» (1 Պետրոս 1։18-19)։
3. Պղինձը տառապանքի, չարչարանքի, մարդու հողեղեն բնույթի խորհրդապատկերն է։ Մի օր, երբ Հովհաննեսը Պատմոս կղզում մի տեսիլք ունեցավ. «Եվ դարձայ այն ձայնին կողմը, տեսնելու թէ ո՞վ է ինծի խոսողը։ Երբ դարձայ՝ եօթը ոսկեղէն աշտանակներ տեսայ Եվ եօթը աշտանակներուն միջեւ՝ մէկը Որդի Մարդոյ նման... Իր ոտքերը՝ ոսկեպղինձի նման...» (Յայտնութիւն Յովհաննու 1։12-15)։ Հիսուսի նկարագրությունն է, իսկ պատգամը այս՝ Հիսուսը մարդեղացավ և մարդկային բոլոր չարչարանքները ճաշակեց. Նա վիրավորանք կրեց, տանջվեց... մի խոսքով՝ նրա ոտքերը ոսկեպղնձե էին մարդու քավության ու փրկության համար։ «Թէպէտ ինք Որդի է, բայց իր չարչարանքներէն հնազանդութիւն սորվեցաւ» (Եբրայեցիս 5։8)։
4.Սատիմի փայտը վերջին նյութն է։ Աստված հատուկ փայտ նախատեսեց իր Սրբարանի շինության համար։ Այս մասին խոսվում է Ելից գրքի 25։10-16։ Եվ այդ փայտի մեջ Աստված պատգամ ուներ։ Սատիմը ակացիայի ընտանիքից է. կանաչ ծառ է փոքրիկ ոսկեգույն ծիլերով և անուշ բույրով։ Սակայն երբ մոտենաք, կտեսնեք, որ այս անուշ բույրի ու ծաղիկների տակ, այն սև է ու փշոտ։ Արտաքուստ՝ գրավիչ, անուշաբույր, ներսից՝ սև ու փշոտ։ Սատիմի փայտը նարնջագույն է։
Այն Քրիստոսի չարչարանքների, տառապանքների և փշե պսակի խորհրդապատկերն է։
«...մենք Աստուծոյ առջեւ Քրիստոսին անոյշ հոտն ենք...»,– ասում է առաքյալը։ Սակայն մեզ անուշ բույրի վերածելու համար Քրիստոսը ինչե՜րի միջով էր ստիպված անցնել...
Այսօր Ձեզ ներկայացրի Սրբարանի կառուցման համար գործածված գույների ու մետաղների իմաստը։ Հաջորդ սերտողություններին կանդրադառնանք դռանը, ողջակեզի սեղանին, ավազանին, Սրբության վրանին, Տապանակին և մնացած բոլոր իրերին։ Ինչու՞ եմ այսպես խանդավառ այս սերտողության հարցում։ Որովհետև Սրբարանը մանրամասնորեն ուսումնասիրելով՝ մենք տեսնում ենք Քրիստոսին մոտիկից։
Խորնարհվենք աղոթքի։
No comments:
Post a Comment